Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1353
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.09/15(1290) Հոդ.220
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 փետրվարի 2017 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄԵՂՐԻ-ՆՈՒՐԴՈՒԶ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԱՐՊԱՍԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 17.02.2017 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում՝ պայմանավորվող կողմերի միջև սահմանային անցման ընթացակարգերը և մաքսային ձևակերպումները պարզեցնելու նպատակով: Կողմերը, իրենց միջազգային պարտավորություններին և Համաձայնագրի դրույթներին համապատասխան, Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կմատուցեն համատեղ ծառայություններ` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը հնարավորության դեպքում խուսափի նույնանման մաքսային գործառնությունների կրկնությունից,

● Համաձայնագրի շրջանակի և նպատակների համար չկիրառել միակողմանի պաշտոնական ընթացակարգեր, որոնք անհամատեղելի են Համաձայնագրում նշված դրույթների հետ,

● Իրանի Իսլամական Հանրապետության հետ տեղեկություն փոխանակել երկկողմ առևտրի և ՀՀ տարածքում տեղի ունեցած մաքսային իրավախախտումների վերաբերյալ,

● Իրանի Իսլամական Հանրապետությանը տեղեկացնել ՀՀ մաքսային կարգավորումների և օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների մասին,

● Համաձայնագրի դրույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով ստեղծել Համատեղ կոմիտե՝ իրավասու մարմինների հովանու ներքո և փոխադարձ համակարգմամբ, և այլն:

 

3. 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1353

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան