ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2016 թվականի N 1234-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1489-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 631-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 137-րդ կետի երրորդ պարբերությունում «որոնցում անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը հավասար է կամ գերազանցում է ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված կարգավորող հսկողությունից դուրսբերման մակարդակները» բառերը փոխարինել «ինչպես նաև պնդացված հեղուկ ռադիոակտիվ թափոնները, որոնցում անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը հավասար է կամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի N 27 աղյուսակում ներկայացված կարգավորող վերահսկողությունից դուրսբերման մակարդակները» բառերով.
2) 141-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 141.1-ին կետով.
«141.1. Ռադիոակտիվ թափոնները պետք է բնութագրվեն համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:».
3) 144-րդ կետը «նախնական մշակման» բառերից հետո լրացնել «և (կամ) մշակման» բառերով, իսկ «երկարաժամկետ պահման կամ թաղման համար:» բառերը փոխարինել «պահման և թաղման համար:» բառերով.
4) 147-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«147. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում առաջացող տարբեր դասերի ռադիոակտիվ թափոնները պետք է ժամանակավորապես պահվեն առանձին շինություններում կամ հատուկ առանձնացված տեղամասերում՝ մինչև ռադիոակտիվ թափոնների մասնագիտացված կազմակերպություն փոխանցելը, իսկ շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնների դեպքում՝ մինչև դրանցում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի N 27 աղյուսակում ներկայացված կարգավորող վերահսկողությունից դուրսբերման մակարդակներից ցածր լինելը: Նշված շինությունները և տեղամասերը պետք է համապատասխանեն բաց ռադիոիզոտոպային աղբյուրների հետ կատարվող աշխատանքների երկրորդ դասի համար նախատեսված սենքերին ներկայացվող պահանջներին:».
5) 148-րդ կետում «, որպեսզի դրանց ակտիվությունն իջնի ազատման մակարդակներից ցածր,» բառերը փոխարինել «, մինչև դրանցում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունն իջնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի N 27 աղյուսակում ներկայացված կարգավորող վերահսկողությունից դուրսբերման մակարդակներից ցածր,» բառերով.
6) 153-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«153. Ռադիոակտիվ թափոնները կարող են պահվել և թաղվել միայն ռադիոակտիվ թափոնների պահման և թաղման համար նախատեսված պահեստարաններում և գերեզմանոցներում:».
7) 155-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«155. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցը պետք է նախագծվի այնպես, որ գերեզմանոցի կենսական ցիկլի ընթացքում գերեզմանոցների վրա ազդող հնարավոր բնական երևույթների հետևանքով ներկայացուցչական անձի համար հաշվարկվող տարեկան դոզայի բաժնեմասը չգերազանցի 0.3 mSv-ը:».
8) 192-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 192.1-ին և 192.2-րդ կետերով.
«192.1. Բժշկական ճառագայթահարմամբ ախտորոշում անցնող անձանց ճառագայթային պաշտպանությունը պետք է օպտիմալացվի հետևյալ միջոցներով՝
ա) տեխնիկական և կազմակերպական միջոցների՝ սարքերի, սարքավորումների, համակարգերի և մեթոդների օգտագործմամբ, որոնց դեպքում պացիենտն ստանում է նվազագույն դոզա՝ հիվանդության պատկերի կամ ախտորոշման այլ տեղեկատվության պատշաճ որակի ստացմամբ,
բ) հետազոտման առանձին տեսակների համար ախտորոշման ուղղորդիչ մակարդակների կիրառում,
գ) պացիենտի կողմից ստացվող դոզայի չափում կամ հաշվարկում,
դ) հետազոտման որակի ապահովում:
192.2. Բժշկական ճառագայթահարմամբ բուժում անցնող անձանց ճառագայթային պաշտպանությունը պետք է օպտիմալացվի հետևյալ միջոցներով՝
ա) համակարգչային ծրագրերի և ռադիոդեղորայքային պատրաստուկների օգտագործմամբ,
բ) բուժման պրոցեդուրայի պլանավորում և իրականացում այնպես, որ թիրախ օրգանի հարակից հյուսվածքներն ստանան հնարավորինս նվազագույն ճառագայթահարման դոզա, իսկ թիրախ օրգանը՝ բուժման համար պահանջվող դոզա,
գ) բժիշկ ռենտգենոլոգի/ռադիոլոգի ցուցումով թիրախ օրգանում և այլ հյուսվածքներում կլանված դոզայի որոշում,
դ) բուժման պրոցեդուրայի որակի ապահովում:».
9) 195-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 195.1-ին կետով.
«195.1. Բժշկական ճառագայթահարման համար կիրառվող սարքավորումների օգտագործման պարամետրերը պետք է ստուգվեն սարքավորումները կլինիկական օգտագործման հանձնելու և սարքավորումների օգտագործման պայմանների փոփոխության դեպքում:».
10) 196-րդ կետի առաջին պարբերությունից հանել «, որոնց ցանկը հաստատվում է կարգավորող մարմնի կողմից` լիցենզավորման ժամանակ» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ռենտգենյան սարքերով ախտորոշման պրոցեդուրաների ժամանակ պացիենտների ճառագայթային պաշտպանության տեխնիկական միջոցների (ստացիոնար, շարժական և անհատական միջոցներ) կիրառումը պարտադիր է: Ճառագայթման դաշտից դուրս գտնվող պացիենտների մարմնի մասերը պետք է պաշտպանվեն անհատական պաշտպանական միջոցներով:».
11) 201-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 201.1-ին կետով.
«201.1. Կերակրող մայրերի օրգանիզմ բժշկական նպատակներով ռադիոդեղորայքային պատրաստուկների ներարկման դեպքում պետք է ժամանակավորապես, կախված ներարկվող ռադիոակտիվ իզոտոպի տեսակից և ակտիվությունից, դադարեցվի երեխային կրծքով կերակրելը: Կրծքով կերակրելու դադարեցման ժամկետը որոշում է բուժող բժիշկը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի «Ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը հաստատելու մասին» N 631-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոն՝ մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն.
9) ռադիոակտիվ թափոնների ընդունելիության չափանիշներ՝ ռադիոակտիվ թափոնի փաթեթի և թափոնի ձևի նկատմամբ ներկայացվող ռադիոլոգիական, մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական չափանիշներ, որոնք ապահովում են ռադիոակտիվ թափոնների ընդունելի լինելը վերամշակման, պահման, փոխադրման և թաղման համար:».
2) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին կետը.
3) 4-րդ կետից հանել «կարճաժամկետ ու երկարաժամկետ» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 6 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|