Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.28/41(1316) Հոդ.636
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 658-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՈՒՄԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշումը:

2. Խմելու ջուրը ոռոգման համար օգտագործման կարգավորման նպատակով սահմանել, որ`

1) բնակավայրերում և բնակավայրերի առանձին թաղամասերում, որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ և ոռոգման համակարգ, բայց կան խմելու ջրի բավարար պաշարներ և տեխնիկական հնարավորություններ, խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով տրամադրվել (բացի մեխանիկական եղանակով տրված ջրի) ոռոգման նպատակով` բացառապես բնակիչ բաժանորդներին.

2) խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար բաժանորդը, որն ունի առևտրային հաշվառքի սարք, դիմում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) համապատասխան ստորաբաժանում և վերջինիս հետ կնքում է խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման օրինակելի պայմանագիր՝ համաձայն հավելվածի.

3) լիցենզավորված անձը, սույն որոշմանը համապատասխան, խմելու ջուրը ոռոգման և խմելու համար մատուցված ծառայությունների մասով վարում է առանձնացված հաշվառում:

3. Խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու նպատակով սահմանել, որ`

1) ապօրինի սպառումը` առանց լիցենզավորված անձի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ինքնակամ միացումն է, ինչպես նաև առանց խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի` խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից օգտվելն է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով նախատեսված, ինչպես նաև անցումային ժամանակաշրջանում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման դեպքերի.

2) ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերից կատարված ապօրինի սպառումն արձանագրվում է լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի ներկայությամբ: Փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար, որոնք ստորագրվում են լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի կողմից: Ապօրինություն կատարած անձի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում դրա մասին լիցենզավորված անձն արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Հայտնաբերված ապօրինի միացումը ենթակա է անջատման (ջրազրկման, խցափակման)` ապօրինի միացում կատարած անձի հաշվին: Ապօրինություն կատարած անձի չներկայանալու կամ նրա անհայտ լինելու դեպքում լիցենզավորված անձը կազմում է միակողմանի արձանագրություն.

3) ապօրինի սպառման հայտնաբերման դեպքում լիցենզավորված անձն ապօրինի միացմամբ օգտագործված խմելու ջրի և հեռացված (մաքրված) կեղտաջրերի օրական ջրաքանակները հաշվարկում է խմելու ջրի խողովակի ներանցման թողունակությամբ` ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ, ջրամատակարարման հրապարակված համապատասխան տևողությամբ և կատարված միացման ժամանակահատվածով, սակայն ոչ ավելի, քան սույն կետի 4-րդ ենթակետում նշված ծավալների, եթե ապօրինություն կատարած անձը չունի այլ հիմնավորումներ: Ապօրինի սպառմամբ իրականացված ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) քանակը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ տարածքի ջրամատակարարման նպատակով (նաև լիցենզավորված անձի կողմից չսպասարկվող համակարգի) տեղադրված առևտրային հաշվառքի սարքի գրանցած օգտագործված ջրաքանակից, իսկ դրա բացակայության դեպքում` սույն կետում նշված պայմաններով.

4) այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել և ամրագրել ապօրինի սպառմամբ իրականացված խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ժամանակահատվածը, ապա ապօրինի սպառման տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է`

ա. բազմաբնակարան շենքի բնակչի (ֆիզիկական անձի) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված՝ հաշվարկված ծավալի տասնհինգապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` երեսնապատիկով,

բ. ոչ բազմաբնակարան շենքի բնակչի (ֆիզիկական անձի) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված՝ հաշվարկված ծավալի երեսնապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` վաթսունապատիկով,

գ. ոչ բնակչի (իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված՝ հաշվարկված ծավալի իննսունապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` հարյուր ութսունապատիկով.

5) ապօրինի սպառում իրականացրած անձի կողմից համապատասխան հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, որոնցով հաստատվում է այդ տարածքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավական հիմքով օգտագործման իրավունքի առավել նվազ ժամանակահատված, ապա 4-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված հաշվարկված ծավալների բազմապատիկներն ընդունվում են հավասար այդ ժամանակահատվածին.

6) օգտագործված խմելու ջրի և (կամ) հեռացված կեղտաջրի (մաքրված) քանակների դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են՝ հիմք ընդունելով օրինակելի պայմանագրի 6.1-ին կետի 2-րդ ենթակետով կազմված արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով և վճարվում է լիցենզավորված անձին՝ որպես սպառված ջրի դիմաց վճար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 20

Երևան

  

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 1-ի N 658-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

___________________________

(պայմանագրի կնքման վայրը)

____ __________20_____թ.

Մատակարարը

_____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս

______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է ____________________________________________հիման վրա, մի կողմից,

 

և բաժանորդը

_____________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________________________,

(բնակության վայրը, խմելու ջրից ոռոգում կատարվող հասցեն)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործվում է տնամերձ հողամասերը (այգիները) և այլ հողամասերը խմելու ջրով ոռոգելու համար՝

1) օգտագործված ջուրը հաշվարկվում է՝ հաշվի առնելով տվյալ տարածքում գործող ոռոգման նորմերը` ըստ ոռոգման ռեժիմի, հողամասի չափի և մշակվող մշակաբույսերի տեսակի: Սույն ենթակետում նշված կարգի համաձայն հաշվարկվում է ոռոգման համար պահանջվող ամսական ջրի սահմանաքանակը, որն ամրագրված է սույն պայմանագրի 7-րդ կետում.

2) ամբողջ սպառված ջրաքանակը հաշվարկվում է առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքին համապատասխան և սույն պայմանագրի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար բաժանվում է երկու մասի` օգտագործված խմելու ջրի մասով վերահաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների, իսկ ոռոգման նպատակով օգտագործված ջրի դեպքում` կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն` հետևյալ կարգով՝

ա. բաժանորդի կողմից սպառված խմելու ջրի քանակը հաշվարկվում է՝ համաձայն սույն պայմանագրի 2.4-րդ կետի 7-րդ ենթակետի, բայց ոչ ավելի, քան առևտրային հաշվառքի սարքով հաշվառված քանակը,

բ. բաժանորդի կողմից ոռոգման նպատակով օգտագործված ջրի քանակը հաշվարկվում է առևտրային հաշվառքի սարքով հաշվառված քանակի և սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված խմելու ջրի քանակի տարբերությամբ, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի 7-րդ կետով ամրագրված սահմանաքանակը,

գ. սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված ոռոգման նպատակով օգտագործված ջրի քանակը սույն պայմանագրի 7-րդ կետով ամրագրված սահմանաքանակը գերազանցելու դեպքում գերազանցող մասը (քանակը) համարվում է որպես բաժանորդի կողմից սպառված խմելու ջրաքանակ.

3) վճարման ենթակա գումարը (մատուցված ծառայության արժեքը) հաշվարկվում է համապատասխանաբար խմելու ջրի մասով` համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների և սակագների, իսկ ոռոգման նպատակով օգտագործված ջրի մասով` ոռոգման ջրի օգտագործման համար սահմանված վճարների և սույն պայմանագրի հիման վրա:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

2.2. Բաժանորդը պարտավոր է`

1) վճարել ոռոգման նպատակով օգտագործված ջրի դիմաց՝ սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 22-ը.

2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում.

3) ջուրն օգտագործել ըստ պլան-ժամանակացույցի.

4) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերի առկայության համատեղ ստուգման նպատակով.

5) առևտրային հաշվառքի սարքի խափանման վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում անհապաղ տեղեկացնել մատակարարին.

6) մատակարարին տրամադրել համայնքի ղեկավարի կողմից հաստատված փաստացի բնակվողների վերաբերյալ փաստաթուղթ.

7) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարման դեպքում դիմել մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար:

2.3. Բաժանորդն իրավունք ունի`

1) պահանջելու, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք՝ ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ.

2) ոռոգման սեզոնից դուրս ժամանակահատվածում դիմելու մատակարարին իր ջրաչափական սարքն ապահավաքակցելու համար.

3) մասնակցելու առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

2.4. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել բաժանորդին ծառայությունների հուսալի մատուցումը.

2) իրականացնել առևտրային հաշվառքի սարքի կապարակնքումը.

3) իր հաշվին իրականացնել առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը և ստուգաչափումը.

4) բաժանորդին իրազեկել ջրամատակարարման դադարեցման կամ ընդհատման և ջրամատակարարման վերականգնման պատճառների ժամկետների մասին բաժանորդին.

5) կազմել և բաժանորդին ներկայացնել մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն.

6) գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ.

7) ոռոգման սեզոնի ընթացքում բաժանորդի կողմից սպառված ջրաքանակից խմելու ջրի ծավալի տարանջատումը (հաշվարկը) կատարել հետևյալ չափաքանակներով` ըստ օրինակելի պայմանագրի անբաժանելի մասը կազմող պլան-ժամանակացույցի և 1 անձին օրական նախատեսված 200 լիտր խմելու ջրի չափաքանակով:

2.5. Մատակարարն իրավունք ունի`

1) բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով՝ բաժանորդի հետ համատեղ ստուգելու առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերի առկայությունը.

2) դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը և միակողմանի լուծելու սույն պայմանագիրը՝ բաժանորդի կողմից սույն պայմանագրի 2.2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պարտավորությունն առնվազն 2 անգամ անընդմեջ չկատարելու դեպքում:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, օրենքով սահմանված կարգով:

3.2. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

4. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները, գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Կողմերը պարտավոր են նշված իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Սույն պայմանը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու մասով պարտադիր է դառնում ոռոգման սեզոնի ամբողջ ընթացքում:

6.2. Պայմանագիրը կարող է փոփոխության ենթարկվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

6.3. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

7. ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Ապրիլ ..……………………… մ3

Մայիս …………………….…. մ3

Հունիս ……………….………. մ3

Հուլիս ….…………………. մ3 

Օգոստոս ….……………… մ3

Սեպտեմբեր ……………….մ3

 

ԸՆԴԱՄԵՆԸ ………………. մ3

 

8. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Մատակարար

___________________________________

Գտնվելու վայրը

__________________________________

Հեռախոսահամարը___________________

ՀՎՀՀ-ն____________________________

Էլ. փոստ ___________________________

Հ/հ ________________________________

Բանկ ______________________________

Ղեկավար

___________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(առկայության դեպքում)

Բաժանորդ

_____________________________________

Բնակության վայրը

_____________________________________

Ծանուցման հասցեն______________________

Էլ. փոստ ______________________________

Հեռախոսահամարը_______________________

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ՝

______________________________________

 

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան