«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60507116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2007 թ. |
N 204-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Սահմանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները (հավելված):
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված առանձնահատկությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված ցանկում ընդգրկված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների հետ կապված հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Հավելված |
Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները հետևյալն են.
1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովների (այսուհետ՝ մրցութային հանձնաժողովներ) կազմում գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների փոխարեն, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.
2) մրցութային հանձնաժողովների ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչների թեկնածուների ցուցակը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացնում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմինը.
3) մրցութային հանձնաժողովների անդամներ պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն ունեցող անձինք.
4) մրցույթին մասնակցելու համար քաղաքացին, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ներկայացնի նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու համապատասխան ձևի ձևակերպված թույլտվության մասին տեղեկանք` այն մարմնից, որտեղ նա աշխատում (աշխատել) է.
5) հույժ գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.
6) գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.
7) մրցույթի մասնագիտական թեստերի 70 տոկոսից առնվազն 35 տոկոսը պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիքին վերաբերող օրենսդրության հարցեր.
8) մրցույթի հարցատոմսի մասնագիտական 3 հարցերից առնվազն 2-ը պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարցեր.
9) մրցույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող մասնագիտական թեստերն ու հարցատոմսի մասնագիտական հարցերը «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված մարմինը (այսուհետ` համապատասխան մարմին) կազմում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.
10) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.17 N 75-Ն)
11) մրցույթի մասնակիցների հետ անցկացված հարցազրույցների ձայնագրությունները, հարցատոմսը, հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշները հարցազրույցի փուլի արձանագրության ու ձայնագրության տեղեկությունները ենթակա չեն հրապարակման.
12) մրցույթին մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, դիտորդների ու հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությունը չի թույլատրվում.
13) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով պատասխանատու քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով ենթակա և հաշվետու է համապատասխան մարմնի ղեկավարին.
14) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստման մասնագիտական ծրագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թեմաներ, որոնց մասով ծրագիրը կազմվում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.
15) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես կանոն պետք է անցկացվի ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնում.
16) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի հետ կապված ծառայողական քննությունը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է անցկացվի աշխատանքային խմբի կազմով` ընդգրկելով նաև ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներին` տվյալ մարմնի լիազորությունների շրջանակում ծառայողական քննությանը մասնակցելու համար:
(1-ին կետը լրաց. 12.10.10 N 815-Ն, փոփ., լրաց. 18.11.14 N 1070-Ն, խմբ., փոփ. 02.02.17 N 75-Ն)
2. Մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ չունենալը հիմք է նրանց հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրերը լուծելու համար:
3. Մինչև 2007 թվականի հունիսի 1-ը համապատասխան մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ ունենալը:
4. Սույն առանձնահատկությունների 3-րդ կետով նախատեսված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն չստանալը, ինչպես նաև սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվությունների բացակայությունը հիմք են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատելու համար:
(հավելվածը լրաց. 12.10.10 N 815-Ն, փոփ., լրաց. 18.11.14 N 1070-Ն, խմբ., փոփ. 02.02.17 N 75-Ն)