Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-15-Ո-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.17/63(1243) Հոդ.805
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.07.2016
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-15-Ո-10

2016 թ.


ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԵՆՐԻԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արդարադատության խորհուրդը

 

հետեվյալ կազմով`

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
   
մասնակցությամբ` ԱԽ անդամներ Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,
Գ. Ղազինյանի, Ս. Չիչոյանի,
Ե. Սողոմոնյանի, Վ. Ստեփանյանի,
Ս. Օհանյանի
   
մասնակցությամբ` դատավոր Հ. Դարբինյանի
   

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 

էթիկայի և կարգապահական հարցերի 

հանձնաժողովի անդամներ

Մ. Մարտիրոսյանի, Մ. Պապոյանի
   
քարտուղարությամբ` Շ. Վարդանյանի

 

2016 թվականի հուլիսի 27-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 20.06.2016թ. թիվ N-ԷԿ-2/2016 որոշմամբ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Հարություն Կարապետյանի դիմումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

«ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ3/1098/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Հարություն Կարապետյանի ընդդեմ Վարդուհի Սաֆարյանի՝ 24.06.2016թ. կնքված Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վարդան Զորավար փողոցի թիվ 17 տունն օտարելու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Թիվ ԱՎԴ3/1098/02/15 քաղաքացիական գործով հայցվոր Հ. Կարապետյանի կողմից 25.03.2016թ. դատավոր Հ. Դարբինյանին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն:

Դատարանի դատավոր Հ. Դարբինյանը 06.04.2016թ. կայացված «Ինքնաբացարկի մասին միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժել է ներկայացված միջնորդությունը` միաժամանակ որոշման մեջ նշելով.

«Ինչ վերաբերում է միջնորդության մեջ նշված այն փաստարկին, թե պատասխանողն ինչ-որ անձի նախկինում պարտքով գումար է տվել, հիմա էլ փորձում է ստանալ, սակայն չի կարողանում, և ըստ հայցվորի` դա միգուցե պայմանավորված է դատական նիստերը հետաձգելու հետ, դատարանը փաստում է, որ մեղմ ասած նշվածը վերաբերում է հայցվորի հիվանդագին երևակայությանը, (...)»:

ՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատարանում ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե, ինչպես նաև նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 19.02.2016թ. թիվ 01-Ն որոշման 2-րդ կանոնի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս: (...)»:

Նույն որոշման 12-րդ կանոնի համաձայն՝ «Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար և բարեկիրթ, հարգալից վերաբերմունք դրսևորի գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, ում հետ առնչվում է, իր համար ընդունի այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը: (...):»

Վերոգրյալի արդյունքում Հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Դարբինյանը, թիվ ԱՎԴ3/1098/02/15 քաղաքացիական գործով 06.04.2016թ. կայացված «Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման մեջ գործածելով «(...) դատարանը փաստում է, որ մեղմ ասած նշվածը վերաբերում է հայցվորի հիվանդագին երևակայությանը, (...)» արտահայտությունը, դրսևորել է անբարեկիրթ վերաբերմունք գործով հայցվորի նկատմամբ՝ արատավորելով դատական իշխանության հեղինակությունը:

Այսպիսով, Հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Դարբինյանի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են:

Միաժամանակ Հանձնաժողովը գտնում է, որ դատավորի վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա, դրսևորելով անբարեկիրթ վերաբերմունք գործով հայցվորի նկատմամբ, թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավոր Հ. Դարբինյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Նախ հայտնեմ, որ վարույթումս եղած քաղաքացիական գործի քննության ողջ ընթացքում դիմող Հարություն Կարապետյանին չեմ տեսել, նիստերին նա չի ներկայացել, հետևաբար ի պաշտոնե գործելիս չեմ էլ շփվել: Ի գիտություն տեղեկացնեմ, որ գործի ելքով իմ կողմից կայացված վճռի բողոքարկման ժամկետը լրանում է 27.06.2016թ-ին, այս պահի դրությամբ դեռևս վերաքննիչ բողոք դիմողը չի ներկայացրել:

Նշեմ, որ Հարություն Կարապետյանին վիրավորելու անգամ մտադրություն չի եղել, «հիվանդագին երևակայություն» բառերը նշելիս միայն փորձել եմ նրան զգոնացնել, ուշադրություն հրավիրել նրա անիրական, իմ կարծիքով նաև դատարանի հեղինակությանն ուղղված ոչ նորմալ և ոչ պատշաճ հետևությունների ու փաստարկների վրա և կանխել արդարադատություն իրականացնելիս որևէ անօրինական և անհիմն ազդեցություն: Եթե Հարություն Կարապետյանը հավատար իր իսկ փաստարկներին, ապա կդիմեր նաև համապատասխան մարմիններին:

Փաստեմ, որ վիրավորանք հասկանում եմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիմքով, որի բովանդակությանը չեմ անդրադառնում:

Ըստ Վ. Ա. Սահակյանի, Վ. Մ. Սահակյանի հոմանիշների և ինտերնետում առկա բառարանների` «հիվանդագին երևակայություն» նշանակում է ոչ նորմալ, անառողջ պատկերացում, ենթադրություն, անիրական բան, ֆանտազիա:

Ըստ էության, Հարություն Կարապետյանն իր իրականությանը չհամապատասխանող փաստարկներով շոշափել է դատավորի համբավը, կասկածի տակ դրել իմ օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս:

Ինչ վերաբերում է նշված արտահայտությունը դատական ակտում նշելուն, քաջատեղյակ եմ, նաև գիտակցում եմ, որ չպետք է նշվեր այն պարզ պատճառով, որ դատական ակտերն ունեն իրենց ձևին ու բովանդակությանն առաջադրվող պահանջներ, կոնկրետ հարց և խնդիր են լուծում:

Դատարանի կողմից 06.04.2016թ. կայացված «Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման մեջ իմ կողմից օգտագործված արտահայտության համար խնդրում և Հանձնաժողովից ակնկալում եմ ներում, Հանձնաժողովի այդ փաստարկի կապակցությամբ գնահատականը համարում եմ օբյեկտիվ»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստը.

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Հ. Դարբինյան) թիվ ԱՎԴ3/1098/02/15 քաղաքացիական գործով 06.04.2016թ. կայացված «Ինքնաբացարկի մասին միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժել է գործով հայցվոր Հ. Կարապետյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` միաժամանակ որոշման մեջ նշելով.

«Ինչ վերաբերում է միջնորդության մեջ նշված այն փաստարկին, թե պատասխանողն ինչ-որ անձի նախկինում պարտքով գումար է տվել, հիմա էլ փորձում է ստանալ, սակայն չի կարողանում, և ըստ հայցվորի` դա միգուցե պայմանավորված է դատական նիստերը հետաձգելու հետ, դատարանը փաստում է, որ մեղմ ասած նշվածը վերաբերում է հայցվորի հիվանդագին երևակայությանը, (...)»:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Հ. Դարբինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ.

ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը»:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 19.02.2016թ. թիվ 01-Ն որոշման 2-րդ կանոնի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս: (...)»:

ՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատարանում ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե, ինչպես նաև նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից և այլ անձանցից, որոնք դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 19.02.2016թ. թիվ 01-Ն որոշման 12-րդ կանոնի համաձայն՝ «Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար և բարեկիրթ, հարգալից վերաբերմունք դրսևորի գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, ում հետ առնչվում է, իր համար ընդունի այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը: (...):»

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորը, օժտված լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ, իր վարքագծով հասարակության մոտ պետք է համոզմունք ձևավորի, որ կողմերը դատարանում հասնելու են արդարադատության:

Խորհուրդն իր 2007 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱԽ-6-Ո-16 որոշմամբ նշել է, որ կողմերը կամ դատական գործընթացի մյուս մասնակիցները հաճախ չեն կողմնորոշվում, թե որ փաստերն ու իրադարձություններն են կարևոր գործի լուծման համար, և կարող են բացատրություն, ցուցմունք տալ կամ ճառով հանդես գալ երկար, խոսել գործի հետ չկապված կամ դրա լուծման համար էական նշանակություն չունեցող հանգամանքների մասին: Նման դեպքերում դատավորը, առաջարկելով ելույթ ունեցողին մնալ հայցի շրջանակներում և բացատրություն տալ գործի փաստական հանգամանքների վերաբերյալ, չպետք է դուրս գա փոխադարձ հարգանքի սահմաններից, ստեղծի տպավորություն, թե չի ցանկանում տիրապետել գործի մանրամասները, կողմնակալ է և գործի ելքով շահագրգռված` կողմի նկատմամբ դրսևորելով կոպիտ և անթույլատրելի վերաբերմունք, որը խարխլում է դատավորի նկատմամբ հարգանքը:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանի դատավոր Հ. Դարբինյանը թիվ ԱՎԴ3/1098/02/15 քաղաքացիական գործով 06.04.2016թ. կայացված «Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման մեջ գործածել է «(...) դատարանը փաստում է, որ մեղմ ասած նշվածը վերաբերում է հայցվորի հիվանդագին երևակայությանը, (...)» արտահայտությունը:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Հ. Դարբինյանը, թիվ ԱՎԴ3/1098/02/15 քաղաքացիական գործով 06.04.2016թ. կայացված «Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման մեջ գործածելով գործով հայցվորի հասցեին ուղղված բացասական որակում բովանդակող արտահայտություն, դրսևորել է անբարեկիրթ վերաբերմունք վերջինիս նկատմամբ, որի արդյունքում թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ:

Միաժամանակ Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանը փորձառու դատավոր է (պաշտոնավարում է 2001 թվականից) և աչքի է ընկել օրինավոր վարքագծով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Գ. Ղազինյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Ս. Օհանյան