Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.04.2017-16.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.12/22(1297) Հոդ.391
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2017 թվականի N 342-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՅԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման ու զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն դրամ:

2. Սահմանել, որ՝

1) գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկ (այսուհետ՝ առաջարկ) կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ.

2) առաջարկը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

ա. առաջարկի իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները,

բ. առաջարկի իրականացման տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,

գ. առաջարկի իրականացման նպատակով մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը,

դ. առաջարկի իրականացման տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական կանխատեսումը՝ 5 տարվա կտրվածքով,

ե. գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ,

զ. առաջարկի իրականացման հետևանքով տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը,

է. առաջարկի իրականացման համար անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմանները, ներդրված պետական միջոցների վերադարձի տևողությունը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,

ը. առաջարկի համար անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով հայտարարել առաջարկներ ներկայացնելու գործընթացի մասին՝ առաջարկներ ներկայացնելու ժամկետը սահմանելով 20 օր.

2) առաջարկներն ստանալուց հետո կազմակերպել դրանց գնահատումը և դրական եզրակացություն ստացած առաջարկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման: Դրական եզրակացություն ստացած առաջարկի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացվեն գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման կառավարման մեխանիզմները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. ապրիլի 7
Երևան