Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1327
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.16/90(1270) Հոդ.1177
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 դեկտեմբերի 2016թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան 28.11.2016թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Փարիզյան համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին: Համաձայնագիրը կնքվել է կայուն զարգացման և աղքատության վերացմանը միտված ջանքերի համատեքստում կլիմայի փոփոխության սպառնալիքին գլոբալ արձագանքն ամրապնդելու նպատակով: Համաձայնագիրն ուղղված է 1992 թվականի մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված` Միավորված ազգերի կազմակերպության` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) նպատակների իրականացմանը:

Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

 

2. Համաձայնագիրը՝ խթանելով Կոնվենցիայի դրույթների իրականացումը` նպատակ ունի ամրապնդելու գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին, ներառյալ գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 20C-ից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու համար ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.50C-ով` գիտակցելով, որ դա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները: Ընդ որում, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունությունն ու ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովումը պետք է իրականացվի այնպիսի եղանակով, որ չվտանգվի պարենի արտադրությունը:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 որպես ազգային մակարդակում սահմանված` կլիմայի փոփոխությանը գլոբալ արձագանքման գործողություններ` նախաձեռնել և գործադրել Համաձայնագով սահմանված հավակնոտ ջանքերը` նպատակ ունենալով իրագործելու Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված նպատակը,

 

 յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ ներկայացնել ազգային մակարդակում սահմանված գործողությունները,

 

 ըստ ազգային մակարդակում սահմանված ՀՀ գործողությունների` մարդածին արտանետումների և կլանիչների հաշվառման ժամանակ ապահովել շրջակա միջավայրի ամբողջականությունը, գործողությունների թափանցիկությունը, ճշգրտությունը, ավարտվածությունը, համեմատելիությունն ու հետևողականությունը և կրկնակի հաշվառումից խուսափումը,

 

 ներկայացնել ջերմոցային գազերի ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն, որը հաշվի է առնում կողմերի ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո,

 

 ըստ անհրաժեշտության` միջոցներ ձեռնարկել ջերմոցային գազերի կլանիչներն ու կուտակիչները, ներառյալ` անտառները, պահպանելու և ընդլայնելու համար,

 

 համագործակցության և օժանդակության սկզբունքների հիման վրա ամրապնդել կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների հետ կապված կորուստների ու վնասների վերաբերյալ փոխըմբռնումը, գործողություններն ու աջակցությունը,

 

 հաշվի առնելով տեխնոլոգիաների կարևորությունը Համաձայնագրի շրջանակում հետևանքների մեղմացման ու հարմարվողականության գործողությունների իրականացման համար և ընդունելով տեխնոլոգիաների ներդրման ու տարածման առկա ջանքերը՝ ամրապնդել տեխնոլոգիաների մշակման և փոխանցման շուրջ համագործակցությունը,

 

 ըստ նպատակահարմարության` միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթությունը, ուսուցումը, հանրությանն իրազեկումը, հանրության մասնակցությունը և հանրության համար տեղեկությունների հասանելիությունը բարելավելու նպատակով,

 

 կանոնավոր կերպով տրամադրել Համաձայնագրի 13-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ տրամադրել նաև Համաձայնագրի 7-րդ հոդվածի ներքո կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականության վերաբերյալ:

 

4. Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 դեկտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1327

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան