Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2016-16.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.1019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2016 թվականի N 1067-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության պայմանագրերը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ

 

1. Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ կամ շարժական գույքը (այսուհետ՝ պետական գույք) (բացառությամբ՝ հողամասերի, դրամական միջոցների, բնակելի նշանակության շենք, շինությունների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված գույքի) իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրաբերման գործընթացը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Սույն կարգին համապատասխան պետական գույքը կարող է նվիրաբերվել քաղաքացիներին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 805-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1306-Ն որոշումներով սահմանված դեպքերի), հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, համայնքներին, ինչպես նաև օտարերկրյա անձանց և պետություններին (այսուհետ՝ նվիրաբերության սուբյեկտ):

3. Նվիրաբերության սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չհամարվող այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են բարեգործական միջոցառումներ և առաջարկություն են ներկայացրել այդ բնագավառում ծրագրերը շարունակելու վերաբերյալ, կամ

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք աջակցություն են ցուցաբերում խոցելի՝ նպաստառու կամ հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիների խմբերին, և

3) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ոլորտներում սույն կարգի 5-րդ կետով սահմանված հանրօգուտ ծրագրերի իրականացման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:

4. Պետական գույքը նվիրաբերությամբ տրվում է նվիրաբերության սուբյեկտներին, եթե՝

1) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող ծրագրերը վերաբերում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուն, դաստիարակչական հիմնարկների, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատությունների, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատությունների գործունեությանը, և

2) նվիրաբերության սուբյեկտների կողմից առաջարկվող հանրօգուտ ծրագրերի իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով:

5. Հանրօգուտ ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնք իրականացվում են կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական և բարեգործության ոլորտներում և նպատակաուղղված են բնակչության 50 և ավելի թվից բաղկացած խմբերին աջակցելու համար:

6. Հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշներն են՝

1) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող՝ բարեգործությունից օգտվող անձանց թիվը, այդ թվում՝ ծրագրի առանձին տարիների կտրվածքով.

2) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվող բարեգործության ընդհանուր ծավալը՝ արժեքային արտահայտությամբ, այդ թվում՝ ըստ տարիների.

3) հանրօգուտ ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը.

4) հանրօգուտ ծրագրի ժամկետը.

5) հանրօգուտ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվող արդյունքները:

7. Հանրօգուտ ծրագրերն իրատեսական լինելու մասին, սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցուցանիշներին համապատասխան, եզրակացություններ են տրամադրում տվյալ ոլորտը կարգավորող լիազորված պետական մարմինները:

8. Լիազոր մարմինն իր եզրակացությունը ներկայացնելիս 6-րդ կետում նշված յուրաքանչյուր ցուցանիշի վերաբերյալ տալիս է իր հիմնավորումը և եզրակացությունը 3-օրյա ժամկետում հրապարակում է իր պաշտոնական կայքում:

9. Հանրօգուտ ծրագրի իրականացման նվազագույն ժամկետը սահմանվում է 5 տարի:

10. Նվիրաբերվող պետական գույքը ենթակա է շուկայական գնահատման: Նվիրաբերվող պետական գույքի շուկայական գնահատման ծախսերը կատարվում են նվիրաբերության սուբյեկտների միջոցների հաշվին:

11. Պետական գույքը նվիրաբերության սուբյեկտներին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

12. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար նվիրաբերության սուբյեկտը հայտով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն)՝ հայտին կից ներկայացնելով՝

1) նվիրաբերություն ստանալու համար նախատեսված պետական գույքի մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, տնօրինող պետական մարմինը, իսկ շարժական գույքի դեպքում՝ տվյալ գույքի բնութագրի մասին տվյալները՝ թողարկման և շահագործման տարին, մակնիշը, հզորությունը, ֆիզիկական չափերը, մաշվածության աստիճանը).

2) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ոլորտներում առնվազն 3 տարվա գործունեություն ծավալելու մասին հաստատող փաստաթղթերը, լիցենզավորվող գործունեության դեպքում՝ գործող լիցենզիայի պատճենը, ծանուցման ենթակա գործունեության իրականացման դեպքում՝ լիազորված մարմնի կողմից տրված ծանուցման պատճենը, կատարված պայմանագրերի պատճենները, հաշվետվություն կատարված ներդրումների վերաբերյալ, նշված ոլորտներում գործունեության փորձ ունենալու մասին փաստաթղթերը.

3) տեղեկություններ իրականացված ծրագրերի և այդ բնագավառում ձեռք բերված արդյունքների մասին.

4) տեղեկություններ նախկինում իրականացված հանրօգուտ ծրագրերի վերաբերյալ.

5) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ոլորտներում իրականացվող հանրօգուտ ծրագիրը:

13. Եթե պետական գույքն ամրացված է այլ պետական կառավարչական հիմնարկին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ապա սույն կարգի 12-րդ կետում նշված հայտը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վարչությունը դիմում է համապատասխան պետական կառավարչական հիմնարկին և պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում գույքի նվիրաբերության վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով:

14. Վարչությունը սույն կարգի 12-րդ կետում նշված հայտը, իսկ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում՝ համապատասխան պետական կառավարչական հիմնարկի համաձայնությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է տվյալ ոլորտը կարգավորող լիազորված պետական մարմնին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 6-րդ կետով սահմանված՝ հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշների մասին եզրակացություններն ստանալու նպատակով:

15. Վարչությունը սույն կարգի 14-րդ կետում նշված եզրակացությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում սույն կարգի 12-րդ կետում ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին և 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան պետական կառավարչական հիմնարկին և նվիրաբերության սուբյեկտին:

16. Պետական կառավարչական հիմնարկը կամ վարչությունն իրեն ամրացված գույքի մասով պետական գույքի նվիրաբերության համար համաձայնություն չի տալիս, եթե`

1) տվյալ պետական գույքն անհրաժեշտ է պետական կառավարչական հիմնարկի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար.

2) տվյալ պետական գույքի օգտագործմամբ կամ ներդրմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած որևէ այլ ծրագիր.

3) տվյալ պետական գույքը տրամադրված է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայտ ներկայացրած նվիրաբերության սուբյեկտը տվյալ պետական գույքի վարձակալն է կամ օգտագործողը.

4) տվյալ պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի ցանկերում.

5) չեն ներկայացվել սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը:

17. Նվիրաբերության սուբյեկտի կողմից սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացնելու դեպքում վարչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է նվիրաբերության սուբյեկտին, որը գրությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:

18. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հայտը վարչության կողմից մերժվում է, եթե՝

1) չեն ապահովվել սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջները.

2) սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները.

3) սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան պետական կառավարչական հիմնարկը կամ վարչությունը սույն կարգի 16-րդ կետի հիմքերով համաձայնություն չի տվել գույքի նվիրաբերության վերաբերյալ.

4) տվյալ պետական գույքն առանձնացվել է Հայաստանի Հանրապետության օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից.

5) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված մարմինների կողմից պետական գույքի նվիրաբերության վերաբերյալ համաձայնություն չտալու կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված մարմինների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված՝ հանրօգուտ ծրագրերի գնահատման ցուցանիշների մասին բացասական եզրակացություն տրամադրելու դեպքերում:

19. Նվիրաբերությամբ պետական գույք ստանալու համար սույն կարգի 12-րդ կետում նշված հայտի վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո վարչությունը եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի նվիրաբերության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ նախատեսելով, որ նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագիրը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը:

20. Այն դեպքում, երբ պետական գույքն ամրացված է այլ պետական կառավարչական հիմնարկին կամ պետական ոչ առևտրային կազմակերպությանը, վարչությունը երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն տվյալ պետական գույքը վարչությանն ամրացնելու մասին՝ այն նվիրաբերության սուբյեկտներին նվիրաբերելու նպատակով:

21. Պետական գույքը նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) նվիրաբերվող պետական գույքի նկարագիրը (անվանումը, գտնվելու վայրը, անշարժ գույքի դեպքում՝ մակերեսը (քառակուսի մետրով արտահայտված), գնահատված արժեքը).

2) տեղեկություններ նվիրաբերության սուբյեկտի (սուբյեկտների) մասին (անվանումը, գտնվելու վայրը), քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի տվյալները կամ անձնագրի տվյալները.

3) նվիրաբերվող պետական գույքի օգտագործման նպատակը և նվիրաբերության սուբյեկտի ներկայացրած հանրօգուտ ծրագրի հիմնական պայմանները.

4) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել պետական գույքի նվիրաբերությունը նվիրաբերության սուբյեկտներին՝ հաշվի առնելով օրենքով սահմանված կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, բարեգործական ոլորտներում իրականացվող քաղաքականության ուղղությունները և առաջնահերթությունները:

23. Պետական գույքը նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վարչության և նվիրաբերության սուբյեկտի միջև կնքվում է պետական գույքի նվիրաբերության պայմանագիր:

24. Հանրօգուտ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում նվիրաբերություն ընդունած նվիրաբերության սուբյեկտը վարում է հանրօգուտ ծրագրի իրականացման առանձին հաշվառում և դրա վերաբերյալ հանրօգուտ ծրագրի իրականացման յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է հաշվետվություն:

25. Հաշվետվությունում պարտադիր կարգով պետք է արտացոլվեն ծրագրի տվյալ ժամանակահատվածի կատարողականը, այդ թվում՝ կատարված ներդրումների ծավալի, ժամկետի և ձեռք բերված արդյունքների գծով, որին պետք է կցվեն կատարումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ծրագրի կատարման վերաբերյալ մամուլի և լրատվության միջոցների գնահատականը, եթե այդպիսիք առկա են:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2023, N 1711-Ն 16.10.2023, N 1067-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան