Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-313-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1251
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾՈՎԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2007 թվականի ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիրը (Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ Հայաստանի Հանրապետության առարկությամբ՝ համաձայն հավելվածի):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 22

Երևան

ՆՀ-313-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2008 թ. նոյեմբերի 22-ի

ՆՀ-313-Ն հրամանագրի

 

Հայաստանի Հանրապետության առարկությունը «Սեվծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման դեմ

 

Հայաստանի Հանրապետությունն առարկում է 2007 թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ Փոխըմբռնման հուշագիր) նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման դեմ:

Ադրբեջանի Հանրապետության վերապահումը, լինելով բնույթով ընդհանուր և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձնում ոչ միայն նշված Փոխըմբռնման հուշագրի կիրառումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, այլև համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև: Հիմնվելով անդամ պետությունների կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերի և դրանց առնչվող կանոնների ու չափորոշիչների վրա` Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը` փոխադրումների ենթակառուցվածքը և հարմարությունները, ինչպես նաև բարելավել Սև և Կասպից ծովերում ծովային հաղորդակցությունը, ինչն արդեն իսկ խախտվում է Ադրբեջանի Հանրապետության վերապահմամբ:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակին, ինչն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում 1969թ. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար, հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, համաձայն Կոնվենցիայի, պետությունը վերապահմամբ կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշ դրույթների իրավական ուժը, եթե դրանք կիրառվում են այդ իսկ պետության նկատմամբ: Սակայն Ադրբեջանի Հանրապետությունն իր վերապահման մեջ չի նշում որևէ որոշակի դրույթ, որի իրավական կիրառումը կցանկանար բացառել կամ փոփոխել, ուստի, Ադրբեջանի Հանրապետությունը, կատարելով նման վերապահում, խախտում է Կոնվենցիայի դրույթները:

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է Փոխըմբռնման հուշագրի ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը՝ վերանայելու Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ իր վերապահումը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան