Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՈ-055-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.09.2016-12.02.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.24/64(1244) Հոդ.807
Ընդունող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՇԵՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետով՝ որոշում եմ.

1. Հաստատել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները՝ համաձայն հավելված 1-ի:

2. Ազգային ժողովի նստավայրի տարածքի և շենքի պահպանությունն իրականացնում և անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ սահմանված կարգով ապահովել սույն կանոնների ծանուցումը Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին, նրանց տեղակալներին, պատգամավորներին, Ազգային ժողովի և ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։

4. ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավարին` վերանայել և Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների պահանջներին համապատասխանեցնել տեղակայված պահակետերի պաշտոնական փաստաթղթերը։

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի վրա։

6. Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի 2004 թվականի սեպտեմբերի 14-ի N 115 կարգադրությունը։

 

  Գ. Սահակյան


31 մայիսի 2016 թվականի,
քաղ. Երևան

ՆՈ-055-Ն

 

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահի 

 2016 թ. մայիսի 31-ի ՆՈ-055-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՇԵՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ Ազգային ժողով) նստավայրի տարածքում և շենքում գործող (այսուհետ՝ պահպանվող օբյեկտ) անվտանգության՝ պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կանոնները (այսուհետ՝ կանոններ):

1.2. Պահպանվող օբյեկտի պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի սահմանումը նպատակ է հետապնդում կանոնակարգելու պահպանվող օբյեկտում Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Հաշվեքննիչ պալատի (այսուհետ՝ Հաշվեքննիչ պալատ) անդամների և աշխատակազմի ծառայողների, պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքանյութական արժեքների մուտքը (ելքը), շարժը, գտնվելու վայրը և ժամանակը:

1.3. Պահպանվող օբյեկտում անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ` պահպանության ծառայություն)՝ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնների և այլ իրավական ակտերի:

1.4. Սույն կանոններում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

- պահպանական միջոցառումներ` պահպանվող օբյեկտի անվտանգության և պաշտպանության ապահովման համար պահպանության ծառայության կողմից իրականացվող գործողությունների համակցություն, այդ թվում ընդգրկելով նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները.

- անցագրային ռեժիմ՝ միջոցառումների և կանոնների ամբողջություն, որը նպատակաուղղված է պահպանվող օբյեկտի մուտքերի հուսալի պահպանությանը` բացառելով առանց համապատասխան թույլտվության մուտքի (ելքի), ապրանքանյութական արժեքներ ներս բերելու (դուրս հանելու), ինչպես նաև տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հնարավորությունը.

- ներօբյեկտային ռեժիմ` պահպանվող օբյեկտի տարածքում գործող միջոցառումների և կանոնների ամբողջություն, որոնք սահմանում են ծառայողների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտ, այնտեղ գտնվելն ու տեղաշարժը, ինչպես նաև պահպանվող օբյեկտի պաշտպանության ապահովումը` ներքին կարգապահական և այլ պարտադիր կանոնների պահպանմամբ.

- վերահսկելի գոտի` պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից ներս գտնվող տարածք, շենք կամ շինություն, որտեղ մուտքը (ելքը) վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

- հատուկ վերահսկելի գոտի` պահպանվող օբյեկտի համապատասխան տարածք, շենք կամ շինություն, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է և վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

- արտաքին վերահսկելի գոտի` պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից դուրս գտնվող տարածք.

- ծառայողական վկայական՝ աշխատողի, պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը հաստատող սահմանված նմուշի պաշտոնական փաստաթուղթ.

- անցագիր` սահմանված նմուշի փաստաթուղթ, որը տրվում է պահպանվող օբյեկտում որոշակի գործունեություն իրականացնելու, ինչպես նաև որոշակի ժամկետով աշխատանքներ կատարող անձանց.

- միանգամյա մուտքի անցագիր` սահմանված նմուշի փաստաթուղթ, որը տրվում է այցելուին պահպանվող օբյեկտ աշխատանքային ժամերին մեկ անգամ մուտք գործելու համար: Միանգամյա մուտքի անցագիրը տրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում.

- հայտ` պահպանվող օբյեկտ անձանց կամ տրանսպորտային միջոցներին միանգամյա մուտքի անցագրի տրամադրման կամ ապրանքանյութական արժեքներ ներս բերելու (դուրս հանելու) համար սահմանված նմուշի հայտագիր.

- այցելու` պահպանվող օբյեկտ միանգամյա մուտքի անցագրով սահմանված կարգով մուտք գործած անձ:

 

ԳԼՈՒԽ II. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2.1. Երևան, Բաղրամյան պողոտա 19 հասցեում գտնվող պահպանվող օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման համար սահմանվում են վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ:

2.2. Պահպանվող օբյեկտում վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պահպանությունն իրականացնում է պահպանության ծառայությունը, իսկ արտաքին վերահսկելի գոտում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմինը:

2.3. Պահպանվող օբյեկտի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային ռեժիմը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Հաշվեքննիչ պալատի անդամների և աշխատակազմի ծառայողների, պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքանյութական արժեքների մուտքը (ելքը), շարժը, գտնվելու վայրը և ժամանակը վերահսկելու համար:

2.4. Պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրատվական միջոցների մասնագիտական գործունեությամբ զբաղվելը:

2.5. Պահպանվող օբյեկտում պահպանության, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման նպատակով իրականացվում են հետևյալ կազմակերպչական միջոցառումները`

1) պահպանվող օբյեկտի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների որոշում ու դրանց պարսպապատում, արգելափակում,

2) հսկիչ-անցագրային կետերի (այսուհետ՝ ՀԱԿ) կառուցում, կահավորում և գործունեության ապահովում,

3) ծառայողական վկայականների, անցագրերի տեսակների, հայտերի նմուշների և հատկացման պայմանների սահմանում ու ներդրում,

4) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պահպանության, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի իրականացում:

2.6. Անցագրային և ներօբյեկտային ռեժիմը տարածվում է Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Հաշվեքննիչ պալատի անդամների և աշխատակազմի ծառայողների, պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) բոլոր անձանց ու տրանսպորտային միջոցների վրա:

2.7. Մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտի տարածք իրականացվում է Դեմիրճյան փողոցի և Բաղրամյան պողոտայի Հ. Հ. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, դարպասներով և ՀԱԿ-երով, ընդ որում`

1) տրանսպորտային միջոցների մուտքն (ելքն) իրականացվում է Դեմիրճյան փողոցի Հ. 4, 7, 9 դարպասներով,

2) անձանց մուտքն (ելքն) իրականացվում է Բաղրամյան պողոտայի Հ. 2 և Դեմիրճյան փողոցի Հ. 5, 6 և 9 ՀԱԿ-երով, համապատասխան տեխնիկական սարքերով (այսուհետ՝ նաև համապատասխան սարքեր) սահմանված կարգով նախնական զննում անցնելուց հետո:

2.8. Բաղրամյան պողոտայի Հ. 3 և Դեմիրճյան փողոցի Հ. 8 դարպասներով մուտքը (ելքը) թույլատրվում է առանձին դեպքերում: Մասնավորապես`

1) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ գլխավոր քարտուղար) (լիազորած տեղակալի) հայտի հիման վրա` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների մուտք գործելու անհրաժեշտության դեպքում (Հ. 3 և Հ. 8 դարպասներ),

2) Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի (լիազորած տեղակալի) գրության հիման վրա` Ազգային ժողովում կազմակերպվող մշակութային և այլ միջոցառումների ժամանակ՝ մասնակիցների մուտքի (ելքի) դեպքում (Հ. 3 դարպասներ),

3) ժամը 19.00-ից հետո՝ Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-ով մուտք գործած անձանց ելքի դեպքում (Հ. 3 դարպասներ):

2.9. Սույն կանոններին կից ներկայացվում է պահպանվող օբյեկտի տարածքի գծապատկերը՝ համաձայն Հավելված 2-ի:

2.10. Համաձայն կանոնների՝ պահպանության ծառայությունը.

1) իրականացնում է պահպանվող օբյեկտի տարածքի և դրանում տեղաբաշխված շենքերի, շինությունների, շրջապատող ցանկապատի, պարսպապատերի, մուտքերի և ՀԱԿ-երի պահպանությունը,

 2) իրականացնում է Ազգային ժողովի նիստերի դահլիճում և Ազգային ժողովի այլ դահլիճներում դռնբաց և դռնփակ նիստերի, նիստերի դահլիճի օթյակների և դռնփակ լսումների ժամանակ այլ դահլիճների պահպանությունը, տարածքում հասարակական կարգի և անվտանգության ապահովումը: Ազգային ժողովի նիստերի դահլիճի նախասրահների տարածքներում, օթյակներում և այլ դահլիճներում պահպանությունն իրականացվում է քաղաքացիական հագուստով և տարբերանշաններով,

3) հաստատում է տեղակայված պահակետերի տեղադիրը, սահմանում է պահակետայինի հատուկ պարտականությունները՝ ելնելով պահակետի առանձնահատկություններից և ծառայության կազմակերպման խնդիրներից,

4) ապահովում է անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի իրականացումը:

2.11. Սույն կանոնների պահանջները խախտվելու դեպքում պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը արձանագրված փաստերի վերաբերյալ անհապաղ զեկուցում է ըստ վերադասության և տեղեկացնում Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին կամ առաջին տեղակալին:

 

ԳԼՈՒԽ III. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

3.1. Պահպանվող օբյեկտի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները և սահմանազատման (պարսպապատման) եղանակները (տեխնիկական պահանջները) որոշվում են Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի և ՀՀ պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ՊՊԾ) պետի կարգադրությամբ ստեղծված համատեղ հանձնաժողովի կողմից և ներկայացվում են Ազգային ժողովի նախագահի համաձայնությանը:

3.2. Պարսպապատը գտնվում է շուրջօրյա հսկողության ներքո` արտաքին վերահսկելի գոտում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ուժերի հետիոտն պարեկության, պարեկային խմբերի կողմից տրանսպորտային միջոցների շրջագայության, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պահպանությունն իրականացնող ուժերի շրջիկ ծառայության, ՀԱԿ-երի, տեսահսկման, պահպանության ազդանշանային համակարգերի և այլ տեխնիկական միջոցների գործածմամբ:

3.3. Պահպանվող օբյեկտի վերահսկելի գոտիներում անհրաժեշտության դեպքում պահպանության ծառայության կողմից պետք է տեղակայվեն ազատ ընթերցվող արգելող և նախազգուշացնող նշաններ:

3.4. Պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի պատշաճ իրականացման նպատակով պահպանության ծառայությանը տրամադրված շինությունների, գույքի, կապի և այլ միջոցների սպասարկումն իրականացվում է Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

 

ԳԼՈՒԽ IV. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԱԿ-ԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

4.1. ՀԱԿ-երն ըստ իրենց նպատակի լինում են՝

1) ՀԱԿ անձանց մուտքի (ելքի) համար,

2) ՀԱԿ տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) համար:

4.2. Պահպանվող օբյեկտում ՀԱԿ-երը նախատեսված են ապահովելու ծառայողների, աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների և ապրանքանյութական արժեքների թույլատրված մուտքը (ելքը) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ(ից):

4.3. Պահպանվող օբյեկտում ՀԱԿ-երը ծառայողների, աշխատողների, այցելուների մուտքի (ելքի) նկատմամբ հսկողության ապահովման նպատակով կահավորվում են անձանց մուտքը (ելքը) գրանցող պտուտակադռներով, և (կամ) այլ տեխնիկական համակարգերով, լուսավորության, կապի միջոցներով, հրշեջ պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարանով` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:

4.4. Պահպանվող օբյեկտ տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) ՀԱԿ-երը կահավորվում են էլեկտրամեխանիկական շարժական դարպասով, ուղեփակոցով, տրանսպորտային միջոցների զննման հրապարակով, տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված հատուկ տեխնիկական սարքավորումներով, ՀԱԿ-երում ծառայություն իրականացնող անձնակազմի անդամների` տեղումներից պաշտպանվածության համար պահակետ-տանիքով, լուսավորության, կապի միջոցներով, պահակետի դրսի մասից հրդեհաշիջման համար նախատեսված գույքով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարանով` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:

4.5. Դռների, դարպասների բանալիների պահեստային օրինակները պահպանվում են պահպանության ծառայություն իրականացնող ստորաբաժանման զորանոցում:

4.6. Պահպանվող օբյեկտում բոլոր ՀԱԿ-երի սանիտարահիգիենիկ վիճակի, հակահրդեհային անվտանգության, կահավորվածության, լուսավորվածության, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների, դիտարկման տեխնիկական և կապի միջոցների՝ բացառությամբ ռադիոկապի, պատշաճ վիճակի համար պատասխանատու են Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները:

 

ԳԼՈՒԽ V. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

5.1. Պահպանվող օբյեկտում անցագրային համակարգի ներդրումը և կիրառումը նպատակ ունեն կանոնակարգելու վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության ձևակերպումը, ինչպես նաև անցագիրը նույնականացնելու այն ներկայացնող անձի հետ, ստուգելու անցագրերի համապատասխանությունը դրանք ներկայացնողների (անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքանյութական արժեքների) տվյալների հետ:

5.2. Պահպանվող օբյեկտում անցագրային ռեժիմը պատշաճ ապահովելու նպատակով սահմանվում են մուտքի (ելքի) իրավունք տվող ներքին փաստաթղթերի հետևյալ տեսակները.

1) Ազգային ժողովի պատգամավորի վկայական (ձև Հ. 1, կցվում է),

2) Ազգային ժողովի աշխատակազմի հայեցողական պաշտոնյաների, պետական ծառայողների և մյուս աշխատողների ծառայողական վկայական (ձև Հ. 2, կցվում է),

3) Հաշվեքննիչ պալատի անդամների և աշխատակազմի ծառայողների ծառայողական վկայական (ձև Հ. 3, կցվում է),

4) մագնիսական պլաստիկ քարտ (ձև Հ. 4, կցվում է),

5) անցագիր (ձև Հ. 5, կցվում է),

6) միանգամյա մուտքի անցագիր (ձև Հ. 6, կցվում է),

7) միանգամյա մուտքի անցագիր տրամադրելու վերաբերյալ հայտ (ձև Հ. 7, կցվում է),

8) Ազգային ժողովի նախագահի ընդունարանի մուտքի անցաթուղթ (ձև Հ. 8, կցվում է),

9) հավատարմագրված լրագրողների մուտքի անցագիր (հավատարմագիր) (ձև Հ. 9, կցվում է),

10) Ազգային ժողովի հրավիրված այցելուների մուտքի վերաբերյալ հայտ (գրություն, ցուցակ) (ձև Հ. 10, կցվում է),

11) Ազգային ժողովի ժամանող պատվիրակությունների մուտքի հայտ (գրություն, ցուցակ) (ձև Հ. 11, կցվում է),

12) պահպանվող օբյեկտ տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) և ապրանքանյութական արժեքներ ներս բերելու (դուրս հանելու) հայտ (ձև Հ. 12, կցվում է),

13) պահպանվող օբյեկտ անձնական ապրանքանյութական արժեքներ ներս բերելու (դուրս հանելու) հայտ (ձև Հ. 13, կցվում է),

14) պահպանվող օբյեկտ չհավատարմագրված լրագրողների տեխնիկական միջոցների մուտքի թույլտվության հայտ (գրություն) (ձև Հ. 14, կցվում է),

15) ոչ աշխատանքային օրերին պահպանվող օբյեկտի տարածք մուտքի (ելքի) հայտ (գրություն, ցուցակ) (ձև Հ. 15, կցվում է),

16) աշխատաժամանակի տևողության փոփոխության վերաբերյալ ծանուցում (ձև Հ. 16, կցվում է):

 

ԳԼՈՒԽ VI. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

 

6.1. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Վարչապետի, նրանց սպասարկող տրանսպորտային միջոցների և ուղեկցող անձանց, ինչպես նաև Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի և նրան սպասարկող տրանսպորտային միջոցի մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտ անարգել և անսահմանափակ է:

6.2. Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ծառայողների համար սահմանված կարգով մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտի տարածք աշխատանքային օրերին թույլատրվում է, որպես կանոն, ժամը 08:00-19:00-ն:

6.3. Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ աշխատաժամանակի ավարտից հետո, իրենց աշխատանքային վայրում աշխատողների գտնվելու դեպքում, տվյալ ստորաբաժանման ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ փոխարինողը, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի կամ նրանց տեղակալների միջոցով մինչև օրվա աշխատաժամանակի ավարտը, պարտավոր են այդ մասին գրավոր իրազեկել պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին:

6.4. Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տեղակալների, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի, խորհրդականների, օգնականների, Ազգային ժողովի աշխատակազմի վարչության պետերի, նրանց տեղակալների, առաջին բաժնի վարիչի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամների, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի վարչության պետերի, Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի, Կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի, ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցչի մուտքը (ելքը) աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին, թույլատրվում է ժամը 08:00-22:00-ն:

6.5. Ժամը 22:00-ից հետո իրենց աշխատանքային վայրում գտնվող աշխատողները պարտավոր են այդ մասին տեղեկացնել պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին:

6.6. Ժամը 19:00-ից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին, բացառությամբ 6.4 կետում նշված պաշտոնյաների, Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ծառայողների մուտքը պահպանվող օբյեկտի տարածք և շենք իրականացվում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ Հ. 9 ՀԱԿ-ով:

6.7. Պահպանվող օբյեկտ մեկանգամյա մուտքի անցագրով, հայտով, ցուցակներով և գրություններով մուտքը (ելքը) համապատասխան սարքերով նախնական զննում անցնելուց հետո աշխատանքային օրերին թույլատրվում է ժամը 09:00-18:00-ն:

6.8. Պահպանվող օբյեկտի տարածք մուտքի (ելքի) իրավունք տվող փաստաթղթերով թույլատրվում է միայն դրանցում նշված անձանց մուտքը (ելքը): Այս պայմանի խախտման դեպքում ներկայացված մուտքի (ելքի) իրավունք տվող տվյալ փաստաթուղթը ետ է վերցվում պահպանության ծառայության հերթապահ ծառայողի կողմից, և վերջինս այդ մասին զեկուցում է ըստ վերադասության:

6.9. Ծառայողական վկայականը (անցագիրը), մագնիսական պլաստիկ քարտը կորցնելու դեպքում, Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ծառայողներն այդ մասին իրենց անմիջական ղեկավարի միջոցով գրավոր զեկուցում են Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ղեկավարներին: Վերջիններիս հանձնարարությամբ անմիջապես համապատասխան ծառայության կողմից արգելափակվում է հեռակառավարվող մագնիսական պլաստիկ քարտի գործողությունը:

6.10. Ծառայողական վկայականը, հավատարմագիրը անվավեր ճանաչելու և մագնիսական պլաստիկ քարտը արգելափակելու մասին Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ղեկավարներն անմիջապես գրավոր իրազեկում են պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին:

6.11. Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատանքային վերջին օրը Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ծառայողներն իրենց ծառայողական վկայականը, մագնիսական պլաստիկ քարտը ստորագրությամբ հանձնում են իրենց աշխատակազմերի անձնակազմի կառավարման վարչություն (բաժին):

6.12. Աշխատանքից ազատված և ծառայողական վկայականը չհանձնած աշխատողների վերաբերյալ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ղեկավարների ցուցումով Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի անձնակազմի կառավարման վարչության (բաժնի) կողմից գրավոր տեղեկացվում է պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին՝ պահպանվող տարածք նրանց մուտքն արգելելու համար, չհանձնված վկայականն առգրավելու, Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմ հանձնելու և այդ աշխատողի մուտքը հետագայում ընդհանուր հիմունքներով իրականացնելու նպատակով:

6.13. Ծառայողական վկայականները, անցագրերը, հավատարմագրերը, անձը հաստատող փաստաթղթերը պահպանվող օբյեկտ մուտք գործելիս բաց վիճակում ներկայացվում են (պահանջի դեպքում տրամադրվում են) պահակետի (ՀԱԿ-ի) պահպանության ծառայության ծառայողին:

6.14. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց արգելվում է`

1) քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութերը, ինչպես նաև այն իրերը և միջոցները ներս բերելը, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,

2) ռազմամթերքի, զենքի ցանկացած տեսակի և դրանց փամփուշտների ներս բերումը՝ բացառությամբ այն անձանց, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն Ազգային ժողովի տարածքում պահելու, կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն,

3) առանց ապրանքանյութական հայտերի և ստուգիչ սարքերով համապատասխան զննում անցկացնելու ներս բերել մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական պայուսակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն (բացառությամբ նոթբուքի և փաստաթղթերի համար նախատեսված պայուսակների և թղթապանակների):

6.15. Արգելվում է պահպանվող օբյեկտ ներս բերել ոգելից խմիչք, բացի սահմանված կարգով նախատեսված դեպքերից:

6.16. Արգելվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ գտնվող, ագրեսիվ կամ բորբոքված վիճակում գտնվող, համընդհանուր նորմերին և սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող հագուստով անձանց մուտքը պահպանվող օբյեկտի տարածք:

6.17. Արգելվում է մուտքը պահպանվող օբյեկտի տարածք ժամկետանց փաստաթղթերով:

6.18. Արգելվում է պահպանվող օբյեկտ մուտք գործող տրանսպորտային միջոցներով կողմնակի անձանց ներս բերելը (դուրս հանելը):

6.19. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) անձանց իրերը (ծանրոցներ, պայուսակներ, ձեռնածանրոցներ, փաթեթներ և այլ առարկաներ) պահպանության ծառայության ծառայողների պահանջով ենթակա են զննման՝ համապատասխան սարքերի միջոցով:

6.20. Պահպանվող օբյեկտի տարածքում առանձնահատուկ դեպքերում կարող է գործել խստացված անցագրային ռեժիմ, որն իրականացնում է պահպանության ծառայությունը` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ կամ պահանջով:

 

ԳԼՈՒԽ VII. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ, ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ, ԱՆՑԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

 

7.1. Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ծառայողներին ծառայողական վկայականները և մագնիսական պլաստիկ քարտերը տրվում են համապատասխան աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության (բաժնի) կողմից՝ պաշտոնին նշանակելու մասին իրավական ակտի հիման վրա, ինչի մասին գրավոր տեղեկցվում է նաև պահպանության ծառայությանը:

7.2. Պահպանվող օբյեկտ իրենց ծառայողական վկայականներով համապատասխան սարքերով սահմանված կարգով նախնական զննումից հետո Դեմիրճյան փողոցի Հ. 5, 6, 9 և Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-երով մուտքի իրավունք ունեն՝

1) Ազգային ժողովի պատգամավորները.

2) ՀՀ սահմանադրական դատարանի անդամները.

3) ՀՀ նախարարները.

4) ՀՀ կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները.

5) Արդարադատության խորհրդի անդամները.

6) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը.

7) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը.

8) ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները.

9) Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետները.

10) Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները.

11) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները.

12) Քննչական կոմիտեի նախագահը.

13) Հատուկ քննչական ծառայության պետը.

14) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամները.

15) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը և անդամները.

16) ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները.

17) Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տեղակալները, վարչությունների պետերը, առաջին բաժնի վարիչը.

18) Հաշվեքննիչ պալատի անդամները, աշխատակազմի ղեկավարը, տեղակալը, վարչությունների պետերը.

19) Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականը, խորհրդականները, օգնականները և ռեֆերենտները.

20) Ազգային ժողովի նախագահի տեղակալների խորհրդականները, օգնականները.

21) Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի խորհրդականները, օգնականները.

22) Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը.

23) Կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետը.

24) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը.

25) ԱՊՀ ՄԽՎ քարտուղարությունում Ազգային ժողովի ներկայացուցիչը.

26) ՀՀ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության ծառայողները` անվտանգության ծառայությանը նախապես ներկայացված ցուցակների առկայության դեպքում.

27) Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցիչը:

7.3. Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի աշխատողները պահպանվող օբյեկտ իրենց ծառայողական վկայականներով (և մագնիսական պլաստիկ քարտերով) համապատասխան սարքերով պարտադիր նախնական զննումից հետո մուտք գործելու (դուրս գալու) իրավունք ունեն Դեմիրճյան փողոցի Հ. 9 և Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-երով, իսկ հավատարմագրված լրագրողները՝ Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-ով:

7.4. Պահպանվող օբյեկտի տարածք այցելուները մուտք են գործում (դուրս գալիս) Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-ով:

7.5. Պահպանվող օբյեկտ բոլոր ՀԱԿ-երով առանց ստուգման մուտքի (ելքի) իրավունք ունեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իրեն ուղեկցող անձանց հետ, Ազգային ժողովի նախագահի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, Հաշվեքննիչ պալատի նախագահը, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը:

7.6. Դեմիրճյան փողոցի հհ 4, 7, 9 դարպասներով տրանսպորտային միջոցներով առանց ստուգման մուտքի (ելքի) իրավունք ունեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նրան ուղեկցող անձանց, Երևանի քաղաքապետի, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների, Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի ծառայողական ավտոմեքենաները, ինչպես նաև առանձին դեպքերում Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ այն ավտոմեքենաները, որոնց պետհամարանիշները Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված ցուցակով (համապատասխան դարպասի նշումով) նախապես փոխանցվում են ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավարին (այսուհետ՝ ՀՀ ՊՊԾ ղեկավար):

7.7. Ազգային ժողովի տարածք մուտք գործող ավտոմեքենաներով այլ անձանց մուտքն արգելվում է, իսկ տարածքում կայանելը՝ Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:

7.8. Պահպանվող օբյեկտ առանց ստուգման, տրանսպորտային միջոցներով Հ. 4 դարպասով մուտքի (ելքի) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք, պաշտոնական և այլ պատվիրակություններ` Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի, իսկ նրա բացակայության դեպքում` լիազորված տեղակալի կողմից ներկայացված հայտերով:

7.9. Պահպանվող օբյեկտ նախատեսված դարպասներով մուտքի (ելքի) թույլտվություն ունեցող տրանսպորտային միջոցների պետհամարանիշների ցուցակը, ամեն տարի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ ստորագրված Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ լիազորված տեղակալի կողմից, ներկայացվում է ՀՀ ՊՊԾ ղեկավարին:

7.10. Պահպանվող օբյեկտի հասցեով ապրանքանյութական արժեքների ստացման կամ առաքման դեպքում, այդ թվում նաև տնտեսական սպասարկման տրանսպորտային միջոցները տարածք են մուտք գործում (դուրս գալիս) Դեմիրճյան փողոցի Հ. 9 ՀԱԿ-ից և Հ. 9 դարպասից` ապրանքանյութական արժեքների փաստաթղթերի ստուգումից հետո` Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ գործերի կառավարչի հաստատած հայտի առկայության դեպքում:

7.11. Ապրանքանյութական արժեքներ ներս բերող (դուրս տանող) տրանսպորտային միջոցները, դրանց մեջ գտնվող անձինք, ինչպես նաև ապրանքանյութական արժեքները ենթակա են զննման համապատասխան սարքերի միջոցով:

7.12. Պահպանվող օբյեկտի տարածքում աշխատանք կատարող կազմակերպությունների աշխատողները տարածք մուտք են գործում (դուրս գալիս) Դեմիրճյան փողոցի Հ. 9 ՀԱԿ-ով՝ Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված գրությամբ` ՀՀ ՊՊԾ պետի մակագրությամբ, նրանց ազգանունների, անունների, հայրանունների, աշխատանքի կոնկրետ տեղի, ժամանակի ու ժամկետի նշումով` անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:

7.13. Պահպանվող օբյեկտ տնտեսական (կոմունալ) սպասարկման նպատակով ավտոմեքենաների մուտքի (ելքի) համար հիմք է հանդիսանում Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի (լիազորված տեղակալի) կողմից ստորագրված և պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարի (տեղակալի) կողմից մակագրված ցուցակը, որում նշվում են ավտոմեքենայի մակնիշը, պետհամարանիշը, վարորդի և աշխատանքի մեջ ներգրավված աշխատողների մասին տվյալները (անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոն, անձնագրի տվյալներ):

7.14. Առանձին դեպքերում Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի (լիազորված տեղակալի) կողմից տրված համապատասխան նշում կատարված հայտով այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը) կարող է իրականացվել Դեմիրճյան փողոցի Հ. 4 դարպասներով և Հ. 6 ՀԱԿ-ով:

 

ԳԼՈՒԽ VIII. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔԸ ՄԻԱՆԳԱՄՅԱ ՄՈՒՏՔԻ ԱՆՑԱԳՐԵՐՈՎ

 

8.1. Միանգամյա մուտքի անցագրերով պահպանվող օբյեկտի տարածք այցելուները մուտք են գործում (դուրս գալիս) Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-ով:

8.2. Միանգամյա մուտքի անցագիրը հայտի հիման վրա պահպանվող օբյեկտի այցելուներին տրամադրվում է Հ. 2 ՀԱԿ-ում տեղակայված անցագրային հենակետի պահպանության ծառայության հերթապահ ծառայողի կողմից ժամը 09.00-18.00-ն (ներառյալ ընդմիջման ժամը)` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

8.3. Միանգամյա մուտքի անցագիր ստանալու համար այցելուի անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կարող են հանդիսանալ`

ա. ՀՀ քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, վարորդական իրավունքի վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականը.

բ. փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը.

գ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող՝ միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, ՀՀ հատուկ անձնագրերը, կացության վկայականը.

դ. ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ նախարարությունների աշխատակազմերի, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ դատախազության, ՀՀ դատարանների և այլ պաշտոնատար անձանց համար սահմանված ձևի, ինչպես նաև լուսանկարներով ծառայողական վկայականները՝ վավերացված Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիքով:

8.5. Այցելուներին միանգամյա մուտքի անցագիր տրամադրելու համար Ազգային ժողովի աշխատակազմի առաջին բաժնի կողմից տրված տպագիր ձևաթղթի վրա լրացվում է հայտ, որտեղ նշվում են հրավիրվածի այցելության օրը, ժամը, անունը, ազգանունը և այն աշխատասենյակը, որտեղ պետք է այցելի:

8.6. Հայտը հանձնվում է պահպանության ծառայության հենակետ (Ազգային ժողովի 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 101 սենյակ), որտեղից հայտում նշված տեղեկությունը փոխանցվում է Ազգային ժողովի Հ. 2 ՀԱԿ-ում տեղակայված անցագրային հենակետ` անցագրի դուրս գրման համար: Հայտը պահպանության ծառայության հենակետ հանձնում է հայտատուն անձամբ կամ նրա օգնականը (գործավարը)՝ ժամը 09:00-17:50:

8.7. Հայտ ներկայացնելու իրավունք ունեն՝

1) Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականը, խորհրդականները, օգնականները, գլխավոր քարտուղարի տեղակալները, աշխատակազմի վարչության պետերը, աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալը, առաջին բաժնի վարիչը և այն աշխատողները, որոնց մասին Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը գրավոր իրազեկում է ՀՀ ՊՊԾ պետին:

 2) Հաշվեքննիչ պալատի նախագահը, Հաշվեքննիչ պալատի անդամները, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի վարչության պետերը:

8.8. Ազգային ժողովի նախագահի ընդունարանի, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի (լիազորված տեղակալի), Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի, խորհրդականների և օգնականների հայտերով այցելուների մուտքը (ելքը), համապատասխան նշման պարագայում կարող է իրականացվել նաև հայտում նշված այլ ՀԱԿ-ով:

8.9. Միանգամյա մուտքի անցագրերով այցելուներին Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-ում տրվում են Ազգային ժողովի շենքի յուրաքանչյուր հարկի համար նախատեսված գույներով ամրաքարտեր, որն այցելուն պարտավոր է ամրացնել կրծքավանդակի աջ կամ ձախ կողմում` տեսանելի մասում և հետ վերադարձնել Հ. 2 ՀԱԿ-ից դուրս գալիս:

8.10. Տվյալ հարկին համապատասխանող ամրաքարտով և միանգամյա մուտքի անցագրով այցելուների տեղաշարժը պահպանվող օբյեկտի այլ հարկերով և այլ աշխատասենյակներով առանց հայտատուի ուղեկցման արգելվում է:

8.11. Միանգամյա մուտքի անցագրով այցելուի անձը հաստատող փաստաթուղթը ի պահ է հանձնվում ՀԱԿ-ի պահպանության ծառայության պատասխանատու ծառայողին և վերադարձվում է անցակետից դուրս գալիս` ամրաքարտը և անցագիրը հանձնելուց հետո: Աշխատանքային օրերին ժամը 19:00-ից հետո Բաղրամյան պողոտայի Հ. 2 ՀԱԿ-ով մուտք գործած անձանց անձը հաստատող փաստաթղթերը փոխանցվում են Բաղրամյան պողոտայի Հ. 3 ՀԱԿ, որտեղից դրանք հանձնվում են դուրս եկող անձին:

8.12. Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը (լիազորված տեղակալը), Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականը, լիազորված խորհրդականը կամ օգնականը (այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի ընդունարանից) կարող են ներկայացնել բանավոր հայտ` հայտնելով այցելուի նույնականացնող տվյալները` մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը գրավոր հայտը սահմանված կարգով ներկայացնելու պայմանով:

8.13. Այցելուին ընդունող հայտատուն հանդիպման ավարտից հետո անցագրում նշում է կատարում այցելուի դուրս գալու ժամանակի մասին, դա վավերացնում է իր ստորագրությամբ, այցելուին նախազգուշացնում է տարածքից դուրս գալու ժամանակ անցագիրը պահպանության ծառայության հերթապահ ծառայողին հանձնելու անհրաժեշտության մասին: Եթե այցելուի անցագրի վրա բացակայում է սահմանված նշումը, ապա պահպանության ծառայության ծառայողը պարտավոր է նրան հետ ուղարկել` համապատասխան նշումը կատարելու համար:

8.14. Այցելուի կողմից միանգամյա մուտքի անցագիրը կորցնելու դեպքում հայտատուն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի միջոցով այդ մասին գրավոր իրազեկում է պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին:

8.15. Հայտատուի բացակայության ժամանակ այցելուի անցագիրը ստորագրում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, նրա լիազորված տեղակալը կամ պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը:

8.16. Ազգային ժողովի նիստերի օրերին ՝ բացառությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալների, այցելուների և տրանսպորտային միջոցների համար միանգամյա մուտքի անցագիր տրվում է միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի ստորագրությամբ հաստատված հայտի հիման վրա: Ազգային ժողովի նախագահի այցելուների պարագայում՝ միանգամյա մուտքի անցագիր առանց Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի ստորագրությամբ հաստատված հայտի տրվում է միայն Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի, լիազորած խորհրդականի (օգնականի) ստորագրությամբ հաստատված հայտի հիման վրա:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի օրերին այցելուների համար միանգամյա մուտքի անցագիր տրվում է միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի ստորագրությամբ հաստատված հայտի հիման վրա:

8.17. Ազգային ժողովի դռնփակ և դռնբաց նիստերի ժամանակ Ազգային ժողովի նիստերի դահլիճում գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով: Ազգային ժողովի այլ դահլիճներում դռնփակ նիստերի և լսումների անցկացման օրերին դահլիճում գտնվելու անձանց շրջանակը սահմանում է նիստեր կամ լսումներ հրավիրող պաշտոնատար անձը: Ազգային ժողովի այլ դահլիճներում դռնփակ նիստերի ընթացքում արգելվում է դահլիճ բերել և օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա և տեսատեխնիկա, ռադիոկապի և հեռախոսակապի, ինչպես նաև ձայնագրման և տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

8.18. Ազգային ժողովի դռնբաց նիստերի ժամանակ բացի Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներից, նիստերի դահլիճի օթյակներում գտնվելու իրավունք ունեն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կողմից տրված ցուցակով ներկայացված անձինք:

8.19. Ազգային ժողովում կազմակերպվող լսումներին, խորհրդակցություններին, մշակութային և այլ բազմամարդ միջոցառումներին հրավիրվող անձանց (10 և ավելի անձանց դեպքում) համար հայտատուի կողմից լրացվում է սահմանված ձևի հայտ (գրություն, ցուցակ), որը վավերացնում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, նրա բացակայության դեպքում` լիազորված տեղակալը: Հայտը հանձնվում է պահպանության ծառայության հենակետ (Ազգային ժողովի 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 101 սենյակ): Հրավիրված անձինք պահպանվող օբյեկտ մուտք են գործում նախատեսված ՀԱԿ-ով համապատասխան սարքերով պարտադիր նախնական զննում անցնելուց հետո: Հրավիրվածների անձը հաստատող փաստաթղթերը հանձնվում են պահպանության ծառայության պատասխանատու ծառայողի մոտ և վերադարձվում են անցակետից դուրս գալիս:

8.20. Ազգային ժողովում կազմակերպվող միջոցառումներին հրավիրված անչափահաս այցելուների անձը ներկայացված ծննդյան վկայականների հետ նույնականացման հարցում պատասխանատվություն է կրում անձամբ հայտ ներկայացնողը:

8.21. Ազգային ժողովում չհավատարմագրված լրագրողների մուտքը իրենց լրագրողական սարքավորումներով (տեսաձայնագրող սարքեր, ֆոտոապարատ) իրականացվում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի ստորագրությամբ հաստատված սահմանված ձևի հայտի (գրության) առկայության դեպքում: Հայտը (գրությունը) հանձնվում է պահպանության ծառայության հենակետ (Ազգային ժողովի 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 101 սենյակ):

8.22. Ժամը 18:00-ից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին, Դեմիրճյան փողոցի Հ. 6 մուտքի ՀԱԿ-ով պահպանվող օբյեկտ կարող են մուտք գործել Ազգային ժողովի նախագահի ընդունարանի, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի, խորհրդականների, օգնականների և պատգամավորների հայտերով հրավիրվածները:

8.23. Ժամը 18:00-ից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին, միանգամյա մուտքի հայտերը ընդունում է պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը:

8.24. Օգտագործված միանգամյա մուտքի անցագրերը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին, պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործած անձանց և տրանսպորտային միջոցների գրանցման մատյանները պահվում են պահպանության ծառայությունում և ոչնչացվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IX. ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

 

9.1. Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող շինությունների և ենթակայանների պահպանությունն իրականացվում է ըստ անհրաժեշտության, եթե դրանք սահմանված ձևով կահավորված են (փականներով, տեսահսկման համակարգերով, կապարակնիքներով և այլն):

9.2. Պահպանվող օբյեկտում առկա յուրաքանչյուր ապրանքանյութական ամբողջություն ընդունվում է պահպանության, եթե դա տեղավորված է փակ շինություններում և սահմանված կարգով հանձնված է պահպանության:

9.3. Պահպանվող օբյեկտի պահպանության և դրա տարածքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով օրենքով սահմանված կարգով կարող են ներգրավվել համապատասխան ուժեր և միջոցներ:

9.4. Հասարակական կարգի և անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացվում են տեղակայված պահակետերում և պահպանվող օբյեկտի տարածքում:

9.5. Պահպանվող օբյեկտում ծառայություն իրականացնող ծառայողներն անհրաժեշտության դեպքում ծառայությունը կարող են իրականացնել քաղաքացիական հագուստով և տարբերանշաններով:

9.6. Ազգային ժողովի նիստերի դահլիճի, օթյակների և այլ դահլիճների պահպանությունն իրականացնող ծառայողներն անհրաժեշտության դեպքում նիստը վարողի հրավերով իրավունք ունեն մուտք գործել նիստերի դահլիճ, օթյակ և այլ դահլիճ՝ հասարակական կարգի ապահովման նպատակով:

9.7. Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, վիրավորական արտահայտություններ անել, չկատարել պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից և սույն կանոններից բխող պահանջները, կատարել սույն կանոններով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

9.8. Պահպանության ծառայությունը, իր նախաձեռնությամբ կամ Ազգային ժողովի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձի միջնորդությամբ, համաչափ միջոցներ է ձեռնարկում կարգազանց անձին՝ բացառությամբ պատգամավորի, կարգի հրավիրելու համար՝ ընդհուպ պահպանվող տարածքից հեռացում:

9.9. Պահպանվող օբյեկտի բոլոր աշխատողներն աշխատանքային օրվա ավարտից հետո և աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր բացակայության դեպքում պարտավոր են անջատել էլեկտրաջահերը և մյուս էլեկտրասարքերը, փակել պատուհանները և կողպել աշխատասենյակի դուռը:

9.10. Աշխատանքային օրվա վերջում ազդանշանային համակարգով սարքավորված աշխատասենյակներում միացվում են ազդանշանային համակարգերը և սահմանված կարգով՝ համապատասխան մատյանում նշում կատարելուց հետո պահպանության են հանձնվում անվտանգության ծառայությանը:

9.11. Աշխատանքային օրվա ավարտից հետո պահպանվող օբյեկտի պարետային ծառայությունը կատարում է շրջայց, ստուգում շենքի, շինությունների և աշխատասենյակների համապատասխանությունը սահմանված պահանջներին և իրավիճակի վերաբերյալ տեղեկացնում պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին:

9.12. Պահպանության ծառայության հերթափոխի կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերված թերությունների մասին զեկուցվում է ըստ վերադասության, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ թերությունները վերացնելու ուղղությամբ:

9.13. Ծառայողական աշխատասենյակների, նիստերի դահլիճի, օթյակների և այլ դահլիճների բանալիները պահվում են (մեկական օրինակ) համապատասխանաբար տվյալ աշխատասենյակի աշխատողի, պարետի և պահպանվող օբյեկտում պահպանություն իրականացնող ստորաբաժանման զորանոցում:

9.14. Պահպանվող օբյեկտի տարածքում գործող և չգործող մուտքերի (դարպասների) բանալիները գտնվում են` մեկական օրինակ պարետի և պահպանություն իրականացնող ստորաբաժանման զորանոցում:

9.15. Ծառայողական աշխատասենյակների, պահպանվող օբյեկտում տեղակայված այլ շինությունների բանալիների կրկնօրինակները պահվում են պահպանության ծառայության զորանոցում՝ կնքված ծրարների մեջ: Ոչ աշխատանքային ժամերին բանալիների կրկնօրինակները հատուկ մատյանում գրանցում կատարելուց հետո տրվում և ընդունվում են միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի (տեղակալի) կամ գործերի կառավարչի պահանջի դեպքում:

9.16. Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացվող դռնբաց և դռնփակ նիստերի, հրապարակային լսումների և այլ միջոցառումների ավարտից հետո պարետը պահպանության ծառայության ծառայողների ներկայությամբ զննում է դահլիճը, օթյակները, անջատում էլեկտրասարքերը, կողպում և կնքում է դռները: Դռները կնքվում են պարետային ծառայության և պահպանության ծառայության կնիքներով, որի վերաբերյալ գրանցում է կատարվում համապատասխան մատյանում:

9.17. Բանալիների կրկնօրինակների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարիչը:

9.18. Արտակարգ իրավիճակների ի հայտ գալու դեպքում (հրդեհ, տարերային աղետ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթար և այլն) պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը և համապատասխանաբար Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատողները իրականացնում են իրավիճակից թելադրվող հնարավոր անհետաձգելի միջոցառումներ և անհապաղ տեղեկացնում են համապատասխան վթարային ծառայություններին՝ ստեղծված իրավիճակի մասին անմիջապես հայտնելով ըստ վերադասության ու համապատասխանաբար Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ղեկավարներին, գործերի կառավարչին, կազմակերպում են վթարային ծառայության ներկայացուցիչների դիմավորումը և ուղեկցումը պահպանվող օբյեկտի տարածքում՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:

 

ՀՀ Ազգային ժողովի
գլխավոր
քարտուղար

 

ՀՀ պետական պահպանության

 ծառայության պետ, 

 գեներալ-լեյտենանտ

 

Հ. Թովմասյան

 

——- ———————— 2016 թ.

 

 

Հ. Հարությունյան 


15.08.2016 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.02.2019, ՆՈ-01-Ն 12.02.2019, ՆՈ-055-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան