ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի N 1327-Ն
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու համար բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 16-ին թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տրամադրում են տեղեկատվություն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց պոլիկլինիկական բժշկական հաստատություններում բժշկական հավատարմագրման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրումն իրականացնում են պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրավոր պահանջագրերի հիման վրա, տրանսպորտային միջոց վարելու պիտանիությունը որոշելու նպատակով` կախված նրանց առողջական վիճակից և ֆիզիկական զարգացածությունից:
3. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձինք, բժշկական հավատարմագրում անցնելիս, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրված գրավոր պահանջագիր և անձը հաստատող փաստաթուղթ:
4. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, իր հայեցողությամբ, ցանկացած պոլիկլինիկական բժշկական հաստատությունում: Եթե անձը հավատարմագրումն անցնում է ոչ իր գրանցման վայրի պոլիկլինիկական բժշկական հաստատությունում, ապա նրա համար լրացվում են համապատասխան բժշկական փաստաթղթեր:
5. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշելու նպատակով պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է մշտապես գործող բժշկական հանձնաժողով, որի աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
6. Բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թերապևտը կամ ընտանեկան բժիշկը, ակնաբույժը, վիրաբույժը: Առանձին դեպքերում, ելնելով կոնկրետ հիվանդությունից կամ վիճակից, բժշկական հանձնաժողովը, պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի հրամանով, կարող է համալրվել նաև տվյալ բժշկական հաստատության այլ բժիշկ-մասնագետներով:
7. Բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա՝ պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի կողմից պահանջագիրը ներկայացվելուց հետո նույն օրը տրվում է բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու համար՝ բացառությամբ այն դեպքի, երբ պահանջագիրը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ, որի դեպքում բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքը տրվում է հաջորդ աշխատանքային օրը: Յուրաքանչյուր բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք վավերացվում է պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի, բժիշկ-թերապևտի կամ ընտանեկան բժշկի ստորագրություններով:
8. Բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի «Եզրակացություն» բաժնում կատարվում են հետևյալ գրառումները պիտանիության մասին`
1) «Պիտանի է իր հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու».
2) «Պիտանի չէ»։
9. Պիտանիության հարցը որոշելիս` բժշկական հանձնաժողովն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդությունների ցանկով, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց:
10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական հավատարմագրումը կարող է իրականացվել նաև այդ մարմինների բժշկական ծառայությունների ղեկավարների հրամանով ստեղծված բժշկական հանձնաժողովների կողմից` ըստ սույն կարգի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ
Աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:
Մեկ աչքի բացակայության դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոց է հանդիսանում կայանման ձայնային ազդանշանային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցը: Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայության, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումների, ինչպես նաև վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման հանգեցնող ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումների և արատների դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոցների տեխնիկական տեսանկյունից հարմարեցվածությունը գնահատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Ձեռքերի և ոտքերի ֆունկցիաների խանգարմամբ հաշմանդամ վարորդների համար կառավարման մարմիններ. տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ» (ԳՕՍՏ 33668-2015) միջպետական ստանդարտը:
(հավելվածը լրաց. 31.08.17 N 1055-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման |
____________________________________________________________
(պոլիկլինիկական բժշկական հաստատության անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու համար)
Անունը _____________________________________________________________
Ազգանունը __________________________________________________________
Հայրանունը _________________________________________________________
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________________
Աշխատանքի վայրը ___________________________________________________
Ախտորոշումը _______________________________________________________
Եզրակացություն______________________________________________________
___________________________________________________________________
Անցել է բժշկական հավատարմագրում _____ ______________________ 20 թ.
Բժիշկ-թերապևտ կամ ընտանեկան բժիշկ _________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը)
Պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրեն _______________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու հետ կապված հարաբերությունները:
2. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով նախատեսվում են համալիր միջոցառումներ, որոնք իրականացվում են հետևյալ փուլերով`
1) բժշկական օգնության ցուցաբերում` դեպքի վայրում.
2) բժշկական օգնության ցուցաբերում` տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին.
3) բժշկական օգնության ցուցաբերում` մասնագիտացված բժշկական հաստատությունում:
II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ
3. Դեպքի վայրում բժշկական օգնության ցուցաբերումը ներառում է ինչպես ինքնօգնությունը և փոխօգնությունը դեպքի վայրում հայտնված անձանց կողմից (վարորդների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության ծառայողների և մյուսների), այնպես էլ բժշկական օգնության ցուցաբերումը շտապ օգնության բրիգադի, ինչպես նաև դեպքի վայրում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների բուժաշխատողների կողմից:
4. Դեպքի վայրում հայտնված անձանց կողմից իրականացվող միջոցառումներն են`
1) ահազանգումը շտապ օգնության կայան.
2) տուժածի տեղափոխումն անվտանգ վայր, վառվող հագուստի մարումը, պաշտպանումը ոչ բարենպաստ կլիմայական պայմաններից (ցուրտ, շոգ և այլն).
3) շտապ օգնության մեքենա կանչելու հնարավորության բացակայության և տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն անհապաղ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում` տուժածին մոտակա բժշկական հաստատություն տեղափոխելու կազմակերպումը: Անհրաժեշտ է կազմակերպել տուժածի՝ հնարավորինս խնամքով տեղափոխումը (տակդիրի օգտագործում, տուժածի ծածկում, տուժածի` հնարավորինս հարմար դիրքի ապահովում): Վերջույթի կոտրվածքի առկայության դեպքում անհրաժեշտ է այն անշարժացնել ձեռքի տակ գտնվող միջոցներով, արտաքին արյունահոսությունը դադարեցնել ճնշող կապով, իսկ զգալի արյունահոսությունը` լարանի միջոցով:
5. Դեպքի վայր ժամանած բուժաշխատողների կողմից իրականացվում են`
1) ցավի վերացման նպատակով համապատասխան դեղամիջոցի ներարկում.
2) սրտի կանգի դեպքում` սրտի ոչ ուղղակի մերսում և միաժամանակ արհեստական շնչառության իրականացում.
3) համակցված (կոմբինացված) վնասվածքների դեպքում (վնասվածք և այրվածք) այրվածքներից ախտահարված մարմնի մասերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հակաայրվածքային դեղամիջոցների ու հակաայրվածքային կամ ստերիլ վիրակապի օգտագործմամբ:
III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ՝ ՏՈՒԺԱԾԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
6. Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու հարցը որոշելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել`
1) տուժածի վիճակը, ստացած վնասվածքների ծանրության աստիճանը և բնույթը.
2) տրանսպորտային միջոցի տեսակը և դրա պիտանիությունը` տուժածին տեղափոխելու համար.
3) բժշկական հաստատության հեռավորությունը.
4) տուժածի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումների իրականացման հնարավորությունը:
7. Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից և ուղղված է հիմնականում սրտի ու շնչառական ֆունկցիաների պահպանմանը և հակաշոկային միջոցառումների կազմակերպմանը: Շտապ օգնության մեքենայով տուժածին տեղափոխելու ընթացքում բժշկի կողմից իրականացվում են կենսական կարևորագույն ֆունկցիաների վերականգնման կամ պահպանման միջոցառումներ` ամբողջ ծավալով: Շտապ օգնության մեքենայի բժիշկը կամ բուժակը պարտավոր է ստույգ որոշել շարժման երթուղին, որպեսզի տուժածը տեղափոխվի այնպիսի մասնագիտացված բուժհաստատություն, որտեղ նրան կցուցաբերվի անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն` ամբողջ ծավալով:
IV. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
8. Մասնագիտացված բժշկական հաստատությունում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալն ու բնույթը կախված են վնասվածքի տեսակից, տուժածի վիճակից և այն բժշկական հաստատության հնարավորություններից, որտեղ դեպքի վայրից տեղափոխվել է տուժածը:
9. Այն դեպքում, երբ տվյալ բժշկական հաստատությունում հնարավոր չէ տուժածի բժշկական օգնության կազմակերպումն անհրաժեշտ ծավալով, կա՛մ համապատասխան մասնագետ է հրավիրվում այլ բժշկական հաստատությունից, կա՛մ կազմակերպվում է հիվանդի տեղափոխումն այն մասնագիտացված բժշկական հաստատություն, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ` որակյալ բժշկական օգնության ցուցաբերման համար` տուժածին նախապես շոկային վիճակից դուրս բերելուց, արյան կորուստը լրացնելուց և կոտրված վերջույթներն անշարժացնելուց հետո:
10. Մասնագիտացված բժշկական հաստատությունում տուժածին ցուցաբերվող որակյալ բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից:
11. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնության ցուցաբերման բոլոր փուլերում բժշկական համապատասխան փաստաթղթերում պարտադիր կատարվում է մանրամասն գրառում տուժածին՝ ինչպես տվյալ փուլում ցուցաբերվող բժշկական օգնության բնույթի և ծավալի, այնպես էլ` նախորդ փուլում իրականացված միջոցառումների մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.03.2020, N 383-Ն | 27.09.2020, N 1327-Ն | |
31.08.2017, N 1055-Ն | 23.09.2017, N 1327-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|