Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.51
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0021/01/16

ԵԿԴ/0021/01/16

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան  

Դատավորներ՝

 Ս. Համբարձումյան
   Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

   

 

  քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2017 թվականի ապրիլի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Գևորգ Աշոտի Սիմոնյանի պաշտպան Մերի Ալավերդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցվել է թիվ 13838515 քրեական գործը: Նույն օրը Գևորգ Սիմոնյանը և Ջանիկ Սիմոնյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ի որոշումներով Գևորգ և Ջանիկ Սիմոնյանները ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ի որոշումներով Գ.Սիմոնյանի և Ջ.Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Գ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը 2015 թվականի դեկտեմբերի 16-ին փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Ջ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2016 թվականի փետրվարի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի դատավճռով Գ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նույն դատավճռով Ջ.Սիմոնյանը ճանաչվել է անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում և արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու և նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

Հիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Գ.Սիմոնյանի պաշտպան Մ.Ալավերդյանը և մեղադրող Մ.Նալբանդյանը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2016 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Գ.Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, դատավճիռը նշանակված պատժի մասով փոփոխվել է, Գ.Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում` չորս տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

4. Գ.Սիմոնյանի պաշտպան Մ.Ալավերդյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը. «Դատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանը, որոշելով գողություն կատարել ք.Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի 30 բնակարանից, սակայն իր այդ նպատակի մասին չտեղեկացնելով իր հորեղբոր որդուն՝ ամբաստանյալ Ջանիկ Սիմոնյանին, 2015թ. նոյեմբերի 07-ին՝ ժամը 16-ի սահմաններում, վերջինիս առաջարկել է գնալ վերը նշված փողոց՝ ասելով, որ ցանկանում է այցելել ծանոթին և ինչ-որ բան վերցնել նրանից:

Ամբաստանյալ Ջ.Սիմոնյանը համաձայնվել է, և նրանք գնացել են ք.Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի մոտ, որտեղ ամբաստանյալ Գ.Սիմոնյանն ամբաստանյալ Ջ.Սիմոնյանին առաջարկել է սպասել՝ մինչև ինքը բարձանա ծանոթի բնակարան և վերադառնա:

Այնուհետև, ամբաստանյալ Գ.Սիմոնյանը բարձրացել է նշված շենքի երկրորդ հարկ, իր մոտ ունեցած հարմարեցված բանալիներով բացել է տուժողի՝ ք.Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի հ. 30 բնակարանի մուտքի դռան փականները, որից հետո ամբաստանյալ Ջ.Սիմոնյանին առաջարկել է բարձրանալ վերև և մոտ 20 րոպե իրեն սպասել նշված բնակարանի հյուրասենյակում՝ նրան չասելով, որ այդ բնակարանն իր ծանոթինը չէ:

Բնակարան մտնելուց հետո ամբաստանյալ Գ.Սիմոնյանը մտել է ննջասենյակ, իսկ վերջինիս նպատակներից անտեղյակ ամբաստանյալ Ջ.Սիմոնյանն անցել է հյուրասենյակ և սպասել ամբաստանյալ Գ.Սիմոնյանին՝ մտածելով, որ վերջինիս հանդիպումն ծանոթ կնոջ հետ է:

Այդ ընթացքում ամբաստանյալ Գ.Սիմոնյանը տուժողի բնակարանի ննջասենյակից հափըշտակել է 846.997.56 ՀՀ դրամին համարժեք 1.773 ԱՄՆ դոլար և 748 ՀՀ դրամին համարժեք 100 ՌԴ ռուբլի ու 2.134.748 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով ոսկյա զարդեր, որոնք տեղավորել է վերարկուի և տաբատի գրպաններում ու, ժամը 16:30-ի սահմաններում դուրս գալով ննջասենյակից, ամբաստանյալ Ջ.Սիմոնյանին առաջարկել է գնալ, սակայն, երբ նրանք գտնվել են բնակարանի միջանցքում, բնակարան են մտել օպերատիվ տեղեկություններ ստացած ոստիկանները և նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ամբաստանյալ Գ.Սիմոնյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ամբողջ գողոնն ու հարմարեցված բանալիները:

(...)

Ամբաստանյալ Գ.Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ պատժի չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը և հետևանքները, նրա հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այնպես էլ դատաքննության ընթացքում ուսումնասիրված` նրա անձը բնութագրող տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Որպես ամբաստանյալ Գ.Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առնում, որ նա խոստովանել է կատարած հանցագործությունը, վատառողջ է ՝ երրորդ խմբի հաշմանդամ և նրա խնամքին է մինչև 14 տարեկան երեխան:

Ամբաստանյալ Գ.Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատական քննությամբ չարձանագրվեցին:

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Գ.Սիմոնյանի հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, նրա մեղքի ձևը, ելնելով գործի փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության հիման վրա դատարանի մոտ ձևավորված նրա բարոյահոգեբանական ու քրեաիրավական բնութագրից և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ու 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, հանգում է հետևության, որ պետք է դատապարտվի ազատազրկման, որը պետք է կրի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 112-120):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում Գ.Սիմոնյանի պաշտպան Մ.Ալավերդյանը նշել է. «(...) [Դ]ատավճռով հաշվի չեն առնվել և չեն գնահատվել (...) պատասխանատվությունը և պատիժը մեղմացմող հանգամանքները, հանցագործություն կատարելու հանգամանքները, (...) պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցը: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 1-5):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) [Բ]ողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է (...) դատավճիռը` ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի չափի մասով բեկանել և փոփոխել, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րղ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշանակել հոդվածով սահմանված նվազագույն պատժաչափ և նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան օրենքով սահմանված որոշակի ժամկետով:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանն ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս թեև արձանագրել է, սակայն բավարար չափով հաշվի չի առել ամբաստանյալի անձը բնութագրող, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, և ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում` անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ու 61-րդ հոդվածների պահանջները, ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ սույն գործի շրջանակներում նշանակել է ակնհայտ խիստ պատիժ, ուստի դատական ակտն ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի մասով` մեղմացման առումով պետք է փոփոխել և վերջինիս նկատմամբ հոդվածի սանկցիայի շրջանակներում նշանակել նվազագույն պատիժ, ինչը Վերաքննիչ դատարանի համոզմամբ կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները:

Նման եզրահանգման հանգելիս, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համապատասխան դրույթները, այնպես էլ այն, որ ամբաստանյալը հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամ` վերջինիս ձախ ձեռքը թերաճ է և ըստ էության անգործունակ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 65-72):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, կայացվել է նյութական իրավունքի էական խախտումով:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն առհասարակ անդրադարձ չի կատարել պատիժը կրելու նպատակահարմարության հարցին՝ թույլ տալով դատական սխալ, որն ամբաստանյալի համար առաջացրել է ծանր հետևանք, քանի որ Գ.Սիմոնյանն անարդարացիորեն պետք է պատիժ կրի ազատազրկման ձևով:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը և Գևորգ Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը գնահատման ենթարկել է արդյոք պաշտպանի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկը, և նույն դատարանի որոշումը բավարարու՞մ է դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (…)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի, Գ.Խնուսյանի, Է.Մարգարյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (…)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Զարգացնելով Ֆ.Գալստյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները`Գ.Խնուսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` (…) քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (…)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

Է.Մարգարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

(…) [Վ]երաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգելու կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը» (տե՛ս Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը):

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Վերոնշյալ նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Մկրտիչ Պողոսյանի և մյուսների գործով որոշման շրջանակներում` արձանագրելով` «(…) [Վ]երաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները, այլ նաև կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում և որոնց կապակցությամբ վերաքննիչ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում:

(…)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ պետք է անդրադառնա բողոքի հիմքերին: Վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վերաքննիչ բողոք բերելու հիմքը դատական սխալն է, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 308.1-րդ հոդված): Այլ խոսքով` վերաքննիչ բողոքի հիմքն ինքնին օժտված է գործի ելքի վրա ազդեցություն ունենալու հատկանիշով:

Ինչ վերաբերում է բողոքի հիմնավորումներին անդրադառնալու հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին (…)» (տե՛ս Մկրտիչ Արայիկի Պողոսյանի, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի և Սեյրան Մանվելի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշման 15-րդ կետը):

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որպես Գ.Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել նրա կողմից կատարված հանցագործությունը խոստովանելը, վատառողջ` երրորդ խմբի հաշմանդամ լինելը, խնամքին մինչև 14 տարեկան երեխա ունենալը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և եկել հետևության, որ վերջինս պետք է դատապարտվի ազատազրկման ու ազատազրկման ձևով պատիժը պետք է կրի (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Պաշտպան Մ.Ալավերդյանը վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը դատավճռով հաշվի չի առել և գնահատման չի ենթարկել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացմող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցը և խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով Գ.Սիմոնյանի նկատմամբ նշանակել տվյալ արարքի համար օրենքով սահմանված նվազագույն պատժաչափ և նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է պաշտպան Մ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում անդրադարձել է բողոքաբերի բարձրացրած հարցերից միայն մեկին` Առաջին ատյանի դատարանի կողմից խիստ պատիժ նշանակելու վերաբերյալ բողոքի փաստարկին, մինչդեռ պատիժը պայմանականորեն չկիրառելու վրաբերյալ բողոքաբերի փաստարկը քննարկման առարկա չի դարձվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

12. Սույն որոշման 9-10-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով պարտավոր էր քննարկման առարկա դարձնել բողոքաբերի` պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ փաստարկը և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե ինչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից խիստ պատիժ նշանակելու վերաբերյալ բողոքի փաստարկին, քննարկման չի ենթարկել պատժի կրման նպատակահարմարության հարցը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկը գնահատման չենթարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի բավարարում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

13. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գևորգ Աշոտի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Գևորգ Աշոտի Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան