Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.08/59(1239).1 Հոդ.767.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0823/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/0823/05/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

Դատավորներ՝

 Ա. Աբովյան

 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արտակ Ավանեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ «Վեստ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ Ընկերության` թիվ 4041 գրանցման համարն ունեցող «RONALD McDONALD» ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու (ճանաչելու) պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է չեղյալ հայտարարել (ճանաչել) Գործակալության կողմից գրանցված թիվ 4041 գրանցման համարն ունեցող «RONALD McDONALD» ապրանքային նշանի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 10-րդ հոդվածները և 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ապրանքային նշանի օգտագործման իրավահարաբերության փաստացի առկայությունը կամ բացակայությունն ընդհանրապես վարչարարության արդյունք չէ, իսկ այդ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայց ներկայացնելն անթույլատրելի է և ենթակա չէ վարչական դատարանի քննությանը:

Բացի այդ, Կազմակերպությունը սույն գործի քննության ընթացքում չի հիմնավորել այն հանգամանքը, որ «RONALD McDONALD» ապրանքային նշանի` Ընկերության անվամբ գրանցված լինելը որևէ կերպ խախտում է իր իրավունքներն ու օրինական շահերը: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի ուժով Կազմակերպությունը չէր կարող նշված ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու (ճանաչելու) հայցապահանջով դիմել վարչական դատարան: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել սույն գործով վիճարկվող ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու (ճանաչելու) վերաբերյալ հայց հարուցելու` Կազմակերպության իրավական շահագրգռվածության հարցին, ինչն ազդել է գործի ելքի վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և կարճել գործի վարույթը կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկատվության համաձայն` Ընկերությունը թիվ 4041 գրանցման համարի տակ 12.02.1999 թվականին գրանցված «RONALD McDONALD» ապրանքային նշանի իրավատերն է Հայաստանի Հանրապետությունում (հիմք` Գործակալության պաշտոնական ինտերնետային կայք, ինտերնետային հղում http://www.aipa.am/search_mods/tm_database/view_item.php?id=970049, հատոր 1-ին, գ.թ. 7-8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հանրային և մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերի ընդդատության տարանջատման և դրա հիման վրա ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջի հիման վրա հարուցված գործերի ընդդատության որոշման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործն ընդդատյա՞ է արդյոք վարչական դատարանին, թե՞ ընդհանուր իրավասության դատարանին:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (...), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (...) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (...) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև:

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը` բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի: Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից: Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթից. կոնկրետ գործի` առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն` այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը):

Անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային են այն իրավահարաբերությունները, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ հանրային իրավահարաբերությունների մյուս բնորոշ առանձնահատկությունն այն է, որ պետական կառավարման մարմինների համար սահմանված լիազորությունների նպատակն այդ մարմինների կողմից իրենց վրա դրված հանրային պարտականությունների կատարումն է: Այդ պատճառով էլ հանրային իրավունքի նորմերը, որպես կանոն, սահմանում են, թե ինչպես պետք է իշխանական լիազորություններով օժտված մարմիններն օգտվեն իրենց լիազորություններից: Այլ կերպ ասած` հանրային իրավահարաբերությունում իշխանական լիազորություններով օժտված մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված իրավասությունների սահմաններում և պարտավոր են կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերությունների բովանդակությունը պետք է կազմի հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը: Հանրային իրավունքի նորմերը, պետական մարմիններին գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում ընձեռելով որոշակի լիազորություններ, միաժամանակ սահմանում են, թե ինչպես այդ մարմինները պետք է օգտվեն նշված լիազորություններից: Ընդ որում, իրավական պետությունում օրինականության սկզբունքին համահունչ գործադիր-կարգադրիչ գործունեություն իրականացնելիս վարչական մարմինների կողմից, որպես կանոն, այդպիսի իրավունքներից օգտվելը վերջիններիս համար կրում է պարտադիր բնույթ: Այսպես, վարչական մարմիններն իրավունք ունեն գործելու միայն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և դրանց շրջանակներում և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Այլ կերպ ասած` վարչական մարմիններին գործադիր-կարգադրիչ գործունեության համար ընձեռնված լիազորություններն ինքնանպատակ չեն. դրանց միջոցով իրականացվում են իրավական պետության բովանդակային սկզբունքները (տե՛ս «Նոյան Տապան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության թիվ ՎԴ/12145/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձիք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականություններ ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ և բավարար պայման է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն` օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ: Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը:

Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու և կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավունքում «շահ» հասկացության դասակարգումը հանրայինի և մասնավորի խիստ պայմանական է, քանի որ հանրային և մասնավոր շահերը հանդես են գալիս փոխկապակցվածության մեջ և գրեթե միշտ փոխլրացնում են միմյանց: Այսպես, իրավական շահը դասակարգվում է հանրայինի և ոչ հանրայինի` դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. հանրային շահի կրողը հասարակությունն է` որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նաև իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը` հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը:

 

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է քաղաքացու կամ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների և դրանց հավասարեցված իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցների (ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան և այլն) նկատմամբ (մտավոր սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մտավոր սեփականության օբյեկտներ են (...) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են ապրանքային նշանները (սպասարկման նշանները):

Վկայակոչված իրավական նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով, իսկ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, բացի վերոգրյալ երաշխիքներից, իրականացվում է նաև օրենքի ուժով: Ապրանքային նշանը որպես քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոց` հանդիսանում է մտավոր սեփականության օբյեկտ, իսկ մտավոր սեփականության իրավունքը սահմանադրական նորմի ուժով պաշտպանվում է օրենքով: Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր նախադեպային իրավունքում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածն ըստ էության կիրառելի է նաև մտավոր սեփականության նկատմամբ (տե'ս, օրինակ «Անհոյզեր-Բուշ ինկ.» ընկերությունն ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ի 11.01.2007 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշաններին իրավական պահպանություն է տրամադրվում ոչ միայն դրանց գրանցման, այլ նաև դրանց հանրահայտ ճանաչելու, իսկ որոշ դեպքերում նաև ապրանքային նշանի օգտագործման ուժով: Ապրանքային նշանի իրավական պահպանությունը նպատակաուղղված է կանխելու անարդար մրցակցությունը, երաշխավորելու ներդրումների պաշտպանվածությունը, ինչպես նաև սպառողներին զերծ պահելու կեղծ կամ ապակողմնորոշող գովազդից, անորակ ապրանքներից կամ ծառայություններից (տե՛ս «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 20.03.1883 թվականի փարիզյան կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 25.12.1991 թվականից) 5-րդ հոդվածի «Գ» («G») կետի 1-ին ենթակետի համաձայն` եթե երկրում գրանցված նշանի օգտագործումը պարտադիր է, գրանցումը կարող է անվավեր ճանաչվել միայն արդարացի ժամկետի լրանալու դեպքում և միայն այն ժամանակ, երբ շահագրգիռ անձը չներկայացնի ապացույցներ, որոնք արդարացնում են նրա անգործության պատճառները:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է ապրանքային և սպասարկման նշանների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով ապրանքային նշանի օգտագործում է համարվում`

1) դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, կամ դրանց փաթեթավորման վրա.

2) դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է.

3) նույն մասի 2-րդ կետում նշված գործողությունների կատարումը ծառայությունների համար:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից ներկայացված հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ հայտարարվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` հինգ տարի անընդմեջ, կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա իրավատերը կամ նույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված հինգ տարի անընդմեջ կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը` հաշվի առնելով նույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթները:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան` դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու դեպքում դրա իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքներն իրականացնում են իրենց հայեցողությամբ, և որպես ընդհանուր կանոն` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրենց պատկանող քաղաքացիական իրավունքներն իրականացնելուց հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարման: Միևնույն ժամանակ օրենքով կարող են նախատեսվել նշված ընդհանուր կանոնից բացառություններ: Այլ կերպ ասած` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրենց պատկանող քաղաքացիական իրավունքներն իրականացնելուց հրաժարվելը հանգեցնում է այդ իրավունքների դադարման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Օրենսդիրն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրել է, որ ապրանքային նշանի գրանցումը կարող է դատական կարգով չեղյալ հայտարարվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանը դրա իրավատիրոջ կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից չի օգտագործվել օրենքով սահմանված կարգով հաշվարկվող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի իմաստով օրենքով նախատեսված դեպք է, երբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրենց պատկանող քաղաքացիական իրավունքներն իրականացնելուց հրաժարվելը հանգեցնում է այդ իրավունքների դադարման:

Այսպես, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված եղանակներով ապրանքային նշանի օգտագործումն ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի բովանդակային տարրն է, և ապրանքային նշանի չօգտագործումը համարվում է դրա նկատմամբ բացառիկ իրավունքն իրականացնելուց հրաժարում: Ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից դրա նկատմամբ բացառիկ իրավունքն իրականացնելուց հրաժարվելը, որը դրսևորվում է այն չօգտագործելու ձևով, օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է հանգեցնել ապրանքային նշանի նկատմամբ վերջինիս իրավատիրոջ բացառիկ իրավունքի դադարման, քանի որ ըստ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու դեպքում դրա իրավատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իր իրավունքներից: Նշված օրենսդրական կարգավորումները համահունչ են նաև ապրանքային նշանների իրավական պահպանության վերաբերյալ կարևորագույն միջազգային իրավական պայմանագրի` «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 20.03.1883 թվականի փարիզյան կոնվենցիայի դրույթներին, որոնց համաձայն` ներպետական օրենսդրությամբ կարող է նախատեսվել որոշակի արդարացի ժամկետում ապրանքային նշանի պարտադիր օգտագործման պայման, որի չպահպանումը կարող է հանգեցնել ապրանքային նշանի գրանցման վերացմանը:

Փաստորեն, վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ ապրանքային նշանի իրավատերը պարտավոր է բարեխղճորեն օգտվել ապրանքային նշանի նկատմամբ իր բացառիկ իրավունքից, որը նախևառաջ ենթադրում է գրանցված ապրանքային նշանի` օրենքով սահմանված կարգով օգտագործում: Գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից դրա` օրենքով սահմանված կարգով օգտագործումը հանդիսանում է այդ ապրանքային նշանի նկատմամբ ունեցած իրավունքների պահպանման պայման, որը կոչված է ապահովելու ապրանքների և ծառայությունների բնականոն քաղաքացիական շրջանառությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշանի չօգտագործման հիմքով ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել դատական կարգով` համապատասխան շահագրգիռ անձի հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշմամբ անդրադառնալով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների բովանդակությանը, նշել է, որ նշված դրույթով օրենսդիրը նախատեսել է դատարանի կողմից ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հիմքերը, այն է` ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` հինգ տարի անընդմեջ, կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը չօգտագործվելը կամ իրական օգտագործման մեջ չդրվելը: ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով դատարան դիմելու իրավունքը «ցանկացած անձին» վերապահելու իրավակարգավորումից չի կարող հետևել, որ անձն իրավական շահագրգռվածության բացակայության պարագայում ևս կարող է ակնկալել դատական պաշտպանություն: Ցանկացած պարագայում դատարան դիմելը ենթադրում է խախտված իրավունքների վերականգնում` լինի դա մասնավոր իրավահարաբերությունից ծագած վեճի, թե հանրային իրավահարաբերությունից ծագած վեճի արդյունք: Բացի այդ, դատական պաշտպանության իրավունքը չի կարող լինել ինքնանպատակ, և անձը չի կարող դիմել դատարան, եթե առկա չէ վերջինիս «իրական (ռեալ)» իրավունքների խախտում կամ խախտման վտանգ (տե՛ս Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ վիճելի իրավահարաբերությունը ծագում է գրանցված ապրանքային նշանի` դրա իրավատիրոջ (կամ օգտագործման իրավունք ունեցող անձի) կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետում օգտագործվելու կամ չօգտագործվելու հարցը պարզելու առնչությամբ: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով և ժամկետում ապրանքային նշանի օգտագործման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է տվյալ ապրանքային նշանի իրավատերը (կամ օգտագործման իրավունք ունեցող անձը):

Այսպիսով, ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված իրավական վեճը ծագում է մի կողմից` ապրանքային նշանի իրավատիրոջ (կամ դրա օգտագործման իրավունք ունեցող անձի), իսկ մյուս կողմից` ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմած շահագրգիռ անձի միջև: Այլ կերպ ասած` ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վիճելի իրավահաբերությունն ունի հետևյալ սուբյեկտային կազմը. մի կողմից` ապրանքային նշանի իրավատերը կամ դրա օգտագործման իրավունք ունեցող անձը, իսկ մյուս կողմից` այն շահագրգիռ անձը, որը պահանջում է դատական կարգով չեղյալ հայտարարել ապրանքային նշանի գրանցումը:

Փաստորեն, թեև Գործակալությունն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված ապրանքային նշաններին պահպանություն տրամադրելու հետ կապված գործառույթները, սակայն վերջինս խնդրո առարկա իրավահարաբերությունների շրջանակներում որպես կողմ հանդես չի գալիս, քանի որ ապրանքային նշանի չօգագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ իրավական վեճը ծագում է ապրանքային նշանի իրավատիրոջ (կամ դրա օգտագործման իրավունք ունեցող անձի) և ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմած շահագրգիռ անձի միջև:

Հիմք ընդունելով ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1. ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ վեճի սուբյեկտները բացառապես մասնավոր անձինք են` մի կողմից ապրանքային նշանի իրավատերը կամ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը, իսկ մյուս կողմից` ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմած շահագրգիռ անձը,

2. ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է քաղաքացիական իրավունքի մասնավոր սուբյեկտի` ապրանքային նշանի իրավատիրոջ կամ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանի օգտագործման հետ կապված իր քաղաքացիական իրավունքները բարեխիղճ իրականացնելու պարտականությանը և այդ քաղաքացիական իրավունքի իրականացումից հրաժարվելու անբարենպաստ իրավաբանական հետևանքներին,

3. թեև ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելը վերջին հաշվով միտված է հանրային շահի, մասնավորապես` շուկայական տնտեսության բնականոն գործունեության ապահովմանը, սակայն նշված իրավահարաբերությունը ծագում է ոչ թե այդ հանրային շահի իրացման, այլ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմած շահագրգիռ անձի մասնավոր տնտեսական շահերի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացման և առարկայացման կապակցությամբ:

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջի հիման վրա հարուցված գործերը չեն բխում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա չեն վարչական դատարանին: Այլ կերպ ասած` ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ դատական գործերը բխում են մասնավոր` քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Ընկերության անվամբ «RONALD McDONALD» ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու Կազմակերպության հայցի հիման վրա:

Դատարանը բավարարել է Կազմակերպության հայցը և չեղյալ է հայտարարել Ընկերության անվամբ «RONALD McDONALD» ապրանքային նշանի գրանցումը: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «RONALD McDONALD» ապրանքային նշանի իրավատերը` Ընկերությունը, չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ նշված ապրանքային նշանը Գործակալության կողմից գրանցվելու պահից` 12.02.1999 թվականից, մինչև հայցադիմումը ներկայացնելու օրը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եղանակներով երբևէ օգտագործվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ սույն գործով քննվող վեճը բխում է հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա է վարչական դատարանի քննությանը, քանի որ «(...) համապատասխան գրանցամատյանում ապրանքային նշանների վերաբերյալ ցանկացած, այդ թվում նաև` չեղյալ ճանաչելու մասին գրանցում կատարելու հիմքերի առկայության դեպքում համապատասխան լիազոր պետական մարմնի գործառույթի իրականացումը հատուկ օրենքով նախատեսված լինելու պարագայում այդ հարաբերությունները կարող են որակվել միայն որպես հանրային (...)»: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի հիմքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմելու իրավական շահագրգռվածություն կարող է առկա լինել յուրաքանչյուր անձի մոտ:

 

Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է, որ սույն գործը բխում է ոչ թե հանրային, այլ մասնավոր իրավահարաբերություններից ծագող վեճից:

Այսպես,

1. «RONALD McDONALD» ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ սույն գործով քննության ենթակա վեճի սուբյեկտները բացառապես մասնավոր անձինք են` մի կողմից նշված ապրանքային նշանի իրավատերը` Ընկերությունը, իսկ մյուս կողմից` այդ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմած անձը` Կազմակերպությունը,

2. «RONALD McDONALD» ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ սույն գործով քննության ենթակա վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է քաղաքացիական իրավունքի մասնավոր սուբյեկտի` Ընկերության կողմից այդ ապրանքային նշանի օգտագործման հետ կապված իր քաղաքացիական իրավունքները բարեխիղճ իրականացնելու պարտականությանը և այդ քաղաքացիական իրավունքի իրականացումից հրաժարվելու անբարենպաստ իրավաբանական հետևանքներին,

3. սույն գործով վիճելի իրավահարաբերությունը ծագում է «RONALD McDONALD» ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով դատարան դիմած անձի` Կազմակերպության մոտ առերևույթ առկա մասնավոր տնտեսական շահերի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացման և առարկայացման կապակցությամբ:

Հետևաբար ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Ընկերության անվամբ «RONALD McDONALD» ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու Կազմակերպության հայցապահանջի հիման վրա հարուցված սույն գործն ընդդատյա չէ վարչական դատարանի քննությանը, որպիսի պարագայում ենթակա են կիրառման ընդդատության կանոնների խախտման դատավարական հետևանքները:

Անդրադառնալով այդ հետևանքներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդիրը, նպատակ ունենալով վարչական արդարադատության համակարգում ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, նախատեսել է հայցադիմումի վերահասցեագրման ինստիտուտը: Ընդ որում, այս կառուցակարգը վարչական դատավարության համակարգ ներդրվեց 05.12.2013 թվականին ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (մինչ այդ գործող` 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նշված կանոնի խախտումը դիտում էր որպես գործի վարույթի կարճման հիմք): Հայցադիմումը վերահասցեագրելը սահմանելով որպես վարչական դատարանի պարտականություն` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է, որ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության: Այսպիսով, վարչական դատարանը, կաշկանդված լինելով արդարադատության պատշաճ իրականացման և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության ապահովման կոնվենցիոն կարգավորումներով, պարտավոր է պարզել, թե արդյոք կոնկրետ գործն ընդդատյա է վարչական դատարանին, թե` ոչ, և գործը վարչական դատարանին ընդդատյա չլինելու պարագայում վերահասցեագրել այն ըստ ընդդատության` դրանով իսկ ապահովելով անձի` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի գործնական իրականացման երաշխավորումը:

Փաստորեն, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է, որ վարչական դատարանին որևէ գործի ընդդատյա չլինելու հանգամանքն այդ գործի քննության ընթացքում պարզվելու իրավաբանական հետևանքն այն է, որ վարչական դատարանը որոշում է կայացնում տվյալ գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու մասին:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը կարգավորել է նաև այն դեպքը, երբ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության: «Որևէ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրը նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ ՀՀ-ում գործող ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների քննությանը և լուծմանը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը և լուծումը դատարանների կողմից: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը և լուծել նրանց վերապահված գործերը, հետևաբար գործի վարույթը ենթակա է կարճման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ գործի` առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու կապակցությամբ այլ իրավակարգավորումներ են սահմանվում գործող քաղաքացիադատավարական օրենսդրությամբ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Տարածքային ընդդատությունը» վերտառությամբ 12-րդ գլխի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության` եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի` ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանը կարող է գործը հանձնել այլ դատարանի քննության, եթե այն վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ, ընդ որում, «այլ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրն ի նկատի է ունեցել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործեր քննող ընդհանուր իրավասության դատարաններին: Մինչդեռ գործող քաղաքացիադատավարական օրենսդրությունն առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում չի նախատեսում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կանոնը վերաբերում է միայն այն դեպքին, երբ գործը վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի` առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանն իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Այսինքն` այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության: Ընդ որում, նշված հոդվածի հիմքով ենթակա են կարճման ոչ միայն այն գործերը, որոնցով վեճը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, այլև այն գործերը, որոնցով վեճն ընդհանարապես ենթակա չէ որևէ այլ դատարանի քննությանը:

Փաստորեն, ի տարբերություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, որը տարբերակված մոտեցում է դրսևորել վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չլինելու և վեճը որևէ դատարանին ենթակա չլինելու հարցում` տարբերակված կերպով կարգավորելով նաև դրանցից բխող դատավարական հետևանքները (մի դեպքում սահմանելով վերահասցեագրման, մյուս դեպքում` գործի վարույթի կարճման հնարավորություն), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և՛ վեճն ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու, և՛ ընդհանրապես որևէ դատարանին ենթակա չլինելու պարագայում նախատեսել է մեկ ընդհանուր դատավարական հետևանք` գործի վարույթի կարճում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային իրավահարաբերություններից ծագած վեճերից բխող գործերի դեպքում դատարան կարող է դիմել միայն իրավական շահագրգռվածություն ունեցող անձը («շահագրգիռ անձը»): Այսինքն` թե՛ ընդհանուր իրավասության, թե՛ վարչական դատարանին ընդդատյա գործերի հարուցման համար անհրաժեշտ է հայցվորի (դիմողի) մոտ համապատասխան հայցապահանջով դատարան դիմելու որոշակի իրավական շահագրգռվածության առկայություն` որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման կարևորագույն պայման, որը դրսևորվում է անձի` առերևույթ խախտված իրավունքների վերականգնման կամ այդպիսի խախտման վտանգը կանխելու անհրաժեշտությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործով ներկայացված հայցադիմումը համապատասխան ընդհանուր իրավասության դատարան վերահասցեագրելու, ինչպես նաև «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Ընկերության անվամբ «RONALD McDONALD» ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցապահանջով դատարան դիմած Կազմակերպության` սույն գործով «շահագրգիռ անձ» հանդիսանալու հարցն ընդհանուր իրավասության դատարանում պարզելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան