Գլխավոր տեղեկություն
Համար
N 1377-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1222.48
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2016 թվականի N 1377-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ:

2. Սահմանել, որ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է:

3. Հաստատել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

4. Հաստատել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի։

5. «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Աշոտ Ասլանյանին (անձնագիր՝ AK 0579087, տրված՝ 29.07.2010 թ., 004-ի կողմից):

6. «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. դեկտեմբերի 30
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1377-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:

3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

4. Հիմնադրամի անվանումն է`

 1) հայերեն լրիվ՝  «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ.
 
  2) հայերեն կրճատ՝  ՀԻՀ.
   
 3) անգլերեն լրիվ`  «Jurisdiction Armenia» Foundation.
   
 4) անգլերեն կրճատ`  JAF.
   
 5) ռուսերեն լրիվ` Ôîíä «Þðèñäèêöèÿ Àðìåíèè».
   
 6) ռուսերեն կրճատ` ÔÞÀ:

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

6. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

7. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

8. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին կամ կարգերին համապատասխան:

9. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպությունների:

10. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

11. Հիմնադրամն ունի իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք՝ հիմնադրամի խորհրդանիշով: Հիմնադրամն ունի նաև դրոշմ և ձևաթուղթ: Հիմնադրամի ձևաթուղթը պարունակում է նշումներ հիմնադրամի անվանման, խորհրդանիշի, գտնվելու վայրի, կապի միջոցների մասին:

12. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

13. Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ, ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

 

15. Հիմնադրամի նպատակներն են`

1) հնարավորություն ստեղծելը երկրի գլոբալիզացման համար` ազգային արժեքների պահպանմամբ, և օժանդակություն ցուցաբերելը Հայաստանի Հանրապետության տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ նախապատրաստելով ֆինանսական, հարկաբյուջետային, պետական գրանցումների և դատական ոլորտներում լուծումներ ու դրանց իրականացումը խթանելը՝ մշակելով օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների նախագծեր՝ իր իրավասությունների շրջանակում օժանդակելով բարեփոխումներին.

2) միջազգային լավագույն փորձի հիման վրա գրավիչ միջավայր ստեղծելը «Հայաստանի իրավազորություն» ծրագրի լուծումներից օգտվող կազմակերպությունների և դրանց աշխատողների ու մասնակիցների համար՝ նպաստելով, աջակցելով և օժանդակելով կրթական, մշակութային, տրանսպորտային, հեռահաղորդակցության, բնապահպանական, սննդի, բժշկության, անվտանգության և այլ` հումանիտար, ենթակառուցվածքային ու պաշտպանական ոլորտների զարգացմանը, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը՝ որպես գրավիչ և մրցունակ իրավազորության.

3) Հայաստանի տնտեսության և մարդկային կապիտալի զարգացումը խթանելը՝ ամրապնդելով Հայաստանի կապը համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների հետ, ապահովելով բարձր տնտեսական ազատության աստիճան, ֆինանսական հոսքերի արագ աճ և հակաճգնաժամային բուֆերային ռեսուրսների նոր աղբյուր՝ հակակշռելու ներքին և արտաքին ռիսկային գործոնները՝ ներգրավելով ֆինանսական միջոցներ, տեխնոլոգիաներ, մասնագիտական կարողություններ՝ ներմուծելով նոր և բարձր աշխատանքային չափանիշներ, կառավարման տեխնոլոգիաներ, բարձրացնելով երկրի ներդրումային ունակությունները և ներգրավելով ներդրումներ.

4) «Հայաստանի իրավազորություն» ծրագիրն իրականացնելը` ստեղծելով մեծ շուկաների միջև հարմարավետ և գրավիչ հանգույց՝ ներդրումային հոսքերի և դրանց սպասարկման համար, անցկացնելով ու պատվիրելով ուսումնասիրություններ և հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետությանը կամ հայանպաստ խնդիրներին ծառայելու համար բարձրորակ մասնագետների և հեղինակավոր անհատների ներգրավելով ու ապահովել նրանց վարձատրությունը և (կամ) փոխհատուցումները.

5) «Հայաստանի իրավազորություն» ծրագրից բխող և ծրագրի իրականացմանն աջակցող այլ գործառույթներ իրականացնելը:

16. Հիմնադրամի գործունեության ուղղություններն են`

1) առաջարկներ, կարծիքներ, օրենսդրական ակտերի նախագծեր պատրաստելը.

2) «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում կազմակերպություններ ստեղծելը, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն հիմնադրամի նպատակների իրականացման համար.

3) տարբեր կառավարական մարմինների հետ համագործակցելը.

4) թիրախային խմբերի համար թիրախային լուծումներ մշակելը.

5) լիազորել կազմակերպություններին ու հաստատություններին գործունեություն ծավալելու «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում.

6) գործընթացները մշտադիտարկելը և ուղղորդելը.

7) «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրականացման համար հաղորդակցության միջոցներ ստեղծելը.

8) ծրագրից բխող այլ գործողություններ իրականացնելը:

17. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակներին: Հիմնադրամը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել կազմակերպություններ, կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իր անունից (անձամբ), իսկ ըստ անհրաժեշտության համապատասխան ենթակապալառուների և ենթակատարողների ներգրավման միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են`

1) միջազգային կազմակերպություններին, մասնավոր անձանց, պետական մարմիններին, անդրսահմանային կորպորացիաներին խորհրդատվության տրամադրում.

2) աջակցության տրամադրում՝ տարբեր գործընթացների շրջանակներում՝ ներառյալ առաջխաղացման ապահովումը, հասարակության և պետական մարմինների հետ կապերի հաստատումն ու պահպանումը, այլ գործընթացների արդյունավետ կազմակերպումը.

3) ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում.

4) ներկայացուցչություն տարբեր գործընթացների շրջանակներում՝ պետական և մասնավոր անձանց հետ.

5) դասընթացների և թրեյնինգների կազմակերպում, որակավորման և սերտիֆիկացման կազմակերպում և հարակից այլ ծառայություններ.

6) մտավոր սեփականության իրավունքների վաճառքի, վարձակալություն կամ որևէ այլ եղանակով տրամադրում և դրանց դիմաց փոխհատուցման (ռոյալթիների) ստացում.

7) գույքի՝ ներառյալ անշարժ գույքի, կամ այլ իրավունքների վարձակալության, կամ այլ եղանակով հատուցելի կերպով տրամադրում:

18. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործում է կանոնադրական նպատակների իրականացման համար:

19. Հիմնադրամի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվություն ստանալու պահից:

20. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`

1) արտաբյուջետային, ծրագրային, նպատակային, նախագծային և այլ աղբյուրներից, մասնավոր, հասարակական և այլ կազմակերպություններից, իր կողմից հիմնադրված կամ իր մասնակցությունը, անդամությունը ունեցող կազմակերպություններից, մասնավոր անձանցից, օրենքով չարգելված այլ աղբյուրներից ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և արտերկրի հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.

3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

21. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության բնակիչները, հիմնադրամի մարմինների անդամները և աշխատողները, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտներին ու բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են մասնակցել հիմնադրամի գործունեությանը` կամավոր նվիրաբերություններ կատարելով, գույքն անհատույց կամ վարձավճարի դիմաց օգտագործման հանձնելով, ինչպես նաև հիմնադրամի գործունեության իրականացման ժամանակ կամավոր աշխատանքներ կատարելով:

23. Հիմնադրամը, կանոնադրական նպատակներն իրականացնելու համար, գործող օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից` իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու կազմակերպություններ կամ լինելու նրանց մասնակից, կառավարելու և տնօրինելու կազմակերպություններում իրեն պատկանող բաժնեմասերն ու բաժնետոմսերը.

5) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոց.

6) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն.

7) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր:

24. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

25. Սույն կանոնադրության 27-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, կանոնադրության մեջ կատարվող լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձանց պահանջով տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Նշված փաստաթղթերն օրենքով լիազորված իրավասու պետական մարմիններին տրամադրվում են անվճար:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՆՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

26. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրամին հիմնադրի կողմից որպես սկզբնական միջոց հանձնված գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հիմնադրամի սեփականությունն են: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար:

27. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր կողմից կամ իր մասնակցությամբ ստեղծված կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից.

7) միջոցներ 20-րդ կետի 1-ին ենթակետի աղբյուրներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցներ:

28. Հիմնադրամի կողմից ստեղծված կամ ձեռք բերված կամ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հիմնադրամին ի սեփականություն հանձնված գույքը` ներառյալ շարժական և անշարժ գույքը, դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ փոխանցված իրավունքները, հիմնադրամի սեփականությունն են:

29. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

30. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) հիմնադրամի կառավարիչը` գործադիր տնօրենը:

31. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է հինգ անդամից: Խորհրդի առաջին անհատական կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Խորհրդի առաջին անհատական կազմի անդամների լիազորությունները սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա` դրան հաջորդ օրվանից:

32. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում.

5) համակարգելու հիմնադրամի նպատակներին վերաբերող՝ հիմնադրամի գործունեության տարբեր ոլորտների կամ ուղղությունների աշխատանքը և ստանալու փոխհատուցում:

33. Խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

34. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ մակարդակով չկատարելու դեպքում խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) եթե դադարել են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

5) նրա մահվան դեպքում.

6) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնում այլ անձի նշանակման կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

7) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է:

35. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է այն կարգով, որով նշանակվել է նախկին անդամը, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում:

36. Եթե սույն կարգի 35-րդ կետով սահմանված կարգով նոր անդամ չի նշանակվել, ապա խորհուրդը երկամսյա ժամկետում ընդունում է որոշում հոգաբարձուների խորհրդի քանակական կազմի նվազեցման և սույն կանոնադրությունը փոփոխելու մասին, ընդ որում` կանոնադրության փոփոխության արդյունքում անդամների քանակը չի կարող երեքից պակաս լինել:

37. Խորհրդի իրավասություններն են`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության և նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

10) կազմակերպությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ընկերությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարման ու օտարման, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

11) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

12) եռամսյա պարբերականությամբ գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը.

13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

14) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

15) հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.

16) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

17) հիմնադրամի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց աշխատանքի վարձատրության մասին որոշումների ընդունումը.

18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

38. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից այն ներկայացվելուց 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

39. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

40. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

41. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

42. Խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման, կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ հիմնադրամի վերակազմակերպման դեպքում որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների ճնշող (2/3) մեծամասնությամբ:

43. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

44. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր` սույն կանոնադրության 37-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված` հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 37-րդ կետի 2-րդ, 3-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ խորհրդին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

4) հիմնադրամի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում հիմնադրամի գործադիր տնօրենի հետ:

45. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

46. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր տնօրենը:

47. Գործադիր տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:

48. Գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

49. Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված մեկ այլ անձ: Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով սահմանված կարգով:

50. Գործադիր տնօրենը կարող է այլ կազմակերպություններում վճարովի պաշտոն գբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ:

51. Գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր և հիմնադրամի անունից կնքում գործարքներ.

4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

5) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող կազմակերպությունների կանոնադրությունները.

6) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

8) իրականացնում է ամենօրյա աշխատանքներ՝ հիմնադրամի խորհրդի որոշումների կատարման նպատակով.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

52. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող են կատարել ինչպես հիմնադրամի հիմնադիրը, այնպես էլ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության մեջ կատարվող այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:

53. Եթե կանոնադրության անփոփոխ ձևով պահպանումը կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, կամ կանոնադրությունը չի փոփոխում նրա` իրավասություն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրի կամ օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

54. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել` այլ հիմնադրամի միացման կամ միաձուլման ձևով: Վերակազմակերպումը կատարվում է խորհրդի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

55. Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելու իրավունք ունի միայն դատարանը` ցանկացած շահագրգիռ անձի (այդ թվում` հիմնադրամի) դիմումի համաձայն: Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ սահմանում է լուծարման կարգը և ժամկետները: Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

56. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ իր գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխությունները.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքները և ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

57. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է նրա կանոնադրական նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

58. Հիմնադրամի գործունեության դադարման (վերակազմակերպման) դեպքում հիմնադրամի բոլոր փաստաթղթերը (կառավարչական, ֆինանսատնտեսական, աշխատակազմի վերաբերյալ և այլն) փոխանցվում են իրավահաջորդ կազմակերպությանը:

59. Հիմնադրամի լուծարման դեպքում պահպանման ենթակա փաստաթղթերը հանձնվում են պետական արխիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

60. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելու դեպքում համարվում է վերակազմակերպված` նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

61. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս համարվում է վերակազմակերպված` հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

62. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1377-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ա. Ղարիբյան     - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (նախագահ)
 
 Վ. Արամյան    - ՀՀ ֆինանսների նախարար
     
  Ս. Կարայան     - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
     
 Ա. Խաչատուրյան    - ՀՀ վարչապետի խորհրդական
     
 Ա. Կոնստանդյան  

 - «Անիվ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան