ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0104/11/16 |
ԵԿԴ/0104/11/16 |
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ե. դԱՆԻԵԼյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ` |
| |
դատախազ` |
Ա. Առաքելյանի | |
դիմողի ներկայացուցիչ` |
Ա. Շահբազյանի |
2017 թվականի ապրիլի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի` 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ Անժելա Մնացականի Հարությունյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, և Խաչատուր Գալստյանի, Վեներա Չախալյանի, Արմինե Շահինյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով և 345-րդ հոդվածով, իսկ Սերգեյ Գալստյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ, 178-րդ, 345-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
1.1. 2016 թվականի մարտի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Կարապետյանի որոշմամբ Անժելա Հարությունյանի և Սերգեյ Գալստյանի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 13134016 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
1.2. 2016 թվականի մարտի 30-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի որոշմամբ Անժելա Հարությունյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է` քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին չվերացված որոշման առկայության հիմքով:
1.3. 2016 թվականի մայիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Կարապետյանի կողմից որոշում է կայացվել Արմինե Շահինյանի, Սերգեյ Գալստյանի, Խաչատուր Գալստյանի և Վեներա Չախալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու վերաբերյալ հետաքննության մարմնի չվերացված որոշման առկայության հիմքով:
2. Երևան քաղաքի դատախազի` 2016 թվականի մայիսի 20-ի որոշմամբ 2016 թվականի մարտի 22-ի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 2016 թվականի մայիսի 2-ի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների դեմ Անժելա Հարությունյանի և նրա ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի ու Գ.Շահվերդյանի կողմից ներկայացված բողոքը մերժվել է:
3. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանը և Գ.Շահվերդյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որը 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մերժվել է:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանվել է, և որոշվել է գործը վերադարձնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը` պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին վերացնել որոշման մեջ մատնանշված` Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումները:
5. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանն ու Ի.Ավագյանը` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Առաջին ատյանի դատարանը դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի կողմից ներկայացված բողոքը մերժել է` արձանագրելով հետևյալը. «(…) Դատարանը, ստուգելով վիճարկվող որոշումները և դրանցով դիմող կողմի իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկները, արձանագրում է, որ հետաքննության մարմնի կայացրած որոշումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշմամբ դիմող կողմի ենթադրաբար խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու հիմքերը բացակայում են. (…): Դատարանը նաև փաստում է, որ քաղ. Անժելա Հարությունյանի ենթադրաբար խախտված գույքային իրավունքները ենթակա են վերականգնման քաղաքացիադատավարական ընթացակարգով: Հակառակ պարագայում, այն է` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցներ գործադրելիս կխաթարվեն քաղաքացիադատավարական հարաբերութունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն կստեղծեն քաղաքացիաիրավական հարաբերություններում (…)» (տե՛ս գործի նյութեր, հատոր 1, թերթեր 55-63):
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը` «(…) Ա.Հարությունյանը և նրա ներկայացուցիչները իրենց բողոքներով հայտնել են, որ Գալստյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու անհիմն պատճառով խախտվել են Ա.Հարությունյանի օրինական գույքային իրավունքներն ու օրինական շահերը` հենվելով միայն հետաքննիչի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վրա, չի կատարվել խորը և բազմակողմանի քննություն, չեն բացահայտվել Գալստյանների կողմից խարդախություն կատարելու, իր գումարները հափշտակելու մասին հանգամանքները, ուստի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.07.2016թ. որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործը պետք է վերադարձնել դատախազությանը` Ա.Հարությունյանի խախտված իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ առաջ քաշված հարցերի շուրջ գործով վաշխառության մասով համատեղ նախաքննությունը վերսկսելու և շարունակելու համար և ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների վերջնական լուծելու գործի օրինական ընթացքը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016թ. մարտի 22-ի որոշումը և ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է.Կարապետյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016թ. մայիսի 2-ի որոշումը վերացնելուց հետո դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում և դրա հետ համատեղ պետք է քննության առարկա դարձնել դիմող Ա.Հարությունյանի և նրա ներկայացուցիչների բողոքներում մանրամասն շարադրված բոլոր փաստական հանգամանքները, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ բացահայտել դիմող Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը և ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` լուծել գործի օրինական ընթացքը (…)» (տե՛ս գործի նյութեր, հատոր 2, թերթեր 57-67):
8. Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշել է. «(…) Բեկանել Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 19.07.2016թ. որոշումը, որով մերժվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016թ. մարտի 22-ի որոշումը վերացնելու, ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Կարապետյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016թ. մայիսի 2-ի որոշմամբ, ինչպես նաև այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի դատախազի 2016թ. մայիսի 20-ի որոշմամբ իրենց վստահորդ Անժելա Հարությունյանի իրավունքների խախտումները վերացնելուն վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնելու վերաբերյալ պահանջը, և գործը վերադարձնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը` պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշման մեջ մատնանշված Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումները (…) (տե՛ս գործի նյութեր, հատոր 2, թերթեր 57-67):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը պատճառաբանված չէ, դրանում բացակայում են հստակ, որոշակի և համոզիչ հետևությունները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա.Հարությունյանի որ իրավունքն է խախտվել:
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված այն դատողությունից, որ Ա.Հարությունյանի ներկայացուցիչների բողոքում նշված հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ անհրաժեշտ է բացահայտել Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումների առկայությունը կամ բացակայությունը, տպավորություն է ստեղծվում, որ դատարանը դատական ակտը կայացնելու ժամանակ իր տրամադրության տակ որևէ փաստական տվյալ չի ունեցել Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումների առկայության վերաբերյալ, սակայն միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է բացահայտել գոյություն չունեցող խախտումները և վերացնել դրանք:
10. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով ընդհանրապես չի անդրադարձել քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի չվերացված թվով երկու որոշումների առկայությանը: Այսպես` քննարկվող դեպքում առկա են քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի չվերացված երկու որոշում, որոնցից մեկը՝ 2016 թվականի մարտի 30-ի որոշումը, չի բողոքարկվել ո՛չ վերադաս դատախազին, ո՛չ դատական կարգով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, իր տրամադրության տակ ունենալով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի՝ 2016 թվականի մարտի 30-ի չվերացված և չբողոքարկած որոշումը, դատական ակտով այդ կապակցությամբ որևէ դիրքորոշում չի արտահայտել:
11. Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, 290-րդ հոդվածներով և արձանագրել Ա.Հարությունյանի խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը, սակայն քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով և Վճռաբեկ դատարանի կողմից բազմաթիվ որոշումներով սահմանված կարգով չի վերացրել:
Արդյունքում բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմպերատիվ պահանջներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
11.1. Վերոնշյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանվածությունը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով` Վերաքննիչ դատարանը կայացրել է արդյոք պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում: Հետևաբար քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը):
14. Անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտի պատճառաբանվածության և հիմնավորվածության հարցին` Վճռաբեկ դատարանը Մ.Հովհաննիսյանի և Լ.Հովհաննիսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(…) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի՝
ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,
բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել:
Հակառակ դեպքում դատարանի կայացրած որոշումը կդառնա կամայական և ինքնանպատակ: Մասնավորապես, եթե դատական ակտում բացակայեն պատճառաբանություններ այն մասին, թե անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել և ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմնի համար անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականությունը ողջամտորեն կդառնա անիրագործելի: Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի իրավունքների կամ ազատությունների խախտում թույլ տրված լինելու փաստ կամայականորեն հաստատելու արդյունքում կխախտվի հանրային և մասնավոր շահերի ճիշտ հավասարակշռումը, ինչը կհակասի քրեական դատավարության տրամաբանությանը (տե'ս Մանվել Հովհաննիսյանի և Լիդա Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 18-րդ կետը):
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի դատախազի` 2016 թվականի մայիսի 20-ի որոշմամբ դիմող Ա.Հարությունյանի և նրա ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի ու Գ.Շահվերդյանի` 2016 թվականի մարտի 22-ի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 2016 թվականի մայիսի 2-ի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժվել են (տե'ս սույն որոշման 2-րդ կետը):
Վերոնշյալ որոշման դեմ բերված բողոքը Առաջին ատյանի դատարանը մերժել է` արձանագրելով, որ հետաքննության մարմնի կայացրած որոշումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի որոշմամբ դիմող կողմի ենթադրաբար խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու հիմքերը բացակայում են, իսկ Ա.Հարությունյանի` ենթադրաբար խախտված գույքային իրավունքները ենթակա են վերականգնման քաղաքացիական դատավարության կարգով (տե'ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, նշել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի մարտի 22-ի որոշումը և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016 թվականի մայիսի 2-ի որոշումը վերացնելուց հետո նախաքննության փուլում գտնվող քրեական գործի հետ համատեղ պետք է քննության առարկա դարձվեն դիմող Ա.Հարությունյանի և նրա ներկայացուցիչների բողոքներում մանրամասն շարադրված բոլոր փաստական հանգամանքները, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ բացահայտվի Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումների առկայությունը կամ բացակայությունը (տե'ս սույն որոշման 7-8-րդ կետերը):
16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավական վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելուն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով, որևէ կերպ չի պատճառաբանել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի մարտի 22-ի և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016 թվականի մայիսի 2-ի որոշումներով Ա.Հարությունյանի որ իրավունքները կամ ազատություններն են խախտվել, և ինչում են դրանք դրսևորվել: Վերոնշյալ հանգամանքը ողջամտորեն անիրագործելի է դարձնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` դատարանի կողմից սահմանված վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությունները, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործը պետք է վերադարձնել դատախազությանը` Ա.Հարությունյանի խախտված իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ առաջ քաշված հարցերի շուրջ գործով վաշխառության մասով համատեղ նախաքննությունը վերսկսելու և շարունակելու համար և ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների վերջնական լուծելու գործի օրինական ընթացքը, նախաքննության փուլում գտնվող քրեական գործի հետ համատեղ պետք է քննության առարկա դարձվի դիմող Ա.Հարությունյանի և նրա ներկայացուցիչների բողոքներում մանրամասն շարադրված բոլոր փաստական հանգամանքները, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ բացահայտվի Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումների առկայությունը կամ բացակայությունը (տե'ս սույն որոշման 7-րդ կետը), իրենց բնույթով ընդհանրական, վերացական են և չեն կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ պատճառաբանություններ:
16.1. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով` Վերաքննիչ դատարանը չի կայացրել պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ:
II. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը.
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևալն է. իրավաչափ է արդյոք անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու նպատակով գործը դատախազությանը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:
(…)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
(...)
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:
Վճռաբեկ դատարանը մեջբերված նորմերի հարաբերակցությանն անդրադարձել է Հ.Հարությունյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:
(...)
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը (...)» (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 20-21-րդ կետերը):
Գ.Ղևոնդյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում իրականացվող դատական վերահսկողության վերոգրյալ առանձնահատկություններով է պայմանավորված քրեադատավարական օրենսդրության մեջ առկա այն տարբերակված մոտեցումը, որը վերաբերում է գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման և մինչդատական վարույթի ընթացքում կայացվող այլ որոշումների կամ իրականացվող գործողությունների (անգործության) բողոքարկման արդյունքում կայացվող դատական ակտերին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության ընդհանուր կարգը, ամրագրում է, որ եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):
Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ նորմ, որը հստակ կարգավորում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները: Մասնավորապես, հիշատակված իրավանորմը սահմանում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Ընդ որում, բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը: Այսինքն` քննարկվող իրավանորմը սահմանում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ինքնավար ընթացակարգ (...)» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-18-րդ կետերը):
17.1. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեական գործի հարուցման և նախաքննության փուլերում իրականացվող հետագա դատական վերահսկողության սահմանները, դրանց արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները տարբեր են: Մասնավորապես, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առնի բողոքը և կայացնի համապատասխան դատական ակտ` վիճարկվող որոշումը վերացնելու մասին, որը պարտադիր է դարձնում քրեական գործի հարուցումը, կամ այն հաստատելու մասին:
18. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչներ Ա.Շահբազյանի և Գ.Շահվերդյանի բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանը դատական ստուգման է ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Վ.Սիմոնյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2016 թվականի մարտի 22-ի և ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է.Կարապետյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016 թվականի մայիսի 2-ի որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը և ներկայացված բողոքը մերժել է (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը վերադարձնելու մասին` պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին վերացնել որոշման մեջ մատնանշված Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումները (տե՛ս սույն որոշման 4-րդ, 7-8-րդ կետերը):
19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով ինչպես քրեական հետապնդում չիրականացնելու, այնպես էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներով դիմող Ա.Հարությունյանի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը, ոչ թե վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի` 2016 թվականի մարտի 22-ի որոշումը, այլ սահմանել Ա.Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականություն:
Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կիրառել է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը: Ուստի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը չի պահպանվել:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու նպատակով գործը դատախազությանը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:
20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները` կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական ակտ: Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկի բողոքաբերի` սույն որոշման 10-րդ կետում ներկայացված փաստարկը, քանի որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է դրա կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ս. Օհանյան
Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|