«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հունվարի 2017 թ. |
N 5-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ*
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը (այսուհետ՝ տեխնիկական սարքավորում) սպասարկող անձի (այսուհետ` մասնագետ) ընտրության, էլեկտրոնային եղանակով (առցանց) դիմումների ներկայացման, ընտրված անձանց ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը:
2. Մասնագետ կարող է լինել սույն կարգով սահմանված մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող 18 տարին լրացած անձը: Որպես մասնագետ կարող են ներգրավվել նաև հանրային ծառայողները:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագետների թեկնածուներին ընտրելու համար զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում դիմումների ներկայացման ժամկետների և մասնագետին ներկայացվող պահանջների մասին: Հայտարարությունը տեղադրվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
4. Մասնագետների թեկնածուները դիմումները ներկայացնում են միայն առցանց` լրացնելով այդ նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am, համապատասխան հղումով տեղադրված դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը, որը պարունակում է նաև թեստային առաջադրանք:
Դիմումի էլեկտրոնային ձևաթղթով պահանջվող տվյալները պետք է լրացվեն ամբողջությամբ և ճշգրտորեն:
Այն դիմումները, որոնք լրացված են թերի, տառասխալներով կամ պարունակում են դիմողի անձը հաստատող փաստաթղթի սխալ լրացված տվյալներ կամ չեն պարունակում էլեկտրոնային փոստի հասցե չեն գրանցվում համակարգում:
Դիմումը համակարգում չգրանցվելու դեպքում, նույն անձի կողմից կարող է դիմումը լրացվել ոչ ավելի, քան ևս մեկ անգամ:
Դիմումը համարվում է գրանցված համակարգի կողմից գրանցման կոդի տրամադրման պահից:
5. Դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է գրանցված դիմումների դասակարգում ըստ համայնքների, ուսումնասիրություն և նախնական ընտրանք:
6. Նախնական ընտրանքն իրականացվում է դիմումների տեղեկությունների ուսումնասիրության հիման վրա` ըստ համայնքների` առավելագույն գործակից ստացողներից: Գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ա1 + Ա2 + Ա3, որտեղ`
Ա1 հավասար է 0, եթե թեստային առաջադրանքը կատարվել է ավելի, քան 90 վայրկյանում,
հավասար է 0.25, եթե թեստային առաջադրանքը կատարվել է 76-90 վայրկյանում,
հավասար է 0.5, եթե թեստային առաջադրանքը կատարվել է 61-75 վայրկյանում,
հավասար է 0.75, եթե թեստային առաջադրանքը կատարվել է 46-60 վայրկյանում,
հավասար է 1, եթե թեստային առաջադրանքը կատարվել է մինչև 45 վայրկյանում:
Ա2 հավասար է 0.5, եթե դիմողը հանդիսանում է հանրային ծառայող:
Ա3 հավասար է 0, եթե դիմողը համակարգչից չի օգտվում,
հավասար է 0.25, եթե դիմողը համակարգչից օգտվում է ամիսը մեկ անգամ,
հավասար է 0.5, եթե դիմողը համակարգչից օգտվում է շաբաթական մեկ անգամ,
հավասար է 0.75, եթե դիմողը համակարգչից օգտվում է շաբաթական երկու-երեք անգամ,
հավասար է 1, եթե դիմողը համակարգչից օգտվում է ամեն օր:
7. Դիմումների հիման վրա իրականացված ընտրանքի արդյունքում ընտրվում են այն թվով մասնագետներ, որպեսզի ապահովվի կազմավորված ընտրական տեղամասերին հատկացված տեխնիկական սարքավորումների սպասարկումը՝ հաշվի առնելով նաև մասնագետների փոխարինման համար անհրաժեշտ ռեզերվի առկայությունը:
Առանձին համայնքներում բավարար քանակով դիմումների բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագետների թեկնածուների բավարար քանակը կարող է համալրել հանրային ծառայողներով:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի (այդ թվում առանձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ և սույն կարգով սահմանված կարգի համաձայն շնորհել մասնագետի որակավորում:
9. Մասնագետների նախնական ընտրանքից հետո անցկացվում է ուսուցում և ստուգարք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուսուցում և ստուգարք անցկացնող դասընթացավարների կազմում կարող են ընդգրկվել մասնագետներ, որոնք տիրապետում են տեխնիկական սարքավորումն սպասարկելու և շահագործելու համար բավարար գիտելիքների:
10. Մասնագետների ուսուցման, ինչպես նաև ստուգարքին պատշաճ նախապատրաստվելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվում են տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման, ինչպես նաև քվեարկության ընթացքում մասնագետների գործառույթների իրականացման, նրանց իրավունքների և պարտականությունների կատարման վերաբերյալ ուղեցույցներ:
11. Մասնագետների ուսուցումն ու ստուգարքը կազմակերպվում են Երևանում և մարզերում, որի գրաֆիկը (ամսաթիվը, ժամը, վայրը) տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, որի վերաբերյալ նախնական ընտրանքի արդյունքում ընտրված դիմողները ծանուցվում են:
12. Ուսուցում-ստուգարքի տևողությունը 16 ակադեմիական ժամ է, որից 6 ակադեմիական ժամ` դասընթացավարի կողմից մասնակիցներին տեխնիկական սարքավորման աշխատանքը ներկայացնելու, անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար, 2 ակադեմիական ժամ մասնակիցների հարցերին պատասխանելու և նրանց կողմից տեխնիկական սարքավորմանը ծանոթանալու համար, և 8 ակադեմիական ժամ` ստուգարքն անցկացնելու և մասնակիցներին գնահատելու համար:
13. Ստուգարքն անցկացվում է ուսուցման դասընթացի ավարտից հետո՝ դասընթացավարների կողմից: Դասընթացին և ստուգարքին մասնակցել թույլատրվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:
Ստուգարքն անցկացվում է դռնբաց, կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
14. Ստուգարքի ժամանակ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է տեխնիկական սարքավորման ամբողջական աշխատանքը, ցուցադրում իր աշխատանքային ունակություններն ու հմտությունները կապված տեխնիկական սարքավորման սպասարկման և գործածման հետ և ներկայացնում է տեխնիկական սարքավորման աշխատանքը՝ դասընթացավարի հրահանգներին համապատասխան:
15. Ստուգարքը գնահատվում է առավելագույնը 15 միավոր:
Տեխնիկական սարքավորումների միացումները ճիշտ իրականացնելու համար տրվում է 2 միավոր, գրանցված ընտրողների բացակայության մասին տեղեկանքի տպագրման առաջադրանքը կատարելու համար՝ 1 միավոր, թեստային 11 առաջադրանքներից յուրաքանչյուրի համար՝ 1 միավոր, քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ տեղեկանքի տպագրման առաջադրանքը կատարելու համար՝ 1 միավոր:
Գնահատման համար հաշվի է առնվում նաև ստուգարքի ժամանակ իրականացվող առաջադրանքների կատարման արագությունը:
16. Ստուգարքի հիման վրա մասնագետի որակավորում շնորհվում է այն մասնակցին, որի գիտելիքները և ունակությունները գնահատվել են առնվազն 12 միավոր:
17. Մասնագետի որակավորում ստացած անձանց ցանկը հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում ընդգրկված համայնքների:
18. Տարածքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրության ժամանակ, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 12 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված մասնագետի որակավորում ստացած անձանց ցանկից ընտրում է այն անձանց, որոնք սպասարկելու են տեխնիկական սարքավորումները այն համայնքներում, որոնք նշվել են տվյալ անձի կողմից դիմումն առցանց լրացնելիս: Ընտրված անձի համաձայնությամբ տվյալ անձը կարող է նշանակվել այլ համայնքում:
Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովում որպես տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետ ընտրվելու դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ քան 5 օր առաջ, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքի, ընտրված անձի հետ կնքվում է պայմանագիր և նրան տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշի վկայական:
19. Քվեարկության նախորդ օրը և/կամ քվեարկության օրը չներկայացած մասնագետի հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված և տարածքային ընտրական հանձնաժողովը տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովում նշանակում է մասնագետի որակավորում ստացած այլ անձի՝ նրա հետ կնքելով պայմանագիր:
20. Մասնագետի որակավորում ստացած և տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված անձը պարտավոր է ստորագրել պայմանագիրը: Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկելուց հրաժարվելու, իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ անձի նկատմամբ որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.13-րդ հոդվածով սահմանված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
____________
* «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 2017 թ. հունվարի 21, թիվ 8 (6529)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|