Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.30/54(1329) Հոդ.835
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 989-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ N 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թումանյան 85 հասցեում գտնվող 308797600 դրամ սկզբնական արժեքով և 3033.56 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 2971500 դրամ սկզբնական արժեքով և 29.19 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 671900 դրամ սկզբնական արժեքով և 6.6 քառ. մետր մակերեսով (10.56 խոր. մետր) պարիսպը և 0.294897 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման 2013 թվականի մարտի 21-ի հ. 21032013-08-0373 վկայական) հետ վերցնել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 222.210.00162):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ) ներկայացուցիչների.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում լուծել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի փետրվարի 7-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 07/0017 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

4) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:

4. «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) ապահովել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորողների բնականոն ուսումնառությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում:

6. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դադարեցվում է սովորողների ընդունելությունը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Փորձնական փուլի ծրագրի ավագ դպրոցների և դրանց հարակից հիմնական դպրոցների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության մի շարք պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի N 231 և հուլիսի 25-ի N 1392-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 958-Ն որոշման հավելվածի 31-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան


2017 թ. օգոստոսի 18
Երևան