«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60217264
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 հունիսի 2017 թ. ք. Երևան |
թիվ 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման նպատակով կազմակերպվող և անցկացվող մրցույթի իրականացման ընթացակարգը:
2. Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթն (այսուհետ` մրցույթ) անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
3. Ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է լիցենզավորման մրցույթ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
4. Մրցույթին մասնակցում են միայն իրավաբանական անձինք:
5. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
6. Հանձնաժողովն իր որոշմամբ հայտարարում է մրցույթ:
7. Մրցույթի մասին տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և իր՝ www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքում:
8. Մրցույթի մասին տեղեկատվությունը պետք է ներառի հետևյալը՝
1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
2) ռադիոծրագրի թեմատիկ ուղղվածությունը,
3) սփռման տարածքը,
4) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
5) հայտերի ընդունման ժամանակահատվածը և վայրը,
6) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը՝ հեռախոս, էլ. փոստ,
7) հայտի ձևը:
III. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
9. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ` հայտ)՝ համաձայն N 1 ձևի և անհրաժեշտ փաստաթղթեր:
10. Հայտում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`
1) հայտ ներկայացնողի անվանումը,
2) գտնվելու վայրը,
3) ռադիոծրագրի թեմատիկ ուղղվածությունը,
4) սփռման տարածքը,
5) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին,
6) սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը,
7) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
11. Հայտին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, ռադիոընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը:
12. Հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով է ներկայացվում մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հետո՝ 40-օրյա ժամկետում, առձեռն կամ փոստով: Ռադիոընկերության բիզնես ծրագիրը, օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին տվյալները, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին տեղեկությունները ներկայացվում են երկու փաթեթով՝ թելակարված, համարակալված, «Բաղկացած է … թերթից» գրառմամբ, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում): Հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են փակ ծրարով ` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում):
IV. ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
13. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը:
14. Մրցույթի մասնակիցների հայտերը և կից փաստաթղթերը հրապարակվում են հանձնաժողովի դռնբաց նիստում` ըստ հայտերի գրանցման հերթականության, հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում:
15. Հանձնաժողովը մասնակցին է տրամադրում հայտը և կից փաստաթղթերը՝ փակ ծրարով: Հայտի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:
16. Հայտը քննության չի առնվում, եթե մասնակիցը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին և սույն կարգի 15-րդ կետի համաձայն չի ներկայացրել իր հայտի բովանդակությունը:
17. Հայտերի հրապարակումից հետո` դրանց ուսումնասիրման համար, Հանձնաժողովն ընդհատում է նիստը 10 օր տևողությամբ:
18. Հայտերի հրապարակումից հետո՝ 11-րդ օրը վերսկսվում է նիստը, որտեղ Հանձնաժողովը բաց վարկանիշային քվեարկությամբ կատարում է մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
19. Վարկանիշային քվեարկությունից առաջ հանձնաժողովի անդամները հայտերի և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:
20. Վարկանիշային քվեարկությունն իրականացվում է ըստ մասնակիցների հայտերի գրանցման հերթականության: Քվեարկությունը կազմակերպվում է մասնակիցներից յուրաքանչյուրի համար առանձին, Հանձնաժողովի անդամների համաժամանակյա քվեարկությամբ: Համեմատելով տվյալ մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամը 0-10 ամբողջ թվերով գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցին: Վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում գումարային առավելագույն միավոր ստացած մասնակիցը:
21. Հանձնաժողովը մասնակցին գնահատելիս հաշվի է առնում`
1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը,
3) բիզնես ծրագրի հիմնավորվածությունը,
4) բազմակարծությունը խթանելու կարողությունը,
5) տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
22. Մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է`
1) գործող այն ռադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
2) գործող այն ռադիոընկերություններին, որոնք ռադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:
23. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար միավորներ ստացած և սույն կարգի 22-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները բավարարած մասնակիցների միջև Հանձնաժողովը անցկացնում է վարկանիշային կրկնակի քվեարկություն:
24. Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու և ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա տալու որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա` քվեարկությամբ:
25. Մրցույթում հաղթող ճանաչելու և ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա տալու մասին Հանձնաժողովի որոշումը հրապարակվում է ընդունելուց անմիջապես հետո:
26. Հանձնաժողովի որոշումն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:
27. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում:
V. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
28. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
1) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել Հանձնաժողովի նիստին և սույն կարգի 15-րդ կետի համաձայն չի ներկայացրել իր հայտի բովանդակությունը.
3) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության և սույն կարգի պահանջներին:
Ձև N 1
Թվային հեռարձակման ցանցի միջոցով
ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման
մրցույթի անցկացման կարգի
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ
______________________________-ին
(անուն, ազգանուն) |
Հ Ա Յ Տ
Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման մրցույթին մասնակցելու
Հայտատուի անվանումը __________________________________________________________________
Գտնվելու վայրը _________________________________________________________________________
Հեռախոսահամարը, էլ. հասցեն ___________________________________________________________
Ռադիոծրագրի թեմատիկ ուղղվածությունը _________________________________________________
Սփռման տարածքը ______________________________________________________________________
Տեղեկություններ հայտատուի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին
________________________________________________________________
Սեփական արտադրության հաղորդումների ծավալը _________________________________________
Հայրենական արտադրության հաղորդումների ծավալը ______________________________________
Կից փաստաթղթեր՝ ________ թերթ:
Տնօրեն |
_______________________________ |
________________ |
__ _________ __________ |
Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում) |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԼԻՑԵՆԶԻԱ _______
ք. __________ |
___ __________ _______ |
տրվում է |
________________________________________________________ |
գործունեության |
________________________________________________________ |
սփռման տարածքը |
________________________________________________________ |
լիցենզիայի գործողության |
______________________________________ |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
_______________ |
Կ.Տ. |
___________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.11.2020, թիվ 138-Ն | 31.12.2020, թիվ 28-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|