Գլխավոր տեղեկություն
Համար
N 1328-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.01/65(1340) Հոդ.1063
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1328-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի`

ա. 3-րդ ենթակետից հանել «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերը,

բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.

«4.1) սույն որոշմամբ հաստատված կանոններով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակում ու վճարումն ապահովում է նաև պրոբացիայի այն ծառայողին, որն այդ պաշտոնին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից.».

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից պրոբացիայի ծառայողի պաշտոնի նշանակված անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:»,

բ. 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս դեպքում այդ անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում՝ նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը:»,

գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը ներկայացվում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:»,

դ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումը ներկայացվում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:»,

ե. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ նշանակելը մերժելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակը վերահաշվարկելը մերժելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությամբ։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով և պահվում է շտեմարանում (կենսաթոշակի էլեկտրոնային գործում)։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:»,

զ. 19.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.3-րդ և 19.4-րդ կետերով.

«19.3. Պրոբացիայի ծառայողին օրենքի 18-րդ հոդվածով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակվում է, եթե նա, ըստ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի, պրոբացիայի ծառայողի պաշտոնի է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: Այս դեպքում, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի համաձայն, պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը (երեք տարվանից ոչ ավելի) հաշվառվում է զինվորական ծառայության ստաժում: Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո պրոբացիայի ծառայողի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում: Պրոբացիայի ծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում` անկախ դիմելու օրվա դրությամբ այդ պաշտոնն զբաղեցնելու հանգամանքից:

19.4. Պրոբացիայի ծառայողի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս, որպես զինծառայողի անձնական գործակից, հաշվի է առնվում քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված գործակիցը:»,

է. 33-րդ կետը «քաղաքացուն» բառից հետո լրացնել «, համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող անձին» բառերով,

ը. 34-րդ կետի վերջին նախադասությունը «աշխատանքային» բառից հետո լրացնել «և զինվորական» բառերով,

թ. 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը.

7) եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է լրացուցիչ փաստաթուղթ, որի արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը:»,

ժ. 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Սույն կարգի 41-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են այդ հանգամանքներն առաջանալու ամսվա 1-ից, 6-րդ ենթակետում նշված դեպքում` կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) օրվանից, իսկ 4-րդ և 5‑րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն կարգի 41-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այն օրվանից, երբվանից կենսաթոշակի չափը պետք է հաշվարկվեր լրացուցիչ փաստաթղթի հաշվառմամբ (վերահաշվարկվեր լրացուցիչ փաստաթղթի հիման վրա), բայց ոչ ավելի վաղ, քան լրացուցիչ փաստաթուղթը (դիմումը, որի հիման վրա ներկայացվել է լրացուցիչ փաստաթուղթը) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու օրվանից։ Եթե հնարավոր չէ պարզել, թե երբ է սույն կարգի 41-րդ կետի 7-րդ ենթակետում նշված լրացուցիչ փաստաթուղթը ներկայացվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (կենսաթոշակի գործում բացակայում է դիմումը, որի հիման վրա ներկայացվել է լրացուցիչ փաստաթուղթը), ապա կենսաթոշակը վերահաշվարկվում է այն օրվանից, երբ հայտնաբերվել է լրացուցիչ փաստաթուղթը։»,

ժա. 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) կենսաթոշակի գործում առկա է փաստաթուղթ (տեղեկատվություն), որը կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) ժամանակ ստաժը հաշվարկելիս հաշվի չի առնվել:»,

ժբ. 43.1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «` կենսաթոշակը վերահաշվարկող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա» բառերը,

ժգ. 44-րդ կետը «ամսվա 1‑ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքի: Այս դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է լրացուցիչ փաստաթուղթը (տեղեկատվությունը) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու օրվանից» բառերով,

ժդ. 45-րդ կետի 3-րդ ենթակետը «հաշվառվելու» բառից հետո լրացնել «, կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու» բառերով,

ժե. 46-րդ կետի 2-րդ ենթակետը «ձեռնարկատեր» բառից հետո լրացնել «, կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ է ստացել» բառերով,

ժզ. 48-րդ կետի 3-րդ ենթակետում «նախորդ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «վերջին անգամ» բառերով,

ժէ. 51-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այս դեպքում վճարվում է նաև դիմելու ամսվա կենսաթոշակի գումարը:»,

ժը. 51.3-րդ կետը «քաղաքացու» բառից հետո լրացնել «, համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող անձի» բառերով,

ժթ. 52.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 52.6-րդ և 52.7-րդ կետերով.

«52.6. Եթե զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն դիմում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար, ապա զինվորական կենսաթոշակ ստանալու նրա իրավունքը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու օրվանից: Այս դեպքում` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարված զինվորական կենսաթոշակի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

52.7. Եթե ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձը դիմում է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար, ապա նպաստ ստանալու նրա իրավունքը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու օրվանից: Այս դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարված նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) նշանակված կենսաթոշակի գումարից:»,

ի. 65-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 65.1-ին կետով.

«65.1 Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում նշված անձանց վճարվում է նրանց գրավոր դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով, դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ամսվա ընթացքում չվճարելու դեպքում այդ գումարը վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:»,

իա. 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66.1-ին և 66.2-րդ կետերով,

«66.1. Կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարը, անկանխիկ կամ կանխիկ եղանակով, վճարվում է նրա կամ լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Այդ գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Նշված ժամկետում չվճարելու դեպքում այդ գումարը վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

66.2 Սույն կարգի 66.1-ին կետում նշված վեցամսյա ժամկետից հետո դիմելու դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը, սույն կարգի 66.1-ին կետում նշված ժամկետներում, վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:»,

իբ. 70-րդ, 71-րդ և 72-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Կենսաթոշակի գործը կենսաթոշակ նշանակելու դիմումի և կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացված)՝ սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերի ամբողջությունն է։ Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Կենսաթոշակի գործը պահվում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, որտեղ ներկայացվել է կենսաթոշակ նշանակելու դիմումը։

71. Եթե կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վճարելու եղանակը (բանկը կամ կազմակերպությունը) փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վճարելը վերսկսելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը, ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին։ Եթե սույն կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այլ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (որտեղ չի գտնվում կենսաթոշակի գործը), ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են դիմումին և պահվում են կենսաթոշակ նշանակող այդ ստորաբաժանումում։

72. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վճարելու եղանակը (բանկը կամ կազմակերպությունը) փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վճարելը վերսկսելու համար դիմումին կից կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետում նշված հաշվարկ-կարգադրությունների ամբողջությունն է։ Կենսաթոշակի էլեկտրոնային գործին կցվում են նաև տվյալ գործին առնչվող այլ փաստաթղթեր՝ հարցումները, գրությունները, դրանց պատասխանները, պահանջագրերը և այլն։ Կենսաթոշակի էլեկտրոնային գործը պահվում է շտեմարանում:»,

իգ. 73-րդ, 76-րդ, 77-րդ, 83-րդ, 84-րդ և 91-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

իդ. 74-րդ կետում «կենսաթոշակ նշանակելու կարգադրության» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակելու էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության» բառերով,

իե. 81-րդ կետում վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այս դեպքում կենսաթոշակի էլեկտրոնային գործը հաշվառվում է կենսաթոշակառուի հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում։»,

իզ. 86-րդ կետի առաջին նախադասությունում «համարակալվում են, գրանցվում այբբենական կարգով վարվող մատյանում և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում` ըստ համարների հերթականության» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում» բառերով,

իէ. 90.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 90.2-րդ կետով.

«90.2. Անկախ՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավելի վճարված կենսաթոշակի գումարների չափից` այդ գումարները կարող են հետ գանձվել անձի (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատողի, կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի) և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման փոխհամաձայնությամբ կազմված ժամանակացույցի հիման վրա:».

3) որոշման N 2 հավելվածի 18-րդ կետի առաջին նախադասությունը «մեկ աշխատանքային տարի» բառերից հետո լրացնել «, իսկ մեկ մարդ-օրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր» բառերով.

4) որոշման N 6 հավելվածի աղյուսակում՝

ա. 1-ին կետի 3-րդ սյունակը «ուսուցիչ» բառից հետո լրացնել «մանկավարժ,» բառով,

բ. 8-րդ կետի 1-ին սյունակը «Մանկապատանեկան» բառից հետո լրացնել «(մանկական, պատանեկան)» բառերով.

5) որոշման N 8 հավելվածում`

ա. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Կալանավորված անձին օրենքով կենսաթոշակ նշանակվում ու վճարվում է, ինչպես նաև նա բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում սույն կարգով սահմանված կանոնների համաձայն:»,

բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժ կրող անձին բժշկական փորձաքննության ենթարկելու համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանում: Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանումը միջնորդագիրն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կատարում է պատիժ կրող անձի բժշկական փորձաքննությունը (իսկ առաջին անգամ փորձաքննվող անձին, անհրաժեշտության դեպքում, նաև ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության) և բժշկական փաստաթղթերը (իսկ առաջին անգամ փորձաքննվող անձի դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը) հանձնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:».

6) որոշման N 10 հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետը «քաղվածքը» բառից հետո լրացնել «, իսկ պրոբացիայի ծառայողը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից ազատվելու և պրոբացիայի ծառայողի պաշտոնում նշանակվելու մասին հրամանների քաղվածքները, եթե աշխատանքային գրքույկում առկա չեն այդ մասին համապատասխան գրառումները» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը լրամշակելու և էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելն ապահովելու ուղղությամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթների։

4. Սույն որոշման՝ էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 23
Երևան