ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
24 հունվարի 2017թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն գործընկերության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Քննության առարկա համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016թ. հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև:
Համաձայնագրի նպատակն է զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը և գործընկերությունը միգրացիայի բնագավառում՝ հիմք ընդունելով կողմերի ազգային օրենսդրությունը և ստանձնած միջազգային համապատասխան պարտավորությունները:
2. Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- տրամադրել հարյուր ութսունից (180) մինչև երկու հարյուր յոթանասուն (270) օր ժամկետով ժամանակավոր կացության քարտ ֆրանսիացի ուսանողներին, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ այստեղ գտնվող ձեռնարկությունում կամ հայկական կառույցում կամ ընկերությունում երեքից մինչև առավելագույնը ինն ամիս ժամկետով գործնական պրակտիկա անցնելու նպատակով (հոդված 2, կետ 2.2),
- զարգացնել կողմերի միջև 18-ից 35 տարեկան հայ կամ ֆրանսիացի երիտասարդ մասնագետների փոխանակումներ, ովքեր մուտք են գործում աշխատաշուկա կամ արդեն իսկ ունեն որոշակի մասնագիտական փորձառություն (հոդված 3, կետ 3.1),
- տրամադրել ֆրանսիացի երիտասարդ մասնագետներին տասներկու (12) ամիսը չգերազանցող վավերականության ժամկետով ժամանակավոր կացության քարտ, և երկարաձգել այդ ժամկետը աշխատանքային պայմանագրի երկարաձգմանը համապատասխանող ժամկետով՝ չգերազանցելով կացության քսանչորս (24) ամիս առավելագույն ժամկետը (հոդված 3, կետ 3.4),
- ձեռնարկել միջոցներ, որոնք կապահովեն երիտասարդ մասնագետների՝ իրենց ծագման երկրներ վերադարձի արդյունավետությունը (հոդված 3, կետ 3.4),
- բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետներին ՀՀ տարածք մուտք գործելուց հարյուր ութսուն (180) օրը լրանալուց հետո տրամադրել ժամանակավոր կացության քարտ՝ մեկ տարի ժամկետով և այնքան անգամ երկարաձգելու հնարավորությամբ, որքան անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրի տևողությունից ելնելով (հոդված 4, կետ 4.3),
- ֆրանսիացի մասնագետի ամուսնուն և երեխաներին տրամադրել նույն կացության քարտը, ինչը տրամադրվել է որակավորում ունեցող մասնագետին (հոդված 4, կետ 4.4),
- Համաձայնագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված անձանց, ում թույլատրվել է բնակվել ՀՀ տարածքում, հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մուտքի արտոնագիր և կացության քարտ, և հնարավորինս արագ կարգավորել ի հայտ եկող դժվարությունները (հոդված 5, կետ 5.1),
- ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում այն հայ ուսանողներին և մասնագետներին (բացառությամբ Համաձայնագրում նշված որակավորված մասնագետների) սոցիալական և տնտեսական վերաինտեգրման հնարավորություն ընձեռելուն, ովքեր Ֆրանսիայում հաստատվել են օրինական ձևով և իրենց մասնագիտական փորձառությունը Ֆրանսիայում ավարտելով` կամավոր վերադառնում են Հայաստան, ինչպես նաև Ֆրանսիայում անօրինական գտնվող Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր կարող են օգտվել կամավոր վերադարձի ֆրանսիական օգնության գոյություն ունեցող համակարգից և ներկայացնել Հայաստանում իրենց վերաինտեգրմանն աջակցելու ծրագիր (հոդված 6, կետ 6.1),
- ձեռնարկել կոնկրետ միջոցներ և ցուցաբերել նախաձեռնություն անօրինական ներգաղթը կանխարգելելու կամ դրա դեմ պայքարելու հարցերում, մասնավորապես, զարգացնել տեխնիկական համագործակցությունը, ամրապնդել օպերատիվ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև խրախուսել անօրինական ներգաղթի դեմ պայքարի ոլորտում կիրառվող լավագույն փորձը (հոդված 7, կետ 7.1),
- պայքարել գործունեություն ծավալող հանցավոր խմբավորումների ցանցերի դեմ՝ անդրսահմանային անօրինական փոխադրումների վերաբերյալ ռիսկերի վերլուծությունների և տեղեկությունների փոխանակման, ինչպես նաև հանցավոր խմբավորումների ցանցերի կապակցությամբ օպերատիվ բնույթի տվյալների փոխանակման միջոցով (հոդված 7, կետ 7.1),
- պայքարել փաստաթղթերի կեղծարարության դեմ՝ վերծանող սարքերի շնորհիվ հայտնաբերված կեղծ և կասկածելի ճամփորդական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով, կանխելու համար կեղծած փաստաթղթերի օգտագործումը, ինչպես նաև հայտնաբերող սարքերի մասին միմյանց խորհրդատվություն տրամադրելու միջոցով (հոդված 7, կետ 7.1),
- պայքարել անհիմն բժշկական պատճառաբանությամբ կացության իրավունք ստանալու դեպքերի դեմ՝ տեղեկությունների փոխանակման միջոցով (հոդված 7, կետ 7.1),
- ստեղծել Համաձայնագրի կիրառումը վերահսկող համատեղ Կոմիտե (հոդված 8)։
3. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Կողմի կողմից այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով փոխանցված վերջին ծանուցման ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրվանից:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն գործընկերության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 24 հունվարի 2017 թ. ՍԴՈ-1337
Գ. Հարությունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|