Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.03.2017-03.08.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 մարտի 2017 թվականի N 191-Ա

 

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 2-ի N 191-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Յու. Ավետիսյան -ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)
Լ. Հովհաննիսյան 

-ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)

Վ. Կատվալյան -ՀՀ ԳԱԱ-ի Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Յու. Սուվարյան -ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Ավագյան -ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Լ. Հովսեփյան -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ, ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Վ. Համբարձումյան  -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ռ. Սաքապետոյան -ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան -ՎՊՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Աբաջյան -ԵՊՀ-ի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Լ. Խաչատրյան -ՀՊՄՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Ս. Զոլյան -ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)
Լ. Արզումանյան

-«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ

Ն. Սարգսյան -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Լ. Թելյան -ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Ռ. Թարումյան -տառաստեղծ, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան -ԼՂՀ-ի կրթության և գիտության նախարարի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Տեր-Մերկերյան -հայագետ, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Տոնապետյան -ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 2-ի N 191-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են գրական հայերենի բոլոր իրողությունների՝ ուղղագրական, ուղղախոսական, հնչյունափոխական, բառային, բառակազմական, այդ թվում՝ տերմինաբանական, քերականական, կետադրական, ոճական նորմերի կանոնարկման աշխատանքները համակարգելու, միասնական լեզվաքաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու, ինչպես նաև ժամանակակից գրական հայերենի զարգացմանն ու հարստացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ստեղծված հայերենի բարձրագույն խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և սույն աշխատակարգին համապատասխան:

4. Խորհուրդը գործում է հասարարական հիմունքներով և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Խորհուրդը`

1) մշակում է ժամանակակից հայերենի բառակերտման, տերմինաբանության ու տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության կանոնարկման սկզբունքները.

2) գործող կանոններին և սահմանված սկզբունքներին համապատասխան քննարկում և առաջարկում է լուծումներ հայերեն բանավոր և գրավոր խոսքի առկա հիմնահարցերի, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լեզվի կիրառման նորմերի և տերմինների, կիրառական լեզվաբանությանն առնչվող այլ հարցերի, գրական լեզվում առկա զուգաձևությունների վերաբերյալ.

3) ուսումնասիրում և ներկայացնում է առաջարկություններ առկա լեզվական իրողությունների, տեղաշարժերի ու զարգացումների վերաբերյալ.

4) լեզվական պարզաբանումներ և խորհրդատվություններ է տալիս Հայաստանի աշխարհագրական տեղանունների ծագման, գրության ձևերի, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների անվանման և վերանվանման և լեզվական այլ հարցերի վերաբերյալ.

5) առաջարկություններ է մշակում անվանակոչումների համար միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով.

6) առաջարկություններ է մշակում խոսակցական լեզուն գրական հայերենին հնարավորինս մերձեցնելու վերաբերյալ.

7) մշակում է որոշակի բառապաշար` տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում գրական հայերենի գործառության զարգացման նպատակով.

8) ուսումնասիրում և առաջարկություններ է ներկայացնում հայերեն ժեստերի լեզվի կանոնարգման և կիրառման վերաբերյալ.

9) խորհրդատվություն է տալիս զանգվածային լրատվության միջոցներում հայոց լեզվի կիրառման և կանոնարգման խնդիրների վերաբերյալ.

10) ուսումնասիրություններ է կատարում և ներկայացնում է առաջարկություններ արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման, առկա զուգորդումների, արևմտահայերենի ուսուցման, գործառնության, պահպանման խնդիրների վերաբերյալ.

11) առաջարկություններ է տալիս հանրապետության ուսումնական հաստատությունների համար նախատեսված դասագրքերի լեզվի որակի վերաբերյալ.

12) քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները.

13) ըստ անհրաժեշտության ուսումնասիրում և քննարկում է լեզվական այլ խնդիրներ:

6. Խորհուրդն իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ստեղծում է ճյուղային հանձնաժողովներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ժամանակավոր թեմատիկ աշխատանքային խմբեր, հաստատում դրանց աշխատակարգերը:

7. Խորհուրդն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական, գիտական և մշակութային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև շահագրգիռ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԸ

 

8. Խորհուրդն ունի էլեկտրոնային կայք և էլեկտրոնային փոստային հասցե, որոնց սպասարկումն իրականացնում է խորհրդի քարտուղարը:

9. Գործունեության հրապարակայնությունն ու հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով խորհրդի նիստերի օրակարգն ու արձանագրությունները, ընդունած որոշումները, քննարկվող նյութերը, ուսումնասիրությունները, հրապարակումները, տեղեկանքները և հաշվետվությունները զետեղվում են կայքէջում:

10. Խորհուրդն էլեկտրոնային կայքէջի և էլեկտրոնային փոստի միջոցով ապահովում է հետադարձ կապ հանրության և կազմակերպությունների հետ, տալիս է պարզաբանումներ իրեն ուղղված հարցերի վերաբերյալ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Խորհուրդը լեզվաքաղաքականության և հայերենի արդի խնդիրների առաջարկվող լուծումների վերաբերյալ տարեկան զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը:

12. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհուրդը ներկայացնում է նաև այլ հաշվետվություններ և վերլուծական տեղեկանքներ:

13. Տարեկան զեկույցը զետեղվում է խորհրդի կայքէջում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ

 

14. Խորհրդի անդամ կարող են դառնալ ինչպես հումանիտար, այնպես էլ ճշգրիտ գիտությունների բնագավառների վաստակաշատ գիտնականներ, անվանի մտավորականներ:

15. Խորհրդի անդամների թեկնածությունները ներկայացնում են գիտաուսումնական հաստատությունները:

16. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ 3 տարի ժամկետով:

17. Խորհրդի կազմը բաղկացած է առավելագույնը 20 անդամից` ներառյալ խորհրդի նախագահը, տեղակալը և քարտուղարը:

18. Խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

19. Խորհրդի կազմից նրա անդամների կեսից ավելի ձայներով ընտրվում են խորհրդի նախագահի տեղակալը և քարտուղարը:

20. Խորհրդի կազմի փոփոխությունները կատարվում են խորհրդի անդամների պարզ մեծամասնության առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ:

21. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով:

22. Խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ.

3) ստանալու տեղեկություններ խորհրդի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին:

23. Խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով խորհրդի շահերից։

24. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) իր դիմումի համաձայն.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն ներկայացնելու հիմքով:

25. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով:

26. Խորհրդի իրավասություններն են`

1) խորհրդի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության կազմակերպումը, նրա լիազորությունների դադարեցման մասին որոշման ընդունումը.

2) սույն աշխատակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տարեկան զեկույցի և այլ հաշվետվությունների ու վերլուծական տեղեկանքների լսումն ու հավանություն տալը.

3) խորհրդի նախագահի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) խորհրդի գործունեության ծրագրերի հաստատումը.

5) խորհրդի հանձնաժողովների և ժամանակավոր աշխատանքային խմբերի հաստատումը.

6) խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկ ներկայացնելու մասին որոշումների ընդունումը:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

27. Խորհրդի նախագահը՝

1) ղեկավարում և համակարգում է խորհրդի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ստորագրում է խորհրդի որոշումները և արձանագրությունը.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում սույն աշխատակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տարեկան զեկույցը և այլ հաշվետվություններն ու վերլուծական տեղեկանքները.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում սույն աշխատակարգի 35-րդ կետով նախատեսված որոշումները.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին խորհրդի որոշումները:

28. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, կատարում է խորհրդի նախագահի տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում, խորհրդի որոշմամբ՝ անդամներից մեկը։

29. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ խորհրդի նախագահի տեղակալը համակարգում է խորհրդի ճյուղային հանձնաժողովների և ժամանակավոր թեմատիկ աշխատանքային խմբերի աշխատանքները:

30. Խորհրդի քարտուղարը նախապատրաստում և կազմակերպում է խորհրդի նիստերը, վարում է նիստերի արձանագրությունները:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

 

31. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն 4 անգամ՝ խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով:

32. Խորհրդի նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից:

33. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, ինչպես նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։

34. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Խորհրդի նիստերն արձանագրվում են:

35. Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն և ընդունվում են բաց քվեարկությամբ` խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահողի ձայնը վճռորոշ է: Պարտադիր կատարման ուժ ստանալու համար խորհրդի առանձին որոշումներ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պետական մարմինների կողմից համապատասխան նորմատիվ ակտեր ընդունելու հանձնարարական տալու նպատակով: Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումների նախագծերը դրվում են հրապարակային քննարկման:

36. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռակա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։

37. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշման հետ, կարող է ներկայացնել գրավոր կարծիք, որը կցվում է ընդունված որոշմանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան