ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 56-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 7 ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությունը 2017 թվականի օգոստոսի 30-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 7 մրցույթին մասնակցելու հայտ:
Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։
2017 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դռնբաց նիստում «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարզեց.
Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:
«ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության բիզնես ծրագիրը իրատեսական է` հիմնավորված հաշվարկներով և վերլուծություններով:
Տեխնիկական հնարավորությունները համապատասխանում են ռադիոհաղորդումների արտադրության ու հեռարձակման արդի պահանջներին:
Ֆինանսական կարողությունները հիմնավորված են փաստաթղթերով և բավարար են բիզնես ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:
Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում է բավարար։
Հայտում և կից փաստաթղթերում ներկայացված սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։
«ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությունը ռադիոհեռարձակման ոլորտում ունի բազմամյա փորձ:
Հաշվի առնելով վերոնշյալը, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
Քվեարկության գնահատական |
Գագիկ Բունիաթյան |
7 |
Վլադիմիր Օհանյան |
6 |
Կորյուն Առաքելյան |
7 |
Հայկ Քոթանյան |
8 |
Տիգրան Հակոբյան |
8 |
Արմեն Մկրտչյան |
7 |
Ռոլանդ Շառոյան |
8 |
Դավիթ Ամալյան |
7 |
Ընդամենը` 58 |
Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 7 մրցույթին մասնակցելու 2017 թվականի օգոստոսի 30-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 7 մրցույթի հաղթող:
2. «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա:
3. «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքում 100.7 ՄՀց հաճախականությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան