ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1033-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 3 հավելվածը`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Լիցենզավորված անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ։»,
բ. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Դեղատունը կամ դեղատնային կրպակը պետք է ապահովված լինի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղիով՝ յուրաքանչյուր վայրում առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում՝ յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ:»,
գ. 43.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը։»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44.1-ին, 44.2-րդ և 44.3-րդ կետերով.
«44.1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 43.1-ին և 44-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին:
44.2. Լիցենզավորված անձը սույն կարգի 43.1-ին կետի 2-րդ ենթակետով և 44-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության գրությունն ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի համաձայն պահանջվող առաջնային տեղեկատվությունը:
44.3. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները պահպանելով` լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, դեղատոմսով բաց թողնվող դեղերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին` համաձայն լիցենզավորող մարմնի կողմից հաստատված ընթացակարգի։».
2) որոշման N 5 հավելվածը`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Լիցենզավորված անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո բժշկական օգնության և սպասարկման իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ։»,
բ. 18-րդ կետը «լիազոր մարմին է ներկայացնում» բառերից հետո լրացնել «գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերով.
«19.1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին:
19.2. Լիցենզավորված անձը սույն կարգի 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության գրությունն ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի համաձայն պահանջվող առաջնային տեղեկատվությունը:
19.3. Լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների փոխանցումն ապահովող ներքին ցանցի (data network) ներդրման և սպասարկման դեպքում լիազոր մարմնի ծանուցումն ստանալուց հետո 14-օրյա ժամկետում, լիցենզավորված անձը միանում է ներքին ցանցին` միևնույն ժամանակ 2018 թվականի ապրիլի 1-ից ունենալով էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների փոխանցման ցանցն սպասարկող մատակարարից տարբերվող այլ մատակարարի կողմից մատուցվող պահուստային կապուղի` ապահովելով էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղի յուրաքանչյուր վայրում առնվազն 1մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում՝ յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ:
19.4. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները պահպանելով` լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և բժշկական պատմագրի տեղեկատվության մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին` համաձայն լիցենզավորող մարմնի կողմից հաստատված ընթացակարգի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|