Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1342
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.123
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 փետրվարի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վ. Եղիազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 10-ին Դուբայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 10-ին` Դուբայում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը (Կողմեր) կհամագործակցեն հանցագործության բոլոր դրսևորումների դեմ պայքարում՝ հատկապես հետևյալ բնագավառներում.

- կազմակերպված հանցավորություն և կոռուպցիա,

- անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,

- զենքի, զինամթերքի, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի, զանգվածային ոչնչացման և ոչ սովորական զենքերի, ինչպես նաև դրանց հետ կապված տեխնոլոգիաների ապօրինի շրջանառություն,

- մարդկանց թրաֆիկինգ և մարմնավաճառության ցանցեր,

- թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական արտադրություն, շրջանառություն և չարաշահում,

- տնտեսական հանցագործություններ,

- փողերի լվացում,

- ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ,

- արժույթների, պաշտոնական կամ իրավական փաստաթղթերի, արժեթղթերի կամ ֆինանսական գործիքների կեղծում, ինչպես նաև դրանց տարածում,

- մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,

- մշակութային արժեքների հափշտակում և մաքսանենգություն,

- ավտոմեքենաների առևանգում և մաքսանենգություն,

- երկուստեք համաձայնեցված՝ հանցագործության այլ տեսակներ:

Համաձայնագրի դրույթների համաձայն՝ համագործակցությունը կիրականացվի Կողմերից յուրաքանչյուրի հարցումով կամ նախաձեռնությամբ:

Համաձայնագիրը չպետք է խոչընդոտի Կողմերի միջև իրավական համագործակցությանը հանձնման և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության բնագավառներում, ինչպես նաև Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող՝ Կողմերի իրավունքներին կամ պարտավորություններին:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

ա) որպես հայցվող Կողմ կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժել Համաձայնագրի դրույթների համաձայն արված ցանկացած հարցման կատարումը, եթե նման հարցումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ ցանկացած այլ ազգային շահի կամ կարող է հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին,

բ) համագործակցության հարցումը կարող է մերժել, եթե այն գործողությունը, որի կապակցությամբ հարցումը փոխանցվել է, պատժելի չէ՝ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն,

գ) որպես հայցվող Կողմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը հարցման իրականացումն արագ և լիարժեք ապահովելու համար,

դ) հայցող Կողմի պահանջով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը հարցման, դրա բովանդակության և կցված առդիրների գաղտնիությունը, ինչպես նաև իրականացվող համագործակցության վերաբերյալ փաստերի գաղտնիությունն ապահովելու համար,

ե) թույլ չտալ օգտագործել կամ հրապարակել Համաձայնագրի դրույթների համաձայն ստացված որևէ տեղեկատվություն կամ փաստաթուղթ հարցման մեջ սահմանված նպատակներից տարբեր նպատակներով՝ առանց բացահայտվող Կողմի նախնական գրավոր համաձայնության,

զ) կրել Համաձայնագրի համաձայն համագործակցության հարցման կատարման հետ կապված սովորական ծախսերը:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, ուղղված են Կողմերի միջև զարգացնելու բարեկամության և համագործակցության կապերը, ինչպես նաև նպաստելու անվտանգության պահպանման և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության խորացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի նոյեմբերի 10-ին Դուբայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1342

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան