Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1324
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.07/87(1267).1 Հոդ.1154.2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2016

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 նոյեմբերի 2016թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՀԵՏՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների՝ ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների՝ ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին` Վիեննայում:

Համաձայնագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովը (Հանձնաժողով) նպատակ ունեն դյուրացնելու Հանձնաժողովի աշխատանքները՝

- գոյություն ունեցող մշտադիտարկման կառույցների գույքագրման անցկացման,

- տեղանքի զննության կատարման,

- մշտադիտարկման կառույցների արդիականացման կամ հիմնադրման,

- Միջազգային մշտադիտարկման համակարգի ստանդարտներին կառույցների համապատասխանությունը հաստատելու գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հանձնաժողովը Համաձայնագրով սահմանված կարգով նպատակ ունեն նաև դյուրացնելու, ըստ անհրաժեշտության, Միջազգային մշտադիտարկման համակարգի շարունակական փորձարկումը, ժամանակավոր գործարկումը, սպասարկումը և արդիականացումը:

Հանձնաժողովի կողմից կամ նրա անունից Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք աշխատանքները սահմանված են Համաձայնագրին կից հավելվածում: Հավելվածում սահմանված յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրում է համապատասխան տեխնիկական աջակցություն, որը, Հանձնաժողովի կարծիքով, պահանջվում է Միջազգային մշտադիտարկման համակարգի կառույցի պատշաճ աշխատանքի համար:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները, համաձայն որոնց՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ անունից իրականացվելիք աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ծախսերով,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդում Հայաստանի Հանրապետության համար պահանջվող այն փաստաթղթերի տրամադրման մասին, որոնք հնարավորություն կընձեռեն Հանձնաժողովի թիմին մուտք գործել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Համաձայնագրով սահմանված նպատակներով և կարգով,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատշաճ կերպով տրամադրում կամ նորացնում է Հանձնաժողովի թիմի անդամների համար պահանջվող մուտքի համապատասխան արտոնագրերը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հանձնաժողովի թիմի անդամներին տրամադրում է այնպիսի պաշտպանություն և ապահովում է այնպիսի պայմաններով, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապահովելու համար Հանձնաժողովի թիմի յուրաքանչյուր անդամի անվտանգությունն ու բարեկեցությունը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որպեսզի տեղական մարմինները համագործակցեն Հանձնաժողովի թիմի հետ Համաձայնագիրն իրականացնելիս,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է Համաձայնագրով սահմանված կարգով զննել Հանձնաժողովի թիմի կողմից Հայաստանի Հանրապետություն բերված սարքավորումները՝ համոզվելու համար, որ այդ սարքավորումներն անհրաժեշտ են և նպատակահարմար Հանձնաժողովի թիմի կողմից կատարվելիք աշխատանքների համար,

է) Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետություն բերված՝ Հանձնաժողովի սարքավորումները և այլ գույքն ազատվում են մաքսային վճարներից,

ը) Հանձնաժողովը, նրա ակտիվները, եկամուտը և այլ գույքը Հայաստանի Հանրապետությունում ազատվում են ուղիղ հարկերից:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են արտակարգ իրավիճակների կառավարման և մեծ վթարների կանխարգելման բնագավառում համագործակցության ապահովմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների՝ ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

   Նախագահող

Գ. Հարությունյան

 

29 նոյեմբերի 2016 թ.

        ՍԴՈ-1324