Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.01/32(601) Հոդ.377
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017454

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 նոյեմբերի 2017 թ.

թիվ 255-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒՏ ՆԵՐԿԱ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները» կանոնակարգ 6/03-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. նոյեմբերի 21

Երևան

 

Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 255-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ   6/03

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒՏ ՆԵՐԿԱ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները, այդ թվում՝ ներքին մոդելների նկատմամբ պահանջները, սթրես թեստերի իրականացման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՓԱՍՏԱՑԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀՍԿՈՂԻՆ

2. Ապահովված պարտատոմսերի թողարկողը յուրաքանչյուր շաբաթ հսկողին է տրամադրում փաստացի ընդհանուր դրամական հոսքերի ժամանակացույցը, ինչպես նաև վաղաժամկետ մարումների և չվճարումների մասին տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված ժամանակացույցում նշված դրամական հոսքերի մասին տեղեկությունները պետք է հնարավորություն ընձեռեն նույնականացնել այն ակտիվները, ներառյալ` հիփոթեքային վարկերը, փոխարինող ակտիվները և ածանցյալ գործիքները, որոնցից ստացվել են այդ դրամական հոսքերը:

3. Թողարկողը պետք է հսկողին տրամադրի անհրաժեշտ հաշվետվական գործիքներ՝ ըստ վարկերի տարբեր բնութագրիչների անհատական դրամական հոսքերի խմբավորման և վերլուծության համար:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՊԱԳԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

4. Ապահովված պարտատոմսերի թողարկողը յուրաքանչյուր շաբաթ հսկողին է տրամադրում սպասվող ընդհանուր դրամական հոսքերի ժամանակացույցը, որը պետք է հաշվի առնի վաղաժամկետ վճարումները և չվճարումները:

5. Թողարկողը պարտավոր է օգտագործել Կենտրոնական բանկի կողմից տրամադրված՝ վաղաժամկետ մարումների և չվճարումների (փոխարինումների) պարամետրեր կամ մշակել ներքին մոդելներ ապագա դրամական հոսքերի գնահատման համար: Վաղաժամկետ մարումների և չվճարումների (փոխարինումների) ներքին մոդելները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգով սահմանված նվազագույն պահանջներին և ենթակա են համաձայնեցման Կենտրոնական բանկի հետ:

 

ԳԼՈՒԽ 4. ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ

6. Վաղաժամկետ մարումների ներքին մոդելները պետք է հաշվի առնեն առնվազն հետևյալ գործոնները.

● տոկոսադրույքի կանխատեսում (այդ թվում՝ սցենարային վերլուծություններ, սիմուլյացիաներ)՝ կանխատեսելով եկամտաբերության կորը,

● վարքագծային ենթադրություններ,

● վաղաժամկետ մարման տրանզակցիոն ծախսերի ենթադրություններ, ներառյալ՝ իրավական ծախսեր և փոխհատուցումներ,

● վարկի տարիքը,

● փաստացի և կանխատեսվող կանոնավոր ամորտիզացիաներ, ինչպես նաև փաստացի ոչ կանոնավոր (մասնակի) վաղաժամկետ մարումներ,

● անշարժ գույքի գների մակարդակը և փոփոխությունը,

● փոխառության/վարկի գումարը,

● վարկի գումարի և գրավի արժեքի հարաբերակցությունը,

● արժեկտրոնը և հավելավճարը վարկի տրամադրման պահին,

● տնտեսական ցուցանիշների կանխատեսումներ, ինչպիսիք են՝ գործազրկությունը, համախառն ազգային եկամուտը և այլն:

 

ԳԼՈՒԽ 5. ՉՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ (ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐԻ) ՆԵՐՔԻՆ ՄՈԴԵԼՆԵՐ

7. Չվճարումների (փոխարինումների) ներքին մոդելը, ի լրումն սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված գործոնների, պետք է հաշվի առնի առնվազն հետևյալ գործոնները.

1) փոխառուի վարկանիշը (սքորը),

2) զբաղվածությունը,

3) եկամտի մակարդակը, պարտքի սպասարկման ծախսերի և եկամտի մեծության հարաբերակցությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ՆԵՐՔԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Գործոնն ընտրելիս (ներառյալ սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով նախատեսված գործոնները) հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.

գործոնի և վաղաժամկետ մարման, չվճարման կամ փոխարինման միջև կապը պետք է լինի հիմնավորված (վիճակագրորեն նշանակալի) և կապի բնույթը պետք է համահունչ լինի տնտեսական հիմնավորումներին,

գործոնը պետք է սահմանվի միանշանակորեն:

9. Սպասվող դրամական հոսքերի ժամանակացույցը պետք է պարունակի ոչ կանոնավոր վճարումների (վաղաժամկետ մարումներ, նման այլ իրավունքներ) հավանականություն (սպասում)՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կամ ներքին մոդելներով ստացված:

 

ԳԼՈՒԽ 7. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԴՅՈՒՐԱՑԻԱՅԻ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

10. Պահպանելով 3-6-րդ գլուխների պահանջները, թողարկողը պետք է որոշի ապահովման միջոցներում ներառված ակտիվների սպասվող դյուրացիան:

11. Ապահովման միջոցներով ապահովված ոչ հետկանչելի պարտավորությունների դյուրացիայի որոշման համար թողարկողը հիմք է ընդունում պայմանագրով սահմանված մարման ամսաթիվը:

12. Ապահովման միջոցներով ապահովված հետկանչման իրավունք պարունակող պարտավորությունների դյուրացիայի որոշման համար թողարկողը որպես մարման ամսաթիվ հիմք է ընդունում հետկանչման առաջին կամ վերջին ամսաթիվը, որի դեպքում ակտիվների-պարտավորությունների դյուրացիայի ճեղքվածքը ամենամեծն է:

13. Թողարկված ածանցյալները, որոնք ներառված են ապահովման միջոցներում, պետք է համարվեն իրականացված հնարավոր ամենավաղ կամ ամենաուշ ամսաթվին, որի դեպքում ակտիվների-պարտավորությունների դյուրացիայի ճեղքվածքը ամենամեծն է:

14. Սույն գլխի պահանջների համաձայն, թողարկողը պետք է որոշի պարտավորությունների սպասվող դյուրացիան և ապահովման միջոցների դյուրացիայի սպասվող ճեղքվածքը՝ հաշվի առնելով ակտիվները և պարտավորությունները:

15. Թողարկողը պետք է որոշի ակտիվների և պարտավորությունների սպասվող դյուրացիայի և դյուրացիայի ճեղքվածքի զգայունությունը տոկոսադրույքների փոփոխության նկատմամբ՝ հաշվի առնելով սթրես-թեստավորման համար սույն կանոնակարգով նախատեսված պարամետրերը:

 

ԳԼՈՒԽ 8. ԶՈՒՏ ՆԵՐԿԱ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆԸ

16. Թողարկված ապահովված պարտատոմսերի զուտ ներկա արժեքը և ապահովման միջոցներում ներառված ակտիվների զուտ ներկա արժեքը (ճշգրտված ածանցյալ գործիքների գծով դիրքերի զուտ ներկա արժեքով) պետք է հաշվարկվի և համեմատվի միմյանց հետ՝ ապահովված պարտատոմսերի յուրաքանչյուր դասի համար առանձին, առնվազն հինգ աշխատանքային օրը մեկ անգամ: Ապահովման միջոցներում ներառված ակտիվների զուտ ներկա արժեքը ցանկացած պահի պետք է գերազանցի տվյալ դասի ապահովված պարտատոմսերի գծով պարտավորությունների զուտ ներկա արժեքի 105 տոկոսը:

17. Եթե սույն կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված ծածկույթը, այդ թվում՝ սույն կանոնակարգով նախատեսված սթրես թեստերի կիրառումից հետո, փոքր է 105 տոկոսից, ապա թողարկողը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան չափով (սթրես թեստերի դեպքում՝ հիմք ընդունելով սիմուլյացիաների արդյունքում ստացվող ամենամեծ պակասուրդը) ավելացնել ապահովման միջոցները «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան:

18. Թողարկողը ածանցյալ գործիքների զուտ ներկա արժեքը հսկողին պետք է ներկայացնի ապահովման միջոցների և պարտավորությունների զուտ ներկա արժեքից առանձին:

19. Զուտ ներկա արժեքների հաշվարկման ժամանակ կարող է օգտագործվել միայն այնպիսի եկամտաբերության կոր, որը համապատասխանում է տվյալ արժույթին: Մասնավորապես՝

1) Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված վարկերի դեպքում օգտագործվում է Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի եկամտաբերության սփոթ կորը,

2) ԱՄՆ դոլարով արտահայտված վարկերի դեպքում հիմք է ընդունվում ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության սփոթ կորը՝ գումարած Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերի (եվրոպարտատոմսերի) եկամտաբերության սպրեդը (մեկից ավելի թողարկումների դեպքում վերցվում է սպրեդների թվաբանական միջինը),

3) այլ արժույթների դեպքում ուղենիշային կորը յուրաքանչյուր դեպքում որոշվում է Կենտրոնական բանկի կողմից:

20. Ածանցյալ գործիքները պետք է դիտարկվեն ընթացիկ շուկայական արժեքով, որը ոչ ստանդարտացված ածանցյալ գործիքների դեպքում պետք է որոշվի բավարար կազմակերպական, տեխնիկական, մասնագիտական կարողություններ ունեցող անկախ անձի կողմից:

21. Արտարժութային դիրքերի զուտ ներկա արժեքները պետք է փոխարկվեն ՀՀ դրամի Կենտրոնական բանկի հրապարակած ընթացիկ փոխարժեքով:

 

ԳԼՈՒԽ 9. ՍԹՐԵՍ ԹԵՍՏԵՐ

22. Թողարկողը պետք է ապահովի, որ Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծածկույթն առկա է նաև տոկոսադրույքների փոփոխության դեպքում: Այդ նպատակով թողարկողը պետք է իրականացնի սթրես թեստեր սույն գլխով նախատեսված կարգով:

23. Սթրես թեստերի կիրառումից հետո զուտ ներկա արժեքների փոփոխությունը պետք է ներկայացվի հսկողին:

24. Ապահովման միջոցները կարող են նվազեցվել միայն այն դեպքում, երբ սթրես թեստերի արդյունքում զուտ ներկա արժեքով ծածկույթի պակասուրդ չի առաջանում:

25. Տոկոսադրույքների փոփոխության ազդեցությունը գնահատելու համար զուտ ներկա արժեքների հաշվարկման համար օգտագործված եկամտաբերության կորերը պետք է տեղափոխվեն վերև և ներքև՝ սույն գլխով սահմանված չափով: Նոր ստացված տոկոսադրույքների կորերը օգտագործելով պետք է հաշվարկվեն նոր զուտ ներկա արժեքները բոլոր բաղադրիչների համար:

26. Մարման ժամկետների քանակն ու բաշխումը համապատասխան եկամտաբերության կորի վրա պետք է ընտրվի ըստ թողարկողի գործարքի շրջանակի և կառուցվածքի, որտեղ քանակը պետք է լինի առնվազն ութը՝ ներկայացված հետևյալ ժամկետներով՝ երեք ամիս, վեց ամիս, մեկ տարի, երեք տարի, հինգ տարի, տասը տարի և քսան տարի:

27. Զուտ ներկա արժեքների վրա տոկոսադրույքների փոփոխության ազդեցությունը գնահատելու համար թողարկողն իրականացնում է հետևյալ քայլերը.

1) Ընտրված յուրաքանչյուր մարման ժամկետի համար որոշվում է տոկոսադրույքների օրական տարբերությունների ստանդարտ շեղումը՝ հիմք ընդունելով նախորդող 250 աշխատանքային օրվա դիտարկումները: Այնուհետև համապատասխան մարման ժամկետի համար հաշվարկված ստանդարտ շեղումը բազմապատկվում է 2.33 գործակցով (նորմալ բաշխման 99 տոկոս միակողմանի վստահության մակարդակին համապատասխան քվանտիլը) և 21 թվի (մեկ ամսվա աշխատանքային օրերի միջին թիվը) քառակուսի արմատով,

2) եկամտաբերության կորը տեղաշարժվում է դեպի վեր յուրաքանչյուր մարման ժամկետի համար սույն կետի 1-ին ենթակետով որոշված չափով, սակայն ոչ պակաս, քան 2 տոկոսային կետով: Դրա հիման վրա հաշվարկվում են նոր զուտ ներկա արժեքները,

3) եկամտաբերության կորը տեղաշարժվում է դեպի ներքև յուրաքանչյուր մարման ժամկետի համար սույն կետի 1-ին ենթակետով որոշված չափով, սակայն ոչ պակաս, քան 2 տոկոսային կետով: Դրա հիման վրա հաշվարկվում են նոր զուտ ներկա արժեքները:

28. Եթե սույն գլխի համաձայն եկամտաբերության կորը տեղաշարժելու արդյունքում տոկոսադրույքը ստացվում է զրոյից փոքր, ապա այն ընդունվում է զրոյին հավասար:

29. Սույն կանոնակարգի 27-րդ կետի համաձայն ստացված տոկոսադրույքները գծային մեթոդով ինտերպոլացվում են նոր եկամտաբերության կորերը կառուցելու համար:

 

ԳԼՈՒԽ 10. ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

30. Թողարկողը պարտավոր է՝

● ունենալ գրավոր ընթացակարգեր սույն կանոնակարգով նախատեսված ստանդարտ շեղման որոշման, ինչպես նաև ինտերպոլյացիայի համար,

● փաստաթղթավորել 4-6-րդ գլուխներով նախատեսված վաղաժամկետ մարումների և չվճարումների (փոխարինումների) ներքին մոդելների նկարագրությունը:

31. Թողարկողը մշտապես պետք է պահպանի սույն գլխով նախատեսված փաստաթղթերը:

 

ԳԼՈՒԽ 11. ՄԵԹՈԴԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

32. Թողարկողը կարող է փոխել հաշվարկման ընթացակարգը (այդ թվում՝ հաշվարկման մեթոդը, օգտագործվող պարամետրերը) միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ: Կենտրոնական բանկը տալիս է իր համաձայնությունը, եթե թողարկողը հիմնավորում է, որ ընթացակարգի փոփոխությունը բարելավում է արդյունքի որակը: