Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-8-Ո-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.14/37(1312) Հոդ.606
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.06.2017
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-8-Ո-10

2017 թ.

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

 

Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի,

Ա. Դարբինյանի, Գ. Խանդանյանի,
Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի,
Ս. Չիչոյանի, Ե. Սողոմոնյանի,
Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի

 

մասնակցությամբ` դատավոր

 

Վ. Վարդանյանի

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի

 ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանի դատավոր

 Վ. Վարդանյանի փաստաբան


Ռ. Հակոբյանի

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի

 

քարտուղարությամբ`

 

Շ. Վարդանյանի

 

2017 թվականի հունիսի 6-ին դռնփակ նիստում ՀՀ արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը,

 

ՊԱՐԶԵՑ

 

ՀՀ գլխավոր դատախազը Խորհուրդ ներկայացրել է միջնորդություն` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Վարդանյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

 

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը.

Ըստ միջնորդության`

«ՀՀ ԱԱ ծառայության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տվյալներ այն մասին, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Կամոյի Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի` մինչդատական վարույթի և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում կատարված դատաքննության ընթացքում Գ. Գալստյանին և գործով մյուս մեղադրյալներ Տարոն ու Մասիս Կարապետյաններին առաջադրված մեղադրանքները առավել մեղմ պատասխանատվություն նախատեսող հոդվածով վերաորակելու, հետևաբար նաև մեղմ պատիժ նշանակելու համար մեղադրյալների ծնողներն ու մտերիմ անձինք մինչդատական վարույթում դատավարական լիազորություններ իրականացնող, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնատար անձին` նիստը նախագահող դատավորին միջնորդի միջոցով 2014թ. հուլիսի 26-ից 2016թ. մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում տվել են առանձնապես խոշոր չափերով 11.274.960 ՀՀ դրամին համարժեք 24.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դատական իշխանության մարմնի համապատասխան ներկայացուցիչը, ստանալով նշված կաշառքի գումարը, իր լիազորությունների շրջանակում կայացրել է խոստացված դատական ակտը: Կաշառք տալու, կաշառքի միջնորդության և պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ 20.05.2017թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62212417 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, ՀՀ ԱԱ ծառայության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաև տվյալներ այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ դատական գրավոր պարզաբանում տրամադրելու դիմաց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական իշխանության պաշտոնատար անձինք ստացել են առանձնապես խոշոր չափերով 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք: Դեպքի կապակցությամբ 20.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62212517 քրեական գործը:

Վերը նշված քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել են մեկ` թիվ 62212417 քրեական գործով վարույթում:

Հիշյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է հետևյալը`

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում հաշվառված Ռոբերտ Գրիգորյանը 2017թ. հունվար ամսին դիմել է փաստաբան Էդվարդ Չինարյանին` խնդրելով իրավաբանական օգնություն ցույց տալ Ձորագյուղ համայնքի տարածքում գտնվող և իրեն պատկանող /գրանցված է Ռ. Գրիգորյանի կնոջ` Զարիկ Գրիգորյանի անվամբ/ հողատարածքի հետ կապված որոշակի խնդիրների հարցով: Ռ. Գրիգորյանը փաստաբանին տրամադրել է նաև նշված հողատարածքի հետ կապված ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահությամբ դատավոր Աղվան Պետրոսյանի/` 2006թ. օգոստոսի 24-ին կայացված վճիռը: Ուսումնասիրելով փաստաթղթերը Է. Չինարյանը հայտնել է, որ հարցը կարող է լուծվել երկու ճանապարհով` կամ պետք է դատարան դիմել սեփականության իրավունքի ճանաչման հայցադիմումով, կամ էլ փորձել դատարանից վճռի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Ռ. Գրիգորյանը խնդրել է վճռի պարզաբանում ստանալու ճանապարհով հարցը լուծել, քանի որ ինքը հիմնականում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և երկար ժամանակ չի կարող տրամադրել դատական քաշքշուկներին: Ստանձնելով Ռ. Գրիգորյանի տիկնոջ` Զարիկ Գրիգորյանի ներկայացուցչությունը` Է. Չինարյանը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի անվամբ դիմում է պատրաստել` խնդրելով պարզաբանում տալ, թե ինչու 2006թ. կայացված վճռով սահմանված սեփականության իրավունքի չափը չի համապատասխանում կից հատակագծով սահմանված հողատարածքի մակերեսին և միաժամանակ խնդրելով պարզաբանել նաև` արդյոք, հատակագծում նշված հավելյալ հողատարածքը պատկանում է Զարիկ Գրիգորյանին: Դիմումը գրելուց հետո Ռ. Գրիգորյանի հետ ուղևորվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և կից փաստաթղթերի հետ դիմումը մուտքագրել դատարանի գրասենյակ: Դրանից շուրջ 15-20 օր անցնելուց հետո զանգահարել է դատարանի աշխատակազմ, որտեղից իրեն հայտնել են, որ Աղվան Պետրոսյանը գտնվում է արձակուրդում, վերադառնալու է փետրվարի 20-ին և այդ ժամանակ դիմումը հանձնվելու է նրան: 2017թ. փետրվարի 27-ին Է. Չինարյանը, Ռ.Գրիգորյանը և վերջինիս որդի Գարիկ Գրիգորյանը միասին ուղևորվել են Գավառ քաղաք ու, հասնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գավառի նստավայր, Է. Չինարյանը մտել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, որտեղ վերջինիս բացատրել է իրենց խնդրի բնույթը, իսկ Աղվան Պետրոսյանը միաժամանակ ուսումնասիրել է դիմումը և կից նյութերը, ինչից հետո ասել է, որ ինքն այլևս քաղաքացիական գործեր չի լսում, զբաղվում է միայն քրեական գործերով, ուստի պետք է դիմումն ուղարկի Մարտունի քաղաք: Ապա ավելացրել, որ Մարտունու նստավայրի դատավորը` Վանիկ Վարդանյանը, քիչ անց գալու է իր մոտ և գործերը անմիջապես կտա նրան: Մոտ 30 րոպե անց եկել է Վ. Վարդանյանը, սակայն մինչ վերջինիս` Ա. Պետրոսյանի աշխատասենյակ մտնելը Աղվան Պետրոսյանը Է. Չինարյանին հարցրել է, թե քննարկվող հարցը լուծելու համար վերջինիս վստահորդը ինչ է տալու: Է. Չինարյանը, հասկանալով, որ Ա. Պետրոսյանը գումար է ուզում, պատասխանել է, որ տեղյակ չէ և առաջարկել իջնել ներքև և Ռ. Գրիգորյանից հարցնել, թե որքան գումար է պատրաստ տալ: Վանիկ Վարդանյանի` Գավառի նստավայր գալուց հետո Ա. Պետրոսյանը վերջինիս ծանոթացրել է Է. Չինարյանի հետ, ասելով, որ վերջինս իր հազար տարվա ընկերն է: Ա. Պետրոսյանը ուսումնասիրության նպատակով Վանիկ Վարդանյանին տրամադրել է նաև Է. Չինարյանի դիմումը և կից նյութերը:

Վանիկ Վարդանյանը, իրեն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից եզրակացնելով, որ վճռի պարզաբանման հիմքերը բացակայում են, քանի որ նախ` վճիռը վերաբերել է Արծրուն Կարապետյանին և այն կատարվել է` գրանցվել է վերջինիս իրավունքը, ապա` 0.09 հա հողատարածքի ինքնակամ զավթումը արձանագրվել է հետագայում և այդ 0.09 հա տարածքը որևէ կերպ 2006թ. կայացված վճռով քննարկման առարկա չի հանդիսացել և դրանից բացի` Զարիկ Գրիգորյանի անունով արդեն իսկ կատարված է իրավունքի պետական գրանցում, որպիսի հանգամանքները բացառում են վճռի պարզաբանում տալու իրավական հնարավորությունը` Էդվարդ Չինարյանին ասել է, որ վճռի կատարումից, մասնավորապես իրավունքի գրանցումից հետո, վճռի պարզաբանում տալ հնարավոր չէ, այն օրինական չէ, ինչը լսելով Էդվարդ Չինարյանը ասել է. «Էդ նոր պահանջ պիտի գա դատարան, եքա պատմությունա», իսկ Աղվան Պետրոսյանը հայտարարել է, թե Վանիկ Վարդանյանին կանչել են, որ խոսեն, իսկ նա «վախցնում է»: Էդվարդ Չինարյանը խոսակցության ընթացքում նշել է, որ կադաստրը գրանցումը կատարելու է, միայն պետք է իրենք պայմանավորվեն: Վանիկ Վարդանյանը պատասխանել է, թե պայմանավորվեն, բայց ինքը մի բան պետք է գրի, չգիտի, թե ինչ պետք է գրի: Ապա Աղվան Պետրոսյանը առաջարկել է, որ Է. Չինարյանի վստահորդը կադաստրից գրություն բերի, թե իբր գրանցումը չի կարող կատարվել, որպեսզի վճռի պարզաբանման հիմքը օրինական լինի:

Է. Չինարյանը դուրս գալով Ա. Պետրոսյանի աշխատասենյակից, ապա շենքից և առանձնանալով Ռ. Գրիգորյանի հետ, վերջինիս փոխանցել է Ա. Պետրոսյանի խոսքերը, թե կադաստրից փաստաթուղթ ստանալու անհրաժեշտության, թե Ա. Պետրոսյանին գումար տալու վերջինիս կողմից ներկայացված պահանջի մասին, ինչից հետո Ռ. Գրիգորյանը հեռացել, ապա, մոտ մեկ րոպե անց մոտենալով Է. Չինարյանին տվել է 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ ու ասել, որ այնտեղ 120.000 /հարյուր քսան հազար/ ՌԴ ռուբլի գումար է և այն փոխանցի դատավորին: Է. Չինարյանը, վերցնելով գումարը, գնացել է Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, ապա Աղվան Պետրոսյանի ուղեկցությամբ մտել է հանգստի սենյակ, որտեղ վերջինիս տվել է Ռ. Գրիգորյանի կողմից տված 120.000 ՌԴ ռուբլի գումարը` ասելով, թե ռուսականով է: Աղվան Պետրոսյանը վերցնելով գումարը, հարցրել է, թե ինչքան է, իսկ Է. Չինարյանը պատասխանել է, որ «120.000 ռուբլի է»: Դրանից հետո Ա. Պետրոսյանը Է. Չինարյանին վերադարձրել է 3/երեք/ հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամներ` ասելով, որ վերցնի: Է. Չինարյանը պատասխանել է, որ պետք չէ, ամոթ է, սակայն Ա. Պետրոսյանը պնդել է` ասելով. «ճիշտը էդ ա», ինչից հետո 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամները խցկել է Է. Չինարյանի վերնաշապիկի գրպանը: Դրանից հետո վերադարձել են աշխատասենյակ, որտեղ պայմանավորվել են նիստի օրվա և ներկայացվելիք փաստաթղթերի մասին, ապա Է. Չինարյանը հեռացել է, իսկ Ա. Պետրոսյանը դատավոր Վանիկ Վարդանյանին տալով գումարը ասել է. «Կիսի իմը»: Վ. Վարդանյանը հարցրել է, թե «ինչքան կիսի»: Ապա Աղվան Պետրոսյանը վերցնելով թղթադրամները հաշվել և ասել է. «Հիսուն հինգ հազար` քեզ, հիսուն հազար` ինձ»` կաշառքի գումարի համապատասխան մասը տալով Վ. Վարդանյանին:

Հետագա օրերին Վ.Վարդանյանը անմիջական հանդիպումների և հեռախոսազանգերի ընթացքում տեղի ունեցած խոսակցությունների ժամանակ Աղվան Պետրոսյանին բազմիցս հայտնել է, որ վճռի պարզաբանման վերաբերյալ դատական ակտ գրելը իր մոտ չի ստացվում, քանի որ փաստաթղթերից երևում է, որ նախկին վճիռը կատարված է, առկա են առուվաճառքի պայմանագրեր, սակայն Ա.Պետրոսյանը, դժգոհելով Վ. Վարդանյանի մտահոգություններից, մշտապես ասել է, որ պարզաբանման վերաբերյալ դատական ակտը կայացնի` ավելացնելով, թե դա հին արխիվի գործ է, ով է դրան նայելու:

Վճռի պարզաբանման հետ կապված խնդրահարույց հարցերը պարզելու և լուծում տալու նպատակով 2017թ. մարտի 14-ին Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում հանդիպել են վերջինս, Վանիկ Վարդանյանը, Ռոբերտ Գրիգորյանը և վերջինիս որդի Գարիկ Գրիգորյանը, որի ընթացքում տեղի ունեցած խոսակցության ժամանակ, թե Աղվան Պետրոսյանը, թե Վանիկ Վարդանյանը Ռ. Գրիգորյանին հայտնել են, որ վճռի պարզաբանման համար կադաստրից 27.02.2017թ. ստացված տեղեկանքը պետք է հանվի գործի նյութերից, քանի որ այդ տեղեկանքից երևում է, որ պարզաբանման ենթակա վճիռը արդեն իսկ կատարված է: Խոսակցության ընթացքում Ռ. Գրիգորյանը հայտնել է, որ այդ տեղեկանքը գրել են ԱԳԿՊԿ Գավառի տարածքային ստորաբաժանման պետ Վրույր Վարդանյանը և նրա իրավաբանը: Ապա ավելացրել, որ կադաստրի պետին կարող են հրավիրել Ա. Պետրոսյանի մոտ, սակայն վերջինս ասել է, որ նրան տեսնել չի ցանկանում, ապա պայմանավորվել, որ մեկ այլ աշխատակից գա: Քիչ անց Ռ. Գրիգորյանը և նրա որդի Գ. Գրիգորյանը գնացել են կադաստրի տարածքային ստորաբաժանում և ստորաբաժանման պետի հետ պայմանավորվելուց հետո իրենց հետ դատարան են տարել ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Արմեն Բարսեղյանին: Ա. Պետրոսյանի աշխատասենյակում խոսակցության ընթացքում Վանիկ Վարդանյանը կադաստրի աշխատակցին հայտնել է, որ կադաստրի կողմից 27.02.2017թ. տրված տեղեկանքի հիման վրա վճռի պարզաբանում տալ հնարավոր չէ, այն օրինական չի կարող լինել, քանի որ ակնհայտ երևում է, որ վճիռն արդեն իսկ կատարված է: Իրենք պետք է այդ ծավալուն տեղեկանքը հանեն գցեն, իսկ կադաստրը իրենց հակիրճ գրություն տրամադրի այն մասին, որ իրավունքի գրանցում չի կատարվել: Ապա Աղվան Պետրոսյանը կադաստրի աշխատակից Ա. Բարսեղյանին հորդորել է իրենց պահանջած բովանդակությամբ գրություն տրամադրել` չնշելով որևէ ավելորդ տվյալ: Ա. Բարսեղյանը վերադառնալով իր աշխատավայր` իր ղեկավարին հայտնել է դատավորի պահանջը, իսկ Վրույր Վարդանյանը հանձնարարել է Ա. Բարսեղյանին գրության բովանդակությունը կազմել պայմանավորվածության համաձայն, ինչը և կատարվել է` նույն օրը ի պատասխան Ռոբերտ Գրիգորյանի հարցման տրվել է պատասխան այն մասին, որ Զարիկ Մեսրոբի Գրիգորյանի անվամբ իրավունքի պետական գրանցման դիմումի վարույթը մերժվել է:

Հաջորդ օրը` 15.03.2017թ. նշված գրությունը փոխանցվել է Վանիկ Վարդանյանին, ով տեսնելով, որ թեև գրության բովանդակությունը կազմող տեքստը համապատասխանում է իրենց պահանջին, սակայն այնտեղ նշված է Զարիկ Գրիգորյանի անունը, զանգահարել է Ա. Պետրոսյանին ու դժգոհելով հայտնել, որ կադաստրի տեղեկանքում գրված է Զարիկի անունը, այն դեպքում, որ պարզաբանման ենթակա վճիռը վերաբերում է Արծրուն Կարապետյանին: Աղվան Պետրոսյանը զայրանալով ասել է. «Դե հիմի գրածա, գրածա, գցի, էդի արխիվի գործ ա, դարձրել ես բան…»: Նույն օրը Վ. Վարդանյանը կայացրել է իր և Աղվան Պետրոսյանի հետ համատեղ նախնական համաձայնությամբ ստացված կաշառքի դիմաց խոստացված դատական ակտը` վճռի պարզաբանումը, որի հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է Զ. Գրիգորյանի սեփականության իրավունքը նաև վերը նշված ինքնակամ զավթած 0.09 հա հողատարածքի նկատմամբ:

Էդվարդ Վոլոդյայի Չինարյանը 30.05.2017թ. ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Գարիկ Ռուբերտի Գրիգորյանը 30.05.2017թ. ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ 02.06.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վերը նկարագրված փաստական հանգամանքները պարզվել են ներքոշարադրյալ ապացույցներով`

- Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի որպես կասկածյալ տված ցուցմունքով, որի համաձայն` վերջինս իր ներկայացուցիչ Է.Չինարյանի միջոցով դատավոր Աղվան Պետրոսյանին տվել է 120.000 ՌԴ ռուբլի կաշառք:

- Էդվարդ Չինարյանի որպես կասկածյալ տված ցուցմունքով, որի համաձայն` վերջինս ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում գտնվող և Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված հողատարածքի հետ կապված վճռի պարզաբանում տալու համար վերջինիս ամուսին Ռոբերտ Գրիգորյանից վերցրել է 120.000 ՌԴ ռուբլի կաշառքի գումարը և 27.02.2017թ. տվել դատավոր Աղվան Պետրոսյանին` վերջինիս աշխատասենյակին կից հանգստի սենյակում:

- դատավոր Աղվան Պետրոսյանի օգնական, գործով կասկածյալ Հերմինե Գասպարյանի մասնակցությամբ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում 2017թ. մարտի 14-ին կատարված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները բովանդակող լազերային սկավառակի զննությամբ, որի ընթացքում Հ. Գասպարյանը հայտարարել է, որ ձայնագրությունում լսելի է Աղվան Պետրոսյանի ձայնը, ով իրեն ներքին հեռախոսով զանգահարել և տարբեր հանձնարարություններ է տվել, այդ թվում վերը նշված վճռի պարզաբանման տեքստը հավաքելու, կադաստրի աշխատակցի կողմից տրված փաստաթղթերը պատճենահանելու վերաբերյալ:

- որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված «ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները բովանդակող լազերային սկավառակները զննելու մասին արձանագրություններով, որոնց համաձայն

ա/ դատավոր Աղվան Պետրոսյանը և փաստաբան Էդվարդ Չինարյանը խոսում են 120.000 ՌԴ ռուբլի կաշառքի գումարը Է. Չինարյանի կողմից Ա. Պետրոսյանին տալու, իսկ վերջինիս կողմից որոշակի չափով գումար Է. Չինարյանին վերադարձնելու մասին,

բ/դատավորներ Աղվան Պետրոսյանը և Վանիկ Վարդանյանը խոսում են Ռ. Գրիգորյանի կողմից Էդվարդ Չինարյանի միջոցով տրված կաշառքի գումարը միմյանց միջև բաժանելու մասին:

գ/դատավոր Վանիկ Վարդանյանը խոսակցությունների ընթացքում հայտնում է իր մտահոգությունները քննարկվող հարցը վճռի պարզաբանման եղանակով լուծելու տարբերակի` իր համար ակնհայտ ապօրինի լինելու մասին:

- ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Արմեն Բարսեղյանի ցուցմունքով, որի համաձայն` վերջինս 2017թ. մարտի 14-ին գտնվել է դատավոր Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում, որտեղ վերջինիս, դատավոր Վանիկ Վարդանյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Գարիկ Գրիգորյանի և իր միջև ծավալված խոսակցության և քննարկումների արդյունքում պայմանավորվածության են եկել, որ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից պետք է այնպիսի բովանդակությամբ տեղեկանք տրվի, որպեսզի դատական գործի վարույթում երևա, թե իբր նախկին վճիռը չի կատարվել:

- Դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից 15.03.2017թ. կայացված դատական ակտով` վճռի պարզաբանման մասին:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վանիկ Բաշխիկի Վարդանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15:00-ից 17:00-ի սահմաններում ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գավառի նստավայրում` դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալու համար դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ խմբով առանձնապես խոշոր չափերով` 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք ստանալու փաստով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Վերը թվարկված փաստական տվյալները վկայում են դատավոր Վանիկ Բաշխիկի Վարդանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործություն` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հիմնավոր կասկածի առկայության մասին, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով պարտադիր պայման է մարդուն ազատությունից զրկելու, տվյալ դեպքում` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Բացի առերևույթ հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածից, առկա են նաև Վանիկ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար հիմքեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ խափանման միջոց կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

 Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը 1 տարուց ավելի է և բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել 1-ին մասով նախատեսված գործողությունները:

 Քրեադատավարական վերը նկարագրված իրավական նորմերի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար բավարար է անգամ նկարագրված հիմքերից մեկի առկայությունը: Միաժամանակ հոդվածի 3-րդ մասը որոշակի հանգամանքներ է նախատեսում, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել խափանման միջոցի տեսակը ընտրելու հարցը լուծելիս:

Սույն քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Վանիկ Վարդանյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Նման եզրահանգման գալու համար հաշվի են առնվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նախատեսված հանգամանքները` վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը:

Այսպես` մեղադրյալին մեղսագրված արարքները հանդիսանում են առանձնապես ծանր հանցագործություն, որի համար սահմանվում է ազատազրկման ձևով պատիժ առավելագույնը 12 տարի ժամկետով, որպիսի հանգամանքը` այսինքն սպասվող պատժի խստությունը արդեն իսկ բավարար հիմք է պատժից և վարույթն իրականացնող մարմնից խուսափելու ենթադրությունը հիմնավոր համարելու համար: Ինչ վերաբերում է արարքի բնույթին և վտանգավորության աստիճանին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԿԴ/0002/01/13 գործով կայացված որոշմամբ, մասնավորապես նշել է. «կաշառք տալու և ստանալու բարձր հանրային վտանգավորության և կոռուպցիոն այս երևույթի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին են վկայում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Եվրոպայի խորհրդի և Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ընդունված կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք կոնվենցիաները վավերացնելով` Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության առջև պարտավորություն է ստանձնել հավասարապես պայքարելու և՛ կաշառք ստանալու, և՛ կաշառք տալու դեմ:

ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել քրեական իրավախախտում սահմանելու համար, երբ դրանք կատարվում են միտումնավոր.

ա) պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս. (…)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս «Կեստաս Ռամանուսկասը ընդդեմ Լիտվայի» գործով անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների վտանգավորությանը` նշելով` «Ավելին, կոռուպցիայի դեմ պայքարը, այդ թվում` դատաիրավական ոլորտում, դարձել է լուրջ խնդիր բազմաթիվ երկրներում, ինչպես հաստատում է Եվրոպայի խորհրդի քրեական իրավունքի կոնվենցիան սույն թեմայի վերաբերյալ: Սույն օրենքը թույլատրում է հատուկ քննչական տեխնիկայի օգտագործումը, պայմանով, որ դա չի ազդի «հատուկ գործերի» վերաբերյալ միջազգային բազմակողմ կոնվենցիաներում ամրագրված իրավունքների ու նախաձեռնությունների վրա, օրինակ` մարդու իրավունքների վրա: Հետևաբար, հատուկ քննչական մեթոդների, մասնավորապես գաղտնի տեխնիկայի օգտագործումը չի կարող ինքնին ոտնահարել արդար դատաքննության իրավունքը»:

Վերը նկարագրվածի պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համատեքստում քննարկելով Վանիկ Վարդանյանի պատժից և պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը պետք է փաստել, որ վերագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը բավարար հիմք է Վ. Վարդանյանի կողմից պատասխանատվությունից և վարույթն իրականացնող մարմնից խուսափելու ենթադրությունը հիմնավոր համարելու համար:

Բացի այդ, արարքի բնույթի և հանրային վտանգավորության համատեքստում պետք է քննարկել նաև սույն գործով վկաների կամ այլ դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հնարավորության հարցը և այդ առումով առկա ենթադրությունների հիմնավորվածությունը:

Կոռուպցիոն հանցագործությունները բարձր վտանգավորություն, միաժամանակ բարձր լատենտայնություն ունեցող արարքներ են և իրավապահ մարմիններից մեծ ջանքեր և միջոցներ է պահանջվում հանցագործությունը ամբողջությամբ բացահայտելու և կոռուպցիոն սխեմայի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, առավել ևս, որ կաշառքի ստացումը կապվում է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի անվան հետ:

Պետք է նշել, որ Վանիկ Վարդանյանը 2008 թվականից առ այսօր զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը, որի շնորհիվ անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած անձնական կապերն օգտագործելով կամ անձամբ կարող է փորձել` համոզելու, հարկադրելու կամ այլ անօրինական եղանակով ներգործել ինչպես իր դեմ ցուցմունք տված անձանց, այնպես էլ հետագայում քննությանը ներգրավման ենթակա` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի աշխատակիցների և այլ անձանց վրա, որպեսզի նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կամ ընդհանրապես հրաժարվեն ցուցմունք տալուց և ովքեր կարող են հայտնել գործով պարզման ենթակա հանգամանքների մասին կարևոր տեղեկություններ:

Այսինքն` սույն միջնորդությամբ նկարագրված հանգամանքները փաստում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին, որպիսիք նույն հոդվածի 3-րդ մասով նշված և սույն միջնորդությամբ նկարագրված մի շարք հանգամանքների համատեքստում արդարացնում են մեղադրյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման` կալանավորման անհրաժեշտությունը և ըստ էության խափանման մյուս միջոցները այս պայմաններում քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 97-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ, 168-րդ և 170-րդ հոդվածներով,

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ    Ե Մ`

 

Առաջարկ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Բաշխիկի Վարդանյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին»:

 

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով (...) առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին (...) դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին»:

ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում ՀՀ գլխավոր դատախազը (...)»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «ՀՀ գլխավոր դատախազը (...) Արդարադատության խորհրդին է ներկայացնում դատավորին կալանավորելու (...) համար հիմք հանդիսացող նյութերը»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական (...) պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս»:

Քննարկելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Վարդանյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու միջնորդությունը, լսելով ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը, ինչպես նաև դատավոր Վ. Վարդանյանի փաստաբանի դիրքորոշումը` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, և ուսումնասիրելով ներկայացված նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Վարդանյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:

Խորհրդի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավոր Վ. Վարդանյանը կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր), ինչպես նաև այն, որ ելնելով դատավորի կարգավիճակից, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Հարթենյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Հ. Փանոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան