Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1369
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.555
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

25 մայիսի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հունիսի 7-ին Բիշկեկում ստորագրված` Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի ապրիլի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Քննության առարկա արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2016թ. հունիսի 7-ին` Բիշկեկում, որի նպատակը Սանկտ Պետերբուրգում 2011թ. հոկտեմբերի 18-ին ԱՊՀ շրջանակներում ստորագրված՝ «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի (ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 11.09.2012թ.) մասնակից պետությունների միջև ծառայությունների և ապրանքների ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելն է:

2. Արձանագրության համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովել գնումների համար հատկացվող միջոցների արդյունավետ օգտագործումը (1-ին հոդված),

- ապահովել գնումների հրապարակայնությունը և թափանցիկությունը, այդ թվում՝ համացանցային կայքի ստեղծման, գնումների մասին տեղեկատվության, անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանը (այդ թվում՝ ռուսերենով) համացանցային կայքում հրապարակելու (տեղադրելու) միջոցով, գնումների մասին նորմատիվ իրավական ակտերի՝ համացանցային կայքում (այդ թվում՝ ռուսերենով) հրապարակելու (տեղադրելու) և այլ միջոցներով (3-րդ հոդված, մաս 20),

- ապահովել Արձանագրության մասնակից պետությունների պոտենցիալ մատակարարների համար էլեկտրոնային ձևաչափով անցկացվող գնումներին մասնակցելու անարգել և հավասար հասանելիություն՝ Արձանագրության մասնակից ցանկացած պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային ստորագրությունը ճանաչելու միջոցով (1-ին հոդված),

- ապահովել գնումների ոլորտում կարգավորող և վերահսկող իշխանության լիազոր մարմինների առկայություն (1-ին հոդված),

- սահմանել պատասխանատվություն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրության խախտման համար (1-ին հոդված), ձեռնարկել միջոցներ այդ խախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով (4-րդ հոդված),

- գնումների մասին օրենսդրությամբ նախատեսել անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանի կազմման և վարման մասին նորմեր՝ Արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն,

- գնումների մասին օրենսդրությամբ սահմանել արգելք՝ պոտենցիալ մատակարարներին ներկայացվող գնումների պայմաններում քանակապես անհաշվելի որևէ պահանջի ներառման, գնումների փաստաթղթային պահանջներին չհամապատասխանող պոտենցիալ մատակարարների՝ գնումներին մասնակցության թույլտվության, գնումների անցկացման մասին ծանուցման և (կամ) գնումների մասին փաստաթղթերով չնախատեսված հիմքերով պոտենցիալ մատակարարների՝ գնումների ընթացակարգին մասնակցության թույլտվությունը մերժելու համար (3-րդ հոդված, մաս 7րդ),

- գնումների մասին օրենսդրությամբ սահմանել գնումներին մասնակցելու հայտի ապահվման և գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովման ձևերը, գնման մասին պայմանագրի հետ կապված կարգավորումները՝ Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն:

3. Արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն` Արձանագրությունն իրագործվելու է հետևյալ փուլերով.

- առաջին փուլ՝ մինչև 2018թ. հունվարի 1-ը մասնակից յուրաքանչյուր պետության օրենսդրության մեջ փոփոխությունների կատարում՝ ուղղված մասնակից յուրաքանչյուր պետության օրենսդրության ներդաշնակեցմանը Արձանագրությանը, եթե մասնակից պետությունների օրենսդրության դրույթներն ունեն Արձանագրությամբ սահմանված իմաստից տարբերվող իմաստ,

- երկրորդ փուլ՝ մինչև 2019թ. հունվարի 1-ը գնումների տեղեկատվական հասանելիությունը և թափանցիկությունն ապահովող տեխնոլոգիաների ներդրում, տեխնոլոգիական հարթակների համատեղելիություն, Կողմերի՝ գնումներին մասնակցելու տեխնիկական հնարավորություն ստանալու նպատակով, ինչպես նաև Կողմերի կողմից ազգային ռեժիմի կիրառման պայմանների քննարկում:

4. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր անց:

5. Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությունն ստորագրել է վերապահումով, համաձայն որի՝ «Պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև Արձանագրության 3-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներն իրագործելիս գնումների մասին տեղեկատվությունը վեբ-պորտալում հրապարակելու (տեղադրելու) մասով Հայաստանի Հանրապետության կողմից կապահովվի միայն գնումների ընթացակարգի կազմակերպման վերաբերյալ հայտարարությունների ռուսերեն հրապարակումը»:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 13-րդ հոդվածի դրույթներին և միտված են միջազգային իրավունքի հիման վրա՝ պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի հունիսի 7-ին Բիշկեկում ստորագրված` Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

25 մայիսի 2017 թվականի

ՍԴՈ-1369