Գլխավոր տեղեկություն
Համար
N 1295-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.21/91(1271) Հոդ.1195
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1295-Ն

 

«ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման 1.4-րդ կետի «Կրթություն և գիտություն» բաժնի 1-ին կետի «ժ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ներդնել Հայաստանի Հանրապետության մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում:

2. Սահմանել, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության քննություններն իրականացվում են Արարատյան բակալավրիատին հատկացված նպատակային տեղերի շրջանակում: Տեղերի քանակը և մասնագիտություների ցանկը սահմանվում են ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված, ներբուհական և Արարատյան բակալավրիատի քննություններն են: Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ: Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների գնահատականներն առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ:»:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում ներդրման ծրագիրը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան