Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2018-16.06.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.01/65(1340) Հոդ.1057
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1321-Ն

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող (վճարված) տոկոսների գումարների չափով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից 2014, 2015, 2016 և 2017 թվականների հաշվետու եռամսյակների (տարվա) համար վճարված եկամտային հարկի գումարները վերադարձվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն որոշման հավելվածով նախատեսված` տվյալ վարկառուի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության հիման վրա հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման դրույթը՝ 2019 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 23
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի (այսուհետ՝ հիփոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (այսուհետ՝ տոկոս) գումարների չափով ֆիզիկական անձանց (բացառությամբ վարձու աշխատող չհամարվող անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի) օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմին (այսուհետ` հարկային մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:

3. Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկի, իսկ հարկային գործակալ չհանդիսացող գործատուների մոտ աշխատող վարձու աշխատողների դեպքում վարձու աշխատողի կողմից հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկում հաշվարկված եկամտային հարկի գումարը մարված չէ կամ մարված է մասնակիորեն, ապա վարկառուին այդ գործատուի պահած եկամտային հարկը փոխհատուցվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական մարումից հետո՝ վարկառուի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելուց հետո:

4. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները փոխհատուցման ենթակա չեն:

5. Հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`

1) եկամտային հարկի փոխհատուցման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին փոխհատուցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն.

2) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

4) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և համապատասխան գույքային իրավունքի գրանցման վկայականը, եթե ծրագրով կիրառելի է գրանցում.

5) հիփոթեքային վարկը տրամադրած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն համաձայնություն է տվել ԱՔՌԱ վարկային բյուրոյին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն տվյալ վարկառուի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում վճարված տոկոսների մասին.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան պետական (համայնքային) մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը պետությունից (համայնքից) ձեռք բերված (բերվող) լինելու մասին.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագիրը (առուվաճառքի նախնական պայմանագիր, առուվաճառքի պայմանագիր, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագիր).

8) վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ գործատուի կողմից հաստատված տեղեկանք:

6. Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները փոխհատուցելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի փոխհատուցման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ ապահովելով միայն սույն կարգի 5-րդ կետի 5-րդ և (կամ) 8-րդ ենթակետով սահմանված պահանջները, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

8. Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը մերժվում է, եթե այն ներկայացնելու պահին համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն, և (կամ), եթե չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:

9. Եկամտային հարկի փոխհատուցման մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու եռամսյակի համար փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա փոխհատուցումը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:

10. Կատարվող փոխհատուցումը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի փոխհատուցումը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, մերժման հիմքերի նշումով, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:

11. Փոխհատուցվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) վարկառուի անունը, ազգանունը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հաշվետու եռամսյակը, որին վերաբերում է փոխհատուցվող գումարը.

4) վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) փոխհատուցվող գումարի չափը.

6) տվյալ հաշվետու եռամսյակի համար փոխհատուցվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

7) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է փոխհատուցվի գումարը:

12. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան