Գլխավոր տեղեկություն
Համար
N 1268-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1015
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1268-Ն

 
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից կապարակնքման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այուհետ՝ օրենսգիրք) 358-րդ հոդվածին համապատասխան կանոնակարգվում են հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) կողմից հարկային հսկողության շրջանակներում օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերում հարկ վճարողի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային և գործունեություն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքների ու շինությունների, բեռնաթափքերի, բեռնախցիկների, ցիստեռնների (այսուհետ՝ տարածքներ) և դրամարկղերի կապարակնքման, ինչպես նաև օրենսգրքի 384-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող անձանց գործունեությունը կապարակնքման միջոցով կասեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Կապարակնքման ենթակա չեն այն տարածքները, որոնց կապարակնքումը կխոչընդոտի հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի բնականոն աշխատանքը։ Դրանց ցանկը հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից պետք է գրավոր ներկայացվի կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին՝ անհրաժեշտ հիմնավորումներով: Սույն կարգի իմաստով՝ հարկ վճարողի բնականոն աշխատանքի խոչընդոտում չի համարվում օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող անձանց գործունեության կասեցումը:

3. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքները, դրամարկղերը կապարակնքում է գույքագրումների, չափագրումների ժամանակավոր դադարեցման (ընդհատման) ժամանակ՝ դրանց պարունակության ժամանակավոր անձեռնմխելիության ապահովման նպատակով։ Ելնելով հարկ վճարողի բնականոն գործունեության պահանջներից՝ հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին պետք է գրավոր ներկայացնի ժամանակացույց՝ նշելով իր աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը, ինչպես նաև այդ ժամերից դուրս կապարակնքված տարածքներ մուտք գործելու ժամանակահատվածը՝ անհրաժեշտ հիմնավորումներով։

4. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կապարակնքումն իրականացվում է կապարակնքման համար նախատեսված հարկային մարմնի կնիքով, փականների մասում՝ այնպես, որպեսզի բացառվեն կապարակնքված տարածք մուտք գործելը, դրամարկղ բացելը կամ այդպիսի փորձ կատարելը՝ առանց կապարակնիքը վնասելու:

5. Կապարակնքումն իրականացվում է հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայությամբ: Վերջիններիս` կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում կապարակնքումն իրականացվում է առանց նրանց ներկայության, և դրա մասին նշում է կատարվում սույն կարգի 6-րդ կետում նախատեսված արձանագրության մեջ:

6. Կապարակնքումն ավարտելու պահին կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքման օրը, ժամը, վայրը և կապարակնիքի համարը: Արձանագրությունն ստորագրվում է կապարակնքումն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի և հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից արձանագրությունն ստանալուց հրաժարվելու դեպքում կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից դրա մեջ կատարվում է համապատասխան նշում, և այն հարկ վճարողին է ներկայացվում օրենսգրքով սահմանված հարկային հսկողության արդյունքներն ամփոփող փաստաթղթերի՝ (վեր)ստուգման ակտի (նախագծի), ուսումնասիրության արձանագրության (նախագծի) հետ միասին:

7. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամանակացույցում նշված՝ աշխատանքային օրվա կամ կապարակնքված տարածքներ մուտք գործելու ժամանակահատվածի սկզբից կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից կապարակնիքները չբացվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց մեկ ժամ հետո հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կարող է բացել կապարակնիքները՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

8. Կապարակնքված տարածքներ մուտքը թույլատրվում է կապարակնքումն իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան փոխարինող անձի կողմից կապարակնիքը բացվելուց հետո՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքի։

9. Հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի տարածքները և դրամարկղերը չեն կարող կապարակնքված մնալ հարկային հսկողության ընդհանուր տևողությունից ավելի երկար ժամկետով։

10. Օրենսգրքի 384-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող անձանց գործունեությունը կապարակնքման միջոցով կասեցվելու դեպքում գործունեության կասեցման մասին հարկային մարմնի ղեկավարի որոշման մեջ նշված հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից կապարակնքման գործընթացն իրականացվում է սույն կարգի 5-6-րդ կետերի դրույթներին համապատասխան: Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից արձանագրությունն ստանալուց հրաժարվելու դեպքում այն հարկ վճարողին է ներկայացվում օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, իսկ այդ եղանակով ներկայացնելու անհնարինության դեպքում՝ փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ:

11. Սույն կարգի պահանջների խախտումը, մասնավորապես, կապարակնիքների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան