Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.08/59(1239).1 Հոդ.767.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4213/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4213/02/14
2016թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ`

Ա. Պետրոսյան

Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմինե Թադևոսյանի ներկայացուցիչ Նորայր Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Նազարյանի ընդդեմ Արմինե Թադևոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Նազարյանը պահանջել է Արմինե Թադևոսյանից բռնագանձել 1.200.000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 11.12.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը, ինչպես նաև 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 18.06.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է. «Արմինե Թադևոսյանից հօգուտ Հայկ Նազարյանի բռնագանձել 1.200.000 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 11.10.2014 թվականից մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի չափով 1.200.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրվող տոկոսները: Արմինե Թադևոսյանից հօգուտ Հայկ Նազարյանի, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, բռնագանձել 150.000 ՀՀ դրամ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.09.2015 թվականի որոշմամբ Արմինե Թադևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Թադևոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Նազարյանի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ և 470-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի հետևանքով անտեսել է, որ տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի կողմերը, ելնելով կամքի ինքնավարության և պայմանագրի ազատության սկզբունքներից, պայմանագրի 3.4.1 կետով տրանսպորտային միջոցի դիմաց վճարման ժամկետ են սահմանել պայմանագիրն ստորագրելու պահը, իսկ 3.2.1 կետի համաձայն` տրանսպորտային միջոցը պետք է հանձնվեր պայմանագիրն ստորագրելուց հետո: Այսինքն` մինչև գնորդը վճարումը չկատարեր, վաճառողն ավտոմեքենան չէր հանձնի գնորդին: Տվյալ դեպքում գնորդը վճարել է պայմանագրով նախատեսված գումարը, որպիսի հանգամանքից ելնելով` պայմանագիրն ստորագրելուց անմիջապես հետո ավտոմեքենան հանձնվել է նրան:

Ավելին` ավտոմեքենան ստանալուց հետո Արմինե Թադևոսյանն այդ պայմանագիրը ներկայացրել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության ծառայություն»` պետական գրանցման և ստացել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ գումարը վճարելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել, անտեսել է պայմանագրի 3.4.1 կետի կարգավորումը: Վերաքննիչ դատարանը միաժամանակ չի նշել, թե Արմինե Թադևոսյանի կողմից ինչպիսի ապացույց պետք է ներկայացվեր գնված ապրանքի համար վճարված լինելու փաստի վերաբերյալ, եթե տիպային պայմանագրում հստակ սահմանված է վճարման կարգը, և առկա չէ գումարը վճարած լինելու կամ չլինելու, այն այլ կերպ վճարելու վերաբերյալ որևէ նշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2015 թվականի որոշումն ու փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն քաղաքացիական գործում բացակայում է ապացույց, որը կհաստատեր Հայկ Նազարյանի և Արմինե Թադևոսյանի միջև 10.10.2014 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրում նշված պայմանագրի գինը վճարելու պարտավորությունն Արմինե Թադևոսյանի կողմից կատարված լինելու փաստը: Հետևաբար ստորադաս դատարանները, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելով ու գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, հանգել են իրավաչափ հետևության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկ Նազարյանի և Արմինե Թադևոսյանի միջև 10.10.2014 թվականին կնքվել է տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Հայկ Նազարյանը պարտավորվել է որպես սեփականություն Արմինե Թադևոսյանին հանձնել Պայմանագրում նշված տրասպորտային միջոցը, իսկ վերջինս պարտավորվել է որպես սեփականություն ընդունել այն և վճարել դրա համար:

Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` տրասպորտային միջոցի գինը կողմերի գնահատմամբ կազմել է 1.200.000 ՀՀ դրամ:

Պայմանագրի 3.2.1 կետի համաձայն` վաճառողին իրավունք է վերապահվել տրասպորտային միջոցը հանձնելու պայմանագիրն ստորագրելու պահից:

Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն` գնորդը պարտավորվել է Պայմանագրում նշված գինը վաճառողին վճարել Պայմանագիրն ստորագրելու պահին (հատոր 1-ին, գ.թ. 7-9).

2) Պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանումում, որի վերաբերյալ Արմինե Թադևոսյանին 10.10.2014 թվականին տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 23).

3) Պայմանագրում նշված տրանսպորտային միջոցը հանձնվել է Արմինե Թադևոսյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ և 470-րդ հոդվածներն ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք առուվաճառքի պայմանագրում նշված դրույթն այն մասին, որ ապրանքի դիմաց գնորդը վճարում է պայմանագիրն ստորագրելու պահին, ինքնին կարող է վկայել գնորդի կողմից ապրանքի դիմաց վճարում կատարած լինելու փաստի մասին այն դեպքում, երբ պայմանագիրն ստորագրված է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից բխում է, որ առուվաճառքի պայմանագրով գնորդն ստանձնում է վաճառողի կողմից իրեն որպես սեփականություն հանձնված ապրանքն ընդունելու և դրա համար որոշակի գումար վճարելու պարտականություն: Ընդ որում, գնորդն իր այդ պարտականությունը պետք է կատարի կա'մ այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ, կա'մ հետո, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից: Հետևաբար հաշվի առնելով վկայակոչված իրավանորմի դիսպոզիտիվ բնույթը` ապրանքի դիմաց գնորդի կողմից վճարում կատարելու հարցը պարզելիս դատարանը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրի ինչպես քաղաքացիաիրավական օրենսդրությունը, այնպես էլ` համապատասխան պայմանագրային կարգավորումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավանորմերը չեն պարտավորեցնում առուվաճառքի պայմանագրի կողմերին կանխիկ գումարով պայմանագրի գնի վճարում նախատեսող պայմանով առուվաճառքի պայմանագրի շրջանակներից դուրս առանձին փաստաթուղթ կազմել կամ պայմանագրում հատուկ նշում կատարել պայմանագրի գինը գնորդի կողմից վճարված լինելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրում որպես ապրանքի դիմաց վճարման պահ նշվում է պայմանագրի ստորագրման պահը, ապա պայմանագիրը գնորդի և վաճառողի կողմից ստորագրված լինելու հանգամանքը կարող է վկայել գնորդի կողմից ապրանքի դիմաց վճարում կատարած լինելու փաստը: Այնուամենայնիվ, չեն բացառվում նաև այն դեպքերը, երբ պայմանագրի կողմերը ցանկություն հայտնեն պայմանագրում նշում կատարել գնորդի կողմից պայմանագրի գինը վճարելու և վաճառողի կողմից այն ստացած լինելու վերաբերյալ: Հետևաբար, եթե առուվաճառքի պայմանագրում որպես ապրանքի դիմաց վճարման պահ նշվում է պայմանագրի ստորագրման պահը, և պայմանագրում գումարն ստանալու վերաբերյալ վաճառողի կողմից նշում առկա չէ, պայմանագրի գինը գնորդի կողմից վճարած լինելու կամ չլինելու վերաբերյալ վեճի դեպքում դրա վերաբերյալ դատարանի ներքին համոզմունքի ձևավորման համար էական նշանակություն ունի պայմանագիրն ստորագրելուց հետո կողմերի դրսևորած հետագա վարքագծի և այդ վարքագիծը պայմանավորող հանգամանքների պարզումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Հայկ Նազարյանի և Արմինե Թադևոսյանի միջև 10.10.2014 թվականին կնքվել է Պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն` Հայկ Նազարյանը պարտավորվել է որպես սեփականություն Արմինե Թադևոսյանին հանձնել Պայմանագրում նշված տրասպորտային միջոցը, իսկ վերջինս պարտավորվել է որպես սեփականություն ընդունել այն և վճարել դրա համար: Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` տրասպորտային միջոցի գինը կողմերի գնահատմամբ կազմել է 1.200.000 ՀՀ դրամ: Պայմանագրի 3.4.1 կետով նախատեսվել է, որ գնորդը պարտավոր է Պայմանագրում նշված գինը վաճառողին վճարել Պայմանագիրն ստորագրելու պահին, իսկ Պայմանագրի 3.2.1 կետով նախատեսվել է, որ վաճառողն իրավունք ունի տրասպորտային միջոցը գնորդին հանձնելու Պայմանագիրն ստորագրելու պահից: Այսինքն` Պայմանագրով գնորդի համար պարտականություն է սահմանվել ապրանքի համար վճարումը կատարելու ոչ թե վաճառողից ապրանքն ստանալուց հետո, այլ` դրանից անմիջապես առաջ:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Արմինե Թադևոսյանը` որպես գնորդ, չի կատարել Պայմանագրով նախատեսված ավտոմեքենայի արժեքը Հայկ Նազարյանին վճարելու պարտավորությունը. ինչպես Պայմանագիրը կնքելու պահին, այնպես էլ դրանից հետո վաճառողին չի վճարել Պայմանագրի 2-րդ կետում նախատեսված գինը` 1.200.000 ՀՀ դրամը», հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Գնորդը Պայմանագիրն ստորագրելու պահին վաճառողին Պայմանագրի 2-րդ կետով նախատեսված գինը վճարելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել», Արմինե Թադևոսյանի վերաքննիչ բողոքը մերժել է:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե'ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն` գնորդը պարտավորվել է Պայմանագրում նշված գինը վաճառողին վճարել Պայմանագիրն ստորագրելու պահին, իսկ Պայմանագրի 3.2.1 կետով վաճառողին իրավունք է վերապահվել տրանսպորտային միջոցը գնորդին հանձնելու Պայմանագիրն ստորագրելու պահից:

Պայմանագրի 3.4.1 կետում նշված կանոնը մեկնաբանելով դրանում առկա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, այդ կանոնը համադրելով Պայմանագրի մյուս պայմանների` Պայմանագրի 3.2.1 կետի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի 3.4.1 կետով Արմինե Թադևոսյանը պարտավորություն է ստանձնել Պայմանագրում նշված գինը Հայկ Նազարյանին վճարելու Պայմանագիրն ստորագրելու պահին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրային կարգավորումներից չի հետևում, որ ավտոմեքենայի դիմաց վճարման վերաբերյալ կողմերի միջև պետք է կազմվեր առանձին փաստաթուղթ, ինչպես նաև Պայմանագրում առկա չէ Հայկ Նազարյանի կողմից կատարված նշում՝ պայմանագրի գինը ստանալու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ավտոմեքենայի դիմաց վճարումը կատարված լինելու կամ չլինելու հարցը պարզելու համար էական նշանակություն ունի պայմանագրի կողմերի՝ պայմանագիրն ստորագրելուց հետո դրսևորած վարքագծի և այդ վարքագիծը պայմանավորող հանգամանքների պարզումը, մասնավորապես՝ ինչով է պայմանավորված Հայկ Նազարյանի գործողությունը` կապված իր իսկ պնդմամբ Պայմանագրի գինն Արմինե Թադևոսյանի կողմից վճարված չլինելու պայմաններում ավտոմեքենան վերջինիս սեփականությանը հանձնելու և, դրա նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցումը թույլատրելու հետ:

Բացի այդ, սույն գործի առանձնահատկություններից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործի լուծման համար էական նշանակություն ունի նաև Պայմանագիրն անձամբ այն ստորագրած անձանց կողմից կազմված լինելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանի կողմից նման եզրահանգման համար հիմք է այն, որ եթե պայմանագիրը կազմվել է դրա կողմերի կամահայտնությամբ, ապա պայմանագիրն ստորագրելու պահը` որպես պայմանագրի գնի վճարման պահ նախատեսելու դեպքում պետք է գործի պայմանագիրն ստորագրելու պահին գնորդի կողմից պայմանագրի գինը վճարված լինելու կանխավարկածը, և այդ դեպքում վաճառողն ինքն է կրում հակառակն ապացուցելու պարտականությունը:

Մինչդեռ այն դեպքերում, երբ պայմանագիրը կազմված չի լինում անձամբ այն ստորագրած անձանց կողմից (տիպային պայմանագիր, պայմանագրի օրինակելի ձև և այլն), Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում այնպիսի իրավիճակը, երբ նման պայմանագրերում ի սկզբանե արդեն իսկ նախատեսված լինեն որոշակի դրույթներ, ու այդ պայմանագրերում պայմանագիրն ստորագրելու պահը` որպես պայմանագրի գնի վճարման պահ նախատեսելու դեպքում պայմանագիրը վաճառողի և գնորդի կողմից ստորագրված լինելն ինքնին չի կարող վկայել պայմանագրի գինն այն ստորագրելու պահին վճարված լինելու փաստի մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հարցերը ենթակա են պարզման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների, այդ թվում նաև՝ գործին մասնակցող անձանց ցուցմունքների հիման վրա:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ և 470-րդ հոդվածներն ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար՝ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան