ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1788/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1788/02/13 |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան |
Դատավորներ՝ |
Ն. Բարսեղյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
ս. անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր (առոչինչ) ճանաչելու և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վահե Հովսեփյանը պահանջել է անվավեր (առոչինչ) ճանաչել 18.06.2013 թվականին Կարեն Թամամյանի ու Էդուարդ Երիցյանի միջև կնքված Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի 70-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և որպես առոչինչ գործարքի իրավական հետևանք` անվավեր ճանաչել նույն պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից Էդուարդ Երիցյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն․ Հովսեփյան) 13.08.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա․ Թումանյան, Լ․ Գրիգորյան, Գ․ Մատինյան) 19.11.2014 թվականի որոշմամբ Վահե Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի․ Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2016 թվականի որոշմամբ Վահե Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 20.10.2015 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Երիցյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 303-րդ, 304-րդ և 306-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենսգրքի 568-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Կարեն Թամամյանը գործարքի կնքման պահին հայցվորի նկատմամբ ունեցել է չկատարված կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որևէ պարտավորություն, թեև պարտավորության առկայությունն ինքնին բավարար չէ վիճելի պայմանագիրը կեղծ գործարք ճանաչելու համար:
Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունները` Կարեն Թամամյանի կողմից առուվաճառքի պայմանագրով իր գույքային ակտիվները նվազեցնելու վերաբերյալ, անհիմն են, և դրանցով չի կարող հաստատվել գործարքի կեղծ լինելը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կարեն Թամամյանի կողմից բնակարանը փաստացի հանձնվել է Էդուարդ Երիցյանին, ինչի մասին բազմիցս նշվել է գործի քննության ընթացքում, իսկ կողմերի միջև գույքի հանձնման ակտի բացակայությունը դեռևս չի վկայում այն մասին, որ գույքը չի հանձնվել: Նշված բնակարանում Կարեն Թամամյանի հաշվառված լինելն ինքնըստինքյան չի ապացուցում այն փաստը, որ վերջինս իր ընտանիքով բնակվում է այդ հասցեում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Դատարանի 20.10.2015 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի միջև 18.06.2013 թվականին կնքվել է անշարժ գույքի վաճառքի պայմանագիր, որով Կարեն Թամամյանը 10.000.000 ՀՀ դրամով վաճառել է, իսկ Էդուարդ Երիցյանը գնել է Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի 70-րդ բնակարանը: Նշված բնակարանի նկատմամբ Էդուարդ Երիցյանի անվամբ 21.06.2013 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, և տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 42-43, 63-66):
2) 18.06.2013 թվականի դրությամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է թիվ ԵՇԴ/0361/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի, Սիրանուշ Աբազյանի և Արմինե Թաջումյանի` վնասի հատուցման և տոկոսների բռնագանձման պահանջի մասին, որով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը գործի նոր քննության արդյունքում վճիռ է կայացրել 20.09.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 7-10):
3) «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Էդուարդ Երիցյանի միջև 07.05.2015 թվականին կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 0432170 պայմանագրի համաձայն` սպառողի հասցեն է Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի 70-րդ բնակարանը, իսկ պայմանագրով որպես սպառող նշված է Էդուարդ Երիցյանը (հատոր 3-րդ, գ.թ. 62-65):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել կեղծ գործարքի իրավական բնույթը՝ անդրադառնալով հետևյալ հարցադրումներին.
1. ինչպիսի՞ն է կեղծ գործարքի կողմերի ներքին կամքի և արտահայտած կամահայտնության հարաբերակցությունը,
2. արդյո՞ք կեղծ գործարքի բոլոր կողմերի կամքը պետք է ուղղված լինի այդպիսի գործարքի կնքմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:
Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի՝ վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով՝ անկախ նման ճանաչումից: Միաժամանակ օրենսդիրը որպես առոչինչ գործարքների տեսակ նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով՝ բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք՝ քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած՝ կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց՝ գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը՝ ներքին կամքը` ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ՝ կնքելու գործարք՝ իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է՝ իրական կամքը թաքցնելու նպատակով:
ՀՀ վճռաբեկ դատարանը շինծու գործարքի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում չի կարող այդ գործարքը գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս, Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքը կեղծ որակելու համար ևս անհրաժեշտ է, որ գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, հակառակ դեպքում, եթե գործարքի կողմերից միայն մեկն է նման նպատակ հետապնդում, ապա առկա կլինի կամքի արատով այլ գործարք, քանի որ երկկողմ գործարքը համաձայնեցված կամքի արտահայտություն է, և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը:
Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները՝ հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը՝ կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած՝ չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը: Ի տարբերություն հեռահար նպատակի, որի առկայությունը հաստատելու համար կարող են ներկայացվել ուղղակի ապացույցներ, մոտակա նպատակն ապացուցելը բարդ է՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է գործարքի կողմերի ներքին կամքին, հետևաբար մոտակա կամքը բացահայտելու համար կարող են ներկայացվել նաև անուղղակի ապացույցներ:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնացնել կեղծ գործարքի հետևյալ տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու կեղծ գործարքի առկայությունը՝
1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն՝ կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ՝ պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):
2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ՝ կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ գործարքի իրական հետևանքների առաջացման համար:
3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը՝ կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան (տե՛ս, նաև Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի 70-րդ բնակարանի սեփականատեր Կարեն Թամամյանը նշված բնակարանը 18.06.2013 թվականին վաճառել է Էդուարդ Երիցյանին, իսկ վերջինիս անվամբ 21.06.2013 թվականին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում, և տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Միևնույն ժամանակ 18.06.2013 թվականի դրությամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի, Սիրանուշ Աբազյանի և Արմինե Թաջումյանի` վնասի հատուցման և տոկոսների բռնագանձման պահանջի մասին, որով դեռևս վերջնական դատական ակտ կայացված չի եղել:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ վեճի առարկա բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, և գտել է, որ այն անվավեր ճանաչելու որևէ հիմք առկա չէ: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ գործարքի կեղծ լինելը փաստելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ այն կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, մինչդեռ տվյալ պարագայում հայցվորի դիրքորոշումը` վերոնշյալ հարցի կապակցությամբ, հիմնված է միայն ենթադրությունների վրա, և որևէ կերպ չի ապացուցվում պայմանագրի կողմերի մտադրությունը։
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ Էդուարդ Երիցյանի և Կարեն Թամամյանի միջև առուվաճառքի պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի, Սիրանուշ Աբազյանի և Արմինե Թաջումյանի` վնասի հատուցման և տոկոսների բռնագանձման պահանջի մասին: Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Կարեն Թամամյանի կողմից կատարվել է բնակարանը վաճառողին հանձնելու պարտականությունը, իսկ Էդուարդ Երիցյանն ընդունել է այն և դրա հիման վրա կազմվել է հանձնման ակտ: Ավելին` գործի նյութերով հիմնավորվել է, որ վիճելի անշարժ գույքի վաճառքից հետո Կարեն Թամամյանն իր ընտանիքի անդամների հետ հաշվառված է եղել ու շարունակել է փաստացի բնակվել նշված հասցեում, իսկ Էդուարդ Երիցյանն իր ընտանիքի անդամների հետ միասին հաշվառված է եղել Երևանի Ավան, Սայաթ-Նովա թաղամասի թիվ 7 շենքի 40-րդ հասցեում: Գործում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ Էդուարդ Երիցյանը բնակարանը գնելուց հետո այն անհատույց օգտագործման կամ վարձակալության է հանձնել Կարեն Թամամյանին:
Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կեղծ գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի կեղծ գործարքին բնորոշ հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելու պահանջի վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել յուրաքանչյուր ապացույց՝ պարզելու համար կեղծ գործարք կնքելու իրական շարժառիթները, գործարքի իրավական հետևանքները փաստացի առաջացնելու՝ կողմերի, այն է՝ Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի ներքին կամքի բացակայությունը, գործարքի երկու կողմերի դիտավորությունը՝ ուղղված իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, վերջիններիս մոտակա և հեռահար նպատակները՝ կապված գործարքի կնքման հետ, ինչպես նաև գործարքը փաստացի կատարված լինելու հանգամանքը՝ կեղծ գործարքի մյուս հատկանիշների համատեքստում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործարքի կեղծ լինելը և մասնավորապես` կեղծ գործարքի կնքման իրական շարժառիթը հիմնավորել է` վկայակոչելով Կարեն Թամամյանի՝ Վահե Հովսեփյանի հանդեպ առաջացած պարտավորությունների կատարումից խուսափելու հեռահար նպատակը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 18.06.2013 թվականին, երբ քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Վահե Հովսեփյանի ընդդեմ Կարեն Թամամյանի, Սիրանուշ Աբազյանի և Արմինե Թաջումյանի` վնասի հատուցման և տոկոսների բռնագանձման պահանջի մասին, որով դեռևս վերջնական դատական ակտ կայացված չի եղել: Այսինքն` ըստ Վերաքննիչ դատարանի՝ Կարեն Թամամյանը, կանխատեսելով վերոգրյալ քաղաքացիական գործով անբարենպաստ դատական ակտի կայացման հնարավորությունը, իր դրամական պարտավորության կատարումն անհնարին դարձնելու նպատակով 18.06.2013 թվականին կնքել է առուվաճառքի պայմանագիր: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Թամամյանի կողմից Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի 70-րդ բնակարանի նկատմամբ սեփականատիրոջ իրավազորությունից օգտվելն այն պարագայում, երբ տվյալ գույքի տնօրինման սահմանափակում չի եղել, չի կարող ինքնին հիմնավորել կեղծ գործարքի առկայությունը: Ավելին` ինչպես արդեն նշվել է, գործարքի մի կողմի դիտավորության առկայությունը բավարար չէ գործարքը կեղծ ճանաչելու համար: Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց գործարքի մյուս կողմի՝ Էդուարդ Երիցյանի՝ իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելու դիտավորության վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը որպես կեղծ գործարքի հատկանիշներից, մասնավորապես, գործարքը փաստացի կատարված չլինելու հանգամանքի հիմնավորում նշել է, որ գործում առկա չէ ապացույց, որով կհաստատվեր Կարեն Թամամյանի կողմից բնակարանը գնորդին հանձնելու և վերջինիս կողմից այն ընդունելու պարտականության կատարումը, քանի որ գործում առկա չէ ինչպես հանձնման-ընդունման ակտ, այնպես էլ հանձնումը և ընդունումը փաստացի կատարված լինելու վերաբերյալ ապացույց: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև 18.06.2013 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում նշվել է, որ անշարժ գույքի հանձնման ակտը պետք է կազմվի պայմանագիրը հաստատելուց հետո՝ մինչև 01.08.2013 թվականը, այդուհանդերձ, այդ ակտը միակ թույլատրելի ապացույցը չէ, որով կարող է հաստատվել խնդրո առարկա անշարժ գույքի հանձնում-ընդունումը, և դրա բացակայությունն ինքնին բավարար չէ գործարքի կեղծ լինելու վերաբերյալ հետևության հանգելու համար:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վահե Հովսեփյանը շարունակել է բնակվել և հաշվառված լինել վիճելի բնակարանում, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նույնիսկ եթե նախկին սեփականատերը որոշ ժամանակահատվածում շարունակել է ապրել և հաշվառված մնալ այդ հասցեում, ապա նշված փաստն ինքնին, գործարքի կեղծ լինելու հանգամանքը հիմնավորող այլ ապացույցների բացակայության պայմաններում բավարար չէ եզրահանգելու համար, որ ներկայիս սեփականատերը` Էդուարդ Երիցյանը, չի տիրապետում, օգտագործում և տնօրինում իր սեփականությունը: Վերջինս՝ որպես արդեն իսկ նշված բնակարանի սեփականատեր, իրավունք ունի առանց որևէ սահմանափակման թույլ տալու իր սեփականությունը հանդիսացող բնակարանում բնակվել ցանկացած անձի: Բացի այդ, գործում առկա ապացույցի համաձայն՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Էդուարդ Երիցյանի միջև 07.05.2015 թվականին Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի 70-րդ բնակարանի վերաբերյալ կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 0432170 պայմանագիրը, որով որպես սպառող նշված է Էդուարդ Երիցյանը, ինչը ևս սեփականատիրոջ կողմից իր իրավազորությունների իրականացման դրսևորում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Էդուարդ Երիցյանը, գնելով Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի 70-րդ բնակարանը, նպատակ չի ունեցել այդ գույքի նկատմամբ իրականացնելու սեփականատիրոջ իրավազորությունները, հիմնավոր չէ և չի բխում գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի այն եզրահանգումը, որ Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի միջև 18.06.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան և առկա չեն հիմքեր այն կեղծ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար, հիմնավոր է և իրավաչափ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ Էդուարդ Երիցյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդուարդ Երիցյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Վահե Հովսեփյանի կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահե Հովսեփյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.10.2015 թվականի վճռին:
2. Վահե Հովսեփյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Վահե Հովսեփյանից հօգուտ Էդուարդ Երիցյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան |
ս. անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |