Գլխավոր տեղեկություն
Համար
N 1385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.01.2017-30.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.18/3(1278) Հոդ.23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1385-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության զբոսաշրջության բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման, իրավաբանական և գործերի կառավարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ.  հունվարի 11

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1385-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով։

3. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Կոմիտեն կազմված է նախագահից, նախագահի տեղակալներից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի ենթակայությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են գործել պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

6. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե.

2) ռուսերեն լրիվ` Государственный комитет по туризму министерства экономического развития и инвестиций республики Армения.

3) անգլերեն լրիվ` State Committee for Tourism of the Ministry of Economic Development and Investments of the Republic of Armenia.

4) հայերեն կրճատ` ՀՀ ՏԶՆՆ ԶՊԿ.

5) ռուսերեն կրճատ` ГКТ МЭРИ РА.

6) անգլերեն կրճատ` SCT MEDI RA:

7. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Կոմիտեի նպատակն է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը:

9. Կոմիտեի խնդիրներն են`

1) համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդումն ու շարունակական բարձրացումը.

2) Հայաստանում նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտումը, մրցունակ և այլընտրանքային զբոսաշրջային արդյունքների ձևավորումը, հայկական զբոսաշրջային արդյունքի բազմազանեցումը.

3) ծառայությունների որակի ապահովումն ու շարունակական բարձրացումը, մարդկային ռեսուրսների զարգացումը.

4) ամբողջական վիճակագրության, որակյալ հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների ապահովումը.

5) զբոսաշրջային ենթակառուցվածքների ձևավորումը, բարելավումը և զարգացումը.

6) ոլորտի կազմակերպությունների, դրանց միությունների ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը.

7) զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրության և շահագրգռվածության խթանումը, շահագրգիռ կողմերի միջև ընդհանուր տեսլականի ու արդյունավետ համագործակցության ապահովումը.

8) զբոսաշրջության բնագավառում գործող՝ մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանն աջակցությունը.

9) բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի ապահովումը, զբոսաշրջային կենտրոնների և գրավչության վայրերի կառավարման բարելավումը.

10) զբոսաշրջության զարգացման այնպիսի համակարգի ստեղծումը, որը կնպաստի Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ազգային եկամտի ավելացմանը, միջազգային կապերի զարգացմանը, զբոսաշրջային ռեսուրսների և Հայաստանի պատմամշակութային ժառանգության ու բնության պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը, զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանությանը։

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) մշակում է զբոսաշրջության ոլորտի ռազմավարությունը, զարգացման պետական ծրագրեր, ապահովում դրանց իրականացումը և մշտադիտարկումը.

2) վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը).

3) իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ և վերլուծություններ.

4) մշակում և իրավասու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության զարգացման հետ կապված վերջիններիս իրավասությունների վերաբերյալ.

5) իրականացնում է սոցիալական փաթեթում ներառված հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործընթացը.

6) ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ, կնքում միջգերատեսչական պայմանագրեր, ապահովում զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը միջազգային համագործակցության շրջանակներում.

7) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.

8) մշակում և իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.

9) համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում.

10) համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող զբոսաշրջությանն առնչվող աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ, ինչպես նաև վերահսկում է դրանց կատարման ընթացքը.

11) ապահովում է համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորումն ու ամրապնդումը.

12) իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաև գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումն ու խթանում է այն՝ միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի և այլ հասարակության հետ կապերի միջոցներով.

13) իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ և շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.

14) իրականացնում և համակարգում է զբոսաշրջության ոլորտի զարգացման աշխատանքները.

15) աջակցում և մասնակցում է գործարար միջավայրի, ներդրումների, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն ու վարչարարական խոչընդոտների վերացման միջոցառումների մշակմանը.

16) մասնակցում է ներդրումային, արդյունաբերական, զբոսաշրջության և արտահանման խթանման ծրագրերի մշակմանը և իրականացնում է դրանք.

17) մշակում և իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի, և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման և խթանման ծրագրեր.

18) ձևավորում և վարում է զբոսաշրջային տեղեկատվական բազան.

19) շահառուներին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.

20) համակարգում է պետական աջակցությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները և ապահովում դրանց գործունեությունը.

21) սահմանված կարգով ներկայացնում է զբոսաշրջության օրենսդրական դաշտի կիրառման պրակտիկայի ընդհանրացման, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

22) ուսումնասիրում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրականացման համաշխարհային առաջավոր փորձը, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև իրականացնում է միջոցառումներ՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում կիրառելու համար.

23) ուսումնասիրում և վերլուծում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը և այն տրամադրում է շահառուներին.

24) աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության ոլորտում կնքված պայմանագրերի և համաձայնագրերի իրականացմանը.

25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ նախագահ) վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման, իրավաբանական և գործերի կառավարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը:

12. Կոմիտեն կառավարում է նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ:

13. Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը` նախագահի ներկայացմամբ:

14. Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

15. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող վիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

16. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:

17. Նախագահը՝

1) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

6) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

7) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

9) լսում և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

10) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

11) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

12) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

13) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

14) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

18. Նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:

19. Նախագահի տեղակալը՝

1) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները՝ կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է կոմիտեի՝ իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված ոլորտների՝ կոմիտեի համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականներ ու առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

4) նախագահի հանձնարարությամբ՝ իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող վիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում նախագահի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախագահին.

10) նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

11) նախագահի հանձնարարությամբ՝ իրականացնում է այլ գործառույթներ:

20. Նախագահն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

 21. Կոմիտեի աշխատակազմի նպատակն ու խնդիրը Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

22. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

23. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

24. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

25. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

26. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

28. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմն իրականացնում է նաև համապատասխան գնման ընթացակարգեր և կնքում գնման պայմանագրեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

 30. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

31. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր կողմից կոմիտեի աշխատակազմին հանձնված գույքը:

32. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

33. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ):

34. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախագահը:

 

VIII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

35. Կոմիտեի աշխատակազմը կառավարում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ու նախագահը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

36. Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

37. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

39. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

40. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, նախագահի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

41. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

42. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.

6) նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

10) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է սահմանված ժամկետներում կոմիտեի աշխատակազմի կողմից աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները։

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

43. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1385-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Զբոսաշրջության քաղաքականության վարչություն

 

Միջազգային համագործակցության վարչություն

 

Մարքեթինգի և խթանման վարչություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2018, N 705-Ն 30.06.2018, N 1385-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան