ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 մայիսի 2017 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 27.03.2017թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին` Մոսկվայում։
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու հանգամանքով պայմանավորված՝ դրանում կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ:
3. Համաձայնագրի որոշ դրույթներում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● նշանակել Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարման բարձրագույն մարմնի՝ Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ,
● կազմակերպել Համաձայնագրի իրագործման ընթացքում ստացվող կամ ձևավորվող գաղտնի տեղեկատվության փոխանցումը և օգտագործումը, և ապահովել դրա պաշտպանությունը, այդ թվում` Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում` գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին երկկողմ, բազմակողմ միջազգային պայմանագրերին և 2004թ. հունիսի 18-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության փոխադարձ ապահովման մասին համաձայնագրին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը համապատասխան,
● Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չօգտագործել ի վնաս Կողմերից յուրաքանչյուրի պետության շահերի և այլն:
4. 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 25 մայիսի 2017 թվականի ՍԴՈ-1367
Գ. Հարությունյան