Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.14/44(1319).1 Հոդ.717.38
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՐԱԴ1/0023/01/15

ԱՐԱԴ1/0023/01/15

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

 

Դատավորներ՝

Ս. Չիչոյան
  Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ
մեղադրող

Ա. Նաղդալյանի

  պաշտպան

Ա. Պապիկյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ռոստամ Ահմադի Բրոյանի, Ահմադ Վաքիլի Հսոյանի և Ռոմիկ Վաքիլի Միրզոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի որոշման դեմ ամբաստանյալներ Ռ.Բրոյանի, Ա.Հսոյանի և Ռ.Միրզոյանի պաշտպան Լ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2015 թվականի հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Բ.Սարգսյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 25100215 քրեական գործը:

2015 թվականի հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մ.Դուրյանի որոշմամբ թիվ 25100215 քրեական գործով ստեղծվել է քննչական խումբ, և քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Բ.Սարգսյանի վարույթ:

2015 թվականի հունվարի 29-ին Ռոբերտ Բրոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2015 թվականի հունվարի 30-ին Ռոստամ Բրոյանը, Ահմադ Հսոյանը և Ռոմիկ Միրզոյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2015 թվականի հունիսի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ անչափահաս մեղադրյալ Ռոբերտ Բրոյանի վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է, և գործի դատաքննությունն իրականացվել է առանձին վարույթով:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Ռոստամ Բրոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է 2015 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 16-ը նախնական կալանքի տակ գտնվելու 21 օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 9 (ինը) օր ժամկետով: Ռոստամ Բրոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը, թողնվել է անփոփոխ:

Ահմադ Հսոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժին հաշվակցվել է 2015 թվականի հունվարի 27-ից մինչև հունվարի 31-ը նախնական կալանքի տակ գտնվելու 4 օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով: Ահմադ Հսոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը, թողնվել է անփոփոխ:

Ռոմիկ Միրզոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է 2015 թվականի հունվարի 27-ից մինչև հունվարի 31-ը նախնական կալանքի տակ գտնվելու 4 օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով: Ռոմիկ Միրզոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը, թողնվել է անփոփոխ:

Նույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով դատապարտվել է նաև Ազիզ Բրոյանը:

3. Ամբաստանյալներ Ռ.Բրոյանի, Ա.Հսոյանի, Ռ.Միրզոյանի պաշտպան Ա.Պապիկյանի և մեղադրող Ա.Նաղդալյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 29-ի որոշմամբ ներկայացված բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալներ Ռ.Բրոյանի, Ա.Հսոյանի և Ռ.Միրզոյանի պաշտպան Լ.Հովհաննիսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ռ.Բրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով այն բանի համար, որ «նա իր եղբորորդի, անչափահաս Ռոբերտ Բրոյանից տեղեկանալով, որ նա որոշել է առևանգելու միջոցով ամուսնանալ Ռյա-Թազա գյուղի բնակչուհի Գոհար Ռուսլանի Մհոյանի հետ, քանի որ Գոհար Մհոյանի ընտանիքն այլ հավատք է դավանում և օրինական կարգով նրան իր հետ չեն ամուսնացնի, համաձայնվել է առևանգման հարցում օգնել Ռոբերտ Բրոյանին՝ հատկապես իմանալով, որ Գոհար Մհոյանն անչափահաս է: Գոհար Մհոյանին առևանգելու հարցով նախնական համաձայնության է եկել իր եղբորորդի Ռոբերտ Իշխանի Բրոյանի, հորեղբորորդի Ազիզ Ալիկի Բրոյանի, ազգականներ Ռոմիկ Վաքիլի Միրզոյանի և Ահմադ Վաքիլի Հսոյանի հետ: Նախնական պլանի համաձայն՝ 2015թ. հունվարի 25-ին իրեն պատկանող «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 16 PA 606 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, Ռոբերտ Բրոյանը մնացել է ավտոմեքենայի մեջ նստած, իսկ Ռոստամ Բրոյանը մյուս հանցակիցների հետ միասին ժամը 20-ի սահմաններում գնացել են Ռուսլան Մհոյանի տուն: Ռոստամ Բրոյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Գոհար Մհոյանը գտնվել է առանձին սենյակում, իսկ տան անդամները` խոհանոցում, դրսի կողմից ծածկել է խոհանոցի դուռը և ձեռքով պահել բռնակը, որից հետո Ռոմիկ Միրզոյանը և Ահմադ Հսոյանը բռնություն գործադրելով Գոհար Մհոյանի նկատմամբ, նրան դուրս են բերել բնակարանից, իսկ Ազիզ Բրոյանը բռնել է Գոհար Մհոյանի անչափահաս եղբայր Սաշա Մհոյանին: Այնուհետև Ռոմիկ Միրզոյանը և Ահմադ Հսոյանը Գոհար Մհոյանին տեղափոխել են տնից մինչև ճանապարհ և նրա կամքին հակառակ բռնի ուժով նստեցրել են Ռոստամ Բրոյանի «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 16 PA 606 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իրենք մնացել են դրսում, Ռոբերտ Բրոյանը բռնել է Գոհար Մհոյանի ձեռքերը, իսկ Ռոստամ Բրոյանը վարել է ավտոմեքենան, և այդ կերպ բացահայտ առևանգել են Գոհար Մհոյանին, տեղափոխել են գյուղից և պահել Հրազդան քաղաքի բնակիչ Մհեր Ջանգիրի Ուսոյանի տանը՝ նրանից և տան անդամներից թաքցնելով Գոհար Մհոյանին կամքին հակառակ առևանգելու հանգամանքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 208):

5.1. Ամբաստանյալներ Ա.Հսոյանին և Ռ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով այն բանի համար, որ «[նրանք իրենց] ազգական, անչափահաս Ռոբերտ Բրոյանից և Ռոստամ Բրոյանից տեղեկանալով, որ Ռոբերտ Բրոյանը որոշել է առևանգելու միջոցով ամուսնանալ Ռյա-Թազա գյուղի բնակչուհի Գոհար Ռուսլանի Մհոյանի հետ, համաձայնվել [են] առևանգման հարցում օգնել նրանց՝ հատկապես իմանալով, որ Գոհար Մհոյանն անչափահաս է և այդ հարցում նախնական համաձայնության [են] եկել Ռոբերտ Իշխանի Բրոյանի, Ռոստամ Ահմադի Բրոյանի, Ազիզ Ալիկի Բրոյանի հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2015թ. հունվարի 25-ին Ռոստամ Բրոյանին պատկանող «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 16 PA 606 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել են ճանապարհին, Ռոբերտ Բրոյանը մնացել է ավտոմեքենայի մեջ նստած, իսկ [նրանք] մյուս հանցակիցների հետ միասին ժամը 20-ի սահմաններում գնացել են Ռուսլան Մհոյանի տուն: Նախապես տեղյակ լինելով, որ Ռուսլան Մհոյանը տանը չէ, նրան հարցնելու պատրվակով Ռոստամ Բրոյանի հետ միասին մտել են տուն, իսկ Ազիզ Բրոյանը սպասել է դրսում: Ռոստամ Բրոյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Գոհար Մհոյանը գտնվել է առանձին սենյակում, իսկ տան անդամները՝ խոհանոցում, դրսի կողմից ծածկել է խոհանոցի դուռը և ձեռքով պահել բռնակը, որից հետո [Ահմադ Հսոյանը] և Ռոմիկ Միրզոյանը, բռնություն գործադրելով Գոհար Մհոյանի նկատմամբ, նրան դուրս են բերել բնակարանից, իսկ Ազիզ Բրոյանը բռնել է Գոհար Մհոյանի անչափահաս եղբայր Սաշա Մհոյանին, ով բռնել է Ռոմիկ Միրզոյանի ոտքից և փորձել է թույլ չտալ, որ Գոհար Մհոյանին առևանգեն: Դրանից հետո Ռոստամ Բրոյանը դուրս է եկել տնից և բռնակից քաշելու միջոցով փակել դրսի դուռը, իսկ Ազիզ Բրոյանը բռնել է Սաշա Մհոյանին: Այդ ընթացքում Ահմադ Հսոյանը Ռոմիկ Միրզոյանի հետ միասին Գոհար Մհոյանին տեղափոխել են տնից մինչև ճանապարհ, Գոհար Մհոյանի կամքին հակառակ բռնի ուժով նրան նստեցրել են Ռոստամ Բրոյանի «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 16 PA 606 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իրենք մնացել են դրսում, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Ռոբերտ Բրոյանը բռնել է Գոհար Մհոյանի ձեռքերը: Դրանից հետո Ռոստամ Բրոյանը միացել է նրանց, նստել և վարել է ավտոմեքենան, Ռոբերտ Բրոյանի հետ տեղափոխել են գյուղից և պահել Հրազդան քաղաքի բնակիչ Մհեր Ջանգիրի Ուսոյանի տանը՝ նրանից և տան անդամներից թաքցնելով Գոհար Մհոյանին կամքին հակառակ առևանգելու հանգամանքը, այդ կերպ բացահայտ առևանգել են Գոհար Մհոյանին» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 193, 201):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «Ամբաստանյալներ Ռոստամ Ահմադի Բրոյանի, Ահմադ Վաքիլի Հսոյանի և Ռոմիկ Վաքիլի Միրզոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրանց կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորների անձը բնութագրող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

(...)

Քանի որ 5 տարուց բարձր` մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հանցագործություններն են դասվում ծանր հանցագործությունների շարքին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան սկսվում է 4 տարուց, որը մոտ է ծանր հանցագործությունների դասակարգման հիմք վերցվող պատժի նվազագույն շեմին, ուստի դատարանի գնահատմամբ օրենսդրի կողմից քննարկվող հանցակազմը բնութագրվում է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող:

(...)

Դատարանի [գնահատմամբ] ամբաստանյալներին մեղսագրվում է միանգամից երկու ծանրացնող հանգամանքների պայմաններում մարդուն առևանգելու արարքի կատարումը, այն է՝ նախնական համաձայնությամբ խմբի կողմից անչափահասին առևանգելը:

(...)

Ամբաստանյալների և նրանց կատարած արարքի առավել բարձր հանրային վտանգավորության մասին է վկայում նաև այն շարժառիթը և նպատակը, որով առաջնորդվել են վերջինները: (...) Դատարանը (...) արձանագրում է, որ հենց 16 տարեկան անչափահասի կամքին հակառակ, ամուսնանալուն հարկադրելու նպատակով և շարժառիթով կատարված առևանգումը վկայում են ինչպես ամբաստանյալների, այնպես էլ նրանց կատարած արարքի առավել բարձր հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի մասին:

(...)

Դատարանի գնահատմամբ` ամբաստանյալները 16 տարեկան անչափահաս տուժողին նրա կամքին հակառակ ամուսնանալուն հարկադրելու նպատակով և բռնություն կիրառելով առևանգելով, ոտնձգել են ոչ միայն անչափահաս տուժողի ազատության, առողջության և այլ արժեքների նկատմամբ, այլև երեխայի իրավունքների, ազատությունների, օրինական շահերի, ինչպես նաև ամուսնանալու ազատության, տղամարդկանց հետ իրավահավասարության և դրա հետ կապված այլ արժեքների նկատմամբ: Դատարանի կարծիքով` հենց սրանում էլ արտահայտվում է սույն հանցագործության առավել բարձր հանրային վտանգավորությունը:

(...)

Դատարանի համար առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ սույն քրեական գործով տուժող Գ.Մհոյանը եղել է ոչ միայն անչափահաս (16 տարեկան), այլև հանցանքի կատարման պահին լրացած չի եղել նաև նրա օրենքով նախատեսված ամուսնության նվազագույն տարիքը (...): Դատարանի գնահատմամբ՝ այս հանգամանքն ավելի է բարձրացնում կոնկրետ դեպքում կատարված հանցագործության հանրային վտանգավորությունը:

(...)

Դատարանը (...) ընդգծում է, որ ամբաստանյալները գործել են հանդուգն և արարքը կատարել են բնակարան մուտք գործելով: (...) [Այդ] հանգամանքը (...) էական նշանակություն ունի կոնկրետ դեպքում կատարված հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորության փաստը արձանագրելու համար:

(...) Դատարանի համար սկզբունքային նշանակություն ունի նաև այն, որ տուժողին առևանգելը պայմանավորված է եղել նրա կրոնական համոզմունքներով, քանի որ ամբաստանյալները գիտակցելով, որ զուտ կրոնական համոզմունքներից ելնելով տուժողը չի ամուսնանա Ռոբերտ Բրոյանի հետ, որոշել են ամուսնության հարցը լուծել հանցավոր ճանապարհով:

Դատարանի գնահատմամբ այս հանգամանքը, ըստ էության, ոտնձգություն է նաև տուժողի կրոնական համոզմունքների նկատմամբ (...) :

Դատարանը սույն քրեական գործով ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը գնահատելիս հաշվի է առնում նաև այն, որ նրանք գործել են անչափահասի (Ռոբերտ Բրոյանի, որը 16 տարեկան է) առաջարկով և նրան ներգրավելով անչափահաս տուժողին առևանգելու հանցավոր գործունեության մեջ:

(...)

[Դ]ատարանի գնահատմամբ (...) կոնկրետ դեպքում կատարված հանցագործության առավել բարձր հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի մասին [վկայում է] այն, որ ամբաստանյալներից Ռոստամ Բրոյանի (կազմակերպել է առևանգումը) և Ահմադ Հսոյանի խնամքին են գտնվում գրեթե տուժողի և Ռոբերտ Բրոյանի տարիքի երեխաներ:

(...)

Դատարանը, ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս, մասնավորապես պատժի չափը և դրա կրման նպատակահարմարության հարցը որոշելիս հիմք է ընդունում այն, որ սույն քրեական գործը քննվել է արագացված կարգով, (...) ինչպես նաև այն, որ ամբաստանյալներից՝ Ռոստամ Բրոյանի խնամքին են գտնվում կինը և անչափահաս չորս երեխաները, Ռոմիկ Միրզոյանի խնամքին են գտնվում կինը և երեք անչափահաս երեխաները, Ահմադ Հսոյանի խնամքին են գտնվում կինը և չորս անչափահաս երեխաները (...): Դատարանը բացի այդ հաշվի է առնում այն, որ նրանք բնութագրվում են դրականորեն, նախկինում դատված չեն եղել:

(...)

Դատարանն անդրադառնալով՝ «տուժողին ծնողներին կամավոր վերադարձնելու հանգամանքին», գտնում է, որ (...) [դա] տեղի է ունեցել ոչ թե ժամեր անց, այլ հաջորդ օրը, ընդ որում՝ (...) երբ արդեն իսկ հարուցված է եղել քրեական գործ և ձեռնարկվել համապատասխան միջոցներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Այլ կերպ, (...) ամբաստանյալները հարկադրված են եղել տուժողին վերադարձնել ծնողներին:

(...)

Ինչ վերաբերում է ցուցմունքներ տալուն և նախաքննությանն օգնելուն, ապա սա ևս խիստ հարաբերական է, քանի որ առևանգումը եղել է բացահայտ, տուժողի հարազատների ներկայությամբ և նրանց իրավունքների և օրինական շահերի նկատմամբ ոտնձգելով, ուստի ամբաստանյալների ցուցմունքները էական դեր չեն էլ խաղացել հանցագործությունը բացահայտելու գործում, քանի որ նախաքննական մարմնի համար հանցագործության ամբողջական պատկերը պարզ է եղել:

(...)

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալների ոստիկանության բաժին ներկայանալը ևս եղել է հարկադրական, քանի որ նրանք այլ ելք չեն ունեցել՝ տուժողը չի համաձայնվել ամուսնանալ Ռոբերտ Բրոյանի հետ, իսկ դեպքի առթիվ իրականացվել է քննություն: (...) Այս առումով դատարանը [գտնում է, որ] տվյալ դեպքում բացակայում [են] մեղայականով ներկայանալու (...) չափանիշները:

(...)

Դատարանը հաշվի է առնում նաև այն, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրն ինչ մասնակցություն է ունեցել հանցանքի կատարմանը: Ամբաստանյալներ՝ Ռոստամ Բրոյանը, Ռոմիկ Միրզոյանը և Ահմադ Հսոյանը գործել են առավել ակտիվ և հանդուգն, (...) [նրանք] (...) մուտք են գործել բնակարան, այնտեղից բռնություն կիրառելով դուրս են բերել և մեքենան են տեղավորել տուժողին, այնուհետև Ռոստամ Բրոյանը նստելով մեքենայի ղեկին, որում գտնվել են տուժողը և անչափահաս Ռոբերտ Բրոյանը, հեռացել են դեպքի վայրից: Նրա հետևից այլ մեքենայով շարժվել են նաև Ռոմիկ Միրզոյանը և Ահմադ Հսոյանը: (...) Այլ կերպ ասած՝ ամբաստանյալների (...) հանցավոր վարքագիծը, բնութագրերը և այլ մեղմացնող հանգամանքները գրեթե նույնական են (...):

(...)

Դատարանը գտնում է, որ (...) սույն քրեական գործի հանգամանքների, կատարված հանցագործության բնույթի և վտանգավորության աստիճանի, ՀՀ իրավական համակարգում հանցագործությամբ խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական և իրավական նշանակության պայմաններում նշանակվելիք չորս տարի ժամկետով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը, ամբաստանյալներ Ռոստամ Բրոյանի, Ռոմիկ Միրզոյանի և Ահմադ Հսոյանի նկատմամբ կլինի անհամաչափ մեղմ և այդ կերպ հնարավոր չի լինի նրանց մասով ապահովել պատժի նպատակների իրականացումը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 207-212):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ռոստամ Բրոյանի, Ահմադ Հսոյանի և Ռոմիկ Միրզոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորությանն աստիճանը, մասնավորապես` թե սույն քրեական գործով ամբաստանյալների կատարած հանցագործությունն ինչ սոցիալական արժեքների է ոտնձգել, դրանք ինչ նշանակություն ունեն իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության արժեքային համակարգում և քրեաիրավական պաշտպանության տակ վերցված արժեքների հիերարխիայում, այլև նրանց անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` այն, որ սույն քրեական գործը քննվել է արագացված կարգով, որի դեպքում պատժի չափը չի կարող գերազանցել 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալներից Ռոստամ Բրոյանի խնամքին են գտնվում կինը և անչափահաս չորս երեխաները, Ռոմիկ Միրզոյանի խնամքին են գտնվում կինը և երեք անչափահաս երեխաները, Ահմադ Հսոյանի խնամքին են գտնվում կինը և չորս անչափահաս երեխաները: Առաջին ատյանի դատարանը, բացի այդ, հաշվի է առել այն, որ նրանք բնութագրվում են դրականորեն և նախկինում դատապարտված չեն եղել, որպիսի պայմաններում եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալներ Ռոստամ Բրոյանի, Ահմադ Հսոյանի և Ռոմիկ Միրզոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նրանք պետք է կրեն:

Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ ամբաստանյալներ Ռոստամ Բրոյանի, Ահմադ Հսոյանի և Ռոմիկ Միրզոյանի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, այսինքն` նրանց նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 96-97):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստել է, որ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի դրույթները, չեն պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ, 70-րդ հոդվածների պահանջները, հաշվի չեն առել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում ամբաստանյալների նկատմամբ նշանակել են անարդարացի, ակնհայտ խիստ պատիժ, որը չի համապատասխանում նրանց կատարած հանցագործության ծանրությանը և նրանց անձնավորությանը:

9. Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկների, մասնավորապես՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման հարցի շուրջ բարձրացված խնդրի կապակցությամբ՝ բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների տարբեր դատական ակտեր (ԵԷԴ/0089/01/15, ՏԴ2/0009/01/12, ԵԱՔԴ/0147/01/12, ԱՐԱԴ/0009/01/13) նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված արարքների համար պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում չկա միատեսակ դատական պրակտիկա, քանի որ գրեթե նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով դատարանները կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

10. Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալի փաստարկին՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները և դուրս է եկել արագացված կարգով գործը քննելու շրջանակից, քանի որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չիրականացնելու պայմաններում անդրադարձել է գործում առկա ապացույցներով հաստատված փաստական հանգամանքներին: Իսկ Վերաքննիչ դատարանի կողմից այս հանգամանքը քննության առարկա չի դարձվել:

10.1. Բողոքաբերը փաստել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի խախտում՝ հանցակազմը ծանրացնող միևնույն հանգամանքները կրկին գնահատելով որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ:

10.2. Ավելին, ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը, որպես հանցագործության և ամբաստանյալների հանրային վտանգավորությունը բարձրացնող հանգամանքներ, ոչ իրավաչափորեն գնահատել է, որ ամբաստանյալները գործել են անչափահասի առաջարկով և հանցագործության կատարմանը ներգրավել են անչափահասի, նրանց խնամքին գտնվում են տուժողի և Ռոբերտ Բրոյանի գրեթե նույն տարիքի երեխաներ:

11. Բողոքաբերը նշել է նաև, որ չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածը պատժի սպառնալիքով արգելում է ամուսնանալու նպատակով աղջկան առևանգելը, այնուամենայնիվ, իրական կյանքում այն հետևողականորեն շարունակվում է, իսկ եզդի ազգաբնակչության շրջանում ամուսնանալու նպատակով աղջկան առևանգելն ազգային սովորույթ է: Ըստ բողոքաբերի` դատարանը պետք է նկատի ունենա կատարված հանցագործության նպատակը, ինչպես նաև հետևանքը. իր պաշտպանյալների նպատակն է եղել, չնայած օրենքի պահանջների խախտմամբ, սակայն նպաստել մեկ նոր ընտանիքի ձևավորմանը:

12. Բացի այդ, բողոքի հեղինակի կարծիքով դատարանը կատարված արարքի հանրային առավել բարձր վտանգավորության աստիճանն ընդգծելու նպատակով արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի նվազագույն չափը հանցակազմի առավել բարձր հանրային վտանգավորության մասին վկայող հանգամանք է, ինչպես նաև մատնանշել է հանգամանքներ, որոնք քրեական գործում առկա չեն, մասնավորապես այն, որ ոտնձգություն է կատարվել տուժողի կրոնական համոզմունքների նկատմամբ: Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս և պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս պատշաճ կերպով չեն գնահատել մի շարք հանգամանքներ: Մասնավորապես այն, որ ամբաստանյալներն առևանգումից ժամեր անց տուժողին կամավոր հանձնել են իր ծնողներին, չեն հերքել իրենց մեղքը, զղջացել են կատարածի համար, իրենց ցուցմունքներով օգնել են նախաքննությանը՝ բացահայտելու գործով օբյեկտիվ ճշմարտությունը և այլն:

13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի մարտի 29-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված արարք կատարած, մասնավորապես՝ ամուսնության նպատակով մարդուն առևանգելու համար անձի նկատմամբ պատիժ նշանակելու, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալներ Ռ.Բրոյանի, Ա.Հսոյանի, Ռ.Միրզոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

16. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Մեջբերված քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի գոյություն ունեցող այնպիսի օբյեկտիվ տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքն ու հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15 և այլն)։

17. ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ` «Մարդուն առևանգելը» վերտառությամբ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. «1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(...)

4) անչափահասի նկատմամբ,

(...)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:

 Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հանցագործության համար պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է իրենց ամբողջության մեջ վերլուծեն և համապարփակ գնահատման ենթարկեն սույն հանցակազմի բնույթը, ինչպես նաև վերջինիս հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները:

Այսպես՝ քննարկվող հանցակազմի անմիջական օբյեկտը մարդու անձնական և ֆիզիկական ազատության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, որպիսիք սոցիալական և իրավական բարձր արժեքներ են ու ենթակա են քրեաիրավական հատուկ պաշտպանության: Առանձին դեպքերում, կախված կոնկրետ հանցագործության հանգամանքներից, քննարկվող հանցանքը կարող է ոտնձգել նաև սոցիալական մեծ նշանակություն ունեցող այլ արժեքների դեմ, որի պայմաններում որպես լրացուցիչ օբյեկտ կարող է հանդես գալ, օրինակ, մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը և այլն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հանցավոր վարքագծի դրսևորման եղանակին, հանցագործությանը նախորդող, ուղեկցող և հաջորդող հանգամանքներին, հանցավոր մտադրության իրականացման աստիճանին, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքին ու հանցագործությանը նրա մասնակցության աստիճանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցավորի առավել հանդուգն լինելու և համակեցության ընդհանուր կանոնների նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունենալու, հետևաբար նաև ինչպես հանցագործության, այնպես էլ հենց հանցավորի անձի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին կարող են վկայել քննարկվող հանցանքն իրենց համակցության մեջ, ի թիվս այլոց, բռնությամբ, բնակարան մուտք գործելու, այլ անձանց ներկայությամբ և նրանց դիմադրությունը ճնշելու միջոցով կատարելը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցագործության և հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի բարձր լինելու մասին են վկայում անձի արարքում հանցակազմը որակյալ դարձնող մեկից ավելի հանգամանքների առկայությունը, հետևաբար դա նույնպես պետք է համաչափ գնահատականի արժանանա դատարանի կողմից և հաշվի առնվի պատիժ նշանակելիս ու այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս (տե՛ս, mutatis mutandis, Գարսևան Ոսկանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումները):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատարանների կողմից պետք է պատշաճ գնահատական ստանա նաև հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այդ թվում՝ հանցանք կատարած անձի նպատակներն ու հանցագործության շարժառիթները: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել ամուսնության նպատակով մարդուն առևանգելու հանցակազմի հանրային վտանգավորության հարցը:

17.1. Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը ամրագրում է. «Խտրականությունը, կախված սեռից, (…) ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, (…) արգելվում է»:

ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն՝ «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են»:

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: (…)

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

 (…) »:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ « (...) 3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության (...) սկզբունքներին համապատասխան:

5. Արգելվում է ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որևէ սահմանափակում:

(...) »:

ՄԱԿ-ի 1948 թվականի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում»:

«Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի 1979 թվականի կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է. «Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցառումները.

(ա) փոխելու տղամարդկանց ու կանանց վարքագծի սոցիալական և մշակութային մոդելները՝ նախապաշարմունքների ու սովորույթների և բոլոր այլ պրակտիկաների վերացմանը հասնելու նպատակով, որոնք հիմնված են այս կամ այն սեռի ստորադասության կամ առավելության, կամ տղամարդկանց ու կանանց ստերեոտիպային դերի գաղափարի վրա (...)»:

Նույն կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունն ամուսնությանն ու ընտանեկան հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում և, մասնավորապես, տղամարդկանց ու կանանց հավասարության հիման վրա ապահովում են.

(ա) ամուսնության միևնույն իրավունքը,

(բ) ամուսնու ազատ ընտրության և միայն իր ազատ ու լիակատար համաձայնությամբ ամուսնանալու միևնույն իրավունքը,

(գ) ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս միևնույն իրավունքներն ու պարտականությունները (...)»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ «Բռնի ամուսնությունների և երեխաների ամուսնությունների մասին» 2005 թվականի թիվ 1468 բանաձևի 3-6-րդ կետերում նշված է. «Վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ առկա են իշխանություններ, որոնք գաղթական համայնքների մշակույթի և ավանդույթների նկատմամբ հարգանքի քողի լույսի ներքո հանդուրժողականություն են ցուցաբերում բռնի ամուսնությունների և երեխաների ամուսնությունների նկատմամբ՝ չնայած նրան, որ վերջիններս խախտում են յուրաքանչյուր զոհի հիմնարար իրավունքները: Վեհաժողովը բռնի ամուսնությունը սահմանում է որպես երկու անձանց միություն, որոնցից առնվազն մեկը չի տվել ամուսնանալու՝ իր լիարժեք և ազատ համաձայնությունը: Հաշվի առնելով այն, որ բռնի ամուսնությունը խախտում է անհատի հիմնարար իրավունքները՝ այն որևէ կերպ չի կարող արդարացված համարվել: Վեհաժողովը ընդգծում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ 1954 թվականի դեկտեմբերի 17-ի 843 (IX) բանաձևի կարևորությունը, որով հայտարարվել է, որ որոշ սովորույթները, ամուսնությանն ու ընտանիքին վերաբերող հնացած օրենքները և պրակտիկան անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությունում և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

17.2. Ներպետական օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում և այլ միջազգային փաստաթղթերում իրենց ամրագրումն ստացած վերոգրյալ դրույթների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամուսնությունն ընտանիք կազմելու նպատակով տղամարդու ու կնոջ կամավոր միություն է: Կինն իր կամքի ազատ արտահայտությամբ պետք է ընտրի ամուսին և կազմի ընտանիք, ընդ որում, սույն հարցում արգելվում է սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով իրավունքների որևէ սահմանափակում: Ամուսնական դաշինք կազմողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Այլ խոսքով՝ ամուսնանալիս ամուսնացողներից յուրաքանչյուրը պետք է դրսևորի գիտակցված ու մտածված ցանկություն, համաձայնությունը պետք է տրված լինի ազատ և անկախ՝ առանց սպառնալիքի, բռնության կամ հարկադրանքի ազդեցության։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդուն առևանգելու հանցավոր արարքը, որը կատարվում է ամուսնանալուն հարկադրելու նպատակով, ի թիվս այլոց, ոտնձգում է ժողովրդավարական հասարակությունում բարձր արժեք ներկայացնող այնպիսի հասարակական հարաբերությունների դեմ, ինչպիսիք են՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, անձի՝ իր կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու, ամուսին ընտրելու իրավունքը, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը և այլն: Ուստի հաշվի առնելով սույն իրավահարաբերությունների բնույթն ու կարևորությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձի՝ իր կամքի ազատ արտահայտությամբ ամուսին ընտրելու, ամուսնանալու իրավունքը սահմանափակելու նպատակով կատարված առևանգումը վկայում է կատարված հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Միևնույն ժամանակ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն հանգամանքը չի կարող ինքնին պայման դիտարկվել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն աննպատակահարմար ճանաչելու համար. նշյալ հարցերը լուծելիս դատարանների եզրահանգումը յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնված լինի, ի թիվս այլ հանգամանքների, քննարկվող հանցավոր արարքի և հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող բոլոր գործոնների ամբողջական գնահատման վրա: Ընդ որում, նշանակություն կարող են ունենալ այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ մինչ կատարված հանցանքը տուժողի և հանցավորի բարիդրացիական փոխհարաբերությունները, հանցավորի նկատմամբ տուժողի դրական վերաբերմունքը, կատարված հանցագործությունից հետո տուժողի և ամբաստանյալի միջև ձևավորված հարաբերությունների բնույթը և այլն:

18. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հանցավոր արարքի և հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող, ի թիվս այլոց, սույն որոշմամբ մատնանշված գործոնների համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ գնահատման հիման վրա է միայն հնարավոր ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին, հետևաբար նաև նշանակել համաչափ պատիժ և լուծել պատիժը կրելու նպատակահարմարության հարցը:

19. Սույն գործի նյութերից երևում է, որ Ռոստամ Բրոյանին, Ա.Հսոյանին, Ռ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, տեղեկանալով, որ Ռոբերտ Բրոյանը որոշել է առևանգելու միջոցով ամուսնանալ Ռյա-Թազա գյուղի բնակչուհի Գ.Մհոյանի հետ, համաձայնել են առևանգման հարցում օգնել վերջինիս՝ հաստատապես իմանալով, որ Գ.Մհոյանն անչափահաս է: Նախնական համաձայնության գալով և միմյանց հետ պայմանավորվելով՝ 2015 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 20-ի սահմաններում, գնացել են Ռ.Մհոյանի բնակարան: Ռոստամ Բրոյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Գ.Մհոյանը գտնվել է առանձին սենյակում, իսկ տան անդամները` խոհանոցում, դրսի կողմից ծածկել է խոհանոցի դուռը և ձեռքով պահել բռնակը, որից հետո Ռ.Միրզոյանը և Ա.Հսոյանը Գ.Մհոյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրան դուրս են բերել այդտեղից. Ազիզ Բրոյանը բռնել է Գ.Մհոյանի անչափահաս եղբայր Սաշա Մհոյանին, ով բռնել է Ռ.Միրզոյանի ոտքից և փորձել է թույլ չտալ, որ Գ.Մհոյանին առևանգեն: Դրանից հետո Ռոստամ Բրոյանը դուրս է եկել տնից և բռնակից քաշելու միջոցով փակել դրսի դուռը, իսկ Ազիզ Բրոյանը բռնել է Սաշա Մհոյանին: Այդ ընթացքում Ա.Հսոյանը Ռ.Միրզոյանի հետ միասին Գ.Մհոյանին տեղափոխել են տնից մինչև ճանապարհ, նրա կամքին հակառակ վերջինիս նստեցրել Ռոստամ Բրոյանի վարած ավտոմեքենան և այդ կերպ՝ բացահայտ առևանգել (տե՛ս սույն որոշման 5-5.1.-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալներ Ռոստամ Բրոյանին, Ա.Հսոյանին և Ռ.Միրզոյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ և նշանակելով ազատազրկման ձևով պատիժ՝ 4 տարի ժամկետով, փաստել է, որ գործի հանգամանքների, կատարված հանցագործության բնույթի և վտանգավորության աստիճանի, ՀՀ իրավական համակարգում հանցագործությամբ խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական և իրավական նշանակության պայմաններում նշանակվելիք չորս տարի ժամկետով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելն ամբաստանյալների նկատմամբ կլինի անհամաչափ մեղմ, և այդ կերպ հնարավոր չի լինի ապահովել պատժի նպատակների իրականացումը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, այն թողել է անփոփոխ՝ փաստելով, որ վերջինս եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու (տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը):

20. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 5-7-րդ կետերում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով 16-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ գնահատման ենթարկելով ամբաստանյալներին մեղսագրված արարքների հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները, հիմնավորված եզրահանգման են եկել առ այն, որ կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնում են, ի թիվս այլոց, այն հանգամանքները, որ՝

- հանցանքը կատարվել է բռնություն գործադրելու եղանակով,

- հանցանքը կատարվել է բնակարան մուտք գործելու միջոցով,

- ամբաստանյալների արարքում առկա են հանցագործությունը որակյալ դարձնող մեկից ավելի հանգամանքներ, այն է՝ հանցանքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և անչափահասի նկատմամբ կատարելը,

- հանցանքը կատարվել է ամուսնանալուն հարկադրելու նպատակով,

- հանցանքը կատարելիս ամբաստանյալները գործել են առավել ակտիվ և հանդուգն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից հավասարապես հաշվի են առնվել նաև ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և նրանց անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես, ի թիվս այլոց, այն, որ Ռ.Բրոյանի խնամքին են գտնվում կինը և չորս անչափահաս երեխաները, Ռ.Միրզոյանի խնամքին են գտնվում կինը և երեք անչափահաս երեխաները, Ա.Հսոյանի խնամքին են գտնվում կինը և չորս անչափահաս երեխաները, ամբաստանյալները բնութագրվում են դրականորեն:

20.1. Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական տվյալները, ամբաստանյալներին մեղսագրված արարքների բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքները, եկել են հիմնավորված հետևության, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, այսինքն՝ նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին: Այլ կերպ՝ ամբաստանյալներ Ռ.Բրոյանի, Ա.Հսոյանի, Ռ.Միրզոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

21. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացրած փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են, քանի որ սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս կատարել է իր հետազոտության առարկայի շրջանակի մեջ ներառվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների ուսումնասիրություն՝ առաջնորդվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով և պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

Քննարկման առարկա դարձնելով բողոքաբերի՝ սույն որոշման 10.1.-րդ կետում բարձրացրած փաստարկը՝ Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում՝ արձանագրելով, որ համապատասխան հանգամանքներն Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել ոչ թե որպես ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ, այլ դրանց հիման վրա գնահատման է ենթարկել ամբաստանյալներին մեղսագրված արարքների հանրային վտանգավորության աստիճանը՝ հիմնավոր կերպով գալով այն եզրահանգման, որ հանցագործությունը որակյալ դարձնող երկու հանգամանքների առկայությունը վկայում է կատարված հանցավոր արարքի և ամբաստանյալների անձի հանրային վտանգավորության աստիճանի բարձր լինելու մասին:

Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 10.2.-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև դրանց կապակցությամբ բողոքաբերի դատողությունները հիմնավոր են, սակայն դա չի ազդել գործի ելքի վրա, ուստիև չի կարող բավարար հիմք համարվել ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը բեկանելու համար:

Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի՝ սույն որոշման 11-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման 17.1.-17.2.-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ սույն գործով հանցագործությունը կատարելու նպատակը որպես ազգային սովորույթ ներկայացնելը չի կարող վկայել կատարված հանցավոր արարքի նվազ վտանգավորության մասին, հետևաբար բողոքաբերի փաստարկներն այդ մասով հիմնավոր չեն:

 Անդրադառնալով բողոքաբերի մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանց կապակցությամբ ստորադաս դատարանները թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող որևէ դատական սխալ:

 22. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալներ Ռոստամ Բրոյանի, Ա.Հսոյանի, Ռ.Միրզոյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Ուստի պաշտպանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Ռոստամ Ահմադի Բրոյանի, Ահմադ Վաքիլի Հսոյանի և Ռոմիկ Վաքիլի Միրզոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան