ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0702/05/11 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0702/05/11 |
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան |
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միսակ Այանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)՝ Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Միսակ Այանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան) 31.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, և Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը ճանաչվել է անվավեր:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ա. Աբովյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) 07.02.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.08.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.06.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.02.2012 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ծատուրյան) 05.04.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ա. Բաբայան, Հ. Բեդևյան, Ա. Սարգսյան) 08.10.2013 թվականի որոշմամբ Միսակ Այանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 05.04.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 23.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.04.2015 թվականի որոշմամբ Միսակ Այանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 23.10.2014 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է, և Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը ճանաչվել է անվավեր:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Միսակ Այանյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել գործով ձեռք բերված ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Միսակ Այանյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստը հաստատվում է Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշումը կայացնելուց առաջ և դրանից հետո արված լուսանկարներով: Այդ լուսանկարներից մեկում, որը կատարվել է 01.12.2010 թվականին` թիվ 002540 արձանագրությունը կազմելիս, պատկերված է ավտոտնակի միայն մի հատվածը, իսկ մյուսում, որը կատարվել է 31.01.2011 թվականին` թիվ 002987 արձանագրությունը կազմելիս, երևում է արդեն կառուցված ավտոտնակը:
Բացի այդ, Քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից 12.01.2011 թվականին կազմված թիվ Վ-1/5 արձանագրության համաձայն՝ վարչական վարույթի ընթացքում Միսակ Այանյանն ընդունել է իրավախախտման փաստը և տվել բացատրություն այն մասին, որ իր կողմից են կատարվել քարե պատի շինարարական աշխատանքներ: Հետևաբար Քաղաքապետի թիվ Վ-1/5 որոշման ընդունման պահի դրությամբ` 12.01.2011 թվականին, Միսակ Այանյանի կողմից կառուցված է եղել միայն մեկ պատ, իսկ մնացած շինարարական աշխատանքները կատարվել և ավարտին են հասցվել ոչ թե մինչև 12.01.2011 թվականը, այլ 12.01.2011 թվականից հետո:
Ավելին` վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերում առկա՝ Քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից 31.01.2010 թվականին կազմված արձանագրության համաձայն` Միսակ Այանյանի կողմից վարչական իրավախախտում թույլ տալու կապակցությամբ հրավիրված լսումներին Միսակ Այանյանի կողմից բացատրություն է տրվել այն մասին, որ վերջինիս կողմից վերոնշյալ հասցեում շինարարական աշխատանքները շարունակվել են առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի:
Այսպիսով, սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Միսակ Այանյանը ենթակա էր վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման կատարման համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.04.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.10.2014 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ սույն գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում Միսակ Այանյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումը կատարված լինելու հանգամանքը: Մասնավորապես` սույն գործի նյութերում առկա լուսանկարները որևէ կերպ չեն հաստատում այն հանգամանքը, որ Միսակ Այանյանը շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքները ոչ թե 01.12.2010 թվականի թիվ 002540 արձանագրության կազմման պահից մինչև Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշման կայացման պահը, այլ նշված որոշման ընդունումից հետ ընկած ժամանակահատվածում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2242063 վկայականի համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 բնակելի տան և նույն հասցեում գտնվող 0,06հա մակերեսով հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով սեփականատերեր են Միսակ և Հայկանուշ Այանյանները (հատոր 1-ին, գ.թ. 7-11)։
2) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Պետրոսյանի կողմից 01.12.2010 թվականին կազմված թիվ 002540 արձանագրության համաձայն՝ 28.11.2010 թվականից մինչև 01.12.2010 թվականն ընկած ժամանակահատվածում Արաբկիրի 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում նույն հասցեի բնակիչ Միսակ Այանյանի կողմից առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի կառուցվել է մոտ 6մ երկարությամբ քարե պատ՝ ավտոտնակ կառուցելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 12-13)։
3) Քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 արձանագրության համաձայն՝ նշված հանձնաժողովի անդամների կողմից ուսումնասիրվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 002540 արձանագրության հիման վրա կազմված գործը, որի ընթացքում իրավախախտում կատարած անձ Միսակ Այանյանը բացատրություն է տվել այն մասին, որ իր կողմից Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում իրականացվել է քարե պատի կառուցման շինարարական աշխատանքներ և ընդունել է իրավախախտումը: Ուսումնասիրվել է իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 002540 արձանագրությունը, անշարժ գույքի սեփականության վկայականը և իրավախախտման լուսանկարը (հատոր 3-րդ, գ.թ. 18)։
4) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Պետրոսյանի կողմից 31.01.2011 թվականին կազմված թիվ 002987 արձանագրության համաձայն՝ 01.12.2010 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 002540 արձանագրության հիման վրա Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ տուգանքի նշանակումից հետո Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում նույն հասցեի բնակիչ Միսակ Այանյանի կողմից առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի շարունակվել են շինարարական աշխատանքները, մասնավորապես, կառուցվել է մոտ 3,5մx6,5մ չափերի քարե ավտոտնակ, և տեղադրվել է դարպաս (հատոր 1-ին, գ.թ. 14-15)։
5) Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշման համաձայն՝ Միսակ Այանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման համար և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.500.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ տուգանքի նշանակումից հետո վերջինս շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքները (հատոր 1-ին, գ.թ. 17)։
6) Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշման համաձայն՝ Միսակ Այանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման համար, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով, Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում ինքնակամ քարե պատի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Միաժամանակ Միսակ Այանյանը նախազգուշացվել է, որ շինարարական աշխատանքները շարունակելու դեպքում այն կառաջացնի վարչական տուգանք 2.500.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին.
վարչական մարմնի` վարչական իրավախախտման վերաբերյալ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելիս ստորադաս դատարանը պահպանե՞լ է արդյոք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը (...) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը նույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ (...)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ (...)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը` շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները։ Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը։ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը։ Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք։ Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար։
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ։ Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները՝ ղեկավարվելով օրենքով (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով ՄԻԵԴ 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Վերոնշյալ հարցի վերաբերյալ 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ նշելով, որ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Միսակ Այանյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը: Նշված վարչական ակտով Միսակ Այանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման համար, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.500.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ տուգանքի նշանակումից հետո վերջինս շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքները:
Սույն գործի նոր քննության ընթացքում Դատարանը 23.10.2014 թվականի վճռով մերժել է Միսակ Այանյանի հայցը՝ պատճառաբանելով, որ Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված լուսանկարի (հատոր 1-ին, գ.թ. 107) և Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված լուսանկարի (հատոր 1-ին, գ.թ. 108) համադրված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կատարված շինարարական աշխատանքները զարգացում են ապրել, այսինքն՝ Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ տուգանք առաջադրվելուց հետո վերջինիս կողմից շարունակվել են ինքնակամ շինարարական աշխատանքները: Հետևաբար Դատարանը հաստատված է համարել, որ Միսակ Այանյանի կողմից դրսևորվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտ վարքագիծ, որպիսի փաստն արձանագրվել է Քաղաքապետի կողմից, և իրավաչափորեն կայացվել վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում։
Վերաքննիչ դատարանը, Միսակ Այանյանի վերաքննիչ բողոքը բավարարելով և բեկանելով Դատարանի վճիռը, հայցը բավարարել է և Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը ճանաչել է անվավեր: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ «(...) Դատարանը (...) բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ոչ բավարար ապացույցների պայմաններում հաստատված է համարել, որ Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ խախտումն արձանագրվելուց և տուգանք առաջադրվելուց հետո հայցվոր Միսակ Այանյանի կողմից շարունակվել է ինքնակամ շինարարական աշխատանքը, (...) որի արդյունքում եկել է գործի ելքի վերաբերյալ սխալ եզրահանգման (...)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն վարչական գործով քննության առարկա է Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշման իրավաչափությունը, որը պարզելու նպատակով Վերաքննիչ դատարանը պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեր գործում առկա բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ, Միսակ Այանյանը նախ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ վերջինս Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ կերպով իրականացրել է քարե պատի կառուցման շինարարական աշխատանքներ: Նշված վարչական ակտի կայացման համար հիմք են հանդիսացել վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 01.12.2010 թվականի թիվ 002540 արձանագրությունը, մեկ լուսանկար (հատոր 1-ին, գ.թ. 107), ինչպես նաև Քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 արձանագրությունը, որի համաձայն` Միսակ Այանյանն ընդունել է նշված իրավախախտումը և բացատրություն է տվել այն մասին, որ ինքն իրականացրել է քարե պատի կառուցման շինարարական աշխատանքներ:
Սույն գործով վիճարկվող վարչական ակտով՝ Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշմամբ Միսակ Այանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ տուգանքի նշանակումից հետո վերջինս Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքները: Նշված որոշման կայացման համար հիմք են հանդիսացել վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 31.01.2011 թվականի թիվ 002987 արձանագրությունը, վարչական իրավախախտման գործի վերաբերյալ արձանագրության կազմման դրությամբ փաստացի կատարված շինարարական աշխատանքների դրության վերաբերյալ մեկ լուսանկար (հատոր 1-ին, գ.թ. 108), ինչպես նաև Քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 արձանագրությունը։
Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Միսակ Այանյանը շարունակել է Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքները վերջինիս նկատմամբ Քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո: Այսպես, Քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 արձանագրության համաձայն՝ Միսակ Այանյանը հայտնել է, որ ինքն իրականացրել է քարե պատի կառուցման շինարարական աշխատանքներ: Նշվածը հիմնավորվում է նաև Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված լուսանկարով (հատոր 1-ին, գ.թ. 107): Փաստորեն, սույն գործի նյութերի համաձայն՝ Միսակ Այանյանն ընդունել է, որ 12.01.2011 թվականի դրությամբ Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված է եղել մեկ քարե պատ: Միևնույն ժամանակ Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված լուսանկարից (հատոր 1-ին, գ.թ. 108) երևում է, որ Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում կատարվել են ևս երեք քարե պատերի կառուցման շինարարական աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվել է դարպաս:
Հետևաբար Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Միսակ Այանյանը շարունակել է Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շինության ինքնակամ կառուցումը Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ առաջին անգամ ինքնակամ շինություն կառուցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Միսակ Այանյանի արարքը պարունակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի հատկանիշներ, քանի որ վերջինս շարունակել է ինքնակամ շինության կառուցումը Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանք նշանակելուց հետո: Հետևաբար վերջինս ենթակա էր վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատել է գործում եղած բոլոր ապացույցները և ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլել է իր դատական ակտի պատճառաբանական մասում՝ ցույց տալով ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Միսակ Այանյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.04.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 23.10.2014 թվականի վճռին:
2. Միսակ Այանյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|