Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.03/70(1250).1 Հոդ.910.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.07.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3082/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3082/02/13

2016թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան  

Դատավորներ`

Ա. Խառատյան
 

Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վլադիմիր Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հովսեփ Հովսեփյանի ընդդեմ Վլադիմիր Սահակյանի` փոխհամաձայնագրով ստանձնած պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հովսեփ Հովսեփյանը պահանջել է Վլադիմիր Սահակյանից բռնագանձել 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Հովսեփ Հովսեփյանը 10.03.2015 թվականին հայցապահանջի հստակեցման վերաբերյալ դիմումով պահանջել է պարտադրել Վլադիմիր Սահակյանին կատարելու փոխհամաձայնագրով ստանձնած պարտավորությունը, այն է` վաճառել բնակարանը և ստացված գումարից 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը փոխանցել իրեն:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ՝ Դատարան) 25.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.09.2015 թվականի որոշմամբ Վլադիմիր Սահակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.03.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վլադիմիր Սահակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 408-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 28-րդ, 32-րդ, 53-րդ, 95-րդ, 130.1-րդ, 149.7-րդ, 149.8-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը և 220-րդ հոդվածի 1-ին կետը, 220.4-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 14.07.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործը նշանակել է դատաքննության, 04.08.2014 թվականին դատաքննությունն ավարտվել է, և վճռի հրապարկման օր է հայտարարվել 15.08.2014 թվականը: Սակայն 15.08.2014 թվականին Դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը վերսկսելու մասին և 29.09.2014 թվականին նշանակել է քննության: Դատարանը վերը նշված որոշմամբ չի նշանակել նախնական դատական նիստ, հետևաբար Դատարանը, գործի վարույթը վերսկսելով, շարունակել է գործի դատաքննությունը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 10.03.2015 թվականին հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի հստակեցման վերաբերյալ դիմումը, որով վերջինս պահանջել է պարտադրել Վլադիմիր Սահակյանին կատարելու փոխհամաձայնագրով ստանձնած պարտավորությունը` վաճառել բնակարանը և ստացված գումարից 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը փոխանցել իրեն, ներկայացվել է դատաքննության ընթացքում, մինչդեռ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել միայն նախնական դատական նիստի ժամանակ:

Այն, որ Հովսեփ Հովսեփյանի ներկայացրած դիմումն իրենից ներկայացնում է հայցապահանջն ավելացնելու (փոփոխելու) դիմում, հաստատվում է այն հանգամանքով, որ ի սկզբանե հայցվորի կողմից ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջ, որի վերաբերյալ պատասխանողը ներկայացրել է իր առարկությունները, մինչդեռ բնակարանը վաճառել պարտավորեցնելու պահանջն էականորեն տարբերվում է գումարի բռնագանձման պահանջից, հանդիսանում է ինքնուրույն պահանջ, ինչը հաստատվում է նաև Դատարանի վճռի պատճառաբանական մասում վերջինիս արած հետևությամբ առ այն, որ Հովսեփ Հովսեփյանի հայցապահանջը՝ Վլադիմիր Սահակյանին 04.08.2008 թվականի փոխհամաձայնագրով ստանձնած պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու մասին, չի ենթադրում գումարի բռնագանձում, այլ ենթադրում է պարտավորության կատարում։

Բացի այդ, փոխհամաձայնությամբ ստանձնած պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով Վլադիմիր Սահակյանը հնարավորություն չի ունեցել որևէ դիրքորոշում հայտնելու կամ պատասխան ներկայացնելու, քանի որ վերջինս տեղյակ չի եղել հայցապահանջն ավելացնելու վերաբերյալ Հովսեփ Հովսեփյանի դիմումի մասին: Հայցվորի դիմումը պատասխանողին տրամադրվել է միայն 19.05.2015 թվականին` վճռի հրապարակումից մոտ երկու ամիս անց։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը խախտել է անձի արդար դատաքննության իրավունքը՝ Վլադիմիր Սահակյանին զրկելով նոր պահանջի վերաբերյալ առարկություններ, այդ թվում նաև՝ հայցային վաղեմության կիրառմամբ հայցը մերժելու մասին դիմում ներկայացնելու հնարավորությունից։

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածը, 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Պատասխանող Վլադիմիր Սահակյանը բնակվում է Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 25 շենքի 9-րդ բնակարանում, դատական բոլոր ծանուցումներն ստացել է նշված հասցեում: Միաժամանակ Վլադիմիր Սահակյանը հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 2 շենքի 12-րդ բնակարանում: Վերը նշված երկու հասցեներն էլ գտնվում են Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանում, այսինքն՝ պատասխանողի բնակության վայրն Արաբկիր վարչական շրջանն է, սակայն գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսինքն՝ տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքը, որը հիմք էր դատական ակտը բոլոր դեպքերում բեկանելու համար՝ պատճառաբանելով, որ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 25 շենքի 9-րդ բնակարանը սպասարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

 

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 448-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փոխհամաձայնագրի էական պայման է հանդիսացել բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարով Տիգրան Քոչարյանին վաճառելը, այլ ոչ թե բնակարանն ընդհանրապես վաճառելը: Հետևաբար, եթե պատասխանողի պարտավորության խախտման հիմքում դրվում է փոխհամաձայնագիրը, ապա պետք է դիտարկել փոխահամաձայնագրի էական պայմաններն ամբողջությամբ՝ բնակարանը 2008 թվականին Տիգրան Քոչարյանին 110.000 ԱՄՆ դոլարով վաճառելու համատեքստում, այլ ոչ թե մասնակի՝ բնակարանը վաճառելը` առանց հաշվի առնելու համաձայնագրում նշված կոնկրետ անձին և կոնկրետ գնով վաճառելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վլադիմիր Սահակյանի և Հովսեփ Հովսեփյանի միջև 04.08.2008 թվականին կնքվել է փոխհամաձայնագիր, որով կողմերը եկել են համաձայնության այն մասին, որ Արաբկիրի 21-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 12 բնակարանը վաճառելու են Տիգրան Քոչարյանին 110.000 ԱՄՆ դոլարով, որից Վլադիմիր Սահակյանը պարտավորվել է 60.000 ԱՄՆ դոլարը ստացականով տալ Հովսեփ Հովսեփյանին առուվաճառքից հետո` գումարը ստանալու օրը, իսկ Հովսեփ Հովսեփյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պարտավորվել է նոտարի կողմից սահմանված ժամկետում ազատել բնակարանը և հանձնել գնորդին նորմալ վիճակում՝ առանց գույքահարկի և կոմունալ ծախսերի պարտքի (հատոր 1-ին, գ.թ. 39):

2) Դատարան ներկայացված հայցադիմումով Հովսեփ Հովսեփյանը պահանջել է Վլադիմիր Սահակյանից բռնագանձել 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 66-67):

3) Դատարանի 21.01.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նախապատրաստվել է դատաքննության (հատոր 1-ին, գ.թ. 63):

4) Դատարանի 14.07.2014 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության (հատոր 1-ին, գ.թ. 105):

5) 04.08.2014 թվականին գործի քննությունն ավարտվել է, և վճռի հրապարակման օր է նշանակվել 15.08.2014 թվականը (դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ.թ. 142-152):

6) Դատարանի 15.08.2014 թվականի որոշմամբ գործի քննությունը վերսկսվել է՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու անհրաժեշտությունից ելնելով (հատոր 1-ին, գ.թ. 154):

7) Հովսեփ Հովսեփյանը 10.03.2015 թվականի դատական նիստի ընթացքում ներկայացրել է «հայցապահանջի հստակեցում» վերտառությամբ դիմում, որով պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կատարելու պարտավորագրով ստանձնած պարտավորությունը, այն է՝ վաճառել բնակարանը և ստացված գումարից 60.000 ԱՄՆ դոլարը տրամադրել իրեն: Նույն օրը Դատարանն ավարտել է գործի քննությունը (հատոր 1-ին, գ.թ. 97-98, 169-171):

8) Գործում առկա չէ ապացույց առ այն, որ հայցվորի կողմից 10.03.2015 թվականի «հայցադիմումի հստակեցում» վերտառությամբ դիմումը պատասխանող Վլադիմիր Սահակյանին ուղարկվել է, և վերջինս հնարավորութուն է ունեցել դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու:

9) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 15.10.2015 թվականի թիվ 25/02-4-3485 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Մ. Բաղրամյան պողոտայի թիվ 25 հասցեն գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

10) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 13.10.2014 թվականի թիվ ԴԴ20-Ե-24455/15 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան թիվ 25 հասցեի հետ կապված վեճերն ընդդատյա են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու իրավունքի իրացման առանձնահատկությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 1497-րդ և 220.4-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին. արդյո՞ք դատարանը կարող է թույլատրել հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն դատաքննության փուլում, և արդյո՞ք հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու մասին պատասխանողին չտեղեկացնելով` դատարանը չի խախտում վերջինիս արդար դատաքննության իրավունքը, այդ թվում նաև՝ կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները։

Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1497-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1497-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումի լրացումը ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը նույն օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի հիմքին և առարկային, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:

Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի` հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը, բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնելու համապատասխան պահանջ (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով կայացրած որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: Հենց հայցի հիմքով ու առարկայով են որոշվում հայցերի նույնությունն ու տարբերությունը միևնույն սուբյեկտային կազմի դեպքում: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու հնարավորությունը, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն իրենից ներկայացնում է այն հանգամանքների փոփոխությունը, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը (տե՛ս Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, հայցվորին ընձեռելով հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու իրավունք, միաժամանակ նախատեսել է այդ իրավունքի իրացման որոշակի ընթացակարգ: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի և 1497-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ գործի քննությունն իրականացվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլով, օրենսդիրը հայցի հիմքի կամ առարկայի փոփոխությունը սահմանափակել է դատավարության այս փուլի շրջանակներով: Նման սահմանափակում նախատեսելը մի կողմից պայմանավորված է գործի արդյունավետ քննության անհրաժեշտությամբ, մյուս կողմից բխում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրներից: Գործը դատաքննության նախապատրաստվում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառելի օրենսդրության հարցը պարզելու, ապացուցման առարկան որոշելու և ապացույցների կենտրոնացման խնդիրների իրականացման համար, որոնց անհրաժեշտությունն առաջանում է նաև հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու պարագայում: Հետևաբար օրենսդիրը, հայցվորին հնարավորություն ընձեռելով փոխելու հայցի հիմքը կամ առարկան, գործը լիարժեք կերպով դատաքննության նախապատրաստելու, արդյունքում նաև՝ գործի ժամանակին և ճիշտ լուծումն ապահովելու նկատառումով սահմանափակել է դատավարական նշված իրավունքի իրականացման հնարավորությունը գործը դատաքննության նախապատրաստելու փուլի շրջանակներով: Այլ կերպ ասած՝ հայցվորը հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխել միայն գործը դատաքննության նախապատրաստելու փուլում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ի տարբերություն տնօրինչական այլ գործողությունների (օրինակ՝ հայց հարուցել, բողոք բերել և այլն) հայցի հիմքի կամ առարկայի փոփոխության դեպքում օրենսդիրը հստակ չի նախատեսել դատավարական այն փաստաթղթի տեսակը և անվանումը (ի տարբերություն, օրինակ, հայցադիմումի, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի), որոնցով կարող է իրականացվել նման փոփոխությունը: Վճռաբեկ դատարանը միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով գտնում է, որ նման փոփոխության դեպքում էական է ոչ թե դատավարական փաստաթղթի անվանումը, այլ դրա բովանդակությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է այն վերնագրված (օրինակ, «հայցադիմումի հստակեցում», «հայցադիմումի լրացում», «հայցապահանջի փոփոխություն» և այլն): Հետևաբար բոլոր նման դեպքերում դատարանները պետք է հանգամանալից ուսումնասիրեն համապատասխան դատավարական փաստաթուղթը՝ պարզելու համար, թե արդյոք այն բովանդակում է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը, հայցվորին իրավունք վերապահելով օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխել հայցի հիմքը կամ առարկան, միևնույն ժամանակ իրավունք է վերապահել պատասխանողին՝ ստանալու փոփոխված հայցադիմումը և այն ստանալուց հետո փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու ընդհանուր կանոններով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և կոչված է ապահովելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիական դատավարությունը կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքը՝ երաշխավորելով գործին մասնակցող անձանց իրավունքների լիարժեք իրականացումը:

Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը բխում է նաև Կոնվենցիայով երաշխավորված` յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե′ս Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ պատասխանողը չի տեղեկացվում հայցի հիմքի կամ առարկայի փոփոխության վերաբերյալ, որպես հետևանք զրկվում է փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու՝ օրենսդրորեն իրեն վերապահված դատավարական իրավունքն իրացնելու հնարավորությունից` հայտնվելով հայցվորի համեմատ էականորեն նվազ բարենպաստ վիճակում, ինչն իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտում է:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վլադիմիր Սահակյանի և Հովսեփ Հովսեփյանի միջև 04.08.2008 թվականին կնքված փոխհամաձայնագրով կողմերը որոշել են Երևանի Արաբկիրի 21-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 12 բնակարանը վաճառել Տիգրան Քոչարյանին 110.000 ԱՄՆ դոլարով, որից Վլադիմիր Սահակյանը պարտավորվել է 60.000 ԱՄՆ դոլարը ստացականով տալ Հովսեփ Հովսեփյանին առուվաճառքից հետո` գումարը ստանալու օրը, իսկ վերջինս իր ընտանիքի անդամների հետ միասին պարտավորվել է նոտարի կողմից սահմանված ժամկետում ազատել բնակարանը և հանձնել գնորդին:

Սույն գործով դիմելով Դատարան՝ Հովսեփ Հովսեփյանը պահանջել է Վլադիմիր Սահակյանից բռնագանձել 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ 10.03.2015 թվականի դատական նիստի ընթացքում ներկայացրել է «հայցապահանջի հստակեցում» վերտառությամբ փաստաթուղթ, որով պահանջել է «պարտավորեցնել պատասխանողին կատարելու պարտավորագրով ստանձնած պարտավորությունը, այն է՝ վաճառել բնակարանը և ստացված գումարից 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար տալ հայցվորին»: Նույն օրը Դատարանն ավարտել է գործի քննությունը: Ո՛չ պատասխանող Վլադիմիր Սահակյանը, ո՛չ վերջինիս ներկայացուցիչը 10.03.2015 թվականի դատական նիստին ներկա չեն գտնվել, իսկ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ հայցվորի կողմից 10.03.2015 թվականի «հայցադիմումի հստակեցում» վերտառությամբ դիմումը պատասխանող Վլադիմիր Սահակյանին ուղարկվել է, և վերջինս հնարավորություն է ունեցել դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու:

Դատարանը, փոփոխված հայցապահանջը բավարարելով, նշել է, որ Հովսեփ Հովսեփյանի հայցապահանջը չի ենթադրում գումարի բռնագանձում, այլ ենթադրում է պատասխանող կողմին պարտավորեցնել կատարելու 04.08.2008 թվականի փոխհամաձայնագրով ստանձնած պարտավորությունը, իսկ 04.08.2008 թվականի փոխհամաձայնագրի առարկան է հանդիսանում Երևանի Արաբկիրի 21-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 12 բնակարանը վաճառելը, և 60.000 ԱՄՆ դոլարը Հովսեփ Հովսեփյանին տալու Վլադիմիր Սահակյանի պարտավորությունը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ Դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցվորի պահանջն ի սկզբանե վերաբերել է փոխհամաձայնագրերով սահմանված պարտավորությունները կատարել պարտադրելուն, ինչի վերջնական արդյունքը պետք է հանդիսանար պատասխանողի կողմից հայցվորին 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար տալը, իսկ պատասխանողն իր կողմից ներկայացված առարկություններում անդրադարձել է վերոգրյալ փոխհամաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման հարցին և հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ մասով, ուստի գտել է, որ սույն գործով տեղի է ունեցել հայցապահանջի հստակեցում, որը որևէ կերպ չի կարող նույնականացվել հայցի առարկայի փոփոխության հետ: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել բողոքաբերի փաստարկն առ այն, որ վերջինս զրկված է եղել այդ հայցապահանջի հստակեցման կապակցությամբ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովսեփ Հովսեփյանի 21.01.2014 թվականի հայցադիմումի պահանջն ուղղված Վլադիմիր Սահակյանին, եղել է 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելը, ինչն էլ տվյալ դեպքում հանդիսանում է սույն գործով հայցի առարկան: Ինչ վերաբերում է 04.08.2008 թվականի փոխհամաձայնագրին, ապա տվյալ դեպքում այն հանդիսանում է Հովսեփ Հովսեփյանի կողմից ներկայացված գումարի բռնագանձման հայցի փաստական հիմքը, որով պայմանավորվել է կողմերի միջև իրավահարաբերությունների առաջացումը: Մինչդեռ 10.03.2015 թվականին հայցվորի կողմից Դատարանին ներկայացրած «հայցապահանջի հստակեցում» վերտառությամբ փաստաթղթով հայցվորը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կատարելու պարտավորագրով ստանձնած պարտավորությունը՝ վաճառել բնակարանը և իրեն փոխանցել 60.000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ 10.03.2015 թվականին հայցվորի կողմից Դատարանին «հայցապահանջի հստակեցում» վերտառությամբ փաստաթղթով ներկայացված պահանջի առարկան ոչ թե գումարի բռնագանձումն է, այլ` պարտավորագրով ստանձնած պարտավորության կատարումը՝ նախ՝ բնակարանի վաճառքը, որից հետո միայն վաճառքից ստացված գումարից 60.000 ԱՄՆ դոլարը հայցվորին փոխանցելը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովսեփ Հովսեփյանին բնակարանը վաճառել պարտավորեցնելու պահանջը, ըստ էության, հայցի առարկայի փոփոխություն է, քանի որ գումարի բռնագանձման և պայմանագրով ստանձնած պարտավորության կատարման պահանջները միմյանցից տարբեր պահանջներ են: Մասնավորապես, եթե գումարի բռնագանձումը ենթադրում է դրամական միջոցների (գույքի) փոխանցում պարտապանից պահանջատիրոջը, ապա պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումը կարող է պայմանավորված չլինել գույքի փոխանցման հետ, անգամ այն դեպքում, երբ երկու պահանջների հիմքում ընկած է միևնույն փաստական հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 10.03.2015 թվականին փոխվել է հայցի առարկան, հետևաբար պատասխանող Վլադիմիր Սահակյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1497-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով իրավունք ուներ տեղեկանալու հայցադիմումի փոփոխության մասին և դրա վերաբերյալ ներկայացնելու իր դիրքորոշումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հնարավորություն չի ընձեռել պատասխանողին փոփոխված հայցադիմումին ծանոթանալու և դրա վերաբերյալ պատասխան ներկայացնելու, այսինքն՝ իր գործողություններով պատասխանող Վլադիմիր Սահակյանին դրել է հայցվորի համեմատ էականորեն նվազ բարենպաստ վիճակում՝ զրկելով նրան օրենքով սահմանված կարգով իր դատավարական իրավունքից օգտվելու հնարավորությունից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հայցվորին վերապահել է հայցի հիմքը և առարկան փոփոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու իրավունք՝ մինչև դատաքննության նշանակելը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հովսեփ Հովսեփյանի ներկայացրած դիմումն ըստ էության հայցի առարկայի ու հիմքի փոփոխություն է, որը ներկայացվել է դատաքննության փուլում:

Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Դատարանը գործը քննել է դատաքննության նախապատրաստման փուլով, 14.07.2014 թվականի որոշմամբ գործը նշանակել է դատաքննության, իսկ 04.08.2014 թվականին գործի քննությունն ավարտել է և վճռի հրապարակման օր է նշանակել 15.08.2014 թվականը: Դատարանը 15.08.2014 թվականի որոշմամբ վերսկսել է գործի քննությունը՝ անհրաժեշտ համարելով շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարության փուլերին, նշել է, որ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլ ունի քաղաքացիական դատավարության ընդհանուր նպատակից բխող իր նպատակը, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված գործողությունների շրջանակը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կայացնելով գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը` դատարանը մի կողմից արձանագրում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի ավարտը, մյուս կողմից` անցումը դատաքննության փուլին, որի շրջանակներում էլ իրականացվում է գործի ըստ էության քննությունը և լուծումը: Մասնավորապես` դատավարության այս փուլում դատարանը պարզում է հայցվորի պահանջները, պատասխանողի առարկությունները, անմիջականորեն հետազոտում է ապացույցները, պարզում է գործի փաստական հանգամանքները, կոնկրետ իրավահարաբերության սահմաններում կողմերի իրական իրավունքները և պարտականությունները: Վերը շարադրվածով պայմանավորված` դատավարության այս փուլում գործին մասնակցող անձանց հիմնական իրավունքները հանգում են իրենց դիրքորոշումը ներկայացնելուն և ապացույցների հետազոտմանը մասնակցելուն (տե՛ս «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Նազարյանի և մյուսների թիվ ԵՇԴ/0700/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական հանգամանքների պարզումն իրականացվում է դատաքննության փուլում, հետևաբար սույն գործով Դատարանը, անհրաժեշտ համարելով շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, 15.08.2014 թվականի որոշմամբ վերսկսել է գործի դատաքննությունը, որի ընթացքում հայցվորն այլևս չուներ հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու իրավունք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերի փաստարկն առ այն, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից հայցի առարկայի փոփոխությունը թույլատրվել է դատաքննության փուլում.

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանող Վլադիմիր Սահակյանի բնակության հասցեն Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի 25-րդ շենքի թիվ 9 բնակարանն է, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում, հետևաբար հայցը ենթակա էր հարուցման Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մինչդեռ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, վարույթ է ընդունվել և քննվել նշված դատարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի պահանջները, հայցը վարույթ է ընդունել և գործը քննել ընդդատության կանոնների խախտմամբ, ինչը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի համապատասխան փաստարկին, այն հիմնավոր չի համարել՝ պատճառաբանելով, որ Երևան քաղաքի Բաղրամյան թիվ 25 շենքի 9-րդ բնակարանը սպասարկվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` որևէ կերպ չհիմնավորելով իր այդ եզրահանգումը:

 

Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի նման խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի` նյութաիրավական նորմերի խախտման վերաբերյալ հիմքին հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան։

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. Տավարացյան