Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-5-Ո-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.22/31(1306) Հոդ.488
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.05.2017
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-5-Ո-4

2017 թ.

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

 

Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,
Մ. Հարթենյանի, Գ. Ղազինյանի,
Ս. Չիչոյանի, Ե. Սողոմոնյանի
Վ. Ստեփանյանի, Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ` դատավոր

 

Լ. Արազյանի

 

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի

 ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանի դատավոր

 Լ. Արազյանի փաստաբան


Հ. Սուքիասյանի

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի

 

քարտուղարությամբ`

 

Շ. Վարդանյանի

 

2017 թվականի մայիսի 12-ին դռնփակ նիստում ՀՀ արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

ՀՀ գլխավոր դատախազը Խորհուրդ ներկայացրել է միջնորդություն` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

 

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը.

Ըստ միջնորդության`

«2016 թվականի մայիսի 4-ին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Գրիգոր Հենրիկի Շամասուրյանը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործը գտնվում է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի վարույթում: Սույն թվականի մարտի 3-ին նշանակված առաջին դատական նիստից առաջ իր բջջային 077-55-59-28 հեռախոսահամարին է զանգահարել դատարանից մի աղջիկ և ասել իրեն, որ ներկայանա դատարան: Ինքը գնացել է դատարան, որտեղ աշխատող աղջիկներից մեկը մտել է Արազյանի սենյակ և դուրս գալով իրեն ասել, որ մտնի դատավորի մոտ: Արազյանն սկզբից իր հետ զրուցել է քրեական գործից, հարցրել, թե ինչու է Նիկողոսյաններից նրանց կամքին հակառակ վերցրել ավտոմեքենաները: Ինքը պատասխանել է, որ ավտոմեքենաները հենց Նիկողոսյաններն են իրենց տան բակ բերել, որից հետո դատավոր Լևոն Արազյանը նախազգուշացրել է, որ իրեն դատապարտելու է` հասկացնելով, որ ազատազրկման է դատապարտելու: Միաժամանակ հարցրել է, թե արդյոք ինքը մտածու՞մ է իր մասին` անմիջապես նշելով. «պատրաստված արի»: Դրանով խոսակցությունն ավարտվել է և ինքը դուրս է եկել սենյակից: Ինքն այդ ժամանակ չի հասկացել դատավորի ասածի իմաստը: Երկու շաբաթ անց կայացած դատական նիստից հետո Արազյանն անձամբ իրեն կանչել է աշխատասենյակ և նորից ասել, որ պատրաստված գա դատարան, ինչից հասկացել է, որ դատավորն իրենից գումար է ուզում:

Սույն թվականի մայիսի 4-ի դատական նիստի օրը, նիստից առաջ, դատավոր Արազյանը, իրեն տեսնելով միջանցքում, կանչել է իր աշխատասենյակ ու ասել, որ կարող է իր նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով, որի դիմաց իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար` պնդելով, որ գումարը տա հենց այդ օրը: Ինքը դատավորին ասել է, որ պետք է գումարը ձեռք բերի և դուրս եկել աշխատասենյակից: Գումար չի ունեցել և չի իմացել, թե ումից գումար վերցնի, այդ պատճառով մոտ մեկ ժամ անց, վերադառնալով Արազյանի աշխատասենյակ, ասել է, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերն իր քեռին վերադառնալու է ՌԴ-ից, ժամանակ է խնդրել, որպեսզի 600 ԱՄՆ դոլարը քեռուց վերցնի և տա Արազյանին, ինչն արել է ժամանակ ձգելու համար: Արազյանն իրեն պատասխանել է, որ մայիսի 5-ին դատավճիռը կհրապարակի` նշանակելով տուգանք, իսկ ինքը 600 ԱՄՆ դոլարը նրան կտա մայիսի 10-ին:

Գտնելով, որ դատավոր Արազյանն իր հետ արդարացի չի վարվում` դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 4-ի որոշումների հիման վրա իրականացվել են «ներքին դիտում» և «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի մայիսի 11-ին` ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում` դատական նիստերի դահլիճում, Լևոն Արազյանը Գրիգոր Շամասուրյանից անձամբ ստացել է օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում որպես կաշառքի առարկա վերջինիս փոխանցված 600 ԱՄՆ դոլար գումարը:

«Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմամբ պարզվել է, որ դատավոր Լևոն Արազյանի կողմից նախորդ օրը պահանջված 600 ԱՄՆ դոլար գումարը մաս-մաս փոխանցելու` Գրիգոր Շամասուրյանի խնդրանքի կապակցությամբ Լևոն Արազյանը պատասխանում է, որ Գրիգոր Շամասուրյանն ամբողջական գումարը մայիսի 10-ին տա: Այնուհետև դատավորը հրապարակում է դատավճիռը` Գրիգոր Շամասուրյանին դատապարտելով 300.000 ՀՀ դրամ տուգանքի:

«Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմամբ պարզվել է, որ 2017 թվականի մայիսի 11-ին` ժամը 12.40-ից 13.15-ն ընկած ժամանակահատվածում, Գրիգոր Շամասուրյանը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրի վարչական շենքում գտնվող դատական նիստերի դահլիճում դատավոր Լևոն Արազյանին է փոխանցում 600 ԱՄՆ դոլար գումարը, որը Լևոն Ազարյանը վերցնում է և դնում սեղանին դրված գրքի մեջ:

Նույն միջոցառման շրջանակներում առաջարկվել է Լևոն Արազյանին ինքնակամ ներկայացնել Շամասուրյանից ստացված գումարը, որից հետո Լևոն Արազյանը մատնացույց է արել իր աշխատասեղանին դրված 2008 թվականի խմբագրության ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որի 132-133 էջերի միջև հայտնաբերվել են նախապես քիմիական մշակման ենթարկված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 6 հատ թղթադրամներ:

Դատավորի կողմից, իր լիազորությունների շրջանակներում, Գրիգոր Շամասուրյանի օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով` 290664 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 2017 թվականի մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Իրենից կաշառք պահանջելու և «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում կաշառքի գումարը դատավոր Լևոն Արազյանին փոխանցելու հանգամանքների վերաբերյալ 2017 թվականի մայիսի 11-ին հարցաքննվել է հանցագործության մասին հաղորդած Գրիգոր Շամասուրյանը: Վերջինս ցուցմունքներով հաստատել է հանցագործության մասին հաղորդմամբ իր հայտնած հանգամանքները և հաստատել «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում դատական նիստերի դահլիճում կաշառքի գումար հանդիսացող 600 ԱՄՆ դոլար գումարը դատավոր Լևոն Արազյանին փոխանցելու, իսկ վերջինիս կողմից այդ գումարը ստանալու հանգամանքները:

Դատավոր Լևոն Արազյանը 2017 թվականի մայիսի 11-ին` ժամը 19.10-ին, ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով` քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելուց անմիջապես հետո բռնվելու հիմքով:

Գործով ձեռք են բերվել դատավոր Լևոն Արազյանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու մասին վկայող հետևյալ փաստական տվյալները.

Գրիգոր Շամասուրյանի հաղորդումը և հաղորդմանը նույնաբովանդակ որպես վկա տված ցուցմունքը:

Լևոն Արազյանին ձերբակալելու մասին 2017 թվականի մայիսի 11-ին կազմված արձանագրությունը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար օգտագործվելիք թղթադրամները քիմիական մշակման ենթարկելու մասին 2017 թվականի մայիսի 9-ին կազմված արձանագրությունը:

«Ներքին դիտում», «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները:

Լևոն Արազյանը որպես կասկածյալ հրաժարվել է ցուցմունքներ տալուց, այդ թվում, ցուցմունքներ չի տվել Գրիգոր Շամասուրյանի հետ 2017 թվականի մայիսի 12-ին կատարված առերեսման ժամանակ:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ռուբենի Արազյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք` 2017 թվականի մայիսի 11-ին` ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատական նիստերի դահլիճում Գրիգոր Շամասուրյանից վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար խոշոր չափերով` 290664 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 97-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ, 168-րդ և 170-րդ հոդվածներով,

 


Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ  Ե Մ`

 

Առաջարկ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ռուբենի Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին»:

 

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով (...) առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին (...) դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին»:

ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում ՀՀ գլխավոր դատախազը (...)»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «ՀՀ գլխավոր դատախազը (...) Արդարադատության խորհրդին է ներկայացնում դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համար հիմք հանդիսացող նյութերը»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական (...) պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս»:

Քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու միջնորդությունը, լսելով ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը, ինչպես նաև դատավոր Լ. Արազյանի փաստաբանի դիրքորոշումը` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, և ուսումնասիրելով ներկայացված նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով` Խորհուրդը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ա. Բաբայան

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Հարթենյան

Գ. Ղազինյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյանի

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան