Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1295
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.14/68(1248) Հոդ.838
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.09.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 սեպտեմբերի 2016 թ.

 

ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 283-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի և Դ. Գյուրջյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի՝ 2016 թվականի մարտի 9-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են։

ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի մարտի 24-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումներով գործերը միավորվել են։

Ուսումնասիրելով միավորված գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը» վերտառությամբ 283-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ»:

Օրենսգրքի 283-րդ հոդվածի հիշյալ մասում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություն և/կամ լրացում չի կատարվել:

Օրենսգրքի` «Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը» վերտառությամբ 288-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 3-րդ մասը սահմանում է.

«3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին»:

Օրենսգրքի 288-րդ հոդվածի հիշյալ մասում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություն և/կամ լրացում չի կատարվել:

 

2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2.1. Պավել Մանուկյանի գործով.

09.04.2015 թվականին դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ և 225-րդ հոդվածներով նախատեսված հատկանիշներով։ Նույն օրը նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց դիմողի նկատմամբ կիրառելու նպատակով, որը քննության է առնվել դռնփակ դատական նիստում։ Դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի հարցմանն ի պատասխան դատարանը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը։ Նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ այդ կապակցությամբ ընդունված դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Բողոքի քննության նպատակով հրավիրված դռնփակ դատական նիստին դիմողն անձամբ մասնակից չի դարձվել, իսկ պաշտպանական կողմի բանավոր միջնորդությունները` նրան մասնակից դարձնելու մասին (ըստ դիմումի), դատարանի կողմից մերժվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում այդպիսի հնարավորության բացակայության պատճառաբանությամբ։ ՀՀ վճռաբեկ դատարանը 20.08.2015թ. որոշմամբ մերժել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը։

2.2. Վարուժան Ավետիսյանի գործով.

09.04.2015 թվականին դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ և 225-րդ հոդվածներով նախատեսված հատկանիշներով։ Նույն օրը նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց դիմողի նկատմամբ կիրառելու նպատակով, որը բավարարվել է։ Ըստ դիմումում բերված փաստարկի` դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի հարցմանն ի պատասխան դատարանը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը։ Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ այդ կապակցությամբ ընդունված դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Բողոքի քննության նպատակով հրավիրվել է դռնփակ դատական նիստ, որին դիմողն անձամբ մասնակից չի դարձվել, իսկ պաշտպանական կողմի բանավոր միջնորդությունները` նրան մասնակից դարձնելու մասին (ըստ դիմումի), դատարանի կողմից մերժվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում այդպիսի հնարավորության բացակայության պատճառաբանությամբ։ ՀՀ վճռաբեկ դատարանը 20.08.2015թ. որոշմամբ մերժել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը։

 

3. Դիմողները գտնում են, որ.

ա/ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը և 288-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով կալանավորման վերաբերյալ միջնորդության քննության և կալանավորման որոշման օրինականության ստուգման առնչությամբ նախատեսում են դռնփակ դատական նիստի անցկացում, հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին,

բ/ օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» դրույթը` դատական պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, համաձայն որի` մեղադրյալի կալանավորման որոշման օրինականության ստուգման կապակցությամբ նշանակված դատական նիստը վերաքննիչ դատարանում կարող է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին:

Դիմողներն օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին ենթադրյալ հակասելը հիմնավորում են հետևյալ փաստարկներով. «...ցանկացած հարցի քննության կապակցությամբ հրավիրված դատական նիստը չի կարող բացառապես օրենքի պահանջի հիման վրա անցկացվել դռնփակ առանց Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի նախապայմանների առկայության»։ Դռնփակ կարգով դատական նիստեր անցկացնելու համար պետք է առկա լինի իրավաչափ նպատակ, հակառակ դեպքում տեղի կունենա հրապարակային դատական քննության իրավունքի խախտում։ Ըստ դիմողների` խափանման միջոցի կիրառման կապակցությամբ հրավիրված դատական նիստերը, «ընդ որում բոլոր դատական ատյաններում», պետք է լինեն հրապարակային։ Հիշյալ ընդհանուր կանոնից բացառություններն էլ պետք է պայմանավորված լինեն Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայությամբ, այլ ոչ «դրանց վրա չհիմնված օրենքի ձևական և աննպատակ պահանջի շրջանակներում»։ Կալանավորումն անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու հարցը կապված է անձին որոշակի ժամանակահատվածով ազատությունից զրկելու հետ, ինչը, ըստ դիմողների, «ավելի է բարձրացնում նման գործի հրապարակայնության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը որպես անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների ապահովման լրացուցիչ երաշխիք»։ Հետևաբար, դիմողները գտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պահանջը` անձի կալանավորման հարցը դռնփակ դատական նիստում լուծելու մասով, հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին։

Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ դիմողները կարծում են, որ անձն իրավունք ունի անձամբ և/կամ փաստաբանի միջոցով մասնակցել նաև նախնական քննության ընթացքում իր հանդեպ խափանման միջոցի կիրառման հարցի քննարկմանը, կիրառված հարկադրանքի կամ խափանման միջոցի օրինականության ստուգման, վերստուգման և դրա հետ կապված բոլոր այլ իրավական ընթացակարգերին՝ «այդ մասնակցության միջոցով պաշտպանելով իր իրավունքներն ու օրինական շահերը այդ թվում իր ընտրած պաշտպանի միջոցով»։ Ըստ դիմողների` այն մեղադրվող անձին տալիս է հնարավորություն և ընտրություն իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանել ինքնուրույն կամ փաստաբանի միջոցով կամ «երկուսը միաժամանակ», սակայն դա որևէ կերպ չի կարող սահմանափակել անձի իրավունքը մասնակցել իր իրավունքի սահմանափակման օրինականության ստուգմանը, եթե նույնիսկ վերջինս ունի պաշտպան, որն այդ ստուգմանը մասնակցում է։ Հետևաբար, դիմողները գտնում են, որ դատական ստուգումը մեղադրյալի բացակայությամբ անցկացնելը չի կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ և զրկում է վերջինիս՝ Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքներն անձամբ պաշտպանելու իրավունքից։ Իսկ «փաստաբանի միջոցով իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը չի կարող բացառել կամ փոխարինել անձի ինքնուրույն պաշտպանվելու իրավունքի իրացման հնարավորությունը»։ Դիմողները գտնում են, որ վերոշարադրյալ իրավակարգավորման մասով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին։

Դիմողները միաժամանակ գտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում՝ դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին՝ նույն օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության վերաբերյալ դիմումում բերված փաստարկների հիմքով։

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման օրենսդրական պահանջը չի կարող արդյունավետ իրականացվել, նախնական քննության խնդիրները չեն կարող արդյունավետ լուծում ստանալ նախաքննական գաղտնիության բացառման պայմաններում։ Հետևաբար, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը դռնփակ դատական նիստում իրավաչափ նպատակ է հետապնդում՝ պաշտպանելու նախնական քննության տվյալների, այդ թվում օպերատիվ-հետախուզական գործունեությամբ բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության կիրառմամբ ձեռք բերված տեղեկատվության գաղտնիությունը՝ ելնելով արդարադատության շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից։

Նման իրավակարգավորումը, պատասխանողի կարծիքով, նպատակ է հետապնդում նաև զերծ պահելու մեղադրյալներին հասարակության կողմից հնարավոր պիտակավորումից՝ պաշտպանելով անմեղության կանխավարկածը, քանզի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար բավարար է որևէ հանցավոր արարք մեղադրյալի կողմից կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, որն անհամեմատ ցածր չափանիշ է անձի կողմից տվյալ արարքը կատարելու մեջ մեղքը հաստատված լինելուց, ինչը կարող է հասարակության կողմից հնարավոր տարընկալումների և թյուրըմբռնումների արդյունքում վնասել անմեղության կանխավարկածի սկզբունքի լիարժեք իրացումը քրեական արդարադատությունում, ինչը ևս չի բխի և կհակասի արդարադատության շահերին:

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում նախատեսված իրավաչափ նպատակներն «առկա են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները քննելու դեպքերում, և բացակայում է դատարանի կողմից յուրաքանչյուր դեպքում դատական նիստը դռնփակ անցկացնելու հարցին անդրադառնալու անհրաժեշտությունը՝ արդարադատության շահերից ելնելով»։

Ինչ վերաբերում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դիմումատուների մասնակցությանն ու իրենց իրավունքներն անձամբ պաշտպանելու վերաբերյալ դիմող կողմի փաստարկներին, ապա պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվում է ոչ թե օրենքի բացի սահմանադրականությունը, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը «դատախազի և պաշտպանի մասնակցության մասով Վերաքննիչ դատարանի կողմից դրան տրված մեղադրյալի բացակայությամբ իր իսկ կալանավորման հարցով նշանակված նիստը անցկացնելու մեկնաբանությունը»՝ առանց ներկայացնելու որևէ ապացույց։ Ուստի պատասխանող կողմը գտնում է, որ «հնարավոր չէ սահմանադրաիրավական գնահատական տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված հնարավոր մեկնաբանությանը, այլև դիմումատուների նկատմամբ նշված դրույթի կիրառման առկայությանը»։

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին և 288-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին։

 

5. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատել`

- անձնական ազատությունից զրկելու սահմանադրաիրավական չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից,

- մինչդատական վարույթի շրջանակներում անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության երաշխավորման, ինչպես նաև դատաքննության հրապարակայնության սահմանափակման՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների՝ օրենքով երաշխավորման տեսանկյունից:

Սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատել՝ ելնելով նաև Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների կատարման, ինչպես նաև միջազգային իրավական պրակտիկայում հաստատված չափորոշիչների կիրառման անհրաժեշտության տեսանկյունից:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մարդու՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների ու ազատությունների լիակատար և համապարփակ պաշտպանության կարևոր երաշխիք է ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված արդար և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, որն ամրագրված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում: Այդ իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-664, ՍԴՈ-665, ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-773, ՍԴՈ-780, ՍԴՈ-787, ՍԴՈ-818, ՍԴՈ-833, ՍԴՈ-851 և այլն): Վերահաստատելով այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, հաշվի առնելով սույն գործով քննության առարկան, դիմող կողմի փաստարկները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճելի իրավակարգավորման սահմանադրականության գնահատման շրջանակներում անձի իրավունքների դատական պաշտպանության երաշխավորման խնդրին անդրադառնալ նախ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում նախատեսված անձնական ազատության իրավունքի պաշտպանության տեսանկյունից` նկատի ունենալով հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ դատական կարգով կիրառվող խափանման միջոցի (կալանավորման) բնույթն ու բովանդակությունը:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ անձին իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով: Միաժամանակ, Սահմանադրության վերոհիշյալ նորմերի համաձայն` դատարանն է որոշում ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամից ավել անազատության մեջ անձի հետագա պահելը թույլատրելու հարցը (ՀՀ Սահմ. 27-րդ հոդվածի 4-րդ մաս), իսկ անձնական ազատությունից զրկված անձն իրավունք ունի դատական ստուգման կարգով վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է (ՀՀ Սահմ. 27-րդ հոդվածի 5-րդ մաս):

 Այսպիսով, ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմերի իրավական բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ.

անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ,

- անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով,

- ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամից ավել անազատության մեջ գտնվող անձի հետագա պահելու հարցը որոշում է դատարանը,

- անձն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը,

- ազատությունից զրկելու իրավաչափության հարցը դատարանը որոշում է սեղմ ժամկետում:

Համադրելով անձնական ազատության իրավունքի պաշտպանության վերոշարադրյալ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումներով բացահայտված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման չափորոշիչները՝ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումները նախատեսող նորմերի հետ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով են (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված անձին ազատությունից զրկելու կարգն ու պայմանները, երբ առկա է անձին իրավասու մարմնին ներկայացնելու նպատակ, նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է՝ կանխելու համար հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի հնարավոր փախուստը (285-րդ հոդված), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության ընդհանուր պահանջներին,

- օրենսգրքով է նախատեսված՝ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամից ավել անազատության մեջ գտնվող անձին հետագա պահելու հարցի քննության դատավարական ընթացակարգը (283-րդ հոդված), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության և 4-րդ մասի ընդհանուր պահանջներին,

- օրենսգրքով նախատեսված է անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու և սեղմ ժամկետում (երեք օր) համապատասխան որոշում կայացնելու ընթացակարգ (278-րդ հոդվածի 3-րդ մաս, 288-րդ հոդված), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին,

- անձին դատական կարգով ազատությունից զրկելու բոլոր ընթացակարգերում երաշխավորված է հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք (285-րդ և 288-րդ հոդվածներ), ինչը համահունչ է դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Անդրադառնալով անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու ընթացակարգում նաև տվյալ անձի կողմից անձամբ պաշտպանվելու իրավունքի երաշխավորման վերաբերյալ դիմող կողմի հարցադրմանը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մեղադրանքից, հավասարապես` նաև ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ չի կարող բացառել անձի՝ անձամբ պաշտպանվելու իրավունքը, եթե առկա է վերջինիս կողմից հստակ արտահայտված համապատասխան ցանկություն (դատավարական միջնորդություն): Անձի` անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, հետևաբար՝ պարտադիր է ապահովման իրավակիրառական պրակտիկայում: Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ անձի՝ լսվելու (անձամբ պաշտպանվելու) իրավունքի իրացումն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ դատական բողոքարկման (ստուգման) հետագա ընթացակարգերում:

Ինչ վերաբերում է վիճելի իրավակարգավորման շրջանակներում դատաքննության հրապարակայնության սահմանափակման վերաբերյալ դիմող կողմի հարցադրմանը, Սահմանադրական դատարանն իրավաչափ է համարում քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (այդ թվում՝ կալանավորում) կիրառելու մասին միջնորդությունները դռնփակ դատական նիստում քննելու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ» վերտառությամբ 39-րդ գլխում նախատեսված իրավակարգավորումների համաձայն`

- դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդություններ (278-րդ հոդված),

- դատարանը քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքներ (278-րդ հոդված),

- դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչպես նաև բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները և առգրավումները (279-րդ հոդված):

Վերոհիշյալ հանգամանքների առկայությամբ դատավարական ընթացակարգերի հրապարակայնության սահմանափակումն ուղղակիորեն պայմանավորված է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասում նախանշված պայմաններով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համահունչ օրենսդրի կողմից օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով և 288-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ դատաքննության հրապարակայնության սահմանափակման դեպքում որպես սահմանափակման հիմք է ընդունվել արդարադատության շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Ընդ որում, արդարադատության շահերի պաշտպանության համատեքստում նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումն ունի հանրային այնպիսի կարևորություն, որ օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը քրեականացրել է:

 

7. Անդրադառնալով անձին ազատությունից զրկելու իրավաչափության հարցի քննության (դատական ստուգման) շրջանակներում արդյունավետ դատական պաշտպանության երաշխավորման միջազգային իրավական սկզբունքների ապահովման անհրաժեշտությանը` Սահմանադրական դատարանը կարևորում է հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Այդ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից» (Toth v. Austri, 11894/85, 12 դեկտեմբերի 1991թ.):

Անդրադառնալով ազատությունից զրկելու հետ կապված դատական ընթացակարգերում անձի պաշտպանվելու իրավունքի իրացման խնդրին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է մի շարք սկզբունքային դիրքորոշումներ, մասնավորապես.

- «Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վտանգված էր դիմումատուի ազատությունը, ինչպես նաև հաշվի առնելով տարբեր որոշումների միջև ընկած ժամանակահատվածը և կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերի վերագնահատումը, 1997թ. հուլիսի 3-ի և 17-ի լսումներին դիմումատուի ներկայությունը պարտադիր էր, որպեսզի նա հնարավորություն ունենար իր պաշտպանին տալ բավարար տեղեկատվություն և ցուցումներ: Ավելին, այս և հետագա վարույթները, որպես մեկ ամբողջություն, չեն ապահովել դիմումատուի կողմից՝ իր կալանքի իրավաչափության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացումը, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ պարագրաֆում: Այս հանգամանքներում, Դատարանը եզրահանգում է, որ դիմումատուին չեն տրվել երաշխիքներ, որոնք համապատասխանում են ազատությունից զրկելու տվյալ տեսակին» (Grauzinis v. Lithuania, 37975/97, 10 հոկտեմբերի 2000թ.),

- «Կարևորելով առաջին վերաքննիչ նիստը, վերաքննիչ դատարանի կողմից դիմումատուի բնութագրի վրա հիմնվելը և իր կալանքի որոշակի պայմաններից ելնելով իրեն ազատ արձակելու շահերից հանդես գալու դիմումատուի մտադրությունը, նրա մասնակցությունը պարտադիր էր իր պաշտպանին բավարար տեղեկատվություն և ցուցումներ տալու համար… Վերոշարադրյալի հիման վրա, Դատարանը գտնում է, որ 2004թ. օգոստոսի 10-ի վերաքննիչ նիստին ներկա գտնվելու համար բացակայելու վերաբերյալ խնդրանքի մերժումը զրկել է դիմումատուին իր կալանավորման իրավաչափության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ պարագրաֆում» (Mamedova v. Russia, 7064/05, 1 հունիսի 2006թ.),

- «Դատարանը վերահաստատում է, որ կալանքի դեմ բերված բողոքը քննելիս դատարանը ապահովի դատական քննության երաշխիքները: Վարույթը պետք է լինի մրցակցային, և միշտ պետք է ապահովվի «կողմերի հավասարությունը» մեղադրանքի կողմի և կալանավորված անձի միջև: ... Այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքի կիրառման վրա տարածվում է 5-րդ հոդվածի 1(գ) պարագրաֆի գործողությունը, հարցի դատական քննությունը պարտադիր է: Հաշվի առնելով տվյալ անձին ազատությունից զրկելու էական ազդեցությունը նրա հիմնարար իրավունքների վրա, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ պարագրաֆի ներքո իրականացվող վարույթը պետք է սկզբունքորեն համապատասխանի արդար դատաքննության հիմնարար պահանջներին հնարավորինս լայն առումով, հաշվի առնելով կատարվող նախաքննության հանգամանքները» (Musuc v. Moldova, 42440/06, 6 նոյեմբերի 2007թ.):

Անձին ազատությունից զրկելու օրինականության հարցի քննության ընթացքում տվյալ անձի՝ անհապաղ լսվելու իրավունքի ապահովումը կարևորվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք այլ գործերով ևս (Կամպանիսն ընդդեմ Հունաստանի գործով 1995թ. հուլիսի 13-ի վճիռը, կետ 47, Աքվիլինան ընդդեմ Մալթայի գործով 1999թ. ապրիլի 29-ի վճիռը, 47-50-րդ կետեր, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012թ. հունիսի 26-ի վճիռը, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012թ. հոկտեմբերի 2-ի վճիռը և այլն):

Անդրադառնալով անձնական ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշներին` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ այդպիսիք նախատեսված են նաև միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում, մասնավորապես.

- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր (ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1966թ. դեկտեմբերի 16-ի 2200A (XXI) բանաձևով), հոդված 9. «4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա կալանավորման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե կալանավորումն անօրինական է»,

- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 45/110 բանաձև (14 դեկտեմբերի 1990թ.)` «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններ (Տոկիոյի կանոններ)». «6.3. Իրավախախտում կատարած անձը պետք է իրավունք ունենա դատարանում կամ այլ իրավասու անկախ մարմնում բողոքարկել իր նկատմամբ կիրառված նախաքննական կալանքը»,

- Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե, հանձնարարական թիվ Rec(2006)13` «Կալանավորման, դրա կիրառման պայմանների և չարաշահման դեմ երաշխիքների վերաբերյալ» (ընդունվել է 2006թ. սեպտեմբերի 27-ին). «18. Կալանավորված անձը, ինչպես նաև այն անձը, ում կալանքի ժամկետը երկարացվել է կամ ում նկատմամբ կիրառվում է այլընտրանքային միջոց, պետք է իրավունք ունենա բողոքարկել ընդունված որոշումը և այդ որոշումն ընդունվելու պահին տեղեկացվի այդ իրավունքի մասին,

19. (1) Կալանքի տակ գտնվող անձը պետք է հատուկ իրավունք ունենա արագացված ընթացակարգով բողոքարկելու իր կալանավորման օրինականությունը դատարանում:

(2) Այդ իրավունքը կարող է իրականացվել կալանքի կիրառման վերաբերյալ որոշման պարբերաբար վերանայման միջոցով, որի ընթացքում կարող են քննարկվել կալանավորված անձի կողմից բարձրացված բոլոր հարցերը»:

Նկատի ունենալով նաև միջազգային իրավական վերոհիշյալ մոտեցումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը որևէ արգելող դրույթ չի բովանդակում որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը դատական ստուգման կարգով բողոքարկած անձի մասնակցության մասին: Ընդ որում, վիճարկվող դրույթի երկրորդ նախադասությամբ բողոքը քննելու օրվա մասին իրազեկումը վերաբերում է հենց կողմին: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 29-րդ կետը բացահայտում է «պաշտպանության կողմ» հասկացության բովանդակությունը, համաձայն որի՝ պաշտպանության կողմի կազմում հանդես են գալիս կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասում «պաշտպան» եզրույթը պետք է մեկնաբանել ու կիրառել պաշտպանության կողմի լիարժեք մասնակցության երաշխավորման տեսանկյունից` բացառելով նաև պաշտպան չունենալու դեպքում անձի իրավունքների ոտնահարման հնարավորությունը: Հետևաբար, առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով` արդարադատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու իրենց իրավունքից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլխի իրավադրույթների, ինչպես նաև 6-րդ հոդվածի 29-րդ կետի, 390-րդ հոդվածի համադրված վերլուծությունը վկայում է, որ օրենսդրական կարգավորման մակարդակում նման հնարավորությունն առկա է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


2 սեպտեմբերի 2016 թ.
ՍԴՈ-1295

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան