Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.01/22(565) Հոդ.281
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 սեպտեմբերի 2016 թ.

թիվ 161-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը և ռեեստրում գրառվող տեղեկատվության ցանկը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.17-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. հոկտեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 161-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ` Կենտրոնական բանկ) ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը:

2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

3. Ֆինանսական խմբերի ռեեստրը վարվում է Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների կողմից` սույն կարգով հաստատված կարգով:

4. Կենտրոնական բանկը ֆինանսական խմբերի ռեեստրը վարում է էլեկտրոնային եղանակով:

5. Ֆինանսական խմբերի ռեեստրում գրառվող տեղեկատվությունը ենթակա է պարբերաբար թարմացման` նշելով փոփոխության կատարման ամսաթիվը:

6. Ֆինանսական խմբերի ռեեստրում գրառվող տեղեկատվությունը պահպանվում է անորոշ ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Ֆինանսական խմբերի ռեեստրում գրառվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) ֆինանսական խմբի անվանումը, տեսակը, նույնականացման համարը,

2) ֆինանսական խմբի մայր կազմակերպության անվանումը, գրանցման համարը, հիմնական գործունեությունը, ռեզիդենտության երկիրը, ուղղակի և անուղղակի մասնակցությունների չափը ֆինանսական խմբի այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում, իրական շահառուների անունները, հսկողության չափանիշը, ուղղակի և անուղղակի հսկողության չափը,

3) ֆինանսական խմբի կազմակերպությունները փոխկապակցված դարձնող անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում),

4) ֆինանսական խմբի պատասխանատու անձի անվանումը, գրանցման համարը,

5) ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների անվանումը, գրանցման համարը, ռեզիդենտության երկիրը, հիմնական գործունեությունը, ուղղակի և անուղղակի մասնակցությունների չափը ֆինանսական խմբի այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում, ֆինանսական կազմակերպությունը հսկող կազմակերպության անվանումը, իրական շահառուների անունները, հսկողության չափանիշը, ուղղակի և անուղղակի հսկողության չափը,

6) ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական ենթախմբերի անվանումը, տեսակը, ֆինանսական ենթախմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների անվանումը, գրանցման համարը,

7) ֆինանսական խմբի հետ փոխկապակցված անձանց անվանումը, գրանցման համարը, հիմնական գործունեությունը, ռեզիդենտության երկիրը, ուղղակի և անուղղակի մասնակցությունների չափը ֆինանսական խմբի կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում, փոխկապակցված անձանց հսկող կազմակերպության անվանումը, իրական շահառուների անունները, հսկողության չափանիշը, ուղղակի և անուղղակի հսկողության չափը,

8) ֆինանսական խմբի` փորձաշրջանի մեջ գտնվելու վերաբերյալ տվյալները,

9) ֆինանսական խմբի ապաճանաչման մասին տվյալները,

10) ֆինանսական խմբերի ռեեստրում գրառվող տեղեկատվությունը հիմնավորող` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումների համարները, ընդունման ամսաթվերը,

11) ֆինանսական խմբի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հիմնավորող որոշումների համարները, ընդունման ամսաթվերը:

 

ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՒՂՂՈՒՄՆԵՐԻ, ՇՏԿՈՒՄՆԵՐԻ), ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

8. Ֆինանսական խմբերի ռեեստրում ֆինանսական խմբի վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկությունների գրառումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական խմբի ճանաչման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ֆինանսական խմբերի ռեեստրում ֆինանսական խմբի պատասխանատու անձի մասին տեղեկատվության գրառումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական խմբի ճանաչման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական խմբի ճանաչման մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Ֆինանսական խմբերի ռեեստրում ֆինանսական խմբերի վերաբերյալ, ինչպես նաև ֆինանսական խմբերի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվության փոփոխությունները (ուղղումները, շտկումները), լրացումները կատարվում են համապատասխան փոփոխությունները (ուղղումները, շտկումները), լրացումները հաստատելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Ֆինանսական խմբերի ռեեստրում ֆինանսական խմբի ապաճանաչման վերաբերյալ նշումը կատարվում է ֆինանսական խմբին` որպես ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

12. Ֆինանսական խմբերի ռեեստրում սույն կարգի 8-րդ կետով սահմանված փոփոխությունները (ուղղումները, շտկումները), լրացումները կատարվում են պահպանելով մինչ այդ փոփոխությունները (ուղղումները, շտկումները), լրացումները կատարելը գրառված տեղեկատվությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան