Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-108
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.03.2006-15.12.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2012

030.0108.26.08.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-79 հրամանագրին համապատասխան որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
26 օգոստոսի 1998 թ.
ՆՀ-108

 

 

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության Նախագահի

1998 թվականի օգոստոսի 26-ի

ՆՀ-108 հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-79 հրամանագրով ստեղծված` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

- մշակել տեղական ինքնակառավարման բնագավառում համաձայնեցված միասնական պետական քաղաքականության հիմնադրույթները և դրանց իրականացման ուղղությամբ անհրաժեշտ առաջարկությունները.

- մշակել գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների հետ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցության կառուցակարգերը և դրանց հետ կապված անհրաժեշտ միջոցառումների համալիր ծրագիրը.

- ուսումնասիրել և վերլուծել տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները.

- վեր հանել տեղական ինքնակառավարմանը վերաբերող իրավական ակտերի միջև առկա հակասությունները և առաջարկություններ ներկայացնել դրանց վերացման ուղղությամբ.

- տեղական ինքնակառավարմանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

- համագործակցել տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց տարածքային ծառայությունների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային, օտարերկրյա և այլ կազմակերպությունների հետ:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`

- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև այլ կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

- կատարել քաղաքացիներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից ստացված առաջարկությունների ուսումնասիրություն և փորձաքննություն.

- իր աշխատանքներին օժանդակելու նպատակով դրանցում հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել գիտական հաստատություններ, ինչպես նաև առանձին գիտնականների և մասնագետների.

- սահմանել իր աշխատանքների կազմակերպման կարգը:

5. Հանձնաժողովի հիմնական կազմը, հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող մարզպետների և համայնքների ղեկավարների ցուցակը և կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

(5-րդ կետը խմբ. 16.03.06 ՆՀ-58-Ն)

6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

7. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

8. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի որևէ անդամ կարող է ներկայացնել Հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

9. Հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի նախապատրաստած առաջարկությունները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկատվություն.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

- նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը, ժամը և առաջարկում օրակարգը.

- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

- ապահովում է Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումն ու հրապարակայնությունը.

- ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.

- Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

- հաստատում է Հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների կազմը.

- իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(9-րդ կետը լրաց. 16.03.06 ՆՀ-58-Ն)

9.1. Հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկված մարզպետների և համայնքների ղեկավարների անհատական կազմի ռոտացիան կատարվում է յուրաքանչյուր տարի` Հանձնաժողովի նախագահի սահմանած հերթականությամբ:

Հանձնաժողովի գործող կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող տասնչորս անդամներից երկուսը պետք է լինեն մարզպետներ, մեկական անդամ պետք է ներկայացնի յուրաքանչյուր մարզ, երկուսը` Երևան քաղաքը:

(9.1-ին կետը լրաց. 16.03.06 ՆՀ-58-Ն)

10. Հանձնաժողովի քարտուղարին ընտրում է Հանձնաժողովը` իր անդամների թվից:

Հանձնաժողովի քարտուղարը`

- ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի, նիստերի օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը.

- Հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան Հանձնաժողովի նիստից յոթ օր առաջ ուղարկում է Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, նրանց տեղեկացնում Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին.

- վարում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և հետևում է Հանձնաժողովի կայացրած որոշումների կատարման ընթացքին.

- կատարում է Հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

11. Հանձնաժողովի անդամները`

ա) իրավունք ունեն`

- հարցեր ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը.

- առաջարկություններ ներկայացնել Հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

- Հանձնաժողովի որոշումների վերաբերյալ ներկայացնել հատուկ կարծիք.

- ծանոթանալ Հանձնաժողովի նիստերի արձանագրություններին,

բ) պարտավոր են`

- մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին.

- կատարել Հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

Հանձնաժողովի անդամները կատարում են սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերը, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, կարող է վարել Հանձնաժողովի անդամներից մեկը:

Հանձնաժողովի նախագահի հրավերով Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

13. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ, դրանք ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

Եթե Հանձնաժողովի որևէ անդամ Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ գրավոր կարծիք, ապա այն կցվում է Հանձնաժողովի որոշմանը:

15. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

16. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

17. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից լուծարվելը: