Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.09/9(578) Հոդ.117
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.02.2017
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317110

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

20 փետրվարի 2017 թ.

թիվ 01-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017թ. փետրվարի 20-ի
թիվ 01-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:

2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի հրամաններով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական պետական խորհրդից, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից (հետայսու` Ծառայություն), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից, վիճակագրության կազմակերպչական, մեթոդաբանական հարցերին առնչվող գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Ծառայություն ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

5. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Ծառայություն ներկայացվելուց հետո Ծառայության աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

Ծառայության աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

1) երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչներ.

2) երկու թեկնածու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ.

3) երկու թեկնածու` վիճակագրության կազմակերպչական, մեթոդաբանական հարցերին առնչվող գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություններ ունեցող ներկայացուցիչներ:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

7. Ծառայության աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Ծառայության նախագահի հրամանով: Նույն հրամանով Ծառայության նախագահը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար` Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Ծառայության նախագահի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի, ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը`

1) Ծառայության աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում` դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացվում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ մասնակիցների բողոքները.

9) հրապարակում է մրցույթի հաջորդ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

11) հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

12) հարցազրույցից անմիջապես հետո հանձնաժողովի անդամներն իրականացնում են հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների գնահատում.

13) գնահատումն իրականացվում է հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա, որտեղ նշվում է մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, գնահատմանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը և ստորագրությունը.

14) ամփոփում է մրցույթի արդյունքները.

15) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

16) հրապարակում է մրցույթի արդյունքները.

17) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

18) Ծառայության աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

19) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Ծառայության նախագահին: Ծառայության նախագահն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

5) ստուգում է հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա հանձնաժողովի անդամների գնահատականների նշանակված լինելու փաստը, ստորագրում և կնքում է ձևանմուշը, կարող է ընդհատել հարցազրույցի ժամանակ ծավալված բանավեճը.

6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

5) գնահատում է յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող հարցազրույցը` հարցատոմսի յուրաքանչյուր հարցին մասնակցի պատասխանը առավելագույնը 10 միավորով գնահատելու միջոցով.

6) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով կարող է բողոքարկել մրցույթի արդյունքները` դրանց հրապարակվելուց հետո.

8) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

9) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Ծառայության աշխատակազմին հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան