ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱՔԴ/0075/01/16 |
ԵԱՔԴ/0075/01/16 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան | |
Դատավորներ` Ս. Համբարձումյան | |
Ս. Չիչոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ` |
Հ. Խալաթյանի |
2017 թվականի ապրիլի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60112315 քրեական գործը:
2016 թվականի ապրիլի 15-ին Գագիկ Լիպարիտի Ղուկասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
2016 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ` 1 (մեկ) տարի ժամկետով` վարորդական իրավունքից զրկվելով` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների համաձայն` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի օգոստոսի 11-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 13-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննական մարմնի` 2016 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Գ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «[Նա] 2015 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 20:45-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի 23 00 774 պ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցով, երրորդ գոտու միջնամասով, մոտ 30 կմ/ժամ արագությամբ, մոտակա լույսերով: Հասնելով Դավիթ Անհաղթ և Կ.Ուլնեցի փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 36-րդ և 90-րդ կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է` Դ.Անհաղթ փողոցով` Ռուբինյանց փողոցի կողմից դեպի Կոմիտաս պողոտա տանող ուղղությամբ խաչմերուկ մուտք գործելուց հետո չհամոզվելով, որ շրջադարձի կատարումն անվտանգ կլինի և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար ու չհետևելով ողջ ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, նախապես չմիացնելով ձախ շրջադարձի համար նախատեսված ցուցիչները, ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասով ուղիղ ուղղությամբ մոտեցող և տվյալ ճանապարհների հատման խաչմերուկն անցնելու հերթականության առումով առավելություն ունեցող` ավտովարորդ Դավիթ Տիգրանի Բեջանյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի 05 ՏՍ 045 պ/հ ավտոմեքենային, կատարել է ձախ շրջադարձ և ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս, ավտոմեքենայի առջևի մասով ընդհարվել է «ՎԱԶ-21214» մակնիշի 05 ՏՍ 045 պ/հ ավտոմեքենայի ձախ կողային հատվածին, որի հետևանքով վերջինս դարձել է անկառավարելի, ընդհարվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի սյանը, կոտրել այն, որն ընկել է մայթեզրին կանգնած վիճակում գտնվող հետիոտներ Հերմինե Լյովայի Անախասյանի և Մերի Գագիկի Թամարյանի վրա, որի հետևանքով Մ.Թամարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, ինքն իրեն զրկելով վթար-վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 198-199):
6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(…) Ուսումնասիրելով ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանը կատարել է միջին ծանրության հանցանք, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը հինգ տարի է, թիվ 13 տեղամասի լիազոր Սիրեկանյանի և հարևանների կողմից տրված բնութագրի համաձայն Գ.Ղուկասյանը բնութագրվում է դրական հատկանիշներով, հարևանասեր է, հարգալից բոլորի նկատմամբ, հարևանների հետ պահպանում է բարիդրացիական հարաբերություններ, բարեհամբյուր անձնավորություն է, հանդիսանում է մակարդակով և օրինաչափ անձնավորություն:
Մեծահասակի ամբուլատոր բժշկական թիվ 488 քարտի քաղվածքի համաձայն Գ.Ղուկասյանի մոտ ախտորոշվել է 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ: Զարկերակային հիպերտոնիա:
Ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, դիտվում է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը կամովին հատուցելը:
Նույն հոդվածի 2-րդ մասով դատարանը որպես այդպիսին դիտում է նաև նրա անկեղծորեն զղջալը, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը՝ խնամքին է գտնվում 2-րդ կարգի հաշմանդամ կինը և թոշակառու մայրը:
Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, չկան:
(…)
Քննարկելով այն հարցը, թե արդյոք ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, դատարանը հաշվի է առնում վերջինիս կողմից կատարած հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, օրենքով պաշտպանվող շահը, սակայն միևնույն ժամանակ դատարանը հաշվի է առնում նաև Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դրական բնութագիրը, առողջական վիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Գ.Ղուկասյանը, որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում, տուժողի իրավահաջորդ Հերմինե Անախասյանին է փոխհատուցել 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումար, որի կապակցությամբ վերջինս հայտարարել է, որ ամբաստանյալ Գ.Ղուկասյանից բողոք, պահանջ, քաղ. հայց չունի, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ պատժի նպատակներից մեկը՝ սոցիալական արդարության սկզբունքն իրացված է:
Բացի այդ, դատարանը հաշվի է առնում նաև ամբաստանյալ Գ.Ղուկասյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, մասնավորապես այն հանգամանքը, որ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարել է առանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտումների` այն է, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը և այլն, որոնք վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը:
Վերոնշյալ հանգամանքներից ելնելով դատարանը գտնում է, որ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի անձի և նրա կողմից կատարած հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել է և հանգում է հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը կրելու, և հնարավոր է համարում ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածի կանոններով պատիժը պայմանականորեն չկիրառել (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 48-56):
7. Վերաքննիչ դատարանը 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանն ամբաստանյալ Գագիկ Ղուկասյանի նկատմամբ պատիժ նշանակելիս (…) ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հարցում հանգելով ճիշտ եզրահանգման, սույն քրեական գործի շրջանակներում կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ուստի այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան:
Նման եզրահանգման հանգելիս, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալ Գագիկ Ղուկասյանի դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ գործի քննության ողջ ընթացքում վերջինս գտնվելով ազատության մեջ` զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, չի խոչընդոտել գործի քննությունը, կամովին հատուցել է տուժողին պատճառված նյութական վնասը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 43-56):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը փաստել է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների խախտումներ: Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի՝ նշանակված պատժի չկիրառման վերաբերյալ ստորադաս դատարանների մեկնաբանությունները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:
8.1. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործով Վերաքննիչ դատարանը Գ.Ղուկասյանի կողմից պատժի կրման անհրաժեշտության հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը: Ըստ բողոքի հեղինակի՝ Գ.Ղուկասյանը նախատեսել է իր գործողությունների հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը` հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հետ բախումը, սակայն առանց բավարար հիմքերի, անհիմն ինքնավստահությամբ հույս է ունեցել մանևրելու միջոցով խուսափելու դրանից: Այլ կերպ՝ բողոք բերած անձի կարծիքով Գ.Ղուկասյանի արարքի սուբյեկտիվ կողմը բնութագրվել է հանցավոր ինքնավստահությամբ, որը մեղքի անզգույշ տեսակի առավել վտանգավոր ենթատեսակն է:
8.2. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Գ.Ղուկասյանը ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ չի տվել, սույն գործի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված՝ Ա.Սահակյանի գործի փաստական հանգամանքների պարզունակ համադրման արդյունքում հանգել է հետևության, որ սույն գործով այդպիսի խախտումներ առկա չեն, հետևաբար պատիժը պայմանականորեն չկիրառելն օրինաչափ է: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել նշված գործով արտահայտված իրավական դիրքորոշումը և չի նկատել, որ դրանում թվարկվածներն ընդամենը ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների մասնավորեցված օրինակներ են, որոնցով Վճռաբեկ դատարանը շեշտել է այդ խախտումներն ըստ իրենց բնույթի տարբերակելու և դրանց բնույթը պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնելու անհրաժեշտությունը: Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, սխալ և սահմանափակ մեկնաբանելով Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումը, խախտման բնույթն ու վտանգավորության աստիճանը բացահայտելու համար հաշվի չի առել դրա կատարման կոնկրետ հանգամանքները, դրա նկատմամբ անձի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:
8.3. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք նշել է նաև, որ Գ.Ղուկասյանը, գործի քննության ընթացքում գտնվելով ազատության մեջ, զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց: Նշված իրավական վերլուծությունը, ըստ բողոքաբերի, օրինաչափ չէ, քանի որ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավախախտում կատարելուց հետո գործի քննության ընթացքում այլ հակաօրինական գործողություններ չկատարելը ողջամտորեն չի կարող դիտվել որպես ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք:
9. Հիմք ընդունելով վերոնշյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 13-ի դատավճիռը անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշումը պատժի մասով բեկանել և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելու, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատշաճ կերպով պատճառաբանված են արդյոք ամբաստանյալ Գ.Ղուկասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:
Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում` մշտապես վերահաստատելով դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի գոյություն ունեցող այնպիսի օբյեկտիվ տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքն ու հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15 և այլն):
13. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը սահմանում է.
«1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս (…)
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: (…)»:
Հաշվի առնելով վկայակոչված հանցակազմի բնույթն ու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում իրավական դիրքորոշումներ է ձևավորել նշված հանցանքը կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ:
Հիմք ընդունելով իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով վերոնշյալ հարցերը լուծելիս դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն՝
ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները (մանրամասն տե՛ս Արամ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ կետը),
բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը (տե՛ս, mutatis mutandis, Էդմոն Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 18-րդ կետը): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ, ի թիվս այլոց, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը (տե՛ս Արամ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ կետը): Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ խախտված սույն կանոնների («կոպիտ խախտում» եզրույթի չգործածումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 2012 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-2-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, մասնավորապես՝ նշյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել օրենսգրքի 1245-րդ հոդվածը) մատնանշումը չի բացառում, որ ճանապարհային երթևեկության այլ, վերը չմատնանշված կանոնների խախտումները չեն կարող վտանգ ստեղծել ճանապարհային երթևեկության մասնակիցների համար, առավել հավանական դարձնել վերջիններիս կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն հարցը յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ինքնուրույն գնահատման ենթարկել՝ ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքների բազմակողմանի վերլուծությունից,
գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում փաստել է, որ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել (տե՛ս Էդմոն Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 18-րդ կետը):
Զարգացնելով սույն իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին,
դ. հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը Էդմոն Ասատրյանի գործով որոշման շրջանակներում փաստել է. «(…)[Հ]անրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի (…) տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը: Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան, թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին» (տե՛ս Էդմոն Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 17-րդ կետը),
ե. հանցագործությամբ պատճառված վնասը (մանրամասն տե՛ս Արամայիս Հովհաննեսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 15-րդ կետը),
զ. հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարաններն ուշադրության պետք է արժանացնեն այն, թե հանցագործության կատարումից անմիջապես հետո ամբաստանյալն արդյոք անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տուժողին, կամ արդյոք քրեական գործի քննության ընթացքում ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, դեպքի վերաբերյալ տվել ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, արդյոք որոշակի քայլեր է ձեռնարկել տուժողի կամ նրա հարազատների հետ հաշտվելու ուղղությամբ կամ ինքնակամ հատուցել է հանցագործության արդյունքում տուժողի բուժման կամ հուղարկավորության ծախսերը (տե՛ս, mutatis mutandis, Արամ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 22-րդ կետը):
14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելն ունի առանձնապես կարևոր նշանակություն: Ուստի այդ հանգամանքները հաշվի չառնելը, դրանք անտեսելը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը (տե՛ս, mutatis mutandis, Արտակ Գասպարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՇԴ3/0014/01/15 որոշման 13-րդ կետը):
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի 23 00 774 պ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցով, երրորդ գոտու միջնամասով, մոտ 30 կմ/ժամ արագությամբ, մոտակա լույսերով: Հասնելով Դ.Անհաղթ և Կ.Ուլնեցի փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՀՀ կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման 1-ին կետով հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 36-րդ և 90-րդ կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է` Դ.Անհաղթ փողոցով` Ռուբինյանց փողոցի կողմից դեպի Կոմիտաս պողոտա տանող ուղղությամբ խաչմերուկ մուտք գործելուց հետո, չհամոզվելով, որ շրջադարձի կատարումն անվտանգ կլինի և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար ու չհետևելով ողջ ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, նախապես չմիացնելով ձախ շրջադարձի համար նախատեսված ցուցիչները, ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասով ուղիղ ուղղությամբ մոտեցող և տվյալ ճանապարհների հատման խաչմերուկն անցնելու հերթականության առումով առավելություն ունեցող` ավտովարորդ Դ.Բեջանյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի 05 ՏՍ 045 պ/հ ավտոմեքենային, կատարել է ձախ շրջադարձ և ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս` ավտոմեքենայի առջևի մասով ընդհարվել է «ՎԱԶ-21214» մակնիշի 05 ՏՍ 045 պ/հ ավտոմեքենայի ձախ կողային հատվածին, որի հետևանքով վերջինս դարձել է անկառավարելի, ընդհարվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի սյանը, կոտրել այն, որն ընկել է մայթեզրին կանգնած վիճակում գտնվող հետիոտներ Հ.Անախասյանի և Մ.Թամարյանի վրա, որի հետևանքով Մ.Թամարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, ի թիվս այլոց, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, հիմնվելով պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության, ծանրացնող հանգամանքների բացակայության վրա, եզրահանգել է, որ ամբաստանյալ Գ.Ղուկասյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահմանելով՝ հնարավոր է հասնել պատժի նպատակներին, իսկ սոցիալական արդարության սկզբունքն արդեն իսկ իրացված է (մանրամասն տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, իր հերթին փաստելով, որ ամբաստանյալ Գ.Ղուկասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ եզրակացության, արդյունքում վերջինիս կողմից կայացված դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ: Նման եզրահանգման գալիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալ Գ.Ղուկասյանի դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ գործի քննության ողջ ընթացքում վերջինս, գտնվելով ազատության մեջ, զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, չի խոչընդոտել գործի քննությունը, կամովին հատուցել է տուժողին պատճառված նյութական վնասը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
16. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 5-7-րդ կետերում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Ղուկասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները:
Մասնավորապես, ստորադաս դատարանները՝
ա) պատշաճ գնահատման չեն ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես՝ ստորադաս դատարանները բավարարվել են` փաստելով միայն այն մասին, որ ամբաստանյալը թույլ չի տվել Ա.Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից մատնանշված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը)՝ առանց վերլուծություն կատարելու այն հարցի շուրջ, թե Գ.Ղուկասյանի կողմից թույլ տրված համապատասխան կանոնների խախտումներն ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էին հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը (մանրամասն տե՛ս սույն որոշման 13-րդ կետի «բ.» ենթակետը),
բ) վերլուծության և գնահատման չեն ենթարկել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ ամբաստանյալ Գ.Ղուկասյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, այն է՝ ճանապարհային երթևեկության կանոններն ամբաստանյալի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել (մանրամասն տե՛ս սույն որոշման 13-րդ կետի «գ.» ենթակետը),
գ) վերլուծության և գնահատման չեն ենթարկել ամբաստանյալ Գ.Ղուկասյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ, այն է՝ դրանց նկատմամբ ամբաստանյալը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն, թե հանցավոր անփութություն (մանրամասն տե՛ս սույն որոշման 13-րդ կետի «դ.» ենթակետը):
17. Սույն որոշման 14-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր:
18. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր որոշման շրջանակներում արձանագրել է նաև, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հաշվի է առնում, ի թիվս այլոց, այն, որ գործի քննության ողջ ընթացքում Գ.Ղուկասյանը, գտնվելով ազատության մեջ, զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց (տե՛ս սույն որոշման 7-րդ և 15-րդ կետերը):
Այդ առումով Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավախախտում կատարելուց հետո գործի քննության ընթացքում այլ հակաօրինական գործողություններ չկատարելը ողջամտորեն չի կարող դիտվել որպես ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք (տե՛ս սույն որոշման 8.3.-րդ կետը): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավահպատակ վարքագիծ դրսևորելը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքն է:
19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Ղուկասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատշաճ կերպով պատճառաբանված չեն:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով, քրեադատավարական օրենքի էական խախտում է, ուստիև հիմք` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 13-ի դատավճիռը անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Գագիկ Լիպարիտի Ղուկասյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ս. Օհանյան Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|