Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2017-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.25/48(638) Հոդ.801
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2008 թվականի N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻՑ ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ընդերքի մասին» օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և նպատակ ունենալով ապահովելու ազգային անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.12.14 N 1354-Ն)

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 10-ի N 18-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻՑ ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Արաքս գետի ողողատներում գտնվող հանքավայրերից գետավազի արդյունահանման հետ կապված հարաբերությունները:

2. Արաքս գետի ողողատներից գետավազի արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն և հողամասի հատկացում չի պահանջվում:

3. Գետի ողողատներում գտնվող հանքավայրերը համարվում են ողողատային տիպի հանքավայրեր, որոնց պաշարները պարբերաբար ընթացող վարարումների արդյունքում վերականգնվում են որոշակի չափով և կոչվում են վերականգնվող կամ դինամիկ C1 կարգի պաշարներ:

4. Արաքս գետը հանդիսանալով պետական սահմանի սահմանագիծը՝ գետի ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանումը պետք է իրականացվի միայն Հայաստանի Հանրապետության տարածքից, հանքավայրի հաստատված պաշարների սահմաններում, հանքավայրի շահագործման նախագծի և ընդերքօգտագործման պայմանագրի և լեռնահատկացման ակտի համաձայն՝ բացառելով գետի հունի խախտում:

(4-րդ կետը լրաց. 04.12.14 N 1354-Ն)

5. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանումը գետի հունից արգելվում է:

6. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանումը թույլատրվում է գետի ողողատների 2-րդ դարավանդից և հանքավայրի արտադրողականությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա ընթացքում ջրի հոսքով կուտակված չափաքանակը:

7. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով համապատասխան ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողները (այսուհետ՝ ընդերքօգտագործող) յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով պետք է իրականացնեն գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ (այսուհետ՝ մշտադիտարկումներ) և արդյունքները ներկայացնեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 5-ը:

(7-րդ կետը խմբ. 04.12.14 N 1354-Ն)

8. Մշտադիտարկումների արդյունքում գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում ընդերքօգտագործողն անհապաղ դադարեցնում է հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացնում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պետական կառավարման մարմիններին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

9. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման և մշտադիտարկումների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից սահմանային գոտի մուտք գործելու թույլտվություն ստանալու դեպքում:

(9-րդ կետը փոփ. 04.12.14 N 1354-Ն, 30.11.17 N 1588-Ն)

10. Բնապահպանական և ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջների այնպիսի խախտումների հայտնաբերման դեպքում, որոնք առաջացրել կամ կարող են առաջացնել գետի հունի և կայունության փոփոխություն կամ անդրսահմանային ազդեցություն, բնապահպանության և ընդերքի պետական տեսուչը կասեցնում կամ դադարեցնում է ընդերքօգտագործողի գործունեությունը:

(10-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

10.1. (կետն ուժը կորցրել է  30.11.17 N 1588-Ն) 

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով սահմանված խախտումների հայտնաբերման և ընդերքօգտագործողի գործունեության կասեցման կամ դադարեցման մասին մեկօրյա ժամկետում հաղորդագրություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով, առավելագույնը 5-օրյա ժամկետում, համատեղ ստուգում իրականացնելու նպատակով:

(11-րդ կետը փոփ. 04.12.14 N 1354-Ն) 

12. Ընդերքօգտագործողի մոտ համատեղ ստուգում կարող է իրականացվել նաև սույն կարգով սահմանված պետական կառավարման մարմինների առաջարկով:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 04.12.14 N 1354-Ն, փոփ. 30.11.17 N 1588-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան