Գլխավոր տեղեկություն
Համար
N 1034-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.09.06/55(1330) Հոդ.860
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1034-Ն

 

«ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ:

2. Սահմանել, որ «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է:

3. Հաստատել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

4. «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մկրտիչ Կիրակոսյանին (անձնագիր` AM 0878372, տրված` 24.09.2012 թ., 001-ի կողմից):

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝

1) «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումը՝ օրենքով սահմանված կարգով.

2) հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 29

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1034-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք), սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:

2. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «ԳԾԻԱԿ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` ФОНД «Центр содействия интеграции научных программ».

4) ռուսերեն կրճատ` ФОНД «ЦСИНП».

5) անգլերեն լրիվ` FUND «Integration Assistance Center for Scientific Programms».

6) անգլերեն կրճատ` «IACSP» FUND:

3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում:

4. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աճառյան 31:

5. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ՝ հիմնադիր), որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն է:

6. Հիմնադրամի շահառուները գիտության, կրթության և նորարարության բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

7. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:

8. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

9. Հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է փոփոխություններ կատարել սույն կանոնադրության մեջ:

10. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացնող միջոցներ: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

11. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը:

12. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

13. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքում և կարգով:

14. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

15. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

16. Հիմնադրամն օրենքով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

17. Հիմնադրամի գործունեության առարկան են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության կողմից համագործակցության ընդհանուր համակարգումը.

2) Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ հիմնադրամի կանոնադրական խնդիրներին վերաբերող ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.

4) իր ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների գործունեության զարգացմանն ուղղված նյութական կամ խորհրդատվական աջակցությունը:

18. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`

1) գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալների ավելացումը, այդ նպատակով համապատասխան տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը և տարածումը.

2) Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում «Հորիզոն 2020» ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված ազգային կոնտակտային անձանց գործունեության և ծրագրի հետ փոխգործակցության համակարգումը, որը ներառում է այդ անձանց գործառույթների իրականացմանն աջակցությունը, համագործակցության հնարավորությունների մասին տեղեկատվության տրամադրումը, տարեկան հանդիպումների, սեմինարների, քննարկումների կազմակերպումը, ազգային կոնտակտային անձանց կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

3) Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրի հնարավորությունների օգտագործմամբ գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության համար նոր ձեռքբերումներին, գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը նպաստելը՝ ի շահ նշված ոլորտների կայուն զարգացման։

 

 III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

19. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր ու օրենքով չարգելված այլ գույք:

20. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

21. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

22. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

23. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների, և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.

6) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

25. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

26. Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) տեղեկատվական սպասարկում, խորհրդատվական ծառայություններ.

2) դասընթացների, սեմինարների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպում:

27. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:

28. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել՝

ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից,

բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

29. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:

30. Խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը: Խորհրդի մեկ անդամ նշանակվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից՝ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացմամբ։ Խորհրդի մեկական անդամներ նշանակվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի կողմից:

31. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունների սկիզբը կարգավորվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջի համաձայն: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:

32. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հիմնադրամի տնօրենը խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին ներկայացրած և նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

33. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) վերապատրաստումների վերաբերյալ հայտարարվող և անցկացվող մրցույթների մասին կանոնակարգի մշակումն ու հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) հիմնադրամի տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.

10) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրությունը փոփոխելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.

11) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

12) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

13) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.

14) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

15) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

16) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

17) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

18) իր կազմից խորհրդի քարտուղարի ընտրությունը.

19) հիմնադրամի գործարքների կնքման կարգի հաստատումը.

20) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

34. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

4) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.

5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ.

6) խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարելու է խորհրդի անդամներից մեկը:

35. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի: Հիմնադրամի տնօրենի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և տնօրենի հետ կնքված պայմանագրով։ Հիմնադրամի անունից տնօրենի աշխատանքային պայմանագիրն ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ վերջինիս կողմից լիազորված այլ անձ։

36. Հիմնադրամի տնօրենը`

1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.

2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4) գործում է առանց լիազորագրի.

5) տալիս է լիազորագրեր.

6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին.

11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

12) հաշվետու է խորհրդին.

13) հիմնադրամի գործարքների կնքման կարգի համաձայն ընդունում է որոշում հիմնադրամի անվամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու կամ վերջինիս գույքն օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.

14) հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշման հիմքով կարող է կատարել հիմնադրամի տարեկան բյուջեով ամրագրված միջոցների վերաբաշխում՝ մինչև 10 տոկոսի չափով:

37. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

38. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան 2 անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ, նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:

39. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

40. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

41. Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

42. Խորհրդի անդամները կարող են խորհրդի նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

43. Խորհրդի որոշմամբ՝ խորհրդի նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:

44. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

45. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:

46. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

47. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

48. Հիմնադրամը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

49. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

50. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.

7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

51. Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

52. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

53. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը դադարած՝ պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան