«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 սեպտեմբերի 2016 թ.
թիվ 160-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ֆինանսական խմբերի մակարդակով հստակեցնել ներքին հսկողության իրականացումը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իբ» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 20/04-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 5 Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 160-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 20/04
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից ճանաչված հայկական ֆինանսական խմբերում և միջազգային խմբի հայկական ֆինանսական խմբերում (այսուհետ` ֆինանսական խմբեր) ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները: Հայկական խմբերը և միջազգային խմբի հայկական խմբերն ունեն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նշանակությունը:
2. Ֆինանսական խմբի ներքին հսկողության համակարգը ֆինանսական խմբի անդամների կազմակերպական կառուցվածքում ընդգրկվում է այնպես, որ ֆինանսական խմբի մակարդակով ներքին հսկողության իրականացումը լինի արդյունավետ:
ԳԼՈՒԽ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
3. Ֆինանսական խմբի ներքին հսկողության համակարգը նկարագրվում է ֆինանսական խմբի ներքին իրավական ակտերում, որոնք հանդես են գալիս կարգերի, ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլ ակտերի տեսքով:
4. Ֆինանսական խմբի բոլոր անդամների համաձայնությամբ սույն կանոնակարգի 3-րդ կետով նախատեսված կարգերը, ընթացակարգերը, կանոնակարգերը, հրահանգները, ուղեցույցները և այլ ակտերը ենթակա են վավերացման
1) ֆինանսական խմբի բոլոր անդամների` ներքին իրավական ակտեր ընդունելու իրավասու մարմինների կողմից համատեղ կամ
2) ֆինանսական խմբի պատասխանատու անձի ներքին իրավական ակտեր ընդունելու իրավասու մարմնի կողմից կամ
3) ֆինանսական խմբի բոլոր անդամներին հավասարապես ներկայացնող մարմնի կողմից (այսուհետ` ներկայացուցիչների խումբ):
5. Ֆինանսական խմբի պատասխանատու անձը ֆինանսական խմբի ներքին իրավական ակտերը (այդ թվում` ներխմբային շահերի բախումը կանխարգելող ներքին իրավական ակտերը) ներկայացնում է Կենտրոնական բանկ` այդ ակտերը ընդունելուց հետո (փոփոխություններ, լրացումներ կատարելուց, նոր խմբագրությամբ հաստատելուց) 10 աշխատանքային օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
6. Ֆինանսական խմբի ներքին իրավական ակտերով սահմանվում են սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված ֆինանսական խմբի գործունեության համակարգման կարգն ու պայմանները:
7. Ֆինանսական խմբի գործունեության համակարգումը ներառում է հետևյալ գործառույթները.
1) Ֆինանսական խմբի մակարդակով ներքին հսկողության իրականացումը,
2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ֆինանսական խմբի տնտեսական նորմատիվների հաշվարկ և տրամադրում պատասխանատու անձին,
3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ֆինանսական խմբի հաշվետվությունների կազմում և տրամադրում պատասխանատու անձին,
8. Ֆինանսական խմբի անդամները սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված գործառույթներն իրականացնողներին են տրամադրում ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
9. Սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված գործառույթը կամ գործառույթները կարող են իրականացվել ինչպես ֆինանսական խմբի առանձին անդամի կողմից, այնպես էլ ֆինանսական խմբի մակարդակով:
10. Սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված գործառույթների իրականացման համար պետք է նվազագույնի հասցվեն շահերի բախման հնարավոր դեպքերը:
11. Սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված գործառույթների իրականացման համար ֆինանսական խումբն ապահովում է բավարար լիազորություններ, անկախություն և ռեսուրսներ` տվյալ գործառույթի համար սահմանված պարտականություններն արդյունավետորեն կատարելու և նպատակներին հասնելու համար:
12. Սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված գործառույթներն իրականացնողը (իրականացնողները) պետք է`
1) հնարավորություն ունենա անկախ և օբյեկտիվ կարծիք հայտնել բացահայտված խնդիրների, փաստացի ու հնարավոր խախտումների վերաբերյալ,
2) հնարավորություն ունենա անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնել ձեռնարկված ուղղիչ միջոցառումների և տրված առաջարկությունների իրականացման նկատմամբ,
3) հնարավորություն ունենա իր նախաձեռնությամբ խոսել ֆինանսական խմբի անդամի յուրաքանչյուր աշխատակցի հետ, ստանալ իր պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:
ԳԼՈՒԽ 4. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
13. Ֆինանսական խմբի ներքին հսկողության համակարգը ֆինանսական խմբի ռիսկերի կառավարման համակարգի, հաշվետվողականության, համապատասխանության գործառույթի, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության իրականացման միջոցառումների ամբողջական համալիրն է:
14. Ֆինանսական խմբի ներքին հսկողության հիմնական նպատակներն են.
1) ֆինանսական խմբին բնորոշ ռիսկերի բացահայտումը և կառավարումը,
2) ֆինանսական խմբի անդամների միջև տեղեկատվության անհրաժեշտ հոսքերի ապահովումը, տեղեկատվության հոսքերի կոորդինացիան և հետևողականությունը (տեղեկատվական նպատակ),
3) համապատասխանության ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, ֆինանսական խմբի ներքին իրավական ակտերի (կարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլն), Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պահանջներին (իրավական համապատասխանության նպատակ):
15. Ներքին հսկողության համակարգը, դրա առանձին տարրերը ֆինանսական խմբի կողմից սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երկու տարին մեկ, իսկ միջավայրի փոփոխությունների, ինչպես նաև նոր կամ նախկինում հսկողությունից դուրս մնացած էական ռիսկերի, առկա համակարգի էական թերությունների ու բացթողումների հայտնաբերման դեպքում` ողջամիտ ժամկետում, գնահատվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում են: Կատարված էական փոփոխությունները և փոփոխման հիմնավորումները, ինչպես նաև փոփոխության անհրաժեշտության բացակայության հիմնավորումները պատշաճ կարգով փաստաթղթավորվում են:
16. Սույն կանոնակարգի 15-րդ կետով նախատեսված միջավայրի փոփոխությունները առնվազն ներառում են ֆինանսական խմբի կազմի և կառուցվածքի փոփոխությունը և ֆինանսական խմբի վրա էական ազդեցություն ունեցող միջավայրի այլ փոփոխությունները:
17. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործառույթ իրականացնողը ֆինանսական խմբի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս եռամսյակը մեկ, ֆինանսական խմբի ռիսկայնության մակարդակի վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որն առնվազն ներկայացվում է
1) ներկայացուցիչների խմբին (առկայության դեպքում) կամ
2) ֆինանսական խմբի պատասխանատու անձին` սույն կանոնակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում կամ
3) ֆինանսական խմբի բոլոր անդամների խորհուրդներին:
18. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործառույթ իրականացնողը ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի կամ ֆինանսական խմբի ներքին իրավական ակտերի խախտման դեպքում հաշվետու է
1) պատասխանատու անձին և
2) այդ խախտումը թույլ տված ֆինանսական խմբի անդամի խորհրդին: Ընդ որում, խախտումը թույլ տված ֆինանսական խմբի անդամի համաձայնությամբ խախտման վերաբերյալ տեղյակ են պահվում նաև ներկայացուցիչների խումբը (առկայության դեպքում) կամ ֆինանսական խմբի անդամների խորհուրդները:
19. Ֆինանսական խմբի անդամներն ապահովում են ֆինանսական խմբի ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերի հասանելիությունը իրենց անձնակազմերին:
ԳԼՈՒԽ 5. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
20. Ֆինանսական խմբի ռիսկերի կառավարման համակարգը պետք է լինի համապարփակ, համահունչ ֆինանսական խմբի գործունեության ոլորտներին և գործունեությանն առնչվող ռիսկերին:
21. Ֆինանսական խմբի ռիսկերի կառավարման մակարդակը ֆինանսական խմբի մակարդակով առնվազն ներառում է.
1) ռիսկերի կառավարման ռազմավարությունը, որով սահմանվում են ռիսկերի կառավարման առումով ֆինանսական խմբի ընդհանուր մոտեցումները (նպատակները): Ֆինանսական խմբի մակարդակով ռիսկերի կառավարման ռազմավարության մշակման ժամանակ առնվազն հաշվի են առնվում ֆինանսական խմբի անդամների իրավասու մարմինների կողմից հաստատված գործարար ծրագրերն ու ֆինանսական խմբի անդամների գործարար գործընթացների առանձնահատկությունները, ներառյալ ֆինանսական խմբի անդամների կողմից պատվիրակված գործընթացները:
22. Ֆինանսական խմբի ռիսկերի կառավարման համակարգը ներառում է առնվազն հետևյալ ռիսկերի նույնականացումը, չափումը, մոնիտորինգը, վերահսկողությունը և սթրես-թեստավորումը
1) վարկային ռիսկ,
2) վարկային կենտրոնացվածության ռիսկ,
3) ներխմբային գործարքների ռիսկ,
4) գործառնական ռիսկ,
5) վարքագծային ռիսկ,
6) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկ,
7) անդերռայթինգի ռիսկ (եթե խմբի անդամներից որևէ մեկը ապահովագրական ընկերություն է):
23. Վարկային ռիսկը հավանականությունն է, որ ֆինանսական խմբի անդամի հետ գործարքի մյուս կողմը կխախտի ֆինանսական խմբի անդամի հետ կնքած պայմանագրի պայմանները, ինչը բացասաբար կազդի ֆինանսական խմբի շահույթի և (կամ) կապիտալի վրա:
24. Ֆինանսական խմբի մակարդակով վարկային կենտրոնացվածության ռիսկը հավանականությունն է, որ ֆինանսական խմբի տարբեր անդամների հետ գործարքներ կնքած միևնույն անձը կխախտի ֆինանսական խմբի մեկ կամ մի քանի անդամի հետ կնքած պայմանագրի պայմանները, ինչը բացասաբար կազդի ֆինանսական խմբի շահույթի և (կամ) կապիտալի վրա:
25. Ֆինանսական խումբը պետք է ունենա սույն կանոնակարգի 23-րդ և 24-րդ կետերով նախատեսված վարկային և վարկային կենտրոնացվածության ռիսկի գնահատման մեթոդաբանություն, որը ֆինանսական խմբի մակարդակով կգնահատի վարկային ռիսկի կենտրոնացվածությունն ըստ տնտեսության ոլորտի, աշխարհագրական վայրի, ֆինանսական խմբի կոնտրագենտի գործունեության ոլորտի կամ ճյուղի, ըստ մեկ փոխառուի:
26. Ներխմբային գործարքների ռիսկը հավանականությունն է, որ ֆինանսական խմբի անդամների միջև կնքված գործարքները իրենց ծավալով կամ բնույթով կարող են բացասաբար ազդել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի որևէ անդամի շահույթի և (կամ) կապիտալի վրա:
27. Գործառնական ռիսկը անբավարար կամ ձախողված ներքին գործընթացների, համակարգերի և մարդկային գործոնի կամ արտաքին գործոնների արդյունքում կորուստի առաջացման հավանականություն է, ինչը բացասական ազդեցություն կունենա ֆինանսական խմբի կապիտալի և/կամ շահույթի վրա: Գործառնական ռիսկը ներառում է նաև իրավական ռիսկը:
28. Վարքագծային ռիսկն առաջանում է, երբ խմբի մի մասում առաջացած խնդիրները հավանական է, որ կփոխանցվեն նաև խմբի մյուս անդամներին` պայմանավորված հաճախորդների վստահության կորստով, եթե նույնիսկ խմբի անդամների միջև ֆինանսական փոխհարաբերությունները բացակայում են:
29. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վտանգավորության և դրա հավանականության մասին վկայող հանգամանք է, որը կարող է նկարագրվել ըստ երկրների կամ աշխարհագրական տեղակայման, հաճախորդների տեսակի, գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակի, ծառայությունների տեսակի կամ այլ չափանիշների:
30. Ֆինանսական խումբը պետք է բացահայտի և գնահատի կանոնակարգի 22-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը և ունենան բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման և զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ և ընթացակարգեր: Ֆինանսական խումբը պետք է պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ վերանայի իր` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը: Ֆինանսական խումբը` ի թիվս փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման այլ ռիսկերի, պետք է բացահայտի և գնահատի ծառայությունների նոր տեսակների մատուցման կամ դրանց մատուցման եղանակների գործարկման, ինչպես նաև նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հնարավոր և առկա ռիսկերը` համապատասխանաբար մինչև ծառայությունների նոր տեսակների մատուցումը կամ դրանց մատուցման եղանակների գործարկումը կամ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառումը:
31. Անդերռայթինգի ռիսկը հավանականությունն է, որ հաշվարկված ապահովագրավճարները և տեխնիկական պահուստները բավարար չեն լինի ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունները կատարելու համար, ինչը բացասաբար կազդի ֆինանսական խմբի շահույթի և (կամ) կապիտալի վրա:
32. Սույն կանոնակարգի 22-րդ կետով նախատեսված ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է ֆինանսական խմբի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|