ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/9692/05/13 |
Վարչական գործ թիվ ՎԴ/9692/05/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Դատավորներ՝ |
Ա. Բաբայան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի և Ռուբեն Աղաջանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սասունիկ Մշեցյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության (այսուհետ` Ծառայություն) պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյանի՝ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սասունիկ Մշեցյանը պահանջել է վերացնել Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումը ճանաչվել է անվավեր, իսկ Սասունիկ Մշեցյանի հայցը` Ծառայության պետի դեմ ուղղված պահանջի մասով, մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.07.2015 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի և Ռուբեն Աղաջանյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 06.11.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Երևանի քաղաքապետը և Ռուբեն Աղաջանյանը։
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։
2. Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91-Ն որոշումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 հասցեում գտնվող հարթակի բետոնացման աշխատանքները, որոնք Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշմամբ հասցեագրվում են Սասունիկ Մշեցյանին, ներառված չեն ՀՀ կառավարության կողմից սահմանված այն շինարարական աշխատանքների ցանկում, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում: Այսինքն՝ Սասունիկ Մշեցյանի կողմից իրականացված շինարարական աշխատանքների համար պահանջվում է շինարարության թույլտվություն, որը տվյալ դեպքում առկա չի եղել: Հետևաբար Սասունիկ Մշեցյանը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Սասունիկ Մշեցյանի կողմից կատարված ինքնակամ շինարարության արդյունքում խախտվել են Ռուբեն Աղաջանյանի իրավունքները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1. Ռուբեն Աղաջանյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ, 245-րդ, 247-րդ, 252-րդ, 255-րդ, 275-րդ և 279-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ և 251-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 19-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սասունիկ Մշեցյանի կողմից կատարված շինարարական աշխատանքները դասվում են շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքների շարքին, քանի որ ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման թիվ 2 հավելվածի 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերը տվյալ դեպքում կիրառելի չեն: Փաստորեն, Սասունիկ Մշեցյանը կատարել է խնդրո առարկա շինարարական աշխատանքներն ինքնակամ կերպով՝ առանց թույլտվության, հետևաբար վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:
Միաժամանակ սույն գործի քննությամբ հաստատվել է, որ Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքների հետևանքով փակվել է Ռուբեն Աղաջանյանի տան պատշգամբի և ննջարանի լուսավորությունը: Հետևաբար Դատարանը, անվավեր ճանաչելով վիճարկվող վարչական ակտը, Ռուբեն Աղաջանյանին զրկել է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի կողմից 09.08.2013 թվականին կազմված թիվ 008310 արձանագրության համաձայն՝ վերջինս հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում՝ արձանագրելով, որ Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 տան 2-րդ հարկի տիրապետող Սասունիկ Մշեցյանը 2-րդ հարկի աստիճանահարթակի վրա իրականացրել է ինքնակամ բետոնե աշխատանքներ, որի հետևանքով բնական լուսավորությունից զրկվել է Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 45 տան պատշգամբը և ննջարանը (հատոր 1-ին, գ.թ. 13):
2. Ծառայության պետի 02.10.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-34/33 որոշման համաձայն՝ Սասունիկ Մշեցյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 հասցեում՝ 2-րդ հարկի աստիճանավանդակի վրա, ինքնակամ իրականացրել է բետոնե շինարարական աշխատանքներ: Միևնույն ժամանակ նույն որոշմամբ Սասունիկ Մշեցյանը պարտավորեցվել է քանդել ինքնակամ կառույցը և տարածքը բերել նախկին տեսքի (հատոր 1-ին, գ.թ. 14-15)։
3. Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումը վերացնելու հայցապահանջի հիմքում Սասունիկ Մշեցյանը դրել է ոչ միայն այն փաստարկը, որ իր կողմից իրականացված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, այլ նաև վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտումներին առնչվող մի շարք այլ փաստարկներ, մասնավորապես՝ վիճարկվող վարչական ակտը կազմվել և հասցեատիրոջն է ուղարկվել օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, վիճարկվող վարչական ակտը չի համապատասխանում գրավոր վարչական ակտին ներկայացվող օրենսդրական պահանջներին, վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում խախտվել է Սասունիկ Մշեցյանի լսված լինելու իրավունքը և այլն (հատոր 1-ին, գ.թ. 3-10, հատոր 2-րդ, 69-82, հատոր 3-րդ, գ. թ. 80-88)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքներում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե առանց շինարարական թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը ենթակա է արդյո՞ք անվավեր ճանաչման այն հիմքով, որ տվյալ շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, այն պայմաններում, երբ կատարված շինարարական աշխատանքներն ընդգրկված չեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների ցանկում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ «Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը» վերտառությամբ 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (...): (...) Կառուցապատողները պարտավոր են` (ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` (...) շինարարության թույլտվության հիման վրա, (...) (գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան (...): (...) Նույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն նույն օրենքի 23-րդ հոդվածի (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: (...) Շինարարության թույլտվություն չի պահանջվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման (ուժի մեջ է 27.06.2015 թվականից) թիվ 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման» կարգի 26-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների՝
1) ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` I կատեգորիա.
2) միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` II կատեգորիա.
3) միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` III կատեգորիա.
4) բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` IV կատեգորիա.
5) բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` V կատեգորիա:
Նույն կարգի 27-րդ կետի համաձայն՝ (...) ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների (...):
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում վարչական պատասխանատվություն է նախատեսել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),
2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,
3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:
Թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետևաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե՝ ոչ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինքնակամ կառույցի օրենսդրական բնորոշումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետում, որի համաձայն՝ կառույցը համարվում է ինքնակամ, եթե այն կառուցվել է օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կառուցվել կամ վերակառուցվել է առանց թույլտվության, կառուցվել կամ վերակառուցվել է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով:
Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով անձին պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս նշված իրավադրույթում նկարագրված իրավախախտման այլ հատկանիշների, անհրաժեշտ է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայությունը.
1. անձը կատարել է շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կամ
2. անձը կատարել է շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ առանց թույլտվության, կամ
3. անձը կատարել է շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով:
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի համար վարչական պատասխանատվության առաջացման առանձնահատկություններին այն պայմաններում, երբ անձը կատարել է շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ առանց թույլտվության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ կառուցապատողները՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողները, պարտավոր են իրականացնել քաղաքաշինական գործունեություն շինարարության թույլտվության հիման վրա և բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան, բացառությամբ այն դեպքի, երբ նույն օրենքի համաձայն՝ իրականացվող քաղաքաշինական գործունեությունը շինարարության թույլտվություն չի պահանջում: Ընդ որում, շինարարության թույլտվության հասկացությունն օրենսդիրը սահմանել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, որի համաձայն՝ շինարարության թույլտվությունը նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու՝ կառուցապատողի իրավունքը հաստատող փաստաթուղթ է: Միևնույն ժամանակ քննարկվող օրենքը նախատեսում է, որ ոչ բոլոր դեպքերում է շինարարական աշխատանքների կատարման համար պահանջվում շինարարության թույլտվության առկայություն: Այսինքն՝ օրենսդրի տեսանկյունից որոշ դեպքերում անձը կարող է իրականացնել շինարարական գործունեություն առանց տվյալ շինարարական աշխատանքները կատարելու իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության:
Վերոգրյալ իրավական վերլուծությունները վկայում են այն մասին, որ քաղաքաշինական գործունեության ոլորտում օրենսդրի կողմից սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է: Նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը կատարել է մեկ բացառություն, որը նախատեսված է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում և հանգում է հետևյալին. շինարարության թույլտվություն չի պահանջվում այն շինարարական աշխատանքների կատարման համար, որոնք բավարարում են ստորև ներկայացված բոլոր պահանջներին.
1. տվյալ շինարարական աշխատանքները շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքներ են,
2. տվյալ շինարարական աշխատանքները ներառված են ՀՀ կառավարության սահմանած ցանկում,
3. տվյալ շինարարական աշխատանքները չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը,
4. տվյալ շինարարական աշխատանքները չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների հիման վրա ՀՀ կառավարությունը 19.03.2015 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշումը: Նշված որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման» կարգի 26-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հինգ կատեգորիաների, որոնցից 1-ինը ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներն են. դրանց թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների: Ընդ որում, ցածր ռիսկայնության աստիճանի (1-ին կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) սպառիչ թվարկումը կատարված է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 4 հավելվածի թիվ 1 ցանկում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ կառավարության վերոգրյալ որոշումն ուժի մեջ է մտել 27.06.2015 թվականին, իսկ մինչ այդ գործում էր նույն հասարակական հարաբերությունները կարգավորող մեկ այլ ենթաօրենսդրական ակտ՝ ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 91 որոշումը (ուժը կորցրել է 27.06.2015 թվականին), որի 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված էր Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (1-ին կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկը, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չէր պահանջվում՝ համաձայն նույն որոշման թիվ 2 հավելվածի:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված կոնկրետ շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն չպահանջվելը բացառում է առանց շինարարական թույլտվության այդպիսի շինարարական աշխատանքներ կատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության առաջացումը: Հետևաբար առանց շինարարական թույլտվության շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ կատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված զանցակազմի շրջանակներում առաջացող վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ շինարարական աշխատանքների կատարման համար թույլտվություն պահանջվելու կամ չպահանջվելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ շինարարական գործունեության (շինարարական աշխատանքների) համար շինարարության թույլտվություն պահանջվելու կամ չպահանջվելու հարցը պարզելու համար անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում ամրագրված պահանջները, մասնավորապես այն հանգամանքը, թե արդյոք տվյալ շինարարական աշխատանքները ներառված են շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում որպես ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքներ: Բացի այդ, նշված հարցը պարզելու համար անհրաժեշտ է բացահայտել նաև այն, թե արդյոք տվյալ շինարարական աշխատանքները չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը կատարում է հետևյալ եզրահանգումները.
1) անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության առանց շինարարական թույլտվության շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ կատարելու համար, եթե տվյալ շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում,
2) առանց շինարարական թույլտվության շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ կատարելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս վարչական մարմինը պարտավոր է պարզել, թե արդյոք տվյալ շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն պահանջվում է, թե՝ ոչ,
3) անձի կողմից իրականացված շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն պահանջվելու կամ չպահանջվելու հանգամանքը ենթակա է պարզման՝ հիմք ընդունելով ներքոգրյալ չափանիշները.
(ա) արդյոք տվյալ շինարարական աշխատանքները ներառված են շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում՝ որպես ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքներ,
(բ) արդյոք տվյալ շինարարական աշխատանքները չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին,
4) խնդրո առարկա իրավախախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված համապատասխան վարչական վարույթի ընթացքում վերը նշված (ա) և (բ) կետերում առաջ քաշված հարցերը պարզվելու և դրանց դրական պատասխան տրվելու դեպքում վարչական մարմինը չի կարող անձին ենթարկել վարչական պատասխանատվության առանց շինարարական թույլտվության շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ կատարելու համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտով՝ Ծառայության պետի 02.10.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-34/33 որոշմամբ, Սասունիկ Մշեցյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 հասցեում՝ 2-րդ հարկի աստիճանավանդակի վրա, ինքնակամ իրականացրել է բետոնե շինարարական աշխատանքներ:
Սույն գործով Դատարանը Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումը ճանաչել է անվավեր՝ պատճառաբանելով, որ Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 հասցեում Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքները համապատասխանում են ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման թիվ 2 հավելվածի «Միջհարկային ծածկեր և հատակներ» վերտառությամբ 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նախատեսված շինարարական աշխատանքներին, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում: Հետևաբար, ըստ Դատարանի վճռի Սասունիկ Մշեցյանը թույլ չի տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում: Բացի այդ, Դատարանը վճռում նշել է նաև, որ «(...) նման պայմաններում, երբ արձանագրվածը բավարար է հայցը հիմնավոր ճանաչելու համար, (...) բացակայում է հայցի ընթացակարգային հիմքերը քննարկելու անհրաժեշտությունը (...)»:
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ մերժելով Ռուբեն Աղաջանյանի և Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, ըստ էության համաձայնել է Դատարանի այն դիրքորոշման հետ, որ տվյալ դեպքում Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն չի պահանջում: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում թույլ են տրվել հետևյալ խախտումները.
1) չի պարզվել այն հանգամանքը, թե Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 հասցեում Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքները կոնկրետ որ հիմքով են որակվել որպես ինքնակամ, այսինքն՝ տվյալ դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը չի ապացուցվել,
2) չի պարզվել Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշմամբ Սասունիկ Մշեցյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածը,
3) չի պարզվել Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքների բնույթն ու ծավալը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթում թույլ տրված վերոգրյալ բացթողումների արդյունքում խախտվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ, 247-րդ, 252-րդ, 275-րդ, 279-րդ հոդվածների պահանջները, իսկ նշված խախտումների առկայությունն ինքնին բավարար հիմք է վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար՝ անկախ Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն պահանջվելու կամ չպահանջվելու հանգամանքից:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործում առկա փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշմամբ Սասունիկ Մշեցյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց շինարարության թույլտվության Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 հասցեի բնակելի տան աստիճանահարթակի վրա առկա անցքի փակմանն ուղղված շինարարական աշխատանքներ կատարելու համար: Հետևաբար սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս ստորադաս դատարանները պետք է պարզեին, inter alia, թե արդյոք վերը նշված շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն պահանջվում է, թե՝ ոչ: Սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերը նշված հարցին անդրադառնալիս ստորադաս դատարանները մասնավորապես պետք է բացահայտեին հետևյալ հարցերը. (ա) արդյոք Սասունիկ Մշեցյանի կողմից կատարված շինարարական աշխատանքները ներառված են շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում որպես ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքներ, (բ) արդյոք Սասունիկ Մշեցյանի կողմից կատարված շինարարական աշխատանքները չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սասունիկ Մշեցյանի կողմից խնդրո առարկա շինարարական աշխատանքների կատարման և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու ժամանակ (2013 թվական) շինարարության թույլտվություն չպահանջվող ցածր ռիսկայնության շինարարական աշխատանքների ցանկը սահմանված է եղել ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ: Հիմք ընդունելով վերը նշված նորմատիվ իրավական ակտով հաստատված ցանկը` Դատարանը գտել է, որ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշմամբ Սասունիկ Մշեցյանին մեղսագրվող շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, քանի որ այդ շինարարական աշխատանքները համապատասխանում են ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման թիվ 2 հավելվածի «Միջհարկային ծածկեր և հատակներ» վերտառությամբ 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նախատեսված շինարարական աշխատանքներին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման թիվ 2 հավելվածի (ուժը կորցրել է 27.06.2015 թվականին) «Միջհարկային ծածկեր և հատակներ» վերտառությամբ 5-րդ կետում, մասնավորապես, ներառված են հետևյալ շինարարական աշխատանքները, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում. (գ) ցեմենտային, բետոնե և ասֆալտապատ հատակների փոսերի լցում, (դ) հատակների ու դրանց հիմնատակերի նորոգում, (ե) կերամիկական, ցեմենտե, մարմարե և այլ սալիկավոր հատակների վնասված սալիկների փոխում, փոխարինում և պոկվածների տեղադրում:
Սույն գործի փաստերի և վերոգրյալ իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշմամբ նշված շինարարական աշխատանքները չեն կարող համարվել հատակների փոսերի լցում կամ հատակների ու դրանց հիմնատակերի նորոգում կամ սալիկավոր հատակների վնասված սալիկների փոխում, փոխարինում և պոկվածների տեղադրում: Այսպես՝ սույն գործի քննությամբ հաստատվել է, որ Սասունիկ Մշեցյանը ոչ թե լցրել է աստիճանահարթակի հատակի վրա առկա փոսը կամ նորոգել է աստիճանահարթակի հատակը (հիմնատակը), այլ փակել է աստիճանահարթակի վրա առկա անցքը՝ ըստ էության մեծացնելով աստիճանահարթակի հատակի բետոնապատ մակերեսը: Բացի այդ, Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքները որևէ կերպ չեն կարող որակվել որպես կերամիկական, ցեմենտե, մարմարե և այլ սալիկավոր հատակների վնասված սալիկների փոխում, փոխարինում և պոկվածների տեղադրում, քանի որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվում է այն, որ աստիճանահարթակի հատակը սալիկավոր չէ, և Սասունիկ Մշեցյանը չի փոխել, փոխարինել այդ հատակի սալիկները կամ չի տեղադրել պոկված սալիկներ:
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Երևանի Ավան 6-րդ փողոցի թիվ 47 հասցեում Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման՝ իրավահարաբերության ծագման պահին գործող թիվ 2 հավելվածի «Միջհարկային ծածկեր և հատակներ» վերտառությամբ 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նախատեսված շինարարական աշխատանքներին: Ավելին՝ Սասունիկ Մշեցյանի կողմից կատարված շինարարական աշխատանքներն առհասարակ ընդգրկված չեն շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների՝ ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման՝ իրավահարաբերության ծագման պահին գործող թիվ 2 հավելվածով սահմանված ցանկում որպես ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքներ:
Փաստորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշմամբ Սասունիկ Մշեցյանին հասցեագրվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականում պահանջվել է շինարարության թույլտվություն: Հետևաբար նշված վարչական ակտը չէր կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ խնդրո առարկա շինարարական աշխատանքների կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, ինչն անտեսվել է թե՛ Դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից:
Անդրադառնալով Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումը, անկախ Սասունիկ Մշեցյանի կատարած շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն պահանջվելու կամ չպահանջվելու հանգամանքից անվավեր ճանաչման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկում անդրադառնալով վարչական դատավարությունում վերաքննության սահմաններին, արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես՝ կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտ է կայացրել բացառապես այն հիմքով, որ Սասունիկ Մշեցյանը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, քանի որ վերջինս կատարել է շինարարության թույլտվություն չպահանջվող շինարարական աշխատանքներ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի նշված եզրահանգումը, իր դատական ակտում վկայակոչել է վիճարկվող վարչական ակտի անվավերության ևս մի քանի հիմքեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում առերևույթ թույլ տրված ընթացակարգային խախտումներին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել Դատարանի վճիռը վերաքննության կարգով վերանայման ենթարկելու օրենսդրորեն կանխորոշված սահմաններից, քանի որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է այնպիսի իրավական և փաստական հանգամանքներ, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ռուբեն Աղաջանյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.07.2015 թվականի որոշումը և գործը՝ ըստ հայցի Սասունիկ Մշեցյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 02.10.2013 թվականի թիվ Վ-34/33 որոշումը վերացնելու պահանջի մասին, ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|