Գլխավոր տեղեկություն
Համար
N 444-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.2017-30.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.10/29(1304) Հոդ.464
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2017 թվականի N 444-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 857-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1293-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին։

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ձևավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառասունհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցման գործընթացը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման ընդունումից բխող և տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո քսանօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված հաստիքացուցակի հաստատումը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը։

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարին`

1) նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողների թիվը.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի առաջարկությունը, ինչպես նաև համաձայնեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

3) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել դրանք.

4) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը։

8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության լուծարման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 1 հավելվածի 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից և նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից:».

2) N 1 հավելվածի 12-րդ կետի «ժ» ենթակետը «ցուցումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարագրերի, կարգադրությունների և ցուցումների» բառերով.

3) N 1 հավելվածի 16-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչական մարմինների» բառերով.

4) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.

«23.1. Նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:».

5) N 1 հավելվածի 30-րդ կետից հանել «տեսչություններ» բառը.

6) N 1 հավելվածի 46-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) N 2 հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ III բաժնով.

«III. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում գործող տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին»:

10. Լուծարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2004 թվականի հուլիսի 29-ի N 1146-Ն, 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1893-Ն, 2004 թվականի նոյեմբերի 25-ի N 1724-Ն ու 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 857-Ն որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1293-Ա որոշումը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 27-ի N 444-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում գործող առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչական մարմինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տեսչական մարմնի կանոնադրության փոփոխությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվում տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) համաձայնությամբ:

3. Տեսչական մարմնի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչական մարմինն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչական մարմնի անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Տեսչական մարմնի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին.

2) ռուսերեն լրիվ` Инспекционный Орган Здравохранения Министерства Здравохранения РА.

3) անգլերեն լրիվ` Health Inspection Body of the Ministry of Health of RA.

4) հայերեն կրճատ` ԱՏՄ.

5) ռուսերեն կրճատ` ИОЗ.

6) անգլերեն կրճատ` HIB:

 8. Տեսչական մարմինը կազմված է տեսչական մարմնի ղեկավարից, ղեկավարի տեղակալներից, որակի ապահովման ստորաբաժանումից և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից։ Տեսչական մարմինն ունի տարածքային ստորաբաժանումներ:

9. Տեսչական մարմնի նպատակը`

 1) առողջապահության բնագավառում անվտանգության ապահովումն է.

 2) աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգության ապահովումն է:

10. Տեսչական մարմնի խնդիրներն են` ոլորտում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը հետևյալ բնագավառներում`

1) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում.

2) բժշկական սպասարկման բնագավառում.

3) դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում.

4) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում:

 

II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Տեսչական մարմինն իր նպատակը և խնդիրներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը, որը ներառում է՝

ա. տնտեսավարող սուբյեկտների կողմից (բացառությամբ սննդամթերքի և ոչ պարենային արտադրանքի անվտանգության բնագավառների օրենսդրության պահանջների) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ. բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

գ. վարակիչ, մասնագիտական (պրոֆեսիոնալ) ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) և քննումը, դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը, առաջարկություններ ներկայացնելը,

դ. վերահսկողության շրջանակներում սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումների իրականացումը,

ե. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ իրավասու մարմիններ առաջարկություն ներկայացնելը՝ կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման վերաբերյալ,

զ. շրջապատի համար վտանգ ներկայացնող՝ վարակիչ հիվանդությունների տարածման հնարավոր աղբյուր հանդիսացող ու վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ շփված անձանց օրենքով սահմանված դեպքերում և կարգով բժշկական զննության անցնելու վերաբերյալ կարգադրագիր տալը,

է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով այն անձանց, որոնք վարակակիր կամ անտիգենակիր են ու վտանգ են ներկայացնում շրջապատի համար և, ելնելով կատարվող աշխատանքի առանձնահատկություններից, կարող են հանդիսանալ վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր, ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու վերաբերյալ որոշումների ընդունումը,

ը. իր իրավասության շրջանակներում առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ժամկետները և կարգը խախտելու դեպքում ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու վերաբերյալ որոշումների ընդունումը,

թ. շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդություններով տառապող անձանց՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հոսպիտալացումը,

ժ. ախտահանման, միջատների կամ կրծողների ոչնչացման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարգադրագիր տալը` վարակիչ հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ,

ժա. իր իրավասության շրջանակներում պետական սահմանի անցման կետերում սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների կազմակերպումը,

ժբ. մարդու կյանքին և առողջությանն էական վտանգ սպառնացող խախտումների արձանագրման արդյունքում, օրենքով սահմանված դեպքերում և կարգով ուսումնական և կրթական հաստատությունների, առողջապահական և մշակութային օբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին կարգադրագիր տալը՝ մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը,

ժգ. իր իրավասության շրջանակներում շենքերի ու շինությունների կառուցապատման աշխատանքները (կառուցապատման ընթացքում) կասեցնելու վերաբերյալ իրավասու մարմնին առաջարկություն ներկայացնելը այն դեպքերում, եթե փորձաքննության արդյունքներով բացահայտվել է մարդու կյանքին և առողջությանն սպառնացող էական վտանգ,

ժդ. առողջապահության բնագավառում օրենքով սահմանված դեպքերում և կարգով բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությունը, օգտագործումն ու կիրառումը կասեցնելու վերաբերյալ կարգադրագիր տալը,

ժե. խմելու, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրօգտագործման բնագավառում քիմիական նյութերի, միջոցների ու մեթոդների կիրառումը ժամանակավորապես արգելելու մասին կարգադրագիր տալը այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության էական վտանգ՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը,

ժզ. իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված դեպքերում և կարգով խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալը, եթե ջուրը չի համապատասխանում անվտանգության սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին և կարող է առաջացնել էական վտանգ,

ժէ. բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը,

ժը. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը,

ժթ. սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացումը և դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքներում համագործակցությունը,

ի. վարակիչ հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

2) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության նկատմամբ.

4) «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. արյան ռեեստրի վարման տեղեկատվության տրամադրման և ստացման նկատմամբ,

բ. դոնորին տրամադրվող տեղեկատվության և համաձայնության ստացման նկատմամբ,

գ. արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջների նկատմամբ,

դ. արյան պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների նկատմամբ,

ե. արյան բաղադրամասերի պատրաստման նկատմամբ,

զ. արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման և ներմուծման նկատմամբ,

է. դոնորական արյան պատրաստուկների արտադրության և շրջանառության նկատմամբ,

ը. դոնորին տրվող արտոնությունների պահպանման նկատմամբ,

թ. արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման նկատմամբ,

ժ. արյան պաշարների ապահովման և արյան բաղադրամասերի տրամադրման նկատմամբ.

5) «Մարդու վերարտադրողական առողջության և վերատադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը.

ա. սեռաբջիջների և սաղմի պահպանման նկատմամբ,

բ. հղիության արհեստական ընդհատման և կամավոր բժշկական ամլացման նկատմամբ,

գ. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ,

դ. վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության նկատմամբ.

6) «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման պահանջների պահպանման նկատմամբ,

բ. հոսպիտալացման՝ ներառյալ ոչ հոժարակամը, բուժման և դուրսգրման նկատմամբ.

7) «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ,

բ. օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ,

գ. դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ.

8) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության նկատմամբ.

9) իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդի նկատմամբ,

բ. դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ,

գ. բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության, դեղերի արտադրության գովազդի նկատմամբ,

դ. մարդու օրգանների և հյուսվածքների գովազդի նկատմամբ,

ե. արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գովազդի նկատմամբ.

10) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողության իրականացումը, որը ներառում է՝

ա. աշխատատեղում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում` աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը ու վերլուծումը,

գ. աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը,

դ. մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ե. աշխատողների կյանքին կամ առողջությանն սպառնացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը.

11) իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ տալը` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար.

12) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

13) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.

 14) իր իրավասության սահմաններում իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը լիցենզավորող մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում թույլտվություն տրամադրող մարմիններին.

15) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, իր իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

16) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, իր վերահսկողության բնագավառում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.

17) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 

 III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Տեսչական մարմինը կառավարում է խորհուրդը, որը կազմված է տասն անդամից:

13. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, առողջապահության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և առողջապահության բնագավառի գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

14. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացմամբ:

15. Խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (նախարարի տեղակալը) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (նախարարի տեղակալը)՝ հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ` համաձայն «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի:

16. Խորհրդի լիազորությունները`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

7) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

8) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

17. Տեսչական մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

18. Տեսչական մարմնի ղեկավարն ունի երեք տեղակալ, որոնց պաշտոնը հայեցողական է, նրանց նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

19. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

20. Տեսչական մարմնի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

21. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

22. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) պատասխանատու է առողջապահության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.

2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած՝ իր տեղակալների թեկնածությունը.

4) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակը.

5) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.

7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

9) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

10) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

12) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

13) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

14) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

15) ապահովում է տեսչական մարմնի համագործակցությունն այլ պետական մարմինների հետ.

16) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

23. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա հրամանով տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել առողջապահություն կամ տնտեսագիտություն կամ կառավարում կամ իրավագիտություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

25. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`

1) տեսչական մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխան` տալիս է տեսչական մարմնի` իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

2) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) պարբերաբար տեսչական մարմնի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հանձնարարագրերի, կարգադրագրերի և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

6) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

26. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:

27. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ առանձին տողով:

28. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

29. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հաստատմանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է լիազոր մարմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:

30. Տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ լիազոր մարմինը ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում:

31. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պարունակում է իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

32. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ լիազոր մարմինը կարող է կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 27-ի N 444-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն

Բժշկական սպասարկման վերահսկողության վարչություն

Հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն

Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչություն

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչություն

Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժին

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Որակի ապահովման վարչություն

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

Երևան քաղաքի տարածքային կենտրոն

Հյուսիս-արևելյան տարածքային կենտրոն

Հյուսիսային տարածքային կենտրոն

Արևելյան տարածքային կենտրոն

Հարավային տարածքային կենտրոն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

«Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2018, N 705-Ն 30.06.2018, N 444-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան