Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-37-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (25.02.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.15/11(535) Հոդ.228
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 15-ի ՆԿ-293-Ն կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել սույն հրամանագրի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի մշակումը և հաստատումը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. փետրվարի 7
Երևան
ՆՀ-37-Ն

 

 

Հավելված
ՀՀ Նախագահի
2007 թ. փետրվարի 7-ի
ՆՀ-37-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ՆԻՍՏՈՒՄ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ)

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն էուղղ.: Այն իրականացվում է կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության մշակման և իրագործման միջոցով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև ըստ սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման:

 

Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են`

I. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները, նրա դեմ ուղղված սպառնալիքներըուղղ.

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքներն են`

2. Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները

 

Ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են`

 

Անկախության ոլորտում.

Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում.

Խաղաղության և միջազգային անվտանգության ոլորտում.

Հայապահպանության ոլորտում.

Բարեկեցության ոլորտում.

3. Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները

 

Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են՝ պետության, հասարակության, ընտանիքի և անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթները, գործողություններն ու անգործությունը: Այդպիսի սպառնալիքներ կարող են ծագել երկրի ներսում (ներքին սպառնալիքներ) և երկրի սահմաններից դուրս (արտաքին սպառնալիքներ):

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առանցքային խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

20-րդ դարի վերջին վերականգնելով իր անկախությունը` Հայաստանի Հանրապետությունը դեռևս պահպանում է անցումային ժամանակաշրջանին բնորոշ կերպափոխման առանձնահատկությունները, որոնցով էլ պայմանավորված են հիմնական ներքին սպառնալիքները:

Նույն ժամանակահատվածում Հայաստանի մերձակա տարածքներում ի հայտ եկան անվտանգության համար ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային սպառնալիքներ: Ներտարածաշրջանային սպառնալիքներն առավելապես պայմանավորված են տարածաշրջանում առկա ազգամիջյան հակամարտություններով, զինված բախումներով: Արտատարածաշրջանային սպառնալիքները հիմնականում բխում են տարածաշրջանի նկատմամբ բոլոր հիմնական ուժային կենտրոններիուղղ. շահերի խաչաձևումից:

 

Արտաքին սպառնալիքներն են`

Ներքին սպառնալիքներն են`

Նշված սպառնալիքների կանխման և դրանց հետևանքների վերացման, պետության և հասարակության կայուն զարգացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության հիմքում դրվում է ազգային անվտանգության ռազմավարությունը:

 

II. Ներքին անվտանգության ռազմավարությունը

 

Հայաստանի Հանրապետության կայուն և անվտանգ զարգացումը պահանջում է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, ժողովրդավարական արժեքների արմատավորում, տնտեսական աճի պահպանմանն ուղղված քայլերի ձեռնարկում: Դրա անհրաժեշտության գիտակցմամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել համապարփակ բարեփոխումների իրագործմանը: Բարեփոխումներն իրականացվում են ազգային ինքնության պահպանման պայմանով` հենվելով առավելապես ազգային ներուժի վրա, օգտագործելով միջազգային հանրության փորձն ու աջակցությունը: Բարեփոխումների ձգձգումը կամ ձախողումը անմիջական սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:

Բարեփոխումների իրագործումն ապահովվում է միասնական պետական քաղաքականության իրականացմամբ: Այն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության որոշումների և դրանցից բխող նորմատիվ ակտերի համալիրի միջոցով:

 

1. Արդյունավետ պետական կառավարում

 

Նպատակներն են` պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, կայունության ապահովումը, ժողովրդավարական արժեքների և առաջին հերթին մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը:

Հաստատութենական (ինստիտուցիոնալ) բարեփոխումները միտված են ժողովրդավարական պետության զորացմանը, պետական կառավարման մարմինների արդյունավետ գործունեության, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք կայացմանը, որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը, կոռուպցիայի, մասնավորապես՝ կաշառակերության դեմ պայքարի ուժեղացմանը: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է համապատասխան պետական հեռանկարային ծրագրեր, այդ թվում՝ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր, վարչական արդարադատության համակարգի ձևավորման և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նախագծեր:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրներից է ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման համակարգի հաստատումը:

Որպես պետության սահմանադրական կարգի պահպանության, իրավունքի գերակայության, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովման հիմնարար խնդիր` Հայաստանի Հանրապետությունը կարևորում է իրավապահպանության բնագավառի ռազմավարական բարեփոխումները: Դրանք ուղղված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովմանը, հակաիրավական ոտնձգություններից պետության, հասարակության և անհատի պաշտպանությանը:

 

2. Բանակաշինություն

 

Նպատակն է՝ պետության այնպիսի պաշտպանական ներուժի ապահովումը, որն անհրաժեշտ է հետ մղելու որևէ ագրեսիա` Հայաստանի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունն ապահովում են մարտունակ, արտաքին սպառնալիքների հետմղման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի առաջնայնություններն ու նպատակները պետք է ներկայացվեն ռազմական դոկտրինի միջոցով: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով:

Հայաստանի Հանրապետությունը հետևողական է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և ռազմական բյուջեի պլանավորման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների ապահովման խնդրում:

Գիտակցելով արդի մարտահրավերների նկատմամբ մեկ պետության կարողությունների սահմանափակ լինելը` Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ակտիվ ռազմաքաղաքական համագործակցությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային պետությունների հետ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցում են խաղաղության և անվտանգության ապահովման միջազգային գործողություններին:

Այս բարեփոխումներն ու համագործակցությունը իրականացվում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի և ուղղված չեն երրորդ երկրների դեմ:

 

3. Ազատական տնտեսություն

 

Նպատակներն են՝ տնտեսության կայուն աճը, մանր և միջին գործարարության զարգացումը, էներգետիկ անկախությունը, գործարարության համար առավել ազատական պայմանների ստեղծումը:

Մասնավոր սեփականության հանդեպ հարգանքն ու ձեռնարկատիրական ջիղը պատմականորեն բնորոշ են Հայաստանի ազգաբնակչությանը: Այդ յուրահատկությունները և դրանց արտացոլումը բարեփոխումների քաղաքականության մեջ նպաստավոր պայմաններ ստեղծեցին Հայաստանի տնտեսության արագընթաց աճի համար:

Հայաստանի Հանրապետությունը հատկապես կարևորում է մանր և միջին գործարարության զարգացումը և նպաստում դրա զարգացմանը` հաշվի առնելով դրա բացառիկ նշանակությունը ժողովրդավարական հասարակության կայացման, ինչպես նաև Հայաստանի համար ավանդական ընտանեկան կապերի պահպանման համար:

Հայաստանն իր կայուն տնտեսական առաջընթացի ապահովման գործում կարևորում է`

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է.

4. Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ

 

Նպատակներն են` աղքատության հաղթահարումը, բնակչության կենսամակարդակի հարաճուն բարձրացումը, սոցիալական արդարության արմատավորումը, հասարակության բևեռացման վերացումը, գիտակրթական համակարգի արդիականացումը, կրթության մատչելիությունը, հոգևոր-մշակութային ոլորտների շարունակական զարգացումը:

Կյանքի նոր որակ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական, գիտակրթական, հոգևոր-մշակութային ոլորտներում վարած քաղաքականությունը միտված է`

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է`

III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

 

Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) բնակչության անվտանգության երաշխավորի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու առաքելությունը կողմերի համաձայնությամբ վստահվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությամբ: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է խնդրի կարգավորման շուրջ ծավալվող քննարկումների մասնակիցների փորձագիտական բարձր մակարդակը: Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար չի համարում խնդրի կարգավորման վերաբերյալ այլ կառույցների կողմից հայտարարությունների քննարկումն ու ընդունումը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավումը կարգավորման գործընթացներին:

Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ և փոխզիջումային ճանապարհով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, այն է` այդ հիմնախնդիրը լուծել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով: Ուստի, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պահանջում է մշտական բարձր մարտական պատրաստականություն: Այս գործում Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ևուղղ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:

 

IV. Արտաքին անվտանգության ռազմավարություն

 

Հայաստանն իր արտաքին անվտանգության ռազմավարությունն իրականացնում է` առաջնորդվելով հետևյալ գլխավոր սկզբունքներով.

 

Փոխլրացում

 

Հայաստանը միջազգային ասպարեզում հարաբերությունները կառուցում է գործընկերության հիմքի վրա՝ արդյունավետ հարաբերություններ զարգացնելով տարածաշրջանում գործող շահագրգիռ բոլոր ուժերի հետ միաժամանակ: Այն ուղղված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը:

Ահաբեկչության դեմ պայքարում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրներում միջազգային հանրության համախմբումը և միջազգային կայունության արդի մարտահրավերների շուրջ մեծ տերությունների միջև ծավալված երկխոսության դրական ընթացքը ներկայումս նպաստում են Հայաստանի կողմից փոխլրացման արտաքին քաղաքականության իրականացմանը:

 

Ներգրավվածություն

 

Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային ներգրավման գործընթացներին մասնակցող երկիր է և իրեն դիտում է որպես տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների լիիրավ մասնակից: Ներգրավվածությունը ենթադրում է մասնակցություն միջազգային ասպարեզում ընթացող այն զարգացումներին, որոնց համահունչ են Հայաստանի որդեգրած նպատակները:

Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, զարգացման եվրոպական ուղու որդեգրումը, ԱՄՆ և Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունը, ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացումը ընդլայնում են փոխլրացման քաղաքականություն վարելու ներուժը:

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման ռազմավարությունը իրականացվում է երեք հիմնական հարթություններով` միջազգային, տարածաշրջանային և համահայկական:

 

1. Միջազգային

 

Միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու, դրանց դրական և բացասական միտումներին համարժեք արձագանքելու նպատակով Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավման միջոցով ազգային շահերը պաշտպանելու ռազմավարությունը: Այն ենթադրում է ակտիվ մասնակցություն միջազգային արդի գործընթացներին, բազմակողմ, բազմաշերտ և երկկողմ ակտիվ քաղաքականության իրականացում:

Միջազգային ներգրավման ռազմավարությունը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

1.1. Արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները

 

Երկրի անվտանգության ապահովմանն են նպատակաուղղված ինչպես Հայաստանի ռազմական ոլորտի համագործակցությունն առանձին երկրների հետ, այնպես էլ անդամակցությունն անվտանգության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, մասնակցությունը դրանց շրջանակներում իրականացվող միջազգային ծրագրերին: Հայաստանի անվտանգության ռազմաքաղաքական ապահովման հիմնական բաղադրիչներն են.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)

 

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Պայմանագրի նպատակն է միասնական ուժերով կանխել, իսկ անհրաժեշտության դեպքում վերացնել մասնակից պետությունների դեմ ուղղված ռազմական սպառնալիքը:

Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն ապահովվում է անդամ-պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ: Պայմանագրի ռազմական բաղադրիչն արտոնյալ պայմաններ է ընձեռում անդամ-պետություններին ռազմատեխնիկական մատակարարումների հարցում, ինչն առաջնային կարևորություն ունի Հայաստանի համար:

ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացումը միտված է անդամ-պետությունների միջև ռազմական համագործակցության գործուն մեխանիզմների ստեղծմանն ու կայացմանը, միջազգային սպառնալիքների` ահաբեկչության, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետ միջոցների ստեղծմանը, այս ասպարեզում տեղեկատվության փոխանակմանը:

 

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ)

 

Հայաստանը հետամուտ է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ ակտիվ և արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ընթանում է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) և «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում:

Ակտիվ մասնակցությունը Գործընկերության շրջանակներում կարևորվում է ոչ միայն եվրոպական անվտանգության առանցքը հանդիսացող կառույցի՝ ՆԱՏՕ-ի հետ պատշաճ մակարդակի հարաբերություններ ունենալու անհրաժեշտությամբ, այլ նաև ԱՄՆ և դաշնակից այլ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի եվրոպական ներգրավման քաղաքականության տեսանկյունից:

Հայաստանը ընդլայնում է քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ, խաղաղապահ գործողությունների մասնակցության նպատակով կառուցում է դաշնակիցների հետ զինված ուժերի համատեղելի ստորաբաժանումներ: Հայաստանն իր խաղաղապահ գումարտակով և մի շարք այլ ուժերով մասնակցում է «Պլանավորման և վերանայման գործընթացին»:

Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (ԱԳԳԾ) արդյունավետ իրագործումը նպաստելու է պաշտպանության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը, բարձրացնելու է վերջինիս արդյունավետությունը և ապահովելու է համատեղելիությունը զարգացած պետությունների պաշտպանական համակարգերի, ներառյալ` զինված ուժերի հետ:

 

1.2. Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին

 

Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)

 

1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների` մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավական պետության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների, օժանդակ մարմինների և օղակների հետ:

Հայաստանը շարունակելու է մասնակցել և գործնական ներդրում կատարել ահաբեկչության դեմ միջազգային պայքարին և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը` նպաստելով անվտանգության և կայունության ապահովման միջազգային ջանքերին:

Կարևորելով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ-ի առաջնային դերակատարությունը` Հայաստանը միևնույն ժամանակ համարում է, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նոր մարտահրավերներին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ը բարեփոխելու անհրաժեշտություն է առաջացել:

 

Եվրոպական կառույցներ

 

ա) Եվրոպական միություն (ԵՄ)

 

Եվրոպական կառույցների, առաջին հերթին ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը դրական անդրադարձ կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Եվրոպական միության` որպես համաշխարհային քաղաքականության և տնտեսության խոշորագույն ուժային կենտրոններից մեկի հետ հարաբերությունների զարգացումը կարևորվում է նաև առևտրատնտեսական կապերի առումով, ինչը նշանակալի գործոն է Հայաստանի տնտեսական զարգացման համար:

ԵՄ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հարավային Կովկասում հարատև կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման համար: Հայաստանի ընդգրկումը «Եվրոպական հարևանության քաղաքականություն» (ԵՀՔ) ծրագրի մեջ զգալի առաջընթաց է եվրոպական ներգրավման ճանապարհին:

ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերից:

 

բ) Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)

 

Եվրոպայի խորհրդին անդամակցությունն ամրագրեց Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում, քաղաքական, իրավական, մարդու իրավունքների ու մշակութային բնագավառներում եվրոպական չափանիշներին հետևելու երկրի ընտրությունը:

Հայաստանը կարևորում է Հարավային Կովկասում միջպետական մակարդակով և քաղաքացիական հասարակության դերակատարների միջև շփումները խթանելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը, ինչը կարևոր գործոն է տարածաշրջանային համագործակցության խթանման, հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանային կայունության ապահովման համար:

 

գ) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)

 

Հայաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին կարևորվում է Եվրոպայի անվտանգության ու կայունության ապահովման, ժողովրդավարության և իրավական պետության չափանիշների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքների առումով:

ԵԱՀԿ-ն Հայաստանի համար առանձնապես կարևորվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից` կապված այդ նպատակով ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ:

ԵԱՀԿ-ի գործունեության երեք հիմնական` ռազմաքաղաքական, մարդկային և տնտեսական-բնապահպանական չափումներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը լրացուցիչ կարևոր գործոն է երկրի անվտանգության և կայունության համար:

 

Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

 

Հայաստանը ԱՊՀ կառույցի հիմնադիրներից է և նրա շրջանակներում համագործակցության ծրագրերի մշակման և իրականացման ակտիվ մասնակիցը: Դա պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ բնագավառներում երկրի ունեցած շահերով:

ԱՊՀ-ն զգալիորեն նպաստում է անդամ երկրների միջև տնտեսական կապերի, սոցիալական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանը:

ԱՊՀ շրջանակներում ջանքեր են գործադրվում նաև մի շարք ոլորտներում համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, այդ թվում` ռազմաքաղաքական, արտաքին սահմանների պաշտպանության ու վերահսկման, ինչպես նաև միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների տարանցման և տարածման, ապօրինի արտագաղթի դեմ պայքարի:

 

Միջազգային տնտեսական կազմակերպություններ

 

Հայաստանը մեծապես շահագրգռված է տնտեսական համագործակցության միջազգային կառույցներում իր ներգրավմամբ և դրանց շրջանակներում ծավալվող գործունեությամբ: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցությունը:

Հայաստանի Հանրապետությունը սերտ և արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այդ շարունակական համագործակցությունը և նշված կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցությունը մեծապես նպաստել են իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գործունեությանը:

 

1.3. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափը

 

Ռուսաստանի Դաշնություն

 

Կովկասի տարածաշրջանի մի մասը ներառողուղղ. Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն տարածաշրջանային մակարդակով չսահմանափակվող բնույթ և ներուժ: Դրանք կրում են ռազմավարական բնույթ, ինչը պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի կարևոր դերով, հայ-ռուսական ավանդական բարեկամական կապերով, առևտրատնտեսական լայնածավալ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ, ինչպես նաև Ռուսաստանում հայկական ստվար համայնքի առկայությամբ:

Երկու երկրների միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրով կողմերի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն: Նշված պայմանագրերը և պաշտպանության ոլորտում երկու երկրների սերտ համագործակցությունը, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, հանդիսանում են Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկը:

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում կարևորվում է որպես Հայաստանի անվտանգության և տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ապահովման գործոն: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում սահմանային անվտանգության ապահովման և հակաօդային պաշտպանության բնագավառներում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը պաշտպանական, ռազմատեխնիկական և էներգետիկայի բնագավառներում, տրանսպորտային երթուղիների գործարկման, տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներում, Հայաստանի ռուսաստանաբնակ քաղաքացիների իրավական կարգավիճակի բարելավման հարցերում:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Դա պայմանավորված է ոչ միայն համաշխարհային, տարածաշրջանային ռազմաքաղաքական և տնտեսական գործընթացներում և միջազգային հարաբերություններում ԱՄՆ կարևոր դերակատարությամբ, այլև Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող բազմաբնույթ աջակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` երկրի ժողովրդավարական զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ընդարձակ և բազմաբնույթ տնտեսական համագործակցություն է ծավալվել: Մեծ է ԱՄՆ բաժինը Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալում:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը ներգրավված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում և իր նպաստն է բերում այդ ուղղությամբ տարվող միջնորդական ջանքերին: Հայաստանը կարևորում է նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության կայացմանն ուղղված ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը:

Հայաստանը համագործակցում է ԱՄՆ հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, խաղաղապահ գործողություններում, միջուկային զենքի չտարածման և համընդհանուր անվտանգության հետ կապված այլ հարցերում:

Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի հայկական Սփյուռքը, որը Միացյալ Նահանգներում ներկայացված է բազմաթիվ կազմակերպություններով և կենտրոններով:

 

Եվրոպական պետություններ

 

Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները Հայաստանի եվրոպական ներգրավման ընդհանուր գործընթացների մասն են կազմում: Երկկողմ հարաբերությունների օրակարգում Հայաստանը կարևորում է մեր երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման, եվրոպական ներգրավման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ու տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացները: Դա հնարավորություն է ընձեռում ընդարձակել առևտրային կապերը, մուտք գործել եվրոպական շուկա, խթանել Հայաստանի տնտեսության մեջ արվող ներդրումները:

Հայաստանը շահագրգռված է զարգացնելու բազմաբնույթ հարաբերությունները եվրոպական երկրների հետ` առաջնային համարելով քաղաքական, տնտեսական ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը: Միջազգային կազմակերպություններում համագործակցության հնարավորությունների կենսագործումը, ինչպես նաև մի շարք երկրներում մեծաթիվ հայ համայնքների առկայությունը և դրանց դրական ներուժը լրացուցիչ խթան են այդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է բարեփոխումների գործընթացում Արևելյան Եվրոպայի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:

 

Մերձավոր Արևելքուղղ.

 

Հայաստանի համար Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանին հարևան լինելու հանգամանքով և այնտեղ ծավալվող գործընթացների՝ միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաբնույթ կապերով կապված է եղել Մերձավոր Արևելքի երկրների հետ, հիմնել է ստվար համայնքներ, իր գործուն մասնակցությունն է ունեցել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքի իր ավանդական գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ, նոր լիցք է հաղորդելու Պարսից ծոցի և Միջերկրականի արաբական երկրների հետ հարաբերություններին, առևտրատնտեսական համագործակցությանը:

 

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրներ

 

Կայուն կերպով ընդլայնվում և խորանում են Հայաստանի հարաբերությունները Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ուղղությամբ: Այս տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը կարևորվում է ԱԽՏ-ի խոշոր պետությունների, առաջին հերթին Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի միջազգային դերակատարման բարձրացմամբ, տարածաշրջանի երկրների տնտեսական ներուժով և առաջընթացով, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում նրանց հետ համագործակցելու հնարավորություններով:

 

2. Տարածաշրջանային

 

Հայաստանի անվտանգությունը գլխավորապես պայմանավորված է հարևան երկրների հետ հարաբերություններով, ինչպես նաև նրանցում և նրանց շուրջ ընթացող իրադարձություններով:

Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության միջավայրի ձևավորման, անվտանգության համակարգի ստեղծման, հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերությունների հաստատման օգտին: Տարածաշրջանում առկա են չկարգավորված հակամարտություններ, տարաձայնություններ հարևանների հետ: Չեն ձևավորվել կայունության, անվտանգության, հաղորդակցության ուղիների և տնտեսական համագործակցության համընդհանուր ու միասնական համակարգեր:

Երկխոսության և համագործակցության ճանապարհով է հնարավոր լուծել տարածաշրջանային հակամարտությունները, հարթել հակասություններն ու պատմական կնճիռները, կանխել տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացումը և դրանց բացասական հետևանքները:

Հայաստանի անվտանգության ապահովման տարածաշրջանային ռազմավարությունը նպատակաուղղված է.

2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափ

 

Իրանի Իսլամական Հանրապետություն

 

Հայաստանի համար Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացումը պայմանավորված է էական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտիվ գործոններով` հարևանության հանգամանքով, պատմամշակութային կապերով, փոխադարձ տնտեսական շահերով:

Իրանի տարածքով են անցնում Հայաստանն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային երթուղիները: Հարևան երկու երկրների կողմից տնտեսական և տրանսպորտային շրջափակման պայմաններում կարևորվում է Իրանի` որպես դեպի Ասիա և Միջին արևելք ռազմավարական նշանակության ճանապարհ ապահովող երկրի դերը:

Փոխգործակցում են երկու երկրների էներգետիկ համակարգերը, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանի էներգետիկ անվտանգության այլընտրանքային աղբյուրների ապահովումը:

Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններըուղղ. արժևորվում են նաև այն հանգամանքով, որ վերջինս, հանդիսանալով տարածաշրջանի և իսլամական աշխարհի ծանրակշիռ ներկայացուցիչ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնականում հանդես է բերում հավասարակշռված մոտեցում:

Իրանի հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանը շարունակելու է զարգացնել էներգետիկայի, առևտրի ծավալների մեծացման, հաղորդակցության նոր ուղիների ձևավորման և արդեն առկա ներուժի արդյունավետ օգտագործման ուղղություններով:

Հայաստանը կարևորում է Իրանի ներգրավվածությունը Հարավային Կովկասում ընթացող տարաբնույթ գործընթացներում և այն դիտարկում որպես կայունության և հավասարակշռության պահպանման գործոններից մեկը:

 

Վրաստան

 

Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները ավանդաբար բարեկամական են և իրենց նշանակալի նպաստն են բերում տարածաշրջանում կայունության պահպանման գործին:

Վրաստանը կարևորվում է որպես տարածաշրջանում Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող պետություն, և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դրանց խորացումը բխում է Հայաստանի և Վրաստանի ռազմավարական երկարաժամկետ շահերից:

Հայաստանը մեծապես շահագրգռված է Վրաստանի կայուն և անվտանգ զարգացմամբ, ինչպես նաև առկա հակամարտությունների խաղաղ և ամբողջական կարգավորմամբ: Դա կնպաստի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարանցիկ ուղիների անվտանգ և վստահելի օգտագործմանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող Թբիլիսի-Սուխումուղղ. երկաթգծի վերաշահագործմանը:

Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայ համայնքի առկայության հանգամանքով: Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է Վրաստանի կառավարության հետ վրացահայության, այդ թվում` Ջավախքի երկրամասի հայ համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

 

Թուրքիայի Հանրապետություն

 

Հայաստանը և Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Դրանց խոչընդոտող հանգամանքներն են Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող մի շարք նախապայմանները:

Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին և շարունակելու է ձեռնարկել համապատասխան քայլեր խոչընդոտների հաղթահարման, երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված բնույթը, մասնավորապես` փակ սահմանը, Հայաստանի ազգային անվտանգության համար ստեղծում է սպառնալիքներ և խոչընդոտում Հայաստանի կայուն զարգացման գործընթացին: Այդ հարաբերությունների չկարգավորվածությունն իր անմիջական բացասական ազդեցությունն է ունենում նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության զարգացման վրա:

Փոխհարաբերությունների կարգավորման արդյունքում կնվազեն տարածաշրջանում բաժանարար գծերի ձևավորման վտանգները, բարենպաստ մթնոլորտ կստեղծվի նաև ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման շուրջ:

Հայաստանի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկության կապակցությամբ նրա հետ վարվող բանակցությունների գործընթացին: Հայաստանը կարևորում է այդ գործընթացում երկակի չափանիշների կիրառման բացառումը և համարում է, որ բանակցությունների վարման կարևոր պայման պետք է լինի Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակման վերացումը, ինչը հատկապես արդիական է եվրոպական հարևանության քաղաքականությանը Հայաստանի անդամակցելու համատեքստում:

 

Ադրբեջանի Հանրապետություն

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման վրա ներազդելու նպատակով Ադրբեջանը հրաժարվում է ինչպես միմյանց կապող տրանսպորտային երթուղիների շահագործումից, այնպես էլ երկու երկրների միջև տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության եզրեր փնտրելու Հայաստանի և միջազգային հանրության առաջարկություններից:

Հայաստանը համարում է, որ տարածաշրջանային և սահմանային համագործակցությունը` որպես փոխվստահության մթնոլորտի ստեղծման և ամրապնդման միջոց, նշանակալի դրական ազդեցություն կարող է ունենալ: Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և այդ նպատակով խրախուսելու է տարբեր մակարդակներով համագործակցությունը, շփումներն ու փոխայցելությունները:

 

3. Հայաստան-Սփյուռք հարաբերություններ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարևոր յուրահատկություններից է Սփյուռքին առնչվող խնդիրների համալիրը: Հայկական Սփյուռքն իր թվաքանակով գերազանցում է Հայաստանի բնակչությանը, սփռված է ողջ աշխարհով և մեծ մասամբ ցեղասպանության ու բռնի տեղահանման արդյունք է: Սփյուռքը բնորոշվում է տարբեր պետություններում բարձր մակարդակի ներգրավվածությամբ, պետական և հասարակական կյանքում զգալի դերակատարությամբ: Հատկապես մեծ համայնքներ կան ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Վրաստանում և մի շարք արաբական երկրներում: Սփյուռքահայության մեծ մասը այլ պետությունների քաղաքացի է:

Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով Հայաստանի Հանրապետության ջանքերն ուղղված են ինչպես Սփյուռքի ուծացմանը դիմակայելուն և լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմանը:

Սփյուռքի ներգրավումը Հայաստանի համար ունի նաև տնտեսական ու մշակութային մեծ նշանակություն, քանի որ խթանում է մասնավորապես առևտուրը, զբոսաշրջությունը, ազգային մշակութային արժեքների պահպանումը, զարգացումն ու տարածումը:

Սփյուռքի հետ կապերն առանձնահատուկ դեր ունեն Հայաստանի զարգացման համար, քանի որ Սփյուռքը մի յուրօրինակ կամուրջ է Հայաստանի և միջազգային հանրության միջև: Սփյուռքի տարբեր բնագավառների կազմակերպությունները զգալիորեն նպաստում են տվյալ երկրների հետ Հայաստանի երկկողմ կապերի զարգացմանը, Հայաստանի միջազգային ներգրավմանը և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:

Հայության ներգրավման ու զարգացման համատեքստում` որպես ազգային եկեղեցի, կարևոր առաքելություն ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղեցույց պետության ներքին և արտաքին անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները ներկայացնելու համար: Ռազմավարության դրույթների վերանայման հաճախականությունը պայմանավորված է երկրում, տարածաշրջանում և աշխարհում ընթացող դինամիկ գործընթացներով, իրավիճակի և քաղաքական գերակայությունների փոփոխություններով:

Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից ի պաշտոնե արվող հայտարարություններում պարտադիր է պահպանել ազգային անվտանգության ռազմավարության մեջ բերված ձևակերպումների ու դիրքորոշումների ոգին:

Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման մարմինների կողմից միասնական քաղաքականության իրագործումն ապահովելու նպատակով ընդունվող որոշումները պետք է համահունչ լինեն ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթները կենսագործվում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, հաղորդակցական և տեղեկատվական անվտանգության, ժողովրդագրական, գիտակրթական, հոգևոր-մշակութային զարգացումների հայեցակարգերի և դրանցից բխող նպատակային ծրագրերի հիման վրա, որոնք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ, 86-րդ և 89-րդ հոդվածների պահանջներից ելնելով, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար

Ա. Գևորգյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Բովանդակություն

 

Ներածություն. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հասկացությունը

I. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները, դրանց դեմ ուղղված սպառնալիքները

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները

2. Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները

3. Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները

II. Ներքին անվտանգության ռազմավարությունը

1. Արդյունավետ պետական կառավարում

2. Բանակաշինություն

3. Ազատական տնտեսություն

4. Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ

III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

IV. Արտաքին անվտանգության ռազմավարություն

1. Միջազգային

1.1. Արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ)

1.2. Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին

Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)

Եվրոպական կառույցներ

ա) Եվրոպական միություն (ԵՄ)

բ) Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)

գ) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)

Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

Միջազգային տնտեսական կազմակերպություններ

1.3. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափը

Ռուսաստանի Դաշնություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Եվրոպական պետություններ

Մերձավոր Արևելք

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ

2. Տարածաշրջանային

2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափ

Իրանի Իսլամական Հանրապետություն

Վրաստան

Թուրքիայի Հանրապետություն

Ադրբեջանի Հանրապետություն

3. Հայաստան-Սփյուռք հարաբերություններ

Եզրափակիչ դրույթներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան